Բ. - ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ ԿԱՅՍԵՐ ԴԱՐՁԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Բ. - ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ ԿԱՅՍԵՐ ԴԱՐՁԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նրանցից, ովքեր (առանց մասնագիտական կրթություն ունենալու) գրել և մինչև օրս էլ շարունակում են գրել Քրիստոսի, Քրիստոնեության և Եկեղեցու մասին, այս վերջին ժամանակներում աչքի է ընկնում լրագրող, հեռուստատեսային հաղորդավար Քորրադո Աուջասը: Նրա հրապարակային շարունակական ելույթները հարկադրեցին ինձ կարդալ իր գրածները, ծախսելով թանկագին ժամանակ, որը կնախընտրեի արժանի բաների համար գործածել: Բայց բավականին հետաքրքրական կլինի անդրադառնալ նրա պատճառաբանումներից մի քանիսին, որոնցով նա ինքն իրեն դնում է դարեր առաջ արդեն հնչած ստախոսությունների ճանապարհին, որոնց մասին համառոտ կերպով խոսեցինք նախորդ գլխում:
Աուջասը, մի խոսքով, նորահայտ մի Կելսիուս է, մի Պորփյուրես, հին հերյուրանքների վրա ավելացնելով մի քանի “նոր” գաղափարներ, որոնք առավել հարմար են նոր ժամանակների և, հատկապես, զանգվածային լրատվության նոր միջոցների համար. ամեն օր տպագրվող հարյուրավոր թերթերն ու, ի մասնավորի, հեռուստատեսությունը: Նրան անշուշտ օգնության է հասնում մեր ժամանակակից հասարակությանը բնորոշ դինամիկան. նրա համբավը, հեռուստատեսության հաղորդավար լինելու փաստը նրան ինքնաբերաբար, նովին իսկ գործով (ipso facto), մի տարօրինակ ու խաթարված մեխանիզմով, դարձնում են մի անձնավորություն, ով միշտ կարող է խոսել ամեն ինչի և ամենքի մասին, մի ամենախոս, ում հազարավոր հեռուստահանդիսատեսներ պատրաստ են ընծայել իրենց անսահմանափակ ու անվերապահ հավատքն ու վստահությունը: Արդարև, թեև ինքն իրեն խոստովանում է որպես «հետաքրքրասեր, բայց ոչ մասնագետ», այդուհանդերձ չի խուսափում նետվելու այնպիսի հարցերի քննարկման մեջ, որոնք առնվազն պահանջում են լուրջ գիտելիքներ հին դարերի պատմության, հին լեզուների և լեզվագիտության բնագավառներում, ինչից նա ամբողջովին զուրկ է: Եվ սակայն, հեռուստատեսային հաղորդումներ վարելու փաստը, ամբոխի ծափահարությունները (coram universo populo) կարողանում են ոմանց մեջ ծնել ինքնավստահության ու ինքնագնահատանքի ուժգին մի զգացում, – որին Աուջասը գումարում է Աստծո, հատկապես կաթողիկեների Աստծո և Նրա Եկեղեցու դեմ տածած իր ատելությունը, – այն աստիճան, որ հեռուստալրագրողը կարճ ժամանակահատվածում իրեն ընդունակ նկատեց երեք գիրք գրելու այս հարցերի շուրջ:
Մտադիր չեմ անդրադառնալ այստեղ այն բոլոր սարսափելի անճշտություններին ու կոպիտ սխալներին, որոնք իրեն թույլ է տալիս հեռուստահաղորդումներ վարող լրագրողը: Կբավարարվեմ նրա գոհարներից միայն մի քանիսը ներկայացնելով, բայց սկզբից ևեթ ուզում եմ ընդգծել, որ նրա նպատակը պատմական ստույգ ու հավաստի փաստեր ներկայացնելը չէ, այլ ավելի՝ Եկեղեցու վարկաբեկումը, որին նա ներկայացնում է որպես մարդասպանների որջ, որոնց մշտական ու միակ նպատակը իշխանությունն է, որպես «քաղաքական հզոր կուսակցություն, որն ագահորեն տենչում է հատկապես դրամի»: Կոմունիստական Կուսակցության մասին – ասենք՝ չինական կամ բիրմանական, մնալու համար մեր ժամանակակից պատմության շրջանակներում – ոչ մի խոսք. նրանց բարությունը, ըստ Աուջասի, հավաստված է նրանց բացահայտ աթեիզմով: Ոչ մի խոսք նաև Քսաներորդ դարի եղեռնագործությունների մասին: Աուջասը խոսում է միայն և միմիայն Ինքվիզիցիայի (իր համաձայն՝ Չարի) և Իլլումինիզմի (իր համաձայն՝ Բարու) մասին, մանիքեադուալիստական մի սխեմատիկ դասակարգմամբ, որն ուղղակի ապշեցնում է: Եվ սակայն, չեմ կարող մոռանալ, որ Աուջասն ինքը, իր վերջին գրքի սկզբում պատմում է, որ պատերազմի տարիներին իր պարտիզան հայրը «խոհեմությունից մղված թաքցրել էր իրեն մի կաթողիկե քոլեջում», ուր տեսել էր, որ իր նման ուրիշ հարյուրավորներ ևս գալիս էին ապաստան և պաշտպանություն գտնելու, և իսկապես գտնում էին անկողմնակալ ու անշահախնդիր կերպով: Անձնական նման փորձառությունը նրան կարող էր գոնե ճանաչել տալ, որ Եկեղեցու պատմությունը պատմությունն է – նաև՛ – անխտիր բոլորին ծառայող հիվանդանոցների, դպրոցների, մարդասիրական ու կամավորական անթիվ կազմակերպությունների ստեղծման ու տնօրինման, մինչև – հիշելու համար մերօրյա իրականություններից մեկը – թմրամոլներով զբաղվող վերականգնողական կենտրոնների ստեղծումը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։