Բարթոլոմե Դե Լաս Քազաս. ինդիոսների պաշտպանը – Գրադարան – Mashtoz.org

Բարթոլոմե Դե Լաս Քազաս. ինդիոսների պաշտպանը

Հասկանալու համար ինդիոսների պաշտպանության գործում Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու ունեցած դերը, հարկավոր է ճանաչել մի կարևորագույն անձնավորության կյանքը. խոսքը Դոմենիկյան Միաբանության անդամ Բարթոլոմե Դե Լաս Քազասի մասին է (1474-1566), որը «Հնդկաստանների ավերման մասին Համառոտ Հաշվետվություն» գրքի հեղինակն է: Իր այս գիրքը հետագա տարիներին հրատարակվելու, թարգմանվելու և միակողմանի մեկնաբանություններով աղավաղված կերպով ներկայացվելու էր Իսպանիայի քաղաքական թշնամիների, հատկապես հոլանդացիների, անգլիացիների և ֆրանսիացիների կողմից: Իսպանացի Բարթոլոմեի կողմից նկարագրված իսպանացիների չարագործություններն ընդգծելով՝ նրանք մտադիր էին քողարկել և մոռացության մատնել իրենց իսկ ոճրագործությունները, որոնք անհամեմատ ավելի ծանր էին: Դա մի պրոպագանդիստական գործողություն էր, որը կարճ ժամանակում վերածվեց իրական հոգեբանական պատերազմի: Բողոքական նկարիչների կողմից գիրքը նկարազարդվեց ծայր աստիճան երևակայական գծանկարներով, որոնք զգացմունքային գետնի վրա ազդու տպավորություն էին թողնում ընթերցողի վրա: Իրականում, սակայն, վերլուծելով իրական տվյալները, հարկավոր է դառնում Դե Լաս Քազասի աշխատությանը տալ ամբողջովին ա՛յլ մեկնաբանություն: Արդարև, նախևառաջ հարկավոր է ի նկատի առնել մի կարևոր փաստ. Տասնվեցերորդ դարի կաթողիկե Իսպանիայում, փաստորեն, այնպիսի բարձր մակարդակով հարգվում էր խոսքի ազատությունը, որ մի մարդ, որն իր ամբողջ կյանքն անցկացրել էր ինդիոսներին պաշտպանելով և իր բազմաթիվ հայրենակիցների, նաև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարագործությունները ծայր աստիճան խստությամբ ամբաստանելով ու պախարակելով, – երբեմն նաև ակնհայտ ծայրահեղությունների գիրկն ընկնելով, ինչպես այլևս փաստված է պատմաբանների կողմից, – ոչ միայն չի կալանավորվում, տանջանքների ու մահապատժի չի ենթարկվում, քաղաքացիական հասարակությունից չի մեկուսացվում, քաղաքական իշխանությունից և Եկեղեցուց չի հեռացվում, այլ՝ ընդհակառակն, բազմաթիվ թշնամիներ շահելով հանդերձ, դառնում է Եպիսկոպոս, նրա կարծիքը լրջորեն հաշվի են առնում Կարլոս Հինգերորդ և Ֆելիպե Երկրորդ կայսրերը, որոնց կողմից ընդունվում է Արքունիքում, իսկ 1543 թվականին մտնում է մաս կազմելու Հնդկաստանների Խորհրդին, այդպիսով նպաստելով ընդունմանը «բնիկների պաշտպանությանը սահմանված բազմաթիվ հրամանագրերի, որոնք պատիվ են բերում իսպանական գաղութային օրենսդրություններին»[1]:
Գաղութացման քաղաքականություն վարող կայսրություններից ուրիշ ո՞ր մեկում երբևէ հրապարակ իջավ Լաս Քազասի նման անձնավորություն: Բողոքական Հոլանդիայում և անգլիկան տիպի բողոքական Անգլիայում երբևէ գոյություն ունեցա՞վ բնիկների իրավունքների գոնե միպաշտպան և իր հայրենակիցների չարագործությունները խստորեն ամբաստանող գոնե մի անձնավորություն, որը կարողացավ ողջ մնալ, պահպանել զբաղեցրած պաշտոնը, մանավանդ թե՝ պաշտոնի ու դիրքի բարձրացում ունենալ և հարուցել իր հայրենիքում ազատ ու բուռն քննարկում, այնպիսին՝ ինչպիսին եղավ կաթողիկե Իսպանիայում: Հետևաբար, Դոմենիկյան Միաբանության այս հռչակավոր կրոնավորի պատմությունն ինքնին փաստում է իսպանական գաղութացման յուրօրինակությունը: Բայց ավելին. Լաս Քազասը միակ անձնավորությունը չէ, որ նման գործունեություն է ծավալել: Նախևառաջ նշենք, որ ինքը միայնակ չէր, այլ՝ իր թիկունքին կանգնած էին Դոմենիկյան Միաբանության իր միսիոներ եղբայրակիցներից շատ շատերը, որոնք իրենց կյանքն ընծայել էին ինդիոսների պաշտպանության նվիրական գործին: 1511 թվականին, օրինակ, Հիսպանիոլայի դոմենիկյաններն ամբաստանում են գաղութների իսպանացի կառավարիչների գործերը, իսկ Հայր Անտոն Դե Մոնթեսինոսը ամպրոպի նման որոտում է նրանց դեմ. «Դուք բոլորդ մահացու մեղքի մեջ եք, մեղքի մեջ ապրում եք և մեղքի մեջ էլ մեռնելու եք, այն դաժանությունների ու բռնությունների պատճառով, որ գործի եք դնում այս անմեղ մարդկանց դեմ: Ասացե՛ք ինձ. ի՞նչ իրավունքով և ի՞նչ արդարությամբ եք այսքան դաժան ու սոսկալի ծառայության մեջ պահում այս ինդիոսներին: Մի՞թե նրանք էլ մարդ չեն: Մի՞թե բանական հոգիներ չունեն: Մի՞թե պարտականությունը չունեք սիրելու նրանց ձեր իսկ անձերի նման»[2]: Մոնթեսինոսն էլ ամբողջովին անտեսված չի մնում: Արքունիքի խորհրդականները լսում են նրա ձայնը և նա որոշակի հաղթանակների է հասնում:
 
Համանման ձևով, Տասնվեցերորդ դարի վերջին տարիներին շարադրած իր «Հնդկաստանների բնական և բարոյական պատմություն» աշխատության մեջ (Historia natural y moral de las Indias), Հիսուսյան Միաբանության կրոնավոր Խոսե Դե Աքոստան պաշտպանում է այն դրույթը, որ ինդիոսները, չնայած իրենց բազմաթիվ սովորույթներում առկա ծայր աստիճան դաժանություններին, իրական մարդիկ են և ո՛չ թե գազաններ: Թեև գտնվում են նաև կրոնավորներ, որոնք իրենց աշխարհական հայրենակիցների նման պնդում են, թե ուղղակի անհրաժեշտ է բնիկներին հպատակության մեջ պահել, իրենց այդ դիրքորոշումը նրանց կողմից կիրառվող մարդկային զոհաբերություններով հիմնավորելով, Իսպանիայում և իսպանական գաղութներում առաջ տարվող բանավեճը բորբոքվում է մի կողմից բազմաթիվ միսիոներների, իսկ մյուս կողմից՝ ստրկատիրությունը պաշտպանողների միջև, մինչ Արքունիքը տատանվում է երբեմն դեպի մեկի, երբեմն էլ դեպի մյուսի կողմը:
Ստրկատիրությունը պաշտպանողների շարքին ամենանշանավորը Լաս Քազասին ժամանակակից Խուան Խինես Դե Սեպուլվեդան էր: Սա բացահայտորեն և հրապարակայնորեն պաշտպանում էր ստրկատիրությունը և այն արդարացնում էր հեթանոս Արիստոտելի մտահամակարգի հիման վրա, որի համաձայն, ինչպես արդեն տեսանք, իբր թե կան մարդիկ, որոնք «ստրուկ են ըստ բնության», ի ծնե: Սեպուլվեդան էլ իր կողմնակիցներն ուներ, բայց ո՛չ բավականաչափ: Ալքալայի և Սալամանքայի համալսարանների դասախոսները որակավորում են նրան որպես «non sani capitisե, այսինքն՝ ուղեղը հիվանդ մարդ, իսկ իր աշխատությունները հրատարակման իրավունք չեն ստանում Հնդկաստանների Խորհրդի կողմից: Իրենց հիմնավոր քննադատություններով Սեպուլվեդայի դեմ են դուրս գալիս նրանք, ովքեր պնդում են, որ բոլոր մարդիկ Աստծո ազատ արարածներն են և միևնույն նախածնողների՝ Ադամի և Եվայի զավակներն են. Լաս Քազասը, Դոմենիկյան Միաբանության տեղական առաջնորդ Կարդինալ Քայետանոն և բազմաթիվ ուրիշ անվանի կրոնավորներ, ինչպիսին էր, օրինակ, թովմայագետ Հայր Ֆրանսիսկո Դե Վիտորիան: Վերջինս, որն իր հայրենիքում հայտնի էր «իսպանացի Սոկրատ»անունով և այսօր համարվում է միջազգային իրավագիտության հայրը, «իսպանական Արքունիքին համոզում է մի շարք կարգադրություններ ընդունել, որոնք սահմանված էին բարելավելու Նոր Աշխարհի բնիկ բնակիչների վիճակը», որոնք այնքան նպաստավոր էին բնիկների համար, որ Պերուի «իսպանացի գաղթականները մինչև իսկ ըմբոստանում են թագավորի դեմ, որը ջանում էր սահմաններ դնել այն դաժան շահագործմանը, որն իրենք կիրառում էին ինդիոսների նկատմամբ»[3]:
Մինչև այժմ քննության վերցված տվյալների հիման վրա անխուսափելի է դառնում, հետևաբար, պատմագետ Ռոզարիո Ռոմեոյի կողմից արտահայտված եզրակացությունը. «Կրոնական տարրը նպաստեց եվրոպական խղճի այս ընդարձակմանը, գործի դնելով կոչերը՝ անհապաղ գործադրելու սիրո և արդարության քրիստոնեական հասկացողություններն ընդդեմ այն սոսկալի գործերի, որոնք գաղթականներն անում էին ամերիկյան մայրցամաքում: Այդքա՜ն բազմաթիվ անմեղ մարդկանց բնաջնջման դեմ բողոքի արտահայտություններ ենք կարդում նույն դարի առաջին իսկ տասնամյակների իտալական գրություններում, [...] բայց Իսպանիայում ևս, սկզբից ևեթ, չպակասեցին կրոնական խիղճն ու գիտակցությունը. դրան են վկայում, օրինակի համար, Իզաբելլա թագուհու կասկածները ինդիոսներին որպես ստրուկ վաճառելու հարցում, [...] բնիկներիպաշտպանության համար եկեղեցականների ճնշող մեծամասնության կողմից մղած պայքարը, որը բուռն ընդհարումների պատճառ հանդիսացավ գաղութներում. մինչև իսկ Հերնան Կորտեսի վարանումները, որն իր կտակում հորդորում էր իր ժառանգներին ազատություն շնորհելու ստրուկներին: [...] Ինչպես հայտնի է, միջամտությունների պակաս չեղավ նաև Սուրբ Աթոռի կողմից»[4]: Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու մղած պայքարը շարունակվեց միշտ, նաև հետագա դարերում, Եկեղեցու համար մեծապես դժվարին ժամանակներում, երբ բնիկների իրավունքների պաշտպանության հարցն իր վրա հրավիրեց հզորների և մարդկային մսի վաճառականների զայրույթը, հասցնելով Իսպանիայի և Պորտուգալիայի վարչապետներին՝ Արանդայի կոմսին և Պոմբալի մարկիզին – երկուսն էլ իլլումինիստ և երկուսն էլ մասոն – հալածանքներ սանձազերծելու Հիսուսյան Միաբանության դեմ, նախ իրենց տարածքներից արտաքսելով այդ Միաբանության բոլոր կրոնավորներին, իսկ հետո նաև ամբողջովին արգելելով այդ Միաբանության գործունեությունը իսպանական և պորտուգալական թագավորությունների սահմաններում (1759 թվականից Պորտուգալիայում, 1767 թվականից Իսպանիայում)[5]:
[1] MARIANNE MAHN LOT, Bartolomeo de Las Casas e i diritti degli indiani, Jaca Book, Milano 1985, p. 166. Քեմբրիջի Համալսարանի կողմից հրատարակված «Արդի աշխարհի պատմություն» հատորում կարդում ենք. «Հարկավոր է միշտ հաշվի առնել, թե իսպանացիներն ինչպիսի՜ հարգանք ունեին ազատության ու օրինականության նկատմամբ, եթե Կարլոս Հինգերորդի, այդ մեծ թագավորի և մեծ ինքնակալի օրոք ազատորեն, առանց գայթակղություն հարուցելու, շրջանառության մեջ էին դրվում հատորներ, որոնք ամբաստանում էին գաղութացնողների կողմից թույլատրված չափազանցությունները, [...] քննադատվում էր Հնդկաստանների ամբողջ ձեռնարկը»: Իսկ ընդհանուր առմամբ իսպանական կայսերական քաղաքականությունը սահմանվում է որպես «հավասարակշիռ, բարեխիղճ և խոհեմ» (Storia del mondo moderno, Garzanti 1982, p. 759):
[2] Francesco Maria Feltri, I giorni e le idee, Sei, Torino 2002, vol. I, p. 194.
[3] Նույն, p. 195.
[4] Rosario Romeo, Le scoperte americane nella coscienza italiana del Cinquecento, Laterza, Bari 1989, pp. 39-53.
[5] Հիսուսյան Միաբանության հետ Պոմբալի մարկիզի և Արանդայի կոմսի ընդհարումը տարբեր պատճառներից էր բխում, որոնց շարքին ամենակարևորն այն էր, որ հիսուսյանները գաղութներում միաձույլ դիրքորոշմամբ պաշտպանում էին Գուարանի ցեղի բնիկներին և նրանց իրավունքները (այս առումով հիշարժան է հանրահայտ «Mission» ֆիլմը և հետևյալ աշխատությունը. WILLIAM V. BANGERT, Storia della Compagnia di Gesù, Marietti, Genova-Milano 2009, pp. 370-396, ուր պատմվում է, օրինակի համար, թե ինչպես Պոմբալի մարկիզ Կարվալյոն պորտուգալական բանտերում փակեց և այնտեղ ցմահ փտելու դատապարտեց «առաքելավայրերից վերադարձող մոտ 180 հիսուսյանների»): Պատմագետ Ֆրանկո Գարդինին այս հարցի առնչությամբ գրում է. «Բնիկներին եվրոպական չափանիշներով կրթելու փորձերը չսպառվեցին բնական ճանապարհով: [...] 1750 թվականին, “սահմանների մասին” կոչվող համաձայնագրի պատճառով, փորձարկման մեջ ներգրավված ամենակարևոր ցեղախմբի՝ “գուարանիների հանրապետության” մի մասը իսպանական տիրապետությունից անցավ պորտուգալականին: Պորտուգալիան, որի գաղութային և արդյունաբերական քաղաքականությունը սկսում էր հայտնվել Անգլիայի գերիշխանության տակ, դադարեցրեց հիսուսյան “պապիստներին” տրված առանձնաշնորհությունները, որոնք Իսպանիան հարգել էր: Ստրկատիրական տնտեսությունը նոր աշխատողների կարիք ուներ: Ուստի, Լիզբոնի 1755 թվականի աղետալի երկրաշարժից հետո, Պորտուգալիայի վարչապետը՝ Պոմբալի իլլումինիստ մարկիզը, իր երկրին մի քավության նոխազ մատնանշեց, որին ավելի դյուրին էր որսալը. Հիսուսյան Միաբանությունը, որը 1759 թվականին արտաքսվեց կայսրության սահմաններից, իսկ 1773 թվականին բռնի կերպով փակվեց: Խաղի դրված տարածքները հարուստ էին և գրգռում էին ոմանց ախորժակը: Հարկավոր եղան 19 տարիներ, 1750ից մինչև 1768ը, “գուարանիների հանրապետությունն” ամբողջովին ջնջելու համար, քանի որ ինդիոս “քաչիկկո”ներն այն պաշտպանեցին մինչև իրենց արյան վերջին կաթիլը: Հիսուսյան Միաբանության դեմ սանձազերծվեց զրպարտությունների մի դժոխային հորձանք, որը հրահրում և ֆինանսավորում էին Ամերիկայի իսպանացի և պորտուգալացի այն գաղթականները, որոնք շահագրգռված էին ստրկատիրության ամրապնդմամբ, և Բրիտանական Կայսրությունը, որը նման քայլերով պայքարում էր “պապականության” դեմ և նպաստում էր – այո՛, ստրկատիրության միջոցով – արդի տնտեսության զարգացմանը. տնտեսական արդի համակարգի արմատները նման ամոթալի հողերից են ստացել իրենց սնունդը: Զարմանալի չէ, որ պարոն Վոլտերը անցավ պաշտպանելու այդ գործընթացի առաջնորդներին, որոնց շարքերում էին ֆրանսիացի, իսպանացի և պորտուգալացի իլլումինիստները. անձամբ ինքն էլ ձեռք էր բերել ստրուկների վաճառքով զբաղվող Մարանհաոյի Ընկերության բաժնետոմսերի մի մասը» («Avvenire» օրաթերթի 4/5/2000 համարում, մեջբերված է www.storialibera.it կայքում): Սևամորթների ստրկության դեմ պայքարած հիսուսյաններից սոսկ մի քանի օրինակ տալու համար կարող ենք հիշել պորտուգալացի Հայր Ֆերնանդո Ռեբելլոյին, որը 1608 թվականին հրատարակեց իր «Կրոնի և Սիրո Արդարության պարտավորությունների մասին» գիրքը (Opus de obligationibus Justitiae Religionis et Caritatis), Հայր Ալֆոնսո Դե Սանդովալին և Սբ. Պետրոս Քլավերին: Վերջին երկուսը հատուկ կերպով նվիրվել էին Տասնյոթներորդ դարի սկզբներին Կոլումբիայի Կարթագենա քաղաք բերված սևամորթ ստրուկների նյութական և հոգևոր ծառայությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։