ԵՐԿՈՒ ԽՈՍՔ – Գրադարան – Mashtoz.org

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Էջերը, որոնք պատրաստվում եք ընթերցել, նման են դեպի Ատլանտիդա առաքված հետախուզական առաքելության: Անհետացած մայրցամաքը Քրիստոնեության մասին պատմական ճշմարտությունն է: Ֆրանչեսկո Անյոլին սուզվում է ջրերի մեջ, ուր վխտում են բազմաթիվ շնաձկներ, որոնք սարսափահար են անում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են մոտենալ այս հարցերի քննարկմանը: Պատմաքննադատական մեթոդը, գործածվելով այնպիսի մարդկանց կողմից, ովքեր այլևայլ պատճառներով ատում են Եկեղեցին, նրա շուրջբոլորը բարձրացրել է փշալարերի պարիսպ: Անցումը կրկին բացելու նշանակալի փորձեր կատարվել են: Վիտտորիո Մեսսորին և Անտոնիո Սոչչին բազմաթիվ շնաձկներ են սպանել, բազմաթիվ կեղծարարությունների վրա են լույս սփռել: Նմանապես՝ կարդինալ Ջակոմո Բիֆֆին և եպիսկոպոս Լուիջի Նեգրին: Բայց պակասում էր մի ամբողջական քարտեզ, ճանաչելու համար այս սքանչելի տարածքը, որի շուրջը պղտոր ջրերի պատ են բարձրացրել նախապաշարումներն ու սև առասպելները: Անյոլին մեզ ընծայում է ահա այդ քարտեզը: Մի քարտեզ, որ շատ օգտակար է, մինչև իսկ՝ մխիթարական:
Փորձեք դուրս գալ փողոց և որևէ պատահական անցորդի հարցրեք իր կարծիքը Խաչակրաց արշավանքների, վհուկների, Ինկվիզիցիայի, Եկեղեցու աշխարհիկ իշխանության, քրիստոնեական համայնքներում կանանց դերի, ստրկատիրության պատմության մեջ Եկեղեցու ունեցած պատասխանատվության մասին: Չեք գտնի և ոչ իսկ մի հոգի, – նույնիսկ իրենց քրիստոնյա նկատողների շարքերում, նույնիսկ եկեղեցական աստիճան ունեցողների մեջ, – որ լուրջ ծանոթություն կունենա հիշված հարցերում և չի բավարարվի զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածվող նախապաշարումները կրկնելով, – բացառությամբ որոշ հատուկենտ անձանց, որոնք խորացրած կլինեն իրենց գիտելիքները և նրանց գոյությունը ձեր աչքին կթվա մի իրական հրաշք: Նմանապես՝ համալսարանական դասախոսները, դպրոցների ուսուցիչները, և մինչև իսկ՝ բազմաթիվ քահանաներ: Այժմ, սակայն, վերջապես գտնվում ենք Քրիստոնեության մի սքանչելի ջատագովության դիմաց, որն համակարգված բնույթ ունի և հարուստ է ճշգրիտ կերպով կատարված մեջբերումներով: Վերջերս պատահմամբ մասնակցեցի մի վիճաբանության, որի դերակատարները Դարվինի համոզված հետևորդներից էին: Անհայտ էջեր մեջբերեցի էվոլյուցիոնիզմի փիլիսոփայի գրություններից: Զրուցակիցներս, – որոնք կիրթ անձնավորություններ էին և սոսկ հեգնանքով էին խոսում Եկեղեցու մասին, – պնդում էին, թե ինչպես է իրենց հերոսի պրոգրեսիզմը վերջապես նպաստել համատարած ազատագրման շարժմանը. ներառյալ կանանց, բա ո՞նց: Մինչդեռ Եկեղեցին ... : Այդ օրերին նոր-նոր ավարտել էի Անյոլիի այս գրքի ընթերցումը: Զրուցակիցներիս առաջ նետեցի մի մահացու մեջբերում Դարվինի գրություններից, որի համաձայն՝ կինը միայն թեթևակիորեն է բարձր դասվում անասուններից: Այո՛, այո՛, ճիշտ լսեցիք: Եվ նման մեջբերումները բազմաթիվ են, եթե շարունակեք թերթել այս էջերը:
Կրկնում եմ: Շրջանառության մեջ գոյություն չունի – գրախանութներում, գրադարաններում, հատկապես՝ մտավորականների գլխում – նման մի գիրք: Ավելի ճիշտը՝ գոյություն չուներ: Եվ այս պահից սկսած, հարկավոր է այնպես անել, որ գոյություն ունենա բառի ուժգին իմաստով. այսինքն, թրի նման շողշողացնել ամենօրյա բանակռիվներում, որ տեղի են ունենում մեր շուրջբոլորը, բայց նաև՝ մեր ներսում, քանի որ այնքա՜ն ռմբակոծումների ենք ենթարկվում կեղծարար պրոպագանդայի կողմից: Խոսքս վերաբերվում է չթողնելուն, որ այս գիրքը քուն մտնի, ինչպես երբեմն պատահում է բազմաթիվ գեղեցիկ գրությունների, որոնք սակայն լքվում են գրադարակներում: Մի խոսքով, հարկավոր է համագործակցել Ֆրանչեսկո Անյոլիի այս գործին, հնարավորություն տալով նրան մտնել շրջանառության մեջ, լայնորեն տարածվել, և ի վերջո՝ թունավոր նստվածքներից մաքրել գիտակցությունները:
 
Այս հատորը, – մշակութային գետնի վրա, – կեղծիքը հալածող զենք է: Եվ գրողի ծո՛ցը, եթե սա քաղաքական գետնի վրա ոչ-կոռեկտ արտահայտություն է: Ասում է ճշմարտությունը: Ինչպես ամենայն պարզությամբ վարվում է Անյոլին, որի մեթոդը սահմանափակվում է այսքանով. ավլել հրապարակը կեղծիքների աղբից, առանց քննելու՝ հավատք չընծայել տիրող կարծրատիպերից ոչ մեկին: Գործի դնել հետաքննության ամբողջ խստությունը և անակնկալ բացահայտումների լուրը տարածել ամենուր, որևէ դեպքում, առանց ստոր հաշվարկների ու մարդկային աչառությունների, հանճարեղ ու բծախնդիր դասակարգմամբ, առանց վախենալու՝ անվանել իրերն իրենց իրական անուններով: Հեղինակը դա անում է խստապահանջ կերպով, առանց մեր հետ-արդի (պոստ-մոդեռն) դարաշրջանի կեղծ փափկությունների, որը ձևական կարեկցանք ու զգացմունք է խաղում, բայց իրականում կորցրել է սեփական աչքերը: Ընդհակառակն, Հեղինակը սեր է դրսևորում նրա նկատմամբ, ով անարդար ցավեր է կրել իր կյանքի ընթացքում և մինչև օրս էլ նույն անարդար ցավն է կրում բոլորի հիշողության մեջ: Մինչև իսկ՝ իր սեփական զավակների:
Այս հատորը կեղծիքը հալածող զենք է: Եվ ետ է մղում բոլոր ավարառու զավթիչներին, որոնք խուժել են պատմական ճշմարտության տարածքներից ներս և դրանք գրավել են իրենց շահերին ծառայելու համար հորինված կեղծիքներով: Թերևս դա այնքան էլ եղերական չէր լինի, եթե այդ կեղծիքներն ու ստերը չհասնեին թունավորելու նաև զոհերի խիղճն ու գիտակցությունը, նրանց դարձնելով իրենց մեղսակիցներ: Սրանում է կայանում Ատլանտիդայի վերագտնման առաջին արժանիքը. ցույց տալ Քրիստոնեության զավակներին, որ իրենց Մայրը սիրելի ու հոգատար մայր է, բոլորին գրկելու պատրաստ, բայց բոլորի կողմից վիրավորված: Ուզում եմ գործածել այստեղ «սուրբ պոռնիկ» արտահայտությունը, Ջակոմո Բիֆֆիի տված մեկնաբանությամբ: Եկեղեցին այսպես է անվանվել Սուրբ Ամբրոսիոսի կողմից. Եկեղեցին սուրբ է, թեև տրվում, նվիրվում է բոլորին, մնալով անարատ ու անբիծ, չնայած անհատ քրիստոնյաների բազմաթիվ մեղքերի, Պապերից ու Պատրիարքներից սկսած մինչև հետին հայհոյողն ու մարմնավաճառը:
Ցավալի կլինի, սակայն, եթե սույն աշխատությունը գործածվի բացառապես իբրև գործիք՝ գրչապայքարի, հակաճառության ու ընդդիմախոսության համար: Այն օգտակար կլինի, եթե մեր ուշադրությունը գոնե մի պահ կենտրոնացնի մի տվյալի վրա. Եկեղեցին դա մի խորհուրդ է, որի ներսում այսօր, այս պահին բնակվում է մի Աստվածային Ներկայություն: Եվ վստահ եմ, որ սա է Հեղինակի մեծագույն հույսը. ո՛չ թե գետին տապալել ստախոս հակառակորդներին, այլ՝ բոլորին հարկադրել իրենց առաջ դնելու, հենց այս պահին, այն ճակատագրական և միաժամանակ քաղցր հարցը, որը Քրիստոսն Ինքը Ավետարանում ուղղում է Իր աշակերտներին. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին: Ո՞վ եմ ես ձեր կարծիքով»: Այս հատորն օգնում է մինչև իսկ պատասխանելու Պետրոսի նման:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։