Զ. - ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԱՐԴԻ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Զ. - ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԱՐԴԻ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդի դարաշրջանում ստրկատիրությունը վերադառնում է. սևամորթների ստրկությունը, որոնք Աֆրիկայից նավերով տարվում են դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկայի եվրոպական գաղութները, ապա նաև Ամերիկայի հնդիկների ստրկությունը, որոնք ենթարկվում են իսպանացիների, հոլանդացիների, անգլիացիների, ֆրանսիացիների և այլոց լծին:
Սևամորթների առուվաճառքի եվրոպական ուղեգիծը պատվաստվում է ստրուկների առուվաճառքի ներաֆրիկյան ցանցին, որը եվրոպացիների ժամանումից առաջ էլ գոյություն էր ունեցել և գոյություն ունի մինչև այսօր, և իսլամական ցանցին, որը ծնունդ էր առել մոտավորապես Յոթներորդ դարում: Եվրոպացիների կողմից ստրուկների ձեռքբերումն ու վերավաճառումը եզակի իրողություն չէր. «Եվրոպայի սատանայական ստեղծագործությունը չէ» (Ֆերնանդ Բրոդել), ինչպես հաճախ ցանկանում են հավատալ տալ ոմանք: Եվրոպացիները որպես կանոն չէին գնում ազատ մարդկանց, նրանց ստրկացնելու նպատակով, այլ՝ գնում էին արդեն ստրկացված անձանց, – «որոնք նախևառաջ աֆրիկյան պետությունների կամ ցեղերի միջև մղվող պատերազմների ժամանակ գերեվարվածներն էին», – որոնք շարունակում են իրենց ստրկությունը նոր տիրոջ ձեռքի տակ[1]: Ինչ վերաբերվում է «ատլանտյան ուղեգծով տարված գերիներին, նրանց միայն 2%ն է ուղղակի կերպով գերեվարվել արևմտյան ստրկավաճառների կողմից, հատկապես սկզբում, Տասնհինգերորդ և Տասնյոթներորդ դարերի միջև, երբ ստրուկների առևտուրը դեռ ամբողջովին կազմակերպված չէր. գերիների 98%ը, հետևաբար, գնվել է աֆրիկացի ստրկավաճառներից»[2]:
Մուսուլմաններն էին, ուստի, որ ստրուկներին գնում էին աֆրիկացի ստրկավաճառներից (որոնք էլ իրենց հերթին մեղսակից էին աֆրիկյան կառավարություններին), կամ էլ՝ ուղղակիորեն իրենք էին գերեվարում և բերում ափամերձ շրջանները, այնտեղ եվրոպացիներին վաճառելու համար: Սա անշուշտ ոչնչով չի մեղմացնում մարդկային մսի առևտրով զբաղվող եվրոպացիների ոճրագործ չարությունը, որոնք մինչ մի ձեռքով ստրկացնում էին սևամորթներին, մյուս ձեռքով միևնույնն էին անում Ամերիկայի բնիկների նկատմամբ (որոնք նույնպես, իրենց հերթին, արդեն “սովոր էին” ստրկությանը, որը եվրոպացիների ժամանումից առաջ արդեն լայնորեն կիրառվում էր Ացտեկների կողմից):
Հարցը, որ պետք է տանք, հետևյալն է. ինչպիսի՞ն է եղել Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու դերն ու դիրքորոշումը պատմության այս սոսկալի իրադարձությունների դիմաց:
Պատասխանելու համար նախևառաջ հարկավոր է հիշել, թե ինչպիսին էր տվյալ դարաշրջանը և թե ինչպիսին էր քաղաքական ու հասարակական իրավիճակն ամբողջ Եվրոպայում: Տասնվեցերորդ դարը դա մի շատ դժվարին ժամանակաշրջան էր Եկեղեցու համար: Պետություններն առավել ինքուրույնություն էին պահանջում իրենց համար, մերժելով Եկեղեցու բարոյական հեղինակությունը. Հյուսիսային Եվրոպայի մեծ մասում, Հոլանդիայից մինչև Անգլիա, Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին գրեթե ամբողջովին ոչնչացվել էր բողոքական շարժումների կողմից, որոնցից մեկն էր նաև անգլիկան շարժումը Մեծ Բրիտանիայում. Իսպանիայում և Ֆրանսիայում, ուր գալլիկանիզմը օրեցօր ավելի էր ուժեղանում ու ամրապնդվում, թագավորներն իրենց էին վերապահում Եպիսկոպոսների, վանահայրերի ու եկեղեցական ա՛յլ կարևոր պաշտոնյաների նշանակումը, իսկ Հռոմի Սրբազան Քահանայապետին միայն մնում էր վավերացնել արդեն կայացված վճիռները: Քաղաքական դաշտում վխտում էին ամենատարբեր հերետիկոսությունների հարած անձինք, սկսած Ուայքլիֆից, որն իշխաններին ու քաղաքական իշխանություններին կոչ էրանում բռնագրավել Եկեղեցու ամբողջ գույքն ու ունեցվածքները, մինչև Մաքիավելլին, Թինդեյլը և ուրիշներ, որոնք հանդես էին գալիս որպես Կեսարի և միմիայն Կեսարի պաշտպանները. «Տվեք Կեսարին այն, ինչը Կեսարինն է», և ուրիշ ոչինչ՝ ուրիշ ոչ ոքի: Սա էր իրենց նշանաբանը: Պետություն հասկացողությունը (պետական վարչակարգը, գործնականում՝ այդ պահին պետական գահին բազմած անձինք) սկսում է բացարձականացվել, աստվածացվել, նորամուտ կռապաշտության առարկա դարձվել, միշտ ավելի մեծ թվով իրավունքներ վերապահելով իրեն և միշտ ավելի կենտրոնացնելով իշխանությունը: Թինդեյլի կարծիքով, օրինակ, «ով քննադատում է թագավորին, քննադատում է Աստծուն. և ով հակառակվում է թագավորին, հակառակվում է Աստծուն. [...] թագավորն այս աշխարհում վեր է բոլոր օրենքներից և իր ցանկությամբ իրավասու է գործելու բարին և չարը» (Obbedienza di un cristiano, 1528): Մի խոսքով, պետությունը սկսում է դառնալ Թոմաս Հոբսի Լևիաթան հրեշը, մի “տեսանելի աստված”:
Շա՜տ շատերի համար այսօր էլ, հակառակ Քսաներորդ դարի պետութենապաշտական կռապաշտությունների կողմից պատճառված վիթխարի ավերածություններին ու եղեռնագործություններին, ամեն ինչ Կեսարին տալը և ոչինչ Աստծուն չտալը լավ է, թեև պատմությունն ուսուցանում է, որ այդպես չէ: Միշտ ավելի հզոր դառնալով, քաղաքական իշխանություններն իրենց առաջ չեն գտնում ոչ մի պատվար, ոչ մի սահմանափակում. պատահական չէ, որ Հռոմեական Կաթողիկե Եկեղեցուց բաժանված և անգլիկան տիպի բողոքական դարձած Անգլիան – ուր թագավորը բռնի ուժով վերացրեց Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու ներկայությունը, խորապես ապակրոնականացրեց երկիրը, իրեն վերապահեց միաժամանակ և՛ քաղաքական, և՛ կրոնական իշխանությունները, բռնազավթելով և փաստացի զրոյացնելով կրոնականի դերն ու նշանակությունը, դատապարտելով նրան սոսկ խամաճիկի վիճակի – բողոքական Հոլանդիայի հետ միասին դարձավ արդի ստրկատիրության և Ամերիկայի ու Ավստրալիայի բնիկների բնաջնջման գլխավոր դերակատարը:
[1] Andrea Giardina - Giovanni Sabbatucci - Vittorio Vidotto, Prospettive di storia, vol. II, Laterza, Bari 2004, pp. 231-232.
[2] OLIVIER PÉTRÉ GRENOUILLEAU, La tratta degli schiavi, pp. 21-22. Գրենույոն իրավացիորեն ընդգծում է մի տվյալ. ստրկավառաճության կազմակերպողներից մեկն էին նաև հենց իրենք՝ աֆրիկացիները, որոնք հաճախ գործակցում էին մուսուլմանների և ժամանակագրական առումով վերջին ժամանածների՝ եվրոպացիների հետ: Ատլանտյան ուղեգիծը, որին նպաստեցին եվրոպացիները, տեղահանության ենթարկեց 11 միլիոն մարդու, մինչդեռ արևելյան ուղեգծով, որին մեծ մասամբ տնօրինում էին մուսուլմանները, տեղահանության ենթարկվեցին մոտ 17 միլիոն սևամորթներ: Այս հարցի շուրջ կարևոր է նաև հետևյալ աշխատությունը. JOHN THORNTON, L'Africa e gli africani nella formazione del mondo atlantico, Il Mulino, Bologna 2010. Հեղինակը փաստում է, որ «ստրկավաճառության ատլանտյան ուղեգիծը և այդ գործում աֆրիկացիների մասնակցությունը հաստատուն հիմքեր ունեին աֆրիկյան հասարակություններում և նրանց իրավական համակարգերում». եվրոպացիների ժամանումից առաջ էլ «ստրկատիրությունը լայնորեն տարածված էր Աֆրիկայի բոլոր տարածաշրջաններում»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։