Բոհեմիացի Հուսիտները և Յան Պալաչը – Գրադարան – Mashtoz.org

Բոհեմիացի Հուսիտները և Յան Պալաչը

Այստեղ անհնարին է մեկ առ մեկ հիշել պատմության մեջ ի հայտ եկած բոլոր հերետիկոսական շարժումները, որոնք գլուխ էին բարձրացնում հատկապես ծանր, ճգնաժամային պահերին, և որոնց բոլորի ուսմունքային ենթահողը գրեթե նույնն է: Միայն երկու խոսք արժե ավելացնել ամենահայտնի հերետիկոսություններից ևս մեկի վերաբերյալ. ի նկատի ունեմ բոհեմիացի Հուսիտներին:
«Պրագայի գարունը» կոչվող իր գեղեցիկ երգում, – գեղեցիկ՝ մեղեդու տեսանկյունից դիտված, – ժամանակակից կոմունիստ երգիչ Ֆրանչեսկո Գուչչինին պատմում է Յան Պալաչի հերոսական մահը: Նա առաջինն էր մի խումբ երիտասարդներից, որոնք Յոթանասունական թվականների սկզբին ինքնահրկիզվեցին Պրագայի կենտրոնում, այդ կերպ բողոքելով իրենց երկրում տիրող սովետական բռնատիրության դեմ: Այն միևնույն տարիններն էին, երբ Արևմուտքի քաղքենի երիտասարդներն ու ձանձրացած կամ կյանքում անորոշ մի իմաստ որոնող ուսանողները գովերգում էին Մաոյին, Կաստրոյին և կոմունիստական հեղափոխությունը:
Յան Պալաչի այդ արարքը ահռելի տպավորություն էր թողել Գուչչինիի վրա, այն աստիճան, որ երգիչը կամեցել էր է՛լ ավելի պանծացնել այն, Յան Պալաչի այրվող մարմնից բարձրացող ծուխն իր երգում համեմատելով մի քանի դար առաջ բարձրացած մի ուրիշ ծխի հետ. ծուխը, որ բարձրացել էր այն խարույկից, որի վրա այրել էին բոհեմիացի հերետիկոս Յան Հուսին:
Թերևս առանց իմանալու, թերևս առանց գիտակցելու կամ կամենալու՝ Գուչչինին այդպես վարվելով տակնուվրա էր անում իր կուսակցության քաղաքական համոզմունքներին ու ավանդությանը հոգեհարազատ կարծրատիպերից մեկը. այսինքն՝ կոմունիզմի թշնամիներից մեկին համեմատում և հավասարեցնում էր միջնադարյան հերետիկոսներից մեկին, մինչդեռ սովորաբար հենց կոմունիզմի տեսաբաններն էին, որ կոմունիզմը ներկայացնում էին իբրև այդ հերետիկոսների իրավահաջորդն ու ժառանգորդը:
Գուչչինին, սակայն, ակնհայտ կերպով սխալվում էր, և ես սա ցավով եմ ասում, քանի որ երբեմն մեծ հաճույքով եմ լսում իր մի քանի երգերը, որոնք գեղեցիկ են ու խելացի, թեև ես ինքս հաճախ համաձայն չեմ գտնվում իր գաղափարների ու տեսակետների հետ: Սխալվում էր, որովհետև հետևում էր ժամանակակից աշխարհում տիրող այն կարծրատիպին, թե բոլոր ժամանակների բոլոր դատապարտվածներն անխտիր կերպով անմեղներ ու հալածյալներ էին, մանավանդ եթե խոսքը Եկեղեցու թշնամիների մասին է:
Իրականում, մինչդեռ, Պալաչի բողոքն ուղղված էր հենց Հուսի և նրա հետևորդների դեմ: Իրականում, Յան Հուսի ճշմարիտ աշակերտները, հաղթանակած դահիճներ դարձած, հենց այն կոմունիստներն էին, որոնց դեմ այդ երիտասարդ բոհեմիացին դեպի երկինք արձակեց իր հուսահատ ճիչը: Սա ակնհայտ է դառնում, եթե բազմաթիվ ուրիշ ուսումնասիրությունների շարքին կարդում ենք Իգոր Շաֆարևիչի արդեն հիշատակված հատորը: Շաֆարևիչը, որը կոմունիստական Ռուսաստանում է անցկացրել իր կյանքի մեծ մասը, մտքի ապշեցուցիչ կորովով և պատմական փաստաթղթերի վիթխարի ներկայացմամբ քարտեզագրել է սոցիալիստական իդեոլոգիայի պատմությունը դարերի ընթացքում և բոլոր երկրներում, և ի հայտ է բերել փաստը, թե ինչպես միջնադարյան և արդի հերետիկոսությունների, ինչպես նաև որոշ աթեիստ իլլումինիստների համընդհանուր նպատակը մի նոր հասարակության կերտումն է, ուր պետք է համընդհանուր գործածման առարկան լինեն ունեցվածքները և կանայք. այսինքն՝ կոմունիստական մի հասարակություն («կոմունիզմ» նշանակում է «հասարակաց պատկանելություն»), բարքերով՝ ամենաթողական, կառավարման համակարգը՝ բռնատիրական: Ճշգրիտ կերպով այն, ինչ տեղի ունեցավ Քսաներորդ դարում Ռուսաստանում, ամբողջ Սովետական Միությունում և նրա ուղղակի ազդեցության տակ գտնվող երկրներում, Չինաստանում, Կուբայում, Կամբոջայում և այլուր:
Բայց ի՞նչ էին մտածում Հուսիտները (այդպես էին իրենց կոչում Հուսի հետևորդները), ինչպե՞ս էին արդարացնում կամ հիմնավորում իրենց այդ գաղափարները: Նրանք նախևառաջ ոգևորված էին ամենաարմատական միլլենարիզմի գաղափարներով. ըստ իրենց հաշվարկների՝ 1420 թվականին հասնելու էր հին աշխարհի վախճանը: Դա ըստ իրենց նշանակում էր, որ հասնում էր վրիժառության ու պատժի օրը. «Ծառերի ճյուղերի նման կոտրելու ենք բոլոր բարեկեցիկներին ու հզորներին և նրանց ծղոտի նման այրելու ենք հնոցում: Չենք թողնելու նրանցից ո՛չ արմատ և ո՛չ էլ բողբոջ, աղալու ենք հասկի խուրձերի նման, հեղելու ենք նրանց արյունը, կոտորվելու են կարիճների, օձերի ու վայրի գազանների կողմից, ենթարկվելու են մահվան»: Պատկերն ամբողջացնելու համար «վրիժառության տարում Պրագա քաղաքը պետք է ավերվի և այրվի հավատացյալների ձեռամբ, ինչպես Բաբելոնը»[1]:
Պատկերավոր արտահայտություններն են խելացնոր գժերի, որոնք այնուամենայնիվ անվնա՞ս էին: Բացարձակապես ո՛չ: Թաբորիտները – այս անվամբ սկսեցին կոչվել այն բանից հետո, երբ Պրագայի մոտակայքում իրենց համար մի բերդաքաղաք կառուցեցին, որի անունը դրեցին Թաբոր – սովոր էին քահանաներին խարույկ բարձրացնելու, եկեղեցիները քանդելու, գրադարաններն ավիրելու, գրքերը այրելու, ամբողջական գյուղեր հրի ճարակ դարձնելու, անխնա կոտորելու բոլոր նրանց, ովքեր հակառակվում էին իրենց գործին: Իսկ երբ վերջացնում էին ուրիշներին կոտորելը, սկսում էին միմյանց միջև վիճել և միմյանց կոկորդ կրծել (բառի բուն իմաստով)[2]:
Նրանց կոտորածներին հաճախ զոհ էին գնում ազնվականները, բայց հատկապես՝ եկեղեցականներն ու գյուղացիները:
 
Եվ այդ ամենը – արժե կրկնել սա – հանուն կոմունիզմի. «Ամեն բան պետք է համընդհանուր գործածության լինի, ներառյալ կանայք. Աստծո որդիներն ու դուստրերը ազատ են լինելու և գոյություն չի ունենալու ամուսնությունը որպես ամուսնու և կնոջ միություն»: «Թաբորիտների ճյուղավորումները», եզրակացնում է Շաֆարևիչը, «հասան մինչև Բալթիկ Ծով, մինչև Վիեննայի պարիսպների տակ, մինչև Լայպցիգ և Բեռլին: Նյուրնբերգը նրանց հարկ վճարեց: Բոհեմիան ավերվեց»:
Պատմական վավերագրերից չի թվում, թե ինչ որ մեկի մտքով անցել է ինքնահրկիզվել ի նշան բողոքի, բայց գիտենք, որ ամբողջ ժողովուրդն ի վերջո զինվեց և անցավ հերետիկոսներին ոչնչացնելու գործին, ո՛չ միայն հանուն հավատքի, այլ նաև, և գուցե հատկապես, հանուն ողջամտության և բնական իրավունքների պաշտպանության:
Բայց «թաբորիտական ճյուղավորումները» (քաղցկեղածին մետաստազների նման) հասել են մինչև մեր օրերը, վարակված՝ միևնույն միլլենարիստական գաղափարներով, միևնույն ֆանատիզմով, միևնույն ցնորապաշտական, ուտոպիկ ոգով, միևնույն բռնատիրական նկարագրով, իրականությունը տակնուվրա անելու միևնույն մտադրությամբ, և ի վերջո՝ միևնույն ատելությամբ նրա հանդեպ, ով իրականության և մարդու հիմնական ու բնական իրավունքների գերագույն և թերևս միակ պաշտպանն է. Կաթողիկե Եկեղեցին[3]:
1950 թվականին հենց Պրագայում սկիզբ առան բուռն հալածանքներ եկեղեցական կառույցների դեմ, Ապրիլի 13 լույս 14ի գիշերը հարձակման ենթարկվեցին վանքերը, «եկեղեցականների մեծամասնությունը արտաքսվեց կամ բանտ նետվեց»: Քսաներորդ դարի Թաբորիտները ամբողջական ժողովուրդներ ստրկացրեցին և ամեն տեսակ ոճիր ու սրբապղծություն գործադրեցին, միևնույն ոգով և միևնույն կատաղությամբ, որով Տասնհինգերորդ դարի իրենց նախահայրերն էին այրում Խաչելությունները, կործանում էին խորանները, սրբապիղծ ծաղրի առարկա էին դարձնում խորհուրդներն ու ծիսական արարողությունները: Ռումինիայում, այդ նույն 1950 թվականին, կոմունիստ Թուրքանուն ամեն տեսակ ստորացման ու տանջանքի էր ենթարկում ո՛չ միայն եկեղեցականներին, այլ նաև ուսանողությանը[4]:
[1] Ընթերցողի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այն փաստի վրա, որ այս արտահայտությունները գրեթե նույնությամբ հանդիպում են նաև Եհովայի Վկաների ուսմունքային գրություններում:
[2] IGOR SAFAREVIC, Il socialismo come fenomeno storico mondiale, La Casa di Matriona, Milano 1980, cap. II. Թաբորիտների միջև գոյություն ունեցող զանազան տարաձայնությունների պատճառով ի հայտ եկան նաև բոհեմիացի Ադամիտները. «Մյուս բոլոր Թաբորիտների նման, Ադամիտները ևս իրենք իրենց համարում էին վրիժառու հրեշտակներ, որոնք իբր թե ի վերուստ առաքելությունն էին ստացել իրենց թրերը աջ ու ձախ ճոճելու, աշխարհի բոլոր անկյուններում, մինչև կհասնեին ամբողջական բնաջնջմանը: Թափված արյունը, ասում էին, պետք է երկրի երեսը ծածկի ձիու գլխի բարձրությամբ: Եվ չնայած թվով քիչ էին, բայց իրենց ուժերի ներածի չափով ամեն ինչ անում էին այդ նպատակի իրագործմանը հասնելու համար: Նեզարկա գետի կղզիներից մեկի վրա գտնվող իրենց ամրոցից դուրս էին գալիս գիշերային հարձակումների, – ինչը որ անվանում էին Սրբազան Պատերազմ, – ավերում ու թալանում էին շրջակա գյուղերը: Այդ արշավանքների ժամանակ գործնական արտահայտություն էին ստանում և՛ նրանց կոմունիստական սկզբունքները, և՛ ավերածությունների նրանց ծարավը: Ադամիտները, որոնք ոչինչ չէին պահում որպես անձնական սեփականություն, բռնի վերցնում էին այն ամենը, ինչին իրենց ձեռքերը կարողանում էին հասնել: Միաժամանակ այրում էին գյուղերը, սրի էին քաշում կամ ողջ-ողջ այրում էին բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնց կարողանում էին գտնել և դուրս քաշել թաքստոցներից: [...] Յուրահատուկ խանդավառությամբ սպանում էին քահանաներին, որոնց անվանում էին մարմնացած դևեր» (NORMAN COHN, I fanatici dell'Apocalisse, p. 190):
[3] Բավական է գոնե մի քիչ ուշադրությամբ դիտել Արևմտյան Եվրոպայի երկրներում վերջին տասնամյակներում տիրող իրադրությունը, այն բանից հետո, երբ Քսաներորդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը՝ Քսանմեկերորդ դարի սկիզբը, մեկը մյուսի ետևից իշխանության գլուխ եկան սոցիալիստական ուղղվածության կուսակցությունները: Ի՞նչ արդյունք գրանցվեց նրանց իշխանության գալով: Արդյոք ավելացա՞վ ժողովրդի բարեկեցությունը, գրանցվե՞ց մշակութային և ժողովրդագրական աճ: Ո՛չ, այլ ճիշտ հակառակը. կտրուկ կերպով ավելացան ժողովրդից գանձվող հարկերը (պետական մակարդակի հասցված թալան), մոլի պատերազմ սկսվեց բարոյականության դեմ (միասեռականության բուռն պրոպագանդա, ընտանիք հասկացողության վերացում, մանկապղծության օրինականացման արդեն սկիզբ առած գործընթաց, և նմանատիպ ա՛յլ բաներ), ժողովրդի կոտորած (աբորտի խթանում, էութանազիայի օրինականացում և քարոզում, էուգենետիկական օրենքների ընդունում, թմրամոլության ազատականացում և ինքնասպանության խրախուսում, պատերազմների արհեստական հրահրում, և այլն): Եվ ի վերջո, իրենց ճանապարհը միակ փակողի՝ Կաթողիկե Եկեղեցու դեմ առաջ տարվող կատաղի պատերազմ բոլոր հարթություններում, հատկապես իրենց շատ սիրելի միջոցներով. ստի ու կեղծիքի, զրպարտությունների և ուռճացված տվյալների տարածումը զանգվածային լրատվության միջոցներով, վեպերով, ֆիլմերով, մուլտֆիլմերով, և այլն (ինֆորմացիոն պատերազմ):
[4] Aa.Vv., Il libro nero del comunismo, Mondadori, Milano 1997, pp. 384, 393.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։