Լութերը բարենորոգող չէր – Գրադարան – Mashtoz.org

Լութերը բարենորոգող չէր

Վերջնական հաշվով որո՞նք եղան Լութերի գործունեության և մտքի կոնկրետ հետևանքները: Գյուղացիական պատերազմը, անաբապտիստների խելացնորությունները, Եվրոպայի բաժանումը, կրոնական անհատապաշտությունը, միակ հավատքի մասնատումը հազարավոր աղանդների, Երեսուն Տարվա պատերազմը, բողոքականների դաշինքը մահմեդականների հետ, այժմյան ծայր աստիճան ապակրոնականացված մթնոլորտը Հյուսիսային Եվրոպայի երկրներում, և այլն:
Ինչ որ մեկը կարող է ասել. «Բայց անհնարին է, որ նման մեկը կարողանար իր ետևից քաշել միլիոնավոր մարդկանց: Պետք է որ ուրիշ բան եղած լինի: Այլապես անհնարին է բացատրել նման հաջողությունը»: Ինձ իսկապես թվում է, որ սա անհիմն առարկություն է:
Նախևառաջ, որովհետև Լութերն իրականում ոչ մի հաջողության չհասավ. նրա գաղափարները կայծ հանդիսացան մի խելացնոր պայթյունի համար, բայց այսօր ո՞վ է, որ իրոք սահմանում է իրեն որպես լութերական և որ իրոք լութերական է, այսինքն՝ հետևում է Լութերի գաղափարներին այնպես, ինչպես նա ինքն էր դրանք ուսուցանում: Ազատ մեկնաբանության սկզբունքը, որի համաձայն՝ ամեն ոք կարող է իր ուզածի պես մեկնաբանել Աստվածաշունչը և ամեն ոք սոսկ անձնական հարաբերություն ունի Աստծո հետ, իսկույն հակաճառություններ ու վիճաբանություններ ծնեց Լութերի և իր աշակերտների միջև, այնպես՝ որ Լութերից ծնվեցին բողոքական հազարավոր ու հազարավոր աղանդներ, մեկը մյուսից տարբեր ուսուցումներով, լութերականներից մինչև կալվինականներ, ցվինգլիականներ, անգլիկաններ, բապտիստներ, անաբապտիստներ, հոգեգալստականներ, ավետարանականներ, և այլն, և այլն, և այլն: Բոլորին միայն մեկ սկզբունք է միավորում. Աստվածաշնչի ազատ մեկնաբանությունը. «Ստրասբուրգի փողոցները լցվել էին “մարգարեներով”. Դե Վու փողոցում մի “մարգարեուհի” ճառախոսում էր անցորդների դիմաց, հիվանդանոցի տնտեսվարի կինը քարոզում էր հիվանդներին, [...] ամենաանկեղծների կողքին գտնվում էին արկածախնդիրները, թափառականները, որոնք մի աման ճաշի փոխարեն՝ ատենախոսություններ էին կազմակերպում գինետներում: Ամեն ոք համոզված էր, որ կարող է առաջ տանել իր կարծիքը. հրապարակ էին իջել քարոզիչներ, որոնք մասնագիտությամբ օճառագործներ էին, տպարանի աշխատողներ, դպրոցի ուսուցիչներ [...] : Վերանորոգման ցանկության մեջ ոմանք շատ ավելի անդին էին մղվում. գրչամաններ պատրաստող մի մարդ, որի անունը Թոմաս Սալցմանն էր, հրապարակավ քարոզում էր, թե Քրիստոսը մյուսների նման մարդ էր և թե Երրորդությունը գոյություն չուներ»[1]: Պարադոքսն այն է, որ մինչ քարոզում, պնդում ու հաստատում էր, թե ամեն ոք կարող է մեկնաբանել Աստվածաշունչն այնպես՝ ինչպես ցանկանում է, Լութերը միաժամանակ անարգանքներ, հայհոյանքներ ու անեծքներ էր արձակում բոլոր նրանց հասցեին, ովքեր համաձայն չէին գտնվում իր հետ, և հատկապես կաթողիկեներն էին, իր կարծիքով, որ սխալվում էին: Ջակոմո Բալմեսը իրավացիորեն նշում է, որ բողոքականները ազատ մեկնաբանության սկզբունքը ներմուծեցին սոսկ «հակառակվելու համար իշխանությանը, որին ենթակա էին, բայց իրականում երբեք չմտածեցին այն իսկապես գործադրել», որովհետև Եկեղեցու իշխանությունը մերժելուց հետո՝ ցանկացան իրենց իշխանությունը հաստատել ու պարտադրել. ո՛չ Լութերը գնահատեց իր աշակերտներին, երբ վերջիններս շեղվեցին իր ուսուցումներից, ո՛չ Կալվինը կամ Հենրի Ութերորդը հրաժարվեցին մահվան դատապարտելուց նրանց, ովքեր չէին համակերպվում իրենց մեկնաբանություններին (օրինակ, Միգել Սերվետը և Թոմաս Մուրը):
Եվ սակայն, հռչակելով Ավետարանի միակությունը որպես հեղինակություն (առանց Եկեղեցու Սրբազան Ավանդության) և յուրաքանչյուրի կողմից ազատ մեկնաբանության հնարավորությունը, – սկզբունք, որը հակասում է ինքն իրեն և իսկույն ջնջում է հենց Ավետարանի հեղինակությունը, որն այդպիսով ենթարկվում է ամեն մեկի քմահաճությանը, – բողոքականների համար անհնարին էր չմասնատվելը և չբաժանվելը հազարավոր հերետիկոսությունների:
 
Այն աստիճան, որ կարող ենք մինչև իսկ ասել, որ բողոքականությունն իրականում գոյություն չունի, և՛ որովհետև բաժանվել է և շարունակում է բաժանվել ամենաբազմազան հոսանքների, և՛ որովհետև ժամանակի ընթացքում նշանակալի փոփոխությունների է ենթարկվում նաև հոսանքներից յուրաքանչյուրի ներսում, անձից անձ տարբերվելով, քանի որ յուրաքանչյուր ոք հետևում է իր անձնական մեկնաբանություններին, առանց առարկայական (օբյեկտիվ) որևէ հիմքի: Իրոք, բողոքականությունը սահմանվում է միմիայն բացասական նկարագրով, որքանով որ «բողոքում է», առանց հստակ ու անփոփոխ ուսմունք ներկայացնելու:
Սրանից բացի հարկավոր է ասել, որ Լութերը հաջողության չհասավ իր անհատականության շնորհիվ, որը բացարձակապես զուրկ էր հոգևոր որևէ հմայքից: Լութերը անգամ նվազագույն չափով համեմատելի չէ, ասենք, Բուդդային կամ Կոնֆուցիոսին: Լութերը պարզապես կայծ հանդիսացավ մի ապստամբության համար, որն արդեն իսկ սկսվել էր: Նրան բարենորոգիչ (ռեֆորմատոր) անվանելը բնավ տեղին չէ: Իրոք, եկեղեցական բարքերի ապականությունն այդ տարիներին հասել էր իր գագաթնակետին, հատկապես Գերմանիայում: Բարձրաստիճան եկեղեցականներից շատերը հարճեր էին պահում, տգետ էին կրոնական հարցերում, նվիրված էին որսին ու զվարճություններին, մինչև իսկ շահագործողներ էին. նրանցից շատերը ազնվական ընտանիքների զավակներ էին, որոնց եկեղեցական պաշտոններ էին տրվել աշխարհիկ իշխանությունների կողմից և որոնք ոչ մի հետաքրքրություն չունեին քրիստոնեական հավատքի նկատմամբ, և ժողովրդի հոգևոր ու նյութական վիճակով բնավ շահագրգռված չէին: Լութերը հմտորեն վարվեց, առիթը բաց չթողեց և խորամանկորեն օգտագործեց այդ իրավիճակը, իր պրոպագանդայի գործում կիրառելով տպագրության նորաստեղծ հնարավորությունները: Բայց իր նպատակը չեղավ բարենորոգումը, բարի բարքերի վերականգնումը, կրոնական հարցերի մեջ աշխարհական իշխանությունների միջամտությունները սահմանափակելը, եկեղեցականների վարքի բարելավումը, ապականությանը վերջ դնելը, այլ՝ այդ իրավիճակն իր շահին ծառայեցնելը, Հռոմից բաժանվելու և նոր ուսմունք ստեղծելու համար: Էրազմուսն ինքը, արդարև, նշում է. «Որքան որ տեսնում ենք, բարենորոգումի այս շարժումն ավարտվում է մի քանի վանականների աշխարհականացումով և մի քանի քահանաների (կամ իշխան-եպիսկոպոսների) ամուսնությամբ: Եվ այս մեծ ողբերգությունն ի վերջո եզրափակվում է բավական զավեշտական գործողությամբ, քանի որ ամեն բան ավարտվում է այնպես, ինչպես ավարտվում է կատակերգություններում. մի ամուսնությամբ»:
Ինդուլգենցիաների դեմ պայքարն էլ իրականում այնպիսին չէր, ինչպիսին սովորաբար ցանկանում են հավատացնել. Լութերի նպատակը նախևառաջ ինդուլգենցիաների վաճառքի հետ կապված ապականության դեմ պայքարելը չէր: Սա մի չքմեղանք է, որով թոզ փչեցին ժողովրդի աչքերի մեջ և որով լութերական պրոպագանդան ցանկացավ արհեստական դիմանկար գծել, ներկայացնելով Լութերին որպես մաքրափայլ վարքի տեր անձնավորություն, որը անշահախնդիր կերպով պայքարում էր Հռոմի եկեղեցական իշխանությունների թշվառությունների դեմ: Իրականում, սակայն, Լութերի հարձակումների գլխավոր թիրախը իր ժամանակակից եկեղեցականների բարքերի տձև տգեղությունները չէին, իր ժամանակվա քրիստոնյաների մարդկային սխալները, այլ՝ նրա գլխավոր նպատակը ինքնին ուսմունքի հիմնահատակ քանդումն էր: Նա պայքարում էր ո՛չ թե ինդուլգենցիաների չարաշահումների դեմ, այլ՝ ինդուլգենցիաների հենց սկզբունքի դեմ, որոնք իրեն անընդունելի էին, քանի որ նախևառաջ կապված էին բարի գործերին, որոնք կատարվում էին Քավարանի մաքրող տառապանքները թեթևացնելու նպատակով: Լութերը չէր ընդունում ո՛չ բարի գործերը, ո՛չ էլ Քավարանը, քանի որ համոզված էր, որ մարդկանցից յուրաքանչյուրը սոսկ մի ձի է, որի վրա հեծնում է կա՛մ Աստված, կա՛մ սատանան, անկախ մարդու սեփական կամքից, որի ազատությունը նույնպես մերժում էր:
Իր պայքարը, հետևաբար, ուղղված չէր իր ժամանակվա ապականության դեմ, որպես նպատակ չէր հետապնդում բարքերի բարենորոգումը, նաև այն պարզ պատճառով, որ սրբությանը և բարի գործերին չհավատացող մեկը չի կարող պայքարել դրանց համար: Ընդհակառակն, ինչպես հիշեցնում է Մարիտենը, Լութերը «1523 թվականի Ավագ Շաբաթ օրվա գիշերը տեղի ունեցած միանձնուհիների առևանգումից հետո՝ այդ ստոր գործը կազմակերպած բուրժուա Քոպփին անվանում է “երջանիկ գող” և նրան ուղղված նամակում գրում է. “Քրիստոսի նման, Դուք այդ թշվառ հոգիներին ազատեցիք մարդկային բռնության բանտից, և դա արեցիք նախախնամորեն հարմար ժամանակ, զատկական այդ ժամին, երբ Քրիստոսը կործանեց յուրայինների բանտը”: Լութերն ինքն էլ շրջապատել էր իրեն նախկին միանձնուհիներով, որոնց այդպիսով վերադարձրել էր “բնական վիճակի”», քանի որ հայտարարում էր. «Աստծո գործը և խոսքերը մեզ ակնհայտորեն ասում են, որ կանայք պետք է ծառայեն կա՛մ ամուսնությանը, կա՛մ պոռնկությանը»[2]:
[1] Annalisa Terranova, La Riforma come origine della modernità, Il Cerchio, Rimini 2000, p. 39.
[2] Jacques Maritain, Tre riformatori. Lutero, Cartesio, Rousseau, pp. 215-216.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։