Եկեղեցին և կրթությունը – Գրադարան – Mashtoz.org

Եկեղեցին և կրթությունը

Ինչ վերաբերվում է, ի վերջո, կրթությանը, բավական է պարզապես հիշել, որ Հռոմեական Կայսրության անկման և կայսերական դպրոցների փակման, բարբարոս, անգրագետ ու վայրենի ժողովուրդների ներխուժման և ամբողջ կայսրության տարածքով մեկ տարածման պայմաններում մշակույթը փրկվեց ձեռագրերին նվիրված վանականների շնորհիվ, որոնք իրենց վանական գրադարաններում անսահման համբերությամբ մեկ առ մեկ ընդօրինակեցին հին ձեռագրերը, ստեղծեցին իրենց ժամանակների համար եզակի գրադարաններ և այդպիսով լիակատար անհետացումից փրկեցին Կիկերոնի, Վիրգիլիոսի և անցյալի հսկաներից շատերի գործերը, որոնք այլապես մոխրանալու էին պատերազմների կրակի մեջ:
Սրանից բացի, որքան որ հնարավոր էր այդ իրոք դժվարին ժամանակներում, հիմնական կրթությունը ապահովվում էր եկեղեցիներին կից գործող ծխական դպրոցներում. «Դասավանդումը եկեղեցական գործունեության մեջ ներառված է եղել ծխական կազմակերպման առաջին տարիներից ի վեր. Թոլեդոյի (527թ.) և Վայիսոնի (529թ.) Ժողովներն, օրինակ, քահանաներին պատվիրում են ապահովել սաղմոսասացության, ընթերցանության և Աստվածաշնչի դասավանդումը: Թեև ճիշտ է, որ կարոլինգյան բարեփոխումներից հետո դպրոցական բուն կրթության պաշտոնը հաստատուն կերպով ստանձնում են քաղաքային և վանական մեծ դպրոցները, այդուհանդերձ նույնքան ճշմարիտ է, որ գյուղական ծխերին կից տարրական դպրոցները երկար ժամանակ մնում են որպես միակ հաստատությունը, որը երգեցողության և ընթերցանության գոնե տարրական գիտելիքներով ապահովում է ամենաաղքատ գյուղացիների զավակներին: Ծխական դպրոցների գոյության ու գործունեության շարունակականությունը վկայվում է հետագա Ժողովների կողմից քահանաներին ուղղված հրահանգներով: Օրլեանի եպիսկոպոս Թեոդուլֆը, որը Կարլոս Մեծի արքունիքում մշակույթի առումով ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, 813 թվականին օրենք է հաստատում իր թեմի քահանաների համար, որով վերջիններս պարտավորվում էին դպրոցներ հիմնել և տնօրինել լինի՛ ավաններում, լինի՛ գյուղերում. միևնույն օրենքով արգելում է նրանց որևէ վճար կամ փոխհատուցում պահանջել աշակերտների ծնողներից, թույլատրելով ընդունել միայն հոժարակամ բերված նվիրատվությունները»[1]:
Առաջին կայսրը, որը լրջորեն զբաղվեց իր հպատակների կրթությամբ, եղավ Կարլոս Մեծը, որի մտահոգություններն արտացոլված են 789 թվականի Աքուիսգրանայի Ժողովի փաստաթղթերում և 802 թվականի ժողովական ա՛յլ վավերագրերում. պալատական դպրոցի հիմնադրման գործում և մշակութային գետնի վրա կայսերական ողջ քաղաքականության մեջ նրա կողքին, գրեթե իբրև «կրթության նախարար», տեսնում ենք հատկապես վանական Ալքուինոսին, որն արդեն Յորքի վանական դպրոցի տնօրենն էր:
Եթե տեղափոխվում ենք արդի դարաշրջանի սկզբները, կրկին կաթողիկե երկու քահանաներ են, որոնք պատմաբանների համընդհանուր կարծիքով հանդիսանում են բոլորի առաջ բաց և անվճար «ժողովրդական դպրոցի հիմնադիրները». առաջինը իսպանացի Սբ. Խոսե Դե Քալասանցն է (1557-1648թթ.), որը Տասնվեցերորդ դարի վերջում հիմնեց Գթության Դպրոցներ կոչվող դպրոցական ցանցը, իսկ երկրորդը ֆրանսիացի Սբ. Ժան-Բապտիստ Դը Լա Սալն է (1651-1719թթ.), որը 1684 թվականին հիմնեց «Քրիստոնյա Դպրոցների Եղբայրներ» Միաբանությունը: Վերջինս նա է, ով ներմուծել է դպրոցական բազմաթիվ բարենորոգումներ, որոնք մեծ հաջողություն են ունեցել դարերի ընթացքում. օրինակ, դասավանդումը դասարանին և ո՛չ թե անհատ երեխային, դասավանդումը երեխայի մայրենի լեզվով, երեկոյան և կիրակնօրյա դասաժամերի կազմակերպումը բանվորների համար, և այլն:
Այդ դարաշրջանում է նաև, որ Եվրոպայի ամբողջ տարածքով մեկ սփռվում են Հիսուսյան Միաբանության կողմից բացված դպրոցներն ու վարժարանները, որոնք նույնպես անվճար էին և բաց էին բոլորի դիմաց, առանց դասակարգային խտրականությունների: Հիսուսյան Միաբանության վարժարանների ամենաականառու աշակերտներից կարող ենք հիշել մեծանուն մաթեմատիկոս և աստղագետ Քլավիուսին, Էվանջելիստա Թոռռիչելլիին, Դը Քարտին, Քոռնեյին, Մոլիերին, Վոլտերին, Ժոյսին և անթիվ ուրիշների:
Անհնարին է հաշվել դպրոցները, որոնք կաթողիկե կրոնական հաստատությունների կողմից բացվեցին Տասնիններորդ դարում և վիթխարի նպաստ բերեցին երեխաների կրթության գործում: Պետական դպրոցները, Պետության կողմից հիմնված, ֆինանսավորված, հսկված դպրոցները այդ ժամանակներում էլ դեռ սակավաթիվ էին, և ուր որ կային, ծառայում էին հարուստ դասակարգին: Մինչդեռ երեխաների մեծամասնությունը գործատերերի, թշվառության, վայրի քաղաքաշինության, դժվար ժամանակների առաջնահերթ զոհն էր դառնում:
Անգլիկան տեսակի բողոքական, ապակրոնականացված և արդյունաբերականացված Անգլիայում աղքատությունը և թափառաշրջիկությունը քրեական հանցագործություններ էին համարվում արդեն Հենրի Ութերորդի և իր որդի Էդոարդի ժամանակներից սկսած, իսկ 1688 թվականի լիբերալիստական հեղափոխությունից անմիջապես հետո «հանցանքները, որոնք պատժվում էին մահապատժով, թվով 50ից դարձան 200-250, և գրեթե միշտ խոսքը վերաբերվում էր սեփականության դեմ գործված հանցանքներին»[2]: Տիրող դասակարգերն էին, գործարանատերերը, բուրժուաները, որ երկաթե բռունցքով ճզմում էին նվազ ունևոր և չքավոր խավերին, խոչընդոտելով դպրոցների ու կրթօջախների հիմնմանը, դրանց փոխարեն ավելացնելով աշխատավայրերի թիվը: Այդպես է, որ որբանոցներն Անգլիայում դառնում են «էժան ու քիչ թե շատ բռնի աշխատուժի աղբյուր»[3]:
Լիբերալ փիլիսոփա Լոքը «բացահայտ կերպով հայտարարում էր, որ աղքատ երեխաներին “հարկավոր է խլել ծնողների ձեռքից” և աշխատանքի դնել 3 տարեկան հասակից սկսած», մինչ Մարքսը մատնացույց էր անում «աղքատների տներից և որբանոցներից երեխաների հերովդեսական առևանգումը, որն ի գործ դրեց կապիտալը գործարանների համակարգի սկզբում»: Այն աստիճան, որ մինչև իսկ հարյուրավոր կամ հազարավոր աղքատներ «ամեն օր կախաղան են հանվում չնչին թերացումների համար», և դրանց մեջ քիչ չէին նաև 11 տարեկան երեխաները[4]:
 
Կաթողիկե Իտալիայում, մինչդեռ, բազմաթիվ անձանց ջերմեռանդ հավատքից բխող նախաձեռնությունները հնարավորություն ստեղծեցին խոչընդոտելու այն բանին, որ արդյունաբերական հեղափոխությունը նման աղետաբեր հետևանքներ ունենար հասարակության համար: Իտալիայի արդյունաբերական կենտրոնը հանդիսացող Թուրինում, ուր գործարաններում որպես բանվոր աշխատող 10 տարեկանը չբոլորած երեխաների թիվը 1844 թվականին 7.000ից ավելի էր, կաթողիկե քահանա Ջովաննի Բոսկոն (1815-1888թթ., սրբադասվել է 1934թ. Ապրիլի 1ին) որոշում է կյանքի կոչել ամեն տեսակի մասնագիտական դպրոցներ. հավաքում է փողոցային երեխաներին, որբերին, ծխնելույզներ մաքրողներին, սովորեցնում է արհեստներ, գնում է անձամբ գործատերերի հետ պայմանավորվելու, պահանջում է աստիճանաբար բարձրացող աշխատավարձեր, պաշտոնական թղթի վրա կնքված կանոնավոր պայմանագրեր, պայքարում է, որպեսզի Կիրակին աշխատանքից ազատ օր լինի՝ հանգստի և հոգու համար, և որպեսզի աշխատավորներն ավելի իրավունքներով պաշտպանված լինեն[5]: Դիմում է թագավորին, նախարարների խորհրդի նախագահ կոմս Քավուրին, ստանում է օգնություններ և երաշխավորագրեր, և կամաց կամաց ստանում է նաև մեծ արդյունաբերողների համագործակցությունը, ինչպիսիք էին, օրինակ, Ջովաննի Անյելլին և Ալեսսանդրո Ռոսսին: Կաթողիկե մտայնությամբ կրթված այս անձինք առանց դժվարության հասկանում են, որ Դոն Բոսկոյի հիմնած Սալեզյան Միաբանության կողմից տրվող կրթությունն ու դաստիարակությունը, որի շնորհիվ պատանիները ձեռք են բերում հմտություն և արժանապատվություն, նրանց է՛լ ավելի գիտակից է դարձնում իրենց իրավունքներին, այո՛, բայց միաժամանակ հեշտացնում է աշխատանքը, ստեղծում է ներդաշնակություն և արտադրողականություն, հնարավորություն է տալիս խուսափելու դասակարգային անվերջանալի բախումներից, որոնք անպակաս էին այնտեղ, ուր սեփականատերերի և բուրժուաների իրավունքները ոտնատակ ճզմում էին աշխատավորների իրավունքները (օրինակ, Հյուսիսային Եվրոպայի բողոքական երկրներում): Մինչ Դոն Բոսկոն կատարում էր այս սքանչելի ծառայությունը, պետության լիբերալիստական վարչակարգը մի կողմից գրեթե ամբողջական ազատություն էր շնորհում արդյունաբերողներին, որոնք պահանջում էին օրական 14-16 ժամ աշխատանք, իսկ մյուս կողմից, 1859 թվականի օրենքներով, բացարձակապես անտեսում էր մասնագիտական կրթություն տվող դպրոցներին, զբաղվելով միայն ունևոր դասակարգի միջնակարգ կրթության հարցերով, այսինքն՝ հիմնելով դպրոցներ, որոնք անընդունակ էին արհեստ սովորեցնելու և հատկապես՝ աղքատների կարիքներին ընդառաջ գնալու:
Այդ նույն տարիներին, երբ Դոն Բոսկոն բացում էր կազմարարատներ, փայտամշակման, երկաթագործ դարբինների արհեստանոցներ, իտալական երկրորդ արդյունաբերական քաղաքում՝ Բրեշայում հանդիպում ենք քահանա Լոդովիկո Պավոնիի կերպարին (1784-1849թթ., երանացվել է 2002թ. Ապրիլի 14ին), որը 1831 թվականին հիմնում է կառուցվածքային գծագրության (դիզայնի) Իտալիայում առաջին դպրոցը, հատկապես աղքատների և որբերի համար: Միևնույն տարվա ընթացքում Դոն Պավոնիի հիմնած աշխատանոցների թիվը հասնում է ութի, իսկ 1842 թվականին դպրոց է հիմնում խուլ ու համր երեխաների համար: Դաստիարակչական իր մեթոդը նման էր ԴոնԲոսկոյի մեթոդին, փորձելով որպես լծակ գործածել ո՛չ այնքան պատիժները, որքան պատանիների դրական հատկությունների բացահայտումն ու զարգացումը: Դաստիարակության վերաբերյալ ունեցած իր գաղափարը գեղեցիկ կերպով ամփոփված է իր գործակիցներից մեկին ուղղված իր հետևյալ նամակում. «Աշակերտների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդունակ եղիր վարվելու այն դուրեկան կեցվածքով, որը լավագույն կերպով պատշաճ է մեր դաստիարակչական համակարգին. ընդունակ եղիր [...] վարվել այն ծանրակշռությամբ, որը հարգանք է ներշնչում, բայց միաժամանակ՝ նաև այն մեղմությամբ, որն առինքնում ու հրապուրում է, իսկ մտրակը թո՛ղ նրանց, ովքեր այն ցանկանում են, որովհետև մարդու մտրակը պետք է իր բանականությունը լինի»[6]:
Կրկին Տասնիններորդ դարում, կանանց և երեխաների համար այդ դժվարին ժամանակներում, կարող ենք հիշատակել բերգամացի Սրբուհի Թերեզա Վերձերիին (1801-1852թթ.)[7], ազնվական ընտանիքի դուստր, որը Դոն Պավոնիի և Դոն Բոսկոյի գործունեության միևնույն տարիներին դպրոցներ է բացում աղքատ և լքված աղջիկների համար, հիմնելով «Սուրբ Սրտի Դուստրեր» Միաբանությունը. և վերոնացի մարկիզուհի Մադդալենա Դի Քանոսսային (1774-1835թթ., սրբադասվել է 1988 թվականին), «Սիրո Դուստրեր և Որդիներ» Միաբանության հիմնադրուհին, ով նույնպես նվիրվում է փողոցում հայտնված աղջիկների կրթությանն ու դաստիարակությանը:
Սրանք պարզապես մի քանի օրինակներ են, որովհետև հնարավոր օրինակները բազմաթիվ են և նրանց կյանքն ու գործերը ամբողջական հատորներ են կազմում: Նրանց թողած ժառանգությունը գոյություն ունի մինչև օրս և հսկայական կշիռ է ներկայացնում Իտալիայի հասարակական կյանքում, որտեղից ճյուղավորվել և ճառագայթել է ամբողջ աշխարհով մեկ, այսօր էլ բազմաթիվ կենտրոններ տնօրինելով Աֆրիկայում, Ասիայում, Ալբանիայում, Ռումինիայում, և ա՛յլ աղքատ երկրներում:
[1] Storia d'Italia e d'Europa, vol. I, p. 68.
[2] Domenico Losurdo, Controstoria del liberalismo, p. 78.
[3] Վերջին տարիներին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, որոնցում նկարագրվում են Անգլիայի որբանոցներում պատահած դժբախտ պատմություններից մի քանիսը: Շատերի ուշադրությունից սակայն վրիպում է փաստը, որ երբ այդ պատմություններում խոսք է գնում եկեղեցականների մասին, դրանք վերաբերվում են անգլիկան բողոքականությանը և ոչ մի կերպ չեն կարող առնչություն ունենալ Կաթողիկե Եկեղեցու հետ:
[4] Domenico Losurdo, Controstoria del liberalismo, pp. 84, 85.
[5] Teresio Bosco, Don Bosco, Elledici, Torino 1999.
[6] Aa.Vv., Lodovico Pavoni. Un fondatore e la sua città, Pavoniani, Milano 2000, p. 147.
[7] Dino T. Donadoni, Si fa presto a dire amore. La vita e l'opera di Teresa Verzeri, Città Nuova, Roma 1981.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։