Առաջին քրիստոնյաներին ամբաստանողները – Գրադարան – Mashtoz.org

Առաջին քրիստոնյաներին ամբաստանողները

Կելսիուսը, 178 թվականին գրված իր «Ճառ ճշմարտության ընդդեմ քրիստոնյաների» աշխատությունում, հիմնականում կրկնելով հրեաների կողմից առաջ քաշվող մեղադրանքները, նախևառաջ պնդում է, թե անհնարին է Աստծո մարդեղությունը և որ Նա, մարդկանց համար և նրանց հանդեպ սիրուց մղված, իջած լինի երկիր: Հետևաբար, նրա համար Քրիստոսը «ապօրինի զավակն էր» մի կնոջ, որը «մերժվել էր իր ամուսնուց և անամոթաբար թափառական «էր վարում, [...] և հղացել էր Պանտերա անունով մի զինվորից»: Այս ամենից բացի, Աստծո մարդեղության վերաբերյալ քրիստոնեական ուսմունքը չափազանց մեծ արժեք է ընծայում մարդուն, ներմուծում է Աստվածության վերաբերյալ մի գաղափար, որն իբր թե անարժան է Նրան, հաստատում է մի առանձնաշնորհյալ հարաբերություն մարդու և Աստվածության միջև, ինչը որ անընդունելի էր հեթանոսների համար: Նաև որովհետև քրիստոնյաների Աստվածը, Կելսիուսի կարծիքով, Աստվածն է տգետների, «թեթևամիտ կանանց» ու «տհաս պատանիների», «ստրուկների» ու թշվառների: Քրիստոնյաների մեջ բազմաթիվ են, ասում է, «բրդագործները, կոշկակարները, լվացարարները և ամենատգետ ու ամենաանտաշ մարդիկ», և այդպիսիք կարծում են, թե «ով մեղավոր է, ով բթամիտ է, ով մանկամիտ է, և կարճ ասած՝ ով թշվառ է, Աստծո արքայությունն ընդունելու է նրան»: Կելսիուսի համաձայն, «Հիսուսն իր շուրջը հավաքեց տասը կամ տասնմեկ անօրենների, մաքսավորներից ու նավաստիներից վատթարներին, և նրանց հետ միասին թափառում էր այս ու այն կողմ, անամոթաբար ու ագահորեն ապրուստի միջոցներ կորզելով»[1]:
Ինչ վերաբերվում է լատին անվանի ճարտասան Մարկուս Կորնելիուս Ֆրոնտոնին, որը եղել է Մարկուս Ավրելիուս և Լուկիուս Վերուս կայսրերի դաստիարակը, քրիստոնյա մատենագիր և մեծ ջատագով Մարկուս Մինուցիուս Ֆելիքսն իր Օկտավիուս աշխատությունում ընդօրինակել է քրիստոնյաների դեմ արտասանած նրա ճառերից մեկը, ուր կարդում ենք. «Ամենաանարգ խավից ամենատգետներին ու թեթևամիտ կանանց հավաքելով, որոնց հեշտ է գրավել նրանց սեռի տկարության պատճառով, կազմում են վայրագ դավադիրների ավազակախումբ, որն հավաքվում է գիշերային ժողովների, կատարելու համար սրբազան հսկումներ կամ անմարդկային խրախճանքներ, ո՛չ թե ինչ որ մի ծես կատարելու, այլ՝ չարագործությունների նպատակով. մարդկանց մի տեսակ, որ սիրում է թաքնվելը և փախչում է լույսից, հրապարակում լռում է, իսկ ծածուկ՝ շատախոսում: Արհամարհում են հավասարապես խորաններն ու գերեզմանները, ծաղրում են աստվածներին, ծիծաղում են սրբազան արարողությունների վրա. իրենք թշվառ լինելով, խղճում են քուրմերին (եթե օրինավոր է այսպես ասել), արհամարհում են իշխանավորներին ու ծիրանի հագածներին, իրենք, որ կիսամերկ են: [...] Նրանց վրա իշխում է անսանձ անառակությունը, գրեթե պաշտամունքի աստիճան, և միմյանց անխտիր եղբայրներ ու քույրեր են անվանում, այնպես որ, սրբազան մի անվան պատմուճանով, սովորական անպարկեշտությունն էլ դառնում է արյունապղծություն: [...] Լսել եմ, թե նվիրագործել և պաշտում են ավանակի մի գլուխ, չգիտեմ թե ի՛նչ սնոտի հավատալիքներից դրդված: [...] Ուրիշները պատմում են, թե մեծարում և պաշտում են միևնույն արարողապետի ու քահանայի սեռական օրգանները: [...] Իսկ ով մեզ խոսում է մի մարդու մասին, ով հանցանքի համար ենթարկվել է մահապատժի և խաչափայտին, – որոնք կազմում են իրենց ծիսակարգի տխուր նյութերը, – խորքում ամեն տեսակ մոլության հակված այդ չարագործներին վերագրում է այն խորանը, որն ամենից ավելի է նրանց վայելում: [...] Մի երեխա են վերցնում և անփորձներին խաբելու համար վրան ալյուր են շաղ տալիս, ապա դնում են նորադարձի դիմաց, [...] և սպանում են: Ապա, – ասելն անգամ ահավոր է, – ագահորեն ծծում են նրա արյունը, իրար մեջ մրցում են անդամները կիսելու համար, և այդ զոհի հետ սրբազան դաշինք են կնքում: [...] Նրանց խրախճանքը բոլորին հայտնի է. բոլորն են դրա մասին տարբեր ձևերով խոսում[2]: [...] Խավարի մեղսակցությամբ՝ փաթաթվում են միմյանց, ով ում պատահի»[3]:
Պորփյուրեսը, մինչդեռ, Պղոտինի աշակերտներից էր, ծնվել էր Տյուրոսում, բայց ապրել Հռոմում, Երրորդ դարի երեսնական թվականներից մինչև Չորրորդ դարի առաջին տարիները: Նրա գրչին է պատկանում «Ճառ ընդդեմ քրիստոնյաների» աշխատությունը[4]: Պորփյուրեսը ևս ծաղրում է Քրիստոսի մարդկային բնությունը, նրա մասնակցությունն իր սիրելիների և ընդհանրապես մարդկանց ուրախություններին ու ցավերին, և պնդում է, թե Սոկրատն ընդունակ եղավ մեռնելու ավելի արժանապատվորեն, քան նա: Հատկապես, – այն սակավաթիվ պատառիկներում, որոնք հասել են մինչև մեզ, – քննադատում է Մկրտության և Ապաշխարության խորհուրդները, հարցնելով՝ թե ինչպե՞ս է հնարավոր, որ «պոռնկությունը, շնությունը, հարբեցողությունը, գողությունը, միասեռականությունը, մարդկանց թունավորելը և ուրիշ անթիվ ցածր ու գարշելի գործերը» այդքան հեշտորեն ջնջվեն, «ինչպես օձն է իր վրայից թոթափում հին թեփուկները»: Քրիստոնյաները, ասում է նա, Աստծո ներման իրենց ուսմունքով իրականում խրախուսում են չարագործ վարքը, անօրենությունն ու անարդարությունը, քանի որ «ո՞վ չի ուզենա ամեն տեսակ գարշելի գործ անի, իմանալով, որ մկրտությամբ ստանալու է ներում իր ոճիրներին»: Ուստի, «ով ազնվաբարո է, չի հրավիրվում» քրիստոնյա դառնալու: Պորփյուրեսը ևս անհեթեթություն է համարում մտածելը, որ Քրիստոսը, եթե իսկապես Աստված լիներ, կհայտնվեր խեղճուկրակ ձկնորսների ու աննշան կանանց, փոխանակ հայտնվելու մեծանուն անձնավորությունների՝ Հռոմի փիլիսոփաներին ու սենատորներին, որոնք, ըստ Պորփյուրեսի, անկասկած արժանի էին հավատքի ու վստահության:
Երբ քրիստոնյաների դեմ համակարգված հալածանքները դադարում են, Քրիստոնեության դեմ ուղղված մեղադրանքների ձևաչափը փոխվում է, վերածվելով Եկեղեցու դեմ նորօրինակ հարձակումների, նախ՝ հերետիկոսների, ապա՝ Քրիստոնեության ամենատարբեր տեսակի թշնամիների քարոզչության մեջ և գրավոր հրապարակումներում:
 
[1] Alethès lόgos, I, 62. Կելսիուսի դիրքորոշումները հերքվել են Եկեղեցու այդ նույն դարաշրջանի մեծագույն մատենագիրներից ու ջատագովներից մեկի՝ Որոգինեսի կողմից, իր «Ընդդեմ Կելսիուսի» աշխատությունում:
[2] Ուշադրության արժանի են Ֆրոնտոնի խոսքերը. «լսել եմ», «չգիտեմ», «ուրիշները պատմում են», «տարբեր ձևերով խոսում են», որոնք բոլորն էլ ցույց են տալիս հեթանոս մեղադրողների անտեղյակությունը, ինչպես նաև՝ անլրջությունը, քանի որ խոստովանում են, որ դիրք են գրավել սոսկ բամբասանքների հիման վրա:
[3] Octavius, VIII, 4 - IX, 7.
[4] Պորփյուրեսի դիրքորոշումները քննել և հերքել են եկեղեցական մի քանի անվանի մատենագիրներ. Մեթոդիոս Օլիմպացին, Եվսեբիոս Կեսարացին, Ապողինար Լաոդիկացին, Ֆիլոստորգիուսը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։