Է. - ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՎ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

Է. - ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՎ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Բայց ստրկատիրությունը բնորոշ չէ միայն հին աշխարհին, ո՛չ էլ մի երևույթ է, որ գլուխ է բարձրացրել միայն արդի պատմության որոշակի ժամանակահատվածներում ու վայրերում (գաղութացումները և արդյունաբերական հեղափոխության հանգրվաններից մի քանիսը): Ընդհակառակն, մի քանի պատմական ստույգ հաշվարկ կատարելով կարող ենք ասել, որ ստրկատիրությունն իր գագաթնակետին հասել է հենց մեր ժամանակակից աշխարհում: Նացիստական լագերները, կոմունիստական գուլագները Սովետական Միությունում, Պոլ Պոտի Քամբոջայում, Հյուսիսային Կորեայում, Մաոյի Չինաստանում. սրանք բոլոր ժամանակների ստրկատիրության ամենավիթխարի ու ամենադաժան արտահայտություններից են:
Միլիոնավոր և միլիոնավոր մարդիկ աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին այդ համակենտրոնացման ճամբարներում, որոնց կարգախոսն էր. «Աշխատանքը ազատագրում է մարդուն», և որտեղ, կոմունիստական գաղափարի համաձայն, մարդիկ ո՛չ թե “պատժվում էին”, այլ՝ “վերադաստիարակվում”: Բազմաթիվ հարյուրամյակների ժամանակահատվածում ցրված հռոմեացի միլիոնավոր ստրուկները և աֆրիկացիների, մուսուլմանների ու եվրոպացիների կողմից մուսուլմանական արշավանքներից մինչև Տասնիններորդ դարը, այսինքն՝ 11 դարերի ընթացքում ստրկացված 28 միլիոն սևամորթները “ոչինչ” են, եթե համեմատենք այն տասնյակ ու տասնյակ միլիոնավոր մարդկանց հետ, որոնք բռնի ու չարաչար աշխատացվել, տանջանքների են ենթարկվել, սպանվել են Քսաներորդ դարի բացահայտ կերպով անաստված և հակաքրիստոնյա վարչակարգերի կողմից ընդամենը 50 տարվա ընթացքում: Միայն Սովետական Միությունում, ընդամենը 6 տարվա ընթացքում (1934ից մինչև 1940 թվականները) «հարկադիր աշխատանքի ճամբարների ընդարձակ ցանցի միջով անցել է 3.750.000 մարդ»[1]:
Քրիստոնյաների ընդդիմությունը և նման երևույթների հանդեպ քննադատական մոտեցումը հայտնի են գոնե նվազագույն չափի կրթություն ստացած որևէ մարդու. Հռոմի Սրբազան Քահանայապետների կողմից կոմունիստական իդեոլոգիայի բազմաթիվ դատապարտումներից սկսած – որոնց մեկնարկը տրվեց արդեն 1864 թվականին, երբ Պիուս Իններորդ Պապը հրապարակեց իր «Sillabo» կոչվող Կոնդակը, և որոնք իրենց գագաթնակետին հասան 1910 թվականին, երբ Պիուս Տասներորդ Պապը սոցիալիզմն անվանեց «վնասակար ուտոպիա» – մինչև այն բազմահազար քրիստոնյաները, որոնք կոմունիստական վարչակարգերի հանդեպ բռնած իրենց ընդդիմադիր դիրքորոշման համար վճարեցին իրենց կյանքով կամ գուլագներում ցմահ բանտարկությամբ[2]: Բոլորին է հայտնի, օրինակի համար, որ անձը, ով բոլորից ավելին է արել սովետական գուլագներին վերջ դնելու համար, – իր գրքերով, որոնց մեջ ամենահայտնին «Գուլագ արքիպելագ»ն է, իր ճառախոսություններով և իր քաջարի վկայությամբ, – եղել է Ալեքսանդր Սոլժենիցինը, այդ (նախկին) սոցիալիստը, այդ (երբեմնի) «homo sovieticus»ը, որը գործնական սոցիալիզմի կողմից Աստծո համակարգված մերժման ողբերգական փորձառությունն իր մաշկի վրա կրելուց հետո՝ խարիսխ նետեց Հիսուս Քրիստոսի հանդեպ ամուր ու հաստատահիմն հավատքի նավահանգստում. «Դուպարգևում ես ինձ անստվեր վստահությունը», գրում է նա, «որ Դու կաս և անում ես ամեն բան, որպեսզի չարգելափակվեն դեպի բարին տանող բոլոր ճանապարհները»[3]:
Կարծում եմ, որ Սովետական Միությանը վերաբերվող այս փաստերը հայտնի են բոլորին, թեև փորձառությունը ցույց է տալիս, որ տակավին շատերն են Քսաներորդ դարի պատմությանը ծանոթ սոսկ մակերեսային եղանակով: Կսահմանափակվեմ համառոտ կերպով ներկայացնելով պատմությունը մեր ժամանակների մի ա՛յլ մեծ անձնավորության՝ Հարրի Վուի, որին իրավամբ անվանում են «չինացի Սոլժենիցին». քրիստոնյա և կաթողիկե այս չինացին, որն աշխարհին տեղեկացրեց համակենտրոնացման ավելի քան հազար ճամբարների գոյության մասին, որոնք Չինաստանում կոչվում են «լաոգայ»ներ, ուր միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ Չինաստանի կոմունիստական կառավարության կողմից մինչև օրս էլ դատապարտված են բռնի աշխատանքների: Մի կառավարություն, – արժե կրկին հիշել սա, – որն իր բռնատիրական ու անմարդկային քաղաքականությամբ, – որը շատ ավելի սարսափելի է, քան Ստալինինը, – միայն Մաոյի օրոք մահվան դատապարտեց առնվազն 80 միլիոն մարդու[4]:
Խոսում ենք, հետևաբար, ժամանակակից պատմության մասին, մեր այս օրերում տակավին առկա ստրկատիրության մասին, և այն հերոսի մասին, որն աշխարհի տարբեր երկրներում տարածված իր ընկերությամբ (Laogai Research Foundation) պայքարում է իր հայրենակիցների ազատության և չինացի երեխաների բնաջնջմանը վերջ դնելու համար: Իր պատմության ներկայացմամբ կկարողանանք, թեև համառոտ կերպով, տեսնել նաև ժամանակակից ստրկատիրության հակաքրիստոնեական արմատները:
[1] WENDY Z. GOLDMAN, Democrazia e terrore, Donzelli Editore, Roma 2008, p. 4. Գոլդմանը նաև հիշեցնում է, որ 1937-1938 թվականների միջև, այսինքն՝ ընդամենը 1 տարում, կոմունիստական գաղտնի ոստիկանությունը «ձերբակալեց ավելի քան 1.575.000 մարդու», որոնք դատապարտվեցին իրենց կյանքի մնացած տարիները գուլագներում մաշեցնելու: Ա՛յլ պատմագետների կողմից կատարված հաշվարկների համաձայն, միայն ստալինյան զտումների ժամանակ, 1937-1938 թվականներին, գուլագներում արգելափակվել են Սովետական Միության մոտավորապես 5 միլիոն քաղաքացիներ (GIANNI ROCCA, Stalin, Mondadori, Milano 1988): Իր «Գուլագ արքիպելագ» գրքում Սոլժենիցինը խոսում է Սովետական Միությունում 66 միլիոն զոհերի մասին, 1917-1959 թվականների միջև ընկած ժամանակահատվածում. այսինքն՝ 11 դարերի ընթացքում ստրկացված աֆրիկացիների թվի կրկնակիից ավելին ընդամենը 42 տարվա ընթացքում: Ամբողջ աշխարհում կոմունիզմի կողմից կատարված եղեռնագործությունների մանրամասն քննությունը կարելի է գտնել հետևյալ հատորում. EUGENIO CORTI, Processo e morte di Stalin, Ares, Milano 1999.
[2] Այս հարցի վերաբերյալ մանրամասն տվյալներ կարելի է գտնել հետևյալ հատորում. IRINA OSIPOVA, Se il mondo vi odia, La Casa di Matriona, Bergamo 1997.
[3] Marta Dell'Asta, Una via per incominciare, La Casa di Matriona, Milano 2003, p. 156.
[4] Paul Dreyfus, Matteo Ricci, uno scienziato alla corte di Pechino, San Paolo, Milano 2006, p. 178.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։