ԺԶ. - ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻ ԴԻԱԼԵԿՏԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

ԺԶ. - ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻ ԴԻԱԼԵԿՏԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հերետիկոսությունների դեմ մղված պայքարում Եկեղեցու և Պետության միջև համագործակցությունը, որին սոսկ հպանցիկ կերպով ակնարկեցինք Տասներեքերորդ գլխում, նշանակալի տարբերություններով և մարդկային անխուսափելի սխալներն ընդունելով հանդերձ, մեզ առաջնորդում է Եվրոպայի կազմավորման գործում Եկեղեցու և Պետության միջև գոյություն ունեցած և ունեցող հարաբերության թեմային: Նախևառաջ կարևոր է հիշել, որ հենց Քրիստոնեությունն է, որ տեսական գետնի վրա հղացավ և գործնական գետնի վրա իրականացրեց քաղաքական և կրոնական իշխանությունների միմյանցից անջատումը, որն անշուշտ չպետք է հասկանալ որպես հակադրություն կամ հակամարտություն: Առաջին քրիստոնյաներն, արդարև, հռչակում էին քաղաքական իշխանության հանդեպ իրենց հնազանդությունը, բայց հրաժարվում էին պաշտել կայսրին իբրև աստվածություն, հրաժարվում էին խունկ ծխել և պաշտամունք մատուցել նրա պատկերի առաջ:
Այս տեսությունից է, – որի հիմնական արտահայտությունն է հանդիսանում ավետարանական հայտնի խոսքը. «Տվեք կայսրինը կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն», – որ ծնունդ է առնում քաղաքական հին իշխանության ապաաստվածացումը, այսինքն՝ քաղաքական իշխանության մերկացումը այն սրբազան անդպչելի նկարագրից, որով այն զգեստավորվել էր հին աշխարհում: Պատմական այդ պահից սկսած է, որ քրիստոնյա երկրներից ոչ մեկի թագավորը պաշտամունք չպահանջեց իր անձի նկատմամբ, ինչպես վարվում էին հռոմեացի կայսրերը և ընդհանրապես հին աշխարհի տիրակալները, և ինչպես վարվում էին, սոսկ երկու օրինակ հիշելու համար, Չինաստանի և Ճապոնիայի կայսրերը մինչև Քսաներորդ դարը:
Քրիստոնեության առաջին դարերում Պետության և Եկեղեցու միջև հարաբերության ամենահայտնի դեպքերից մեկը Միլանի եպիսկոպոս Ամբրոսիոսի և Թեոդոսիոս կայսեր միջև բախումն է: Ք.յ. 390 թվականին Թեսաղինիկեում տեղի ունեցած ժողովրդական ապստամբության ժամանակ սպանվում է կայսեր զորավարներից մեկը: Թեոդոսիոս կայսրը, որ բնավորությամբ չափազանց կրքոտ անձնավորություն էր, «հրամայեց գործի դնել անհամեմատելիորեն չափազանցված ու սոսկալի պատիժ. “քաղաքը երկու ժամից ավելի մատնվեց կոտորածի”, վկայում է Պաոլինոս պատմիչը, և “բազմաթիվ անմեղ մարդիկ սպանվեցին”»: Խոսվում է բազմահազար զոհերի մասին: Տարօրինակ ոչինչ չկար, սակայն. հռոմեական կայսրերի բռնատիրական նկարագիրը – Տիբերիոսից մինչև Ներոն, Կալիգուլայից մինչև Դիոկղետիանոս – ընդունակ էր ամեն ինչի, քանի որ օրենքը նույնացվում էր կայսեր կամքի հետ: Ամբրոսիոս եպիսկոպոսը, որը նախապես քաղաքական հեղինակություն էր եղել, – Միլան քաղաքի կառավարիչը, – անձնական մի նամակով հանդիմանում է կայսրին և զղջման ու ապաշխարության կոչ է ուղղում նրան: Պատասխանելով Եպիսկոպոսի կոչին, Թեոդոսիոսը նախևառաջ 390 թվականի Օգոստոսի 18ին հրապարակում է մի օրենք, որով հաստատում է, որ մահապատժի որևէ վճիռ պետք է գործադրվի որոշման կայացումից 30 օր հետո, այլ ո՛չ թե անմիջապես, որպեսզի, ինչպես բացատրում է Ռուֆֆինուսը, «չպակասի ողորմության մի արարք, և կամ, եթե պարագաները թույլատրեին, նաև որոշման վերանայում»: Դրանից հետո, ինչպես հայտնի է, Թեոդոսիոս կայսրը հրապարակավ զղջաց և ներում խնդրեց իր կողմից հրամայված կոտորածի համար:
Այդպիսով, «պատմության մեջ առաջին անգամ մի ինքնիշխան տիրակալ հրապարակայնորեն ճանաչում էր իրեն ենթակա հավիտենական արդարության օրենքներին», որոնք գերազանցում են իրեն և իր համար պարտավորեցնող բնույթ ունեն: Ճանաչում էր, այսինքն, որ ինքը Աստված չէ և միաժամանակ, ինչպես նշում է Մարթա Սորդին, Ամբրոսիոս եպիսկոպոսի և կաթողիկե ուսմունքի առաջնորդությամբ հաստատում էր «գոյակցությունը գերագույն իշխանության իրապաշտական ընդունման և հպատակների կողմից ազատության պահպանման միջև, որի շնորհիվ նրանք պահպանվում են որպես քաղաքացիներ»[1]:
Այս կարևորագույն դեպքը մտաբերելով հարկավոր է հիշել, որ պատմության որոշ շրջաններում Պետության և Եկեղեցու միջև հարաբերությունները կրել են սերտ համագործակցության բնույթ. Կոստանդիանոսից մինչև Կարլոս Մեծ, այն բազմաթիվ գահակալներիհետ միասին, որոնց համար հավատքը այն լուսարձակն էր, որի շնորհիվ ապահով լույսով լուսավորում էին իրենց քաղաքական գործունեությունը: Արդարև, Կոստանդիանոսի հրովարտակով դադարում են քրիստոնյաների դեմ կիրառվող հալածանքները և կայսրության սահմաններում Եկեղեցին սկսում է ստանալ օգնություն, նպաստ, ճանաչում և գնահատանք:
Բայց քրիստոնեականացված Եվրոպայում ևս, – որը քրիստոնեականացավ, բայց ո՛չ միշտ և ո՛չ միևնույն ուժգնությամբ եղավ իսկապես քրիստոնյա, – Եկեղեցին հաճախ, Միջնադարից իսկ սկսած, մեծ դժվարությունների հանդիպեց քաղաքական իշխանությունների հետ ունեցած իր հարաբերություններում, որոնք հաճախ փորձեցին գործածել իրենց բռնի ուժը Եկեղեցին իրենց հսկողության ներքո պահպանելու համար: Բավական է վերհիշել բախումները Քահանայապետական Սուրբ Աթոռի և Լոնգոբարդների ու Նորմանների միջև, կամ Օթոն Առաջին կայսրի ոտնձգությունները, որը Տասներորդ դարում, բյուզանդական մեթոդին նմանվել ցանկանալով, համարում էր իրեն Եկեղեցու ճշմարիտ գլուխը և պահանջում էր, որ իրեն իրավունք տրվի ընտրելու և գահընկեց անելու ո՛չ միայն եպիսկոպոսներին, այլ՝ մինչև իսկ Պապերին, համարձակվելով բռնի ուժով Քահանայապետական Աթոռին բազմեցնելու իր բարեհաճությունն ունեցողին, նաև ֆիզիկապես վերացնելով ընդդիմացողներին:

[1] Մեջբերված է հետևյալ գրքում. CESARE PASINI, Ambrogio di Milano, San Paolo, Milano 1996, p. 192.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։