ԺԳ. - ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ – Գրադարան – Mashtoz.org

ԺԳ. - ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ

Միջնադարյան և արդի դարաշրջաններում խաղաղության պաշտպանության գործընթացը ակամա բախվում է նաև հերետիկոսությունների խնդրին, և հանուն խաղաղության և հասարակական կարգի պահպանման՝ հարկադրված զբաղվում է նաև նրանցով: Անտեղյակ զանգվածները եվրոպական պատմության այս գլխի մասին սովորաբար մտածում են իբրև Եկեղեցու և պետական հիմնարկների պատմության մեջ սև էջի մասին: Հակաքրիստոնեական քարոզչությունն այստեղ ևս գործի է դրել հոգեբանական ճնշումների ու ապատեղեկատվության իր հսկայական մեքենան (զանգվածային լրատվության միջոցներ, հեռուստացույց, ֆիլմեր, համացանց և այլն): Եվ սակայն, պատմական փաստերի ուշադիր և իրապաշտական ընթերցումը ապացուցում է, որ այս հարցում պետությունը և Եկեղեցին, – որոշ սխալներ կատարելով և երբեմն անօգուտ դաժանություններ կիրառելով հանդերձ, որոնք միշտ և ամենուր հնարավոր են, – պաշտպանել են իրենց սկզբունքները, այո՛, բայց միաժամանակ նաև ստեղծել են հնարավորությունը քաղաքացիական խաղաղ համակեցության համար, պայքարելով ավերիչ ու արյունահեղ գաղափարների դեմ, որոնք, եթե հաղթանակեին, կործանելու էին ամբողջ քաղաքակրթությունը:
Անգլիացի պատմաբան Մայքըլ Բըրլին հիշեցնում է, որ Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո Գերմանիայում տիրում էր մի «մեսիանական տրամադրություն», որը «տարածվել էր ամենուր» և շատ չանցած «փոխակերպվել էր մի առաջնորդի սպասման, որը կկարողանար “փրկել ընտրյալ ժողովրդին Եգիպտոսի ստրկությունից”, որին իրենք ենթարկվել էին հաղթանակած Դաշինքի երկրների կողմից»: Ապակրոնականացված և քաղաքականացված մեսիանիզմի այս մթնոլորտը վարակել էր շատերի, որոնք դրա արդյունքում տրվել էին ապոկալիպտիկ շարժումներ ստեղծելու գործին. դրանց գաղափարները այս կամ այն կերպ ժառանգեց Հիտլերը, յուրացնելով նաև Գերմանիայի Փրկիչը լինելու համոզումը, որը սակայն միայն իրենը չէր: Մայքըլ Բըրլին որպես օրինակ հիշում է 1881 թվականին ծնված Լյուդվիգ Քրիստիան Հայսսերին, որը «Գերմարդու գալուստը» գրքի հեղինակն էր: Սա սիրում էր մերկ ման գալ («գեղեցիկ տեսարան չէր», նշում է Բըրլին), սնվում էր տերևներով և քնում էր հողի մեջ փորված փոսերում: Այդպիսի ծայրահեղ աղքատությանը միավորում էր սեռային մի արտասովոր ակտիվություն, ինչը նրա համար հեշտացնում էին բազմաթիվ կանայք, որոնք տենդագին ցանկանում էին հղանալ նրանից, որն իրենց համար իրական աստված էր: Մի օր Հայսսերը «փսխեց ներկաների վրա: Մի քանի երիտասարդ կանայք իսկույն վազեցին ավել և դույլ բերելու, որպեսզի հավաքեին և պահեին Փրկչի ստամոքսի պարունակությունը»: Բայց ինչպե՞ս էր Հայսսերը մտադիր փրկելու Գերմանիան: Մաքրարար արյան հեղմամբ. «Արյո՜ւն, արյո՜ւն, արյո՜ւն, արյո՜ւն: Կապույտ արյուն: Սև արյուն: Կարմիր արյուն: Արյուն բոլոր գույների: [...] Միայն արյուն: Ուրիշ ոչինչ, քան միայն արյուն: Ու էլի արյուն: Եվս մեկ անգամ արյուն: Սառը արյուն: Հոսող արյուն: Տաք արյուն: Արյո՜ւն: [...] Արյան փոթորիկ»: Նա անշուշտ ի նկատի ուներ ուրիշների արյունը: Եվ թեև հռետորական ձիրքերով ու երևակայությամբ չէր փայլում, այդուհանդերձ՝ Հայսսեր մարգարեն բազմաթիվ հետևորդներ ուներ, որոնք բոլորն էլ նացիոնալ-կոմունիստներ էին[1]:

[1] Michael Burleigh, In nome di Dio, Rizzoli, Milano 2007, pp. 36-42.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։