Ը. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈԳՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Ը. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստոնեության տարածման ամենանշանակալի արդյունքներից մեկը եղավ կենդանական և մարդկային զոհաբերությունների վերացումը այն բոլոր երկրներից, ուր Քրիստոնեությունը քարոզվեց և փոխակերպեց տեղի մշակույթն ու մտայնությունները:
Կրետական քաղաքակրթությունում, օրինակի համար, մարդկային անձինք զոհաբերելու սովորույթը երևում է Մինոտավրոսին զոհաբերված յոթ պատանիների և յոթ պարմանուհիների առասպելում: Հունաստանում ևս գոյություն ունեին մարդկային զոհաբերությունների բազմաթիվ ձևեր. նախևառաջ «ֆարմակոս»ը, մի մարդ, որն ամբողջ տարվա ընթացքում առատորեն կերակրվում էր և հետո զոհաբերվում էր պտղաբերության աստվածուհուն: Պլուտարքոսը պատմում է, որ նման մի բան կատարվում էր նաև ճակատամարտերից առաջ. Թեմիստոկլեսն, օրինակի համար, Սալամինայի ճակատամարտից առաջ երեք պարսիկ է զոհաբերում Դիոնիսոսին[1]:
Հայտնի է, որ Դիոնիսոսը միշտ ծարավի էր կենդանական, իսկ երբեմն նաև մարդկային արյան: Էվրիպիդեսն իր Բաքոսուհիները ողբերգության մեջ նկարագրում է նրա քրմուհիներին, թե ինչպես էին գինով հարբած վիճակում և թմբուկների բարձր ձայնի ընկերակցությամբ մորթում կենդանիներին, բայց նաև, թեև սխալմամբ, մի փոքրիկ երեխայի: Արիստոֆանեսը, մինչդեռ, պատմում է, որ մի քանի չքավորներ կերակրվում էին հասարակության ծախսով, այնպես, որ եթե քաղաքը ենթարկվում էր ինչ որ մի համաճարակի կամ երաշտի, զոհաբերվում էին աստվածությունների բարեհաճությունը շահելու նպատակով: Փյունիկեցիներն ու Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները մինչև իսկ երեխաներին էին զոհաբերում իրենց Ամոն և Թանիթ աստվածներին[2]:
Ինչ վերաբերվում է հռոմեական քաղաքակրթությանը, թեև մարդկային զոհաբերություններն ընդհանուր առմամբ արգելված էին, սակայն երբեմն կատարվում էին, հատկապես խուճապի պահերին, ինչպես վկայում է Տիտուս Լիվիուսն իր Ժամանակագրության մեջ, կամ նաև Ծերակույտի այն որոշումը, որով Ք.ա. 97 թվականին արգելվում է զոհաբերել պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին: Կարելի է նաև հիշատակել Մասսենցիուսի՝ Կոստանդիանոսի ընդդիմադրի դեպքը, որը հասավ մինչև իսկ հղի կանանց մորթելու՝ փորոտիքների մեջ ապագան գուշակելու համար:
Զոհաբերությունը երբեմն կապակցվում էր մոգական արարողությունների հետ. Հորացիոսը պատմում է «վհուկ Քանիդիա»յի մասին: Պատմության մեջ նկարագրվում է, թե վհուկն ինչպես է կենդանի երեխային թաղում մի փոսի մեջ, հողով ծածկելով նրան մինչև կոկորդը. «Քերված ոսկրածուծով և չորացած լյարդով պատրաստելու էր սեր առաջացնող թուրմ»:
Ինչ վերաբերվում է կելտական ժողովուրդներին, ունենք Գունդեսթրուփի զոհակաթսայի հարթաքանդակները (Ք.ա. Առաջին դար), ուր պատկերված են մարդկային զոհաբերությունների տեսարաններ, ինչպես նաև Կեսարի հայտնի վկայությունն իր «Գաղղիական պատերազմի մասին» գրքում. դրուիդները «որպես զոհ ընծայաբերում են մարդկանց, կամ խոստանում են, թե զոհաբերելու են իրենք իրենց»: Եվ շարունակում է. «Ուրիշներն էլ մետաղական վիթխարիորեն մեծ կուռքեր ունեն, որոնց ներսը լցնում են կենդանի մարդկանցով, և ապա՝ կրակ տալիս»: Համանման ծիսակատարությունների մասին պատմում են նաև Պլինիոսը և Տակիտոսը: Այդպիսի ծիսակատարություններ գոյություն ունեին, միաժամանակ, նաև Բրիտանների և Իռլանդիայի բնակիչների մոտ:
[1] Հունաստանում ընդհանուր առմամբ մարդկային զոհաբերությունների վերաբերյալ տե՛ս. Encyclopaedia of religion and ethics, T.&T. Clark, Edinburgh 1954, vol. VI, pp. 847-849, եւ. CHARLES PUECH, Storia delle religioni, Laterza, Bari 1976, vol. I, 1, pp. 431-432.
[2] Adalbert Hamman, La vita quotidiana nell'Africa di Agostino, p. 11.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։