Դանիելե Քոմբոնի. սևամորթների պաշտպանը – Գրադարան – Mashtoz.org

Դանիելե Քոմբոնի. սևամորթների պաշտպանը

Է՛լ ավելի լավ հասկանալու համար ստրուկների պաշտպանության գործում Կաթողիկե Եկեղեցու ունեցած դերը, օգտակար կլինի համառոտ կերպով պատմել այն, ինչն արել է մի ա՛յլ կրոնական գործիչ, որին արդեն հիշել ենք նախորդ էջերում. Սբ. Դանիելե Քոմբոնին, Աֆրիկայի գերագույն միսիոները: Աֆրիկայի մեծագույն աղետներից մեկը ստրկատիրությունն է, ասում էր Քոմբոնին, երբ այցելության էր գնում Սուրբ Աթոռ, կամ երբ գնում էր Եվրոպայի թագավորներից օգնություն խնդրելու, հատկապես Ֆրանց Յոզեֆ Ավստրիացուց, որի մոտ ամենաջերմ ընդունելությունն էր գտնում (Ավստրիան այդ ժամանակ Եվրոպայի միակ թագավորությունն էր, ուր ընդհանրապես քրիստոնեական և հատկապես կաթողիկե արժեքները տակավին հարգվում էին): Իրավիճակն իրոք սարսափելի էր. Եգիպտոսի կառավարությունը դաժանորեն շահագործում էր սևամորթներին. եվրոպացի խղճազուրկ վաճառականները գործակցում էին բնիկ ցեղերի բնաջնջմանը, որպես միակ նպատակ ունենալով փղոսկրով ու փողով հարստանալը. աֆրիկացիներն իրենք էլ, միմյանց միջև անդադար պայքարելով, անհավատալի աստիճանի նեղ, սոսկ խմբակային շահեր միայն հետապնդելով, շարունակ պատերազմում և փոխադարձաբար նվաճում էին միմյանց, ստրկացնում էին պարտված ցեղերին և այդպես իրենք էլ իրենց հերթին նպաստում էին մարդկային մսի անիրավ վաճառքին և իրենք իսկ ընդառաջ էին գնում եգիպտական պահանջարկին ևբավարարում էին այն: Այդ դարաշրջանում, Տասնիններորդ դարի կեսին, եվրոպական տերությունները մասամբ հանձն էին առել պայքարել ստրկատիրության դեմ, մի ընդհանուր համաձայնագիր ստորագրելով Վիեննայի Վեհաժողովում: Բայց ստրկատիրության դեմ իրական պայքարողները կրկին միսիոներներն էին. բողոքականներ Լիվինգսթոնը և Սթանլին, կաթողիկեներից Մայր Յավուհին, Լիբերմաննը, Մարիոն Դե Բրեզիյաքը, Մասսայան, Արքեպիսկոպոս Լավիժերին (հիմնադիրը Աֆրիկայի Միսիոներների Ընկերության և, Լևոն Տասներեքերորդ Պապի օգնությամբ, Հակաստրկատիրական Ընկերության), Տեր Նիկոլա Օլիվերին, Տեր Նիկոլա Մացցան, Հայր Լուդովիկո Դա Քազորիան և ուրիշ շատ շատեր: Եգիպտոսն էլ, պետական մակարդակով, պաշտոնական հայտարարություններում, հակառակվում էր ստրկավաճառությանը, բայց գործնական գետնի վրա, ծածուկ, կա՛մ անհոգությամբ չէր զբաղվում այդ խնդրով, կա՛մ էլ պաշտպանում էր: Քոմբոնին, որն իր գործունեությունը ծավալում էր Սուդանում, տեսնում էր, թե ինչպես էր այդտեղի ժողովուրդը բռնի տեղահանման ենթարկվում հիմնականում արաբ ստրկավաճառների կողմից, որոնք «ընտանիքներից բռնի խլում էին տղաներին, աղջիկներին, երիտասարդ մայրերին, գրեթե միշտ սպանելով ընտանիքի հորը և բոլոր նրանց, ովքեր փորձում էին պաշտպանվել»: Ապա տանում էին վաճառելու «Կարմիր Ծովի ու Եգիպտոսի շուկաներում»: Շատ հաճախ էլ հենց Կահիրեի կամ
 
Աղեքսանդրիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էին, որ պատվիրում էին առևանգել «գեղեցիկ եթովպուհիների», դինքուհիների, «հազարավոր գեր սևամորթների, որոնց դարձնում էին ներքինիներ» իրենց հարեմներում աշխատելու համար: Մարդկային մսի այս անարգ առևտրի դեմ Քոմբոնին պայքարում էր հնարավոր բոլոր միջոցներով, շատերին փրկագնում էր, ուրիշ շատերի փախցնում և թաքցնում էր վանքում, մինչև հարցին իրավական լուծում տալը: Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆի միջնորդությամբ՝ Սուլթանը Քոմբոնիին և իր վանքերին տալիս է ապաստանավայր լինելու իրավունքը, ուր այն ստրուկները, որոնք կամենում էին ազատագրվել, կարող էին հատուկ փաստաթուղթ ստանալ: Ամբողջովին յուրահատուկ խստությամբ Քոմբոնին քննադատում էր այն (անունով միայն) քրիստոնյաներին, որոնք զենքերի վաճառքով և իրենց դրամական միջոցներով գործակցում էին ստրկավաճառությանը, այդպիսիներին հիշեցնելով, որ «Սրբազան Քահանայապետներ Պողոս Երրորդը, Ուրբանոս Ութերորդը, Բենեդիկտոս Տասնչորսերորդը, Պիուս Յոթներորդը, Գրիգոր Տասնվեցերորդը և ուրիշ բազմաթիվ Քահանայապետներ դատապարտել են այդ ոճիրները»: Որքան որ կարողանում էր, Քոմբոնին գործակցում էր նաև եվրոպական կառավարությունների հետ, պատրաստ էր «մինչ ի մահ համագործակցել ի նպաստ ստրկատիրության վերացման մարդասիրական գործի», թեև գիտակցում էր, որ եվրոպացիների մեծամասնությունն այլևս «անաստվածներ են և հեղափոխականներ», և նրանց շարքերում թեև մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր դեմ են ստրկատիրությանը, բայց միաժամանակ բազմաթիվ են նաև նրանք, ովքեր պաշտպանում են ստրկատիրությունը և ամեն կերպ գործակցում են դրա պահպանմանը: Հավատքի Տարածման Ժողովի նախագահ Կարդինալ Բարնաբոյին ուղղած 1873 թվականի Ապրիլի 29ի իր նամակում գրում է. «Անգլիայի դեսպան վսեմաշուք Սըր Բարթըլ Ֆրերը [...] իր շքախմբի հետ ինձ այցելելու եկավ Կահիրեի իմ աշխատավայրում, և ավելի քան երեք ժամ խոսեցինք ստրկության ցավալի խնդրի շուրջ: Չնայած որ այս ազնվամեծար պարոնը պատկանում է Անգլիկան Եկեղեցուն, այդուհանդերձ՝ մեծապես ոգևորված է թվում մարդասիրական առաքելություններով, որոնց վերաբերյալ հանձնարարություններ է ստացել իր Կառավարության կողմից: Նրա ուղևորության նպատակակետը Կենտրոնական Աֆրիկան չէր, որը ստրկության իրական թշվառ հանդիսարանն է, այլ՝ գնում էր Զանզիբար, որտեղ մտադիր է պայմանագրեր կնքել տեղի Սուլթանների հետ, գործնականորեն վերացնելու համար սևամորթների վաճառքը, և մի քանի ամսից վերադառնալու է Եվրոպա, այսինքն՝ Լոնդոն: Պայմանավորվեցինք մինչ ի մահ համագործակցել այդ մարդասիրական նպատակին հասնելու համար: Սակայն պատեհ համարեցի առայժմ լռել այն տանջանքների մասին, որոնք Գոնդոքորից մինչև Նեղոսի ակունքներն ընկած տարածքներում ապրող սևամորթներին պատճառում է մյուս Անգլիացին՝ Սըր Սամուել Բեյքըրը»: 1873 թվականի Հունիսի 24ին Քորդոֆանի մայրաքաղաք Էլ-Օբեիդից գրված մի նամակում պատմում է. «Բոլոր փաշաներն ու ստրկավաճառները մեզնից վախենում են և փորձում են խուսափել մեր հայացքներից: Խարթումի և Քորդոֆանի փաշաներին ես հայտարարել եմ, որ բոլոր ստրուկներին, որ կապված կտեսնեմ քաղաքում կամ քաղաքից դուրս, բոլորին տանելու եմ վանք և այլևս չեմ վերադարձնելու. նաև բոլոր նրանց, ովքեր ինքնակամ կգան վանք և կբողոքեն իրենց տերերի կողմից կրած չարաչար վերաբերմունքից, նրանց խոսքերի ճշմարտացիությունը ստուգելուց հետո՝ նրանց պահելու եմ վանքում և այլևս չեմ վերադարձնելու. միայն հայտնելու եմ Դիվանին, որ այս կամ այն անձը գտնվում է վանքում, և մինչև այն օրը, երբ տեղի կունենա դատավարությունը և կտրվի անձամբ իմ, կամ իմ բացակայության դեպքում՝ իմ փոխանորդի թույլտվությունը, այդ մարդը մնալու է վանքում: Այդ փաշաները կամ կառավարիչները, որոնք գիտակցում են իրենց արարքների ապօրինությունը, քանի որ առաջին ստրկավաճառը հենց կառավարությունն է, չհամարձակվեցին ընդդիմանալ և համաձայնվեցին իմ բոլոր պահանջներին: Մինչև այսօր արդեն 500 հոգուց ավելի ազատել եմ: Քրիստոսի եղջյուրները, – ասում էր Տեր Մացցան, – ավելի ամուր են, քան սատանայինը»: Եվ այդպես Քոմբոնին սկսում է սևամորթ ստրուկների ազատագրման գործընթացը, որն իրենից հետո շարունակում են իր աշակերտները՝ Քոմբոնյանները, և որը նշանակալի արդյունքների է հասնում, ստանալով նաև եվրոպական մի քանի երկրների կառավարությունների, ինչպես նաև մուսուլմանական աշխարհի մի քանի քաղաքական գործիչների գնահատանքը. մի մեծ քայլ, որը 1890 թվականին հանգեցրեց այն բանին, որ Բարձր Դուռը Բրյուսելում հռչակագիր ստորագրեց ստրկավաճառության դեմ. հռչակագիր, որի շարադրմանը նպաստել էր մյուս միսիոները՝ Կարդինալ Լավիժերին[1]:

[1] OLIVIER PÉTRÉ GRENOUILLEAU, La tratta degli schiavi, p. 303. Երբ քննության է առնվում Քոմբոնիի պայքարը, որի նպատակն էր սևամորթ ստրուկներին ազատելը արաբների կեղեքումներից, հարկավոր է գոնե հպանցիկ կերպով հիշել կրոնավորական Միաբանություններից այն երկուսի գոյությունը եվրոպական պատմության մեջ, որոնք հիմնվել են Միջնադարում, բայց կան և գործում են մինչև այսօր. խոսքս վերաբերվում է Տրինիտարներին և Մերչեդարներին: Առաջինը հիմնվել է ֆրանսիացի վանական Ժան Մաթհացու կողմից, մի Կանոնադրությամբ, որը հաստատվել և վավերացվել է Իննովկենտիոս Երրորդ Պապի կողմից 1198 թվականին: Երկրորդի հիմնադիրն է իտալացի Պիետրո Նոլասկոն, որի Կանոնադրությունը հաստատել և վավերացրել է Գրիգոր Իններորդ Պապը 1235 թվականին: Այս Միաբանությունների գլխավոր գործունեություններից մեկն այն էր, որ նվիրվում էին մուսուլման սարակինոսների կողմից գերեվարված ու ստրկացված քրիստոնյաների փրկագնմանը: Հազարավոր քրիստոնյաներ էին տեղահանվում սարակինոսների և մուսուլմանական ա՛յլ ցեղախմբերի կողմից՝ Միջերկրականի ափամերձ շրջանների վրա իրենց այլևս սովորական դարձած ավազակային հարձակումների ժամանակ: Նրանց փրկագնելու համար այս կրոնավորները գումար էին հավաքում ժողովրդի, ազնվական ընտանիքների, Եպիսկոպոսների ու Քահանայապետների կողմից շնորհված նվիրատվություններով: Հավաքված գումարները վերցնելով, փրկարար կրոնավորներն իրենց սեփական կյանքը լուրջ վտանգի տակ դնելով՝ գնում էին Հյուսիսային Աֆրիկայի ափերը և թուրքական բանտերը, ուր փակված պահում էին գերիներին, մուսուլմանների հետ բանակցելու, գերիների փոխարեն վճարելու և նրանց ազատ արձակելու համար: Եթե բանակցությունը հաջող ավարտ չէր ունենում, կրոնավորն իրեն հանձնում էր ստրկության՝ ուրիշ ինչ որ մեկի փոխարեն: Անթիվ Մերչեդարներ են մահացել նման բանակցությունների ժամանակ, բայց հազարավոր ստրուկներ են կարողացել փրկել և վերադարձնել ազատության: Մեր ժամանակներում, երկու Միաբանությունների գործունեությունն ուղղված է հատկապես ստրկության նոր ձևերի դեմ պայքարին, օրինակ՝ ընդդեմ մարդկային օրգանների ապօրինի վաճառքի (ի մասնավորի Չինաստանում և Հեռավոր Արևելքի ա՛յլ երկրներում) և երեխաների վաճառքի ու կազմակերպված պոռնկացման:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։