Ժ. - ԳԼԱԴԻԱՏՈՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ. ԹԱՂՄԱՆԱԿԱՆ ԾԵՍԵՐ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

Ժ. - ԳԼԱԴԻԱՏՈՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ. ԹԱՂՄԱՆԱԿԱՆ ԾԵՍԵՐ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐ

Մի ա՛յլ տեսակի ստրկություն, մի ա՛յլ տեսակի մարդկային զոհաբերություն, մի ա՛յլ տեսակի “մոգական” արարողություն, որ անհետանում է Քրիստոնեության շնորհիվ, գլադիատորական խաղերի արյունարբու երևույթն է: Սրբուհի Հեղինեի որդին՝ Կոստանդիանոս կայսրն է, – կրկին ինքը, – որ 325 թվականին արգելում է գլադիատորական խաղերը, – թեև իսկույն չի հասնում դրանց ամբողջական վերացմանը, – որոնք ամֆիթատրոններում մահվան երախն էին լցնում հազարավոր մարդկանց:
Ինչպես վկայում է հեթանոս պատմիչ Տակիտոսը, կրկեսներում մարդիկ դատապարտվում էին «ad bestias», այսինքն՝ վայրի գազանների կողմից հոշոտվելու, կամ էլ՝ Ներոնի օրոք, հատկապես եթե քրիստոնյաներ էին, կուպրով պատվելու և ողջ-ողջ այրվելու: Քրիստոնյա ստրկուհի Բլանդինան ու փոքրիկ Պոնտիկոն նետվում են կատաղած ցլի առաջ, որը կոտոշներով հարվածում ու մի քանի անգամ օդ է նետում ցանցերով կապված կնոջը: Պերպետուան և Ֆելիչիտան նույնպես մերկացվում են, ցանցերով կապվում և նետվում են կատաղած ցլի առաջ, բայց քանի որ սարսափելի հարվածներ ստանալով հանդերձ ողջ են մնում, վերջում գլխատվում են: Քրիստոնյա Ռևոկատոյին նետում են ընձառյուծի, իսկ Սատուրնինոյին՝ արջի բերանը: Գլադիատորներն էլ, որ կանչված էին ցույց տալու իրենց ուժը, և սովորաբար ստրուկներ էին, պատերազմի գերիներ, հանցագործներ, երբեմն էլ ազատ տղամարդիկ և կանայք, մեծ քանակությամբ մեռնում էին ամֆիթատրոններում, արյան տեսարաններով հիվանդագին վայելք ապրող հազարավոր հանդիսատեսների ցնծալի աղաղակների ընկերակցությամբ:
Մինչև Կոստանդիանոսի արձակած արգելքը, գլադիատորները կարող էին մահվան ենթարկվել «auctoratus»ի, այսինքն՝ ստորագրված պայմանագրի համաձայն, ըստ որի՝ գլադիատորը կարող էր այրվել, կապվել, սրի քաշվել («uri, vinciri, ferroque necari»): Խաղերի համար կառուցված ամֆիթատրոններ կային ամբողջ կայսրության տարածքում, «կազմելով կայսերական Հռոմի և ընդհանրապես ամբողջ հին աշխարհի հաղորդակցական ամենավիթխարի համակարգը»: Դրանք «հաղորդակցության առիթ էին կայսեր և ժողովրդի, կամ ընդհանրապես՝ կայսերական իշխանության ներկայացուցիչների, տեղական իշխանավորների և ժողովրդի միջև»[1]: Հարուստ և հզոր մարդիկ, քրմերն ու քաղաքական գործիչները վիթխարի գումարներ էին ծախսում ո՛չ թե աղքատներին ու պարզ ժողովրդին օգնելու, այլ՝ ամեն տեսակի հիվանդագին զվարճանքներ կազմակերպելու համար, որոնց ժամանակ պարտադիր պայման էր, որ արյունը հոսեր որքան հնարավոր է առատ: Թատրոնները, ամֆիթատրոնները, կրկեսները, հանդիսադաշտերը «ներկա էին կայսրության բոլոր քաղաքներում, բայց նաև գյուղական վայրերում»[2]: Հին Լիոնը, որն այդ ժամանակ կոչվում էր Լուգդունում, Երկրորդ դարում ուներ 27.000 հանդիսատեսի համար նախատեսված ամֆիթատրոն: Կարթագինեսի ամֆիթատրոնում կարող էին տեղավորվել 30.000ից մինչև 50.000 հանդիսատեսներ: Պերգամոյի ամֆիթատրոնում, ուր տեղի է ունեցել Կարպոսի և իր ընկերների մարտիրոսությունը, տեղավորվում էին 25.000 հանդիսատես: Եվ այսպես նաև կայսրության մյուս բոլոր մեծ ու փոքր քաղաքներում ու ավաններում: Եվ միշտ, լինի՛ առավոտյան, լինի՛ երեկոյան ներկայացումներին («venationes et munera»), լինի՛ կեսօրվա մահապատիժների իրականացմանը, խառնիճաղանջ մի բազմություն դիտում ու վայելում էր անհեթեթ ներկայացումը, որի հեռավոր ակունքը կրոնական բնույթ ունի, քանի որ գլադիատորական խաղերը սերում էին թաղմանական հեթանոսական ծեսերից:
[1] Anna Carfora, I cristiani al leone. I martiri cristiani nel contesto dei giochi gladiatorii, Il pozzo di Giacobbe, Trapani 2009, p. 41.
[2] Նույն, p. 42.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։