Խաչն ուրացած դարը – Գրադարան – Mashtoz.org

Խաչն ուրացած դարը

Բայց հալածանքներն իրենց գագաթնակետին հասան Քսաներորդ դարում, երբ Գերմանիայում իշխանության գլուխ եկավ նացիզմը, իսկ կոմունիզմը՝ Ռուսաստանում, ապա Չինաստանում և Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում: Այդ Քսաներորդ դարում, որը Ռոբերտ Քոնքեստի կողմից իրավացիորեն անվանվել է «մարդասպան գաղափարների դար» և որը կարող ենք սահմանել նաև որպես «Խաչը ուրացած դար»:
Կաթողիկե Իտալիայում ևս Քսաներորդ դարը սկսվեց մաքսիմալիստ սոցիալիստների քաղաքական դաշտ իջնելով, որոնք կաթողիկեների հետ երկխոսության որևէ վարկած մերժելով, – թեև երկուսի էլ քաղաքական հայացքները հատվում էին լիբերալիստական բուրժուազիայի դեմ ուղղված քննադատության հարցում, – անցան եկեղեցիներ այրելու և քանդելու ավազակային գործողություններին: Նրանց մեջ ակտիվությամբ ու բռնությամբ աչքի ընկավ Բենիտո Մուսսոլինին: Ապա բռնկվեց Առաջին Համաշխարհային Պատերազմը, որը, ինչպես արդարացիորեն նշել է մեծ պատմաբան Ֆերենս Ֆեյտոն իր «Հոգեհանգիստ մեռած կայսրության համար» աշխատությունում, իր զանազան պատճառների շարքում ունի նաև իդեոլոգիան նրանց, ովքեր հանձինս Ավստրո-հունգարական կայսրության տեսնում էին կաթողիկե վերջին տերությունը, որը հարկավոր էր կործանել ամեն գնով: Առաջին Համաշխարհային Պատերազմից է, որ առաջանում են կոմունիզմն ու նացիզմը, այդ երկու իդեոլոգիաները, որոնք շատ հաճախ հակադրվում են միմյանց ամբողջովին անիրավացի կերպով, սոսկ այն պատճառով, որ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ այդ երկու իդեոլոգիաներով առաջնորդվող երկրները պատերազմում էին միմյանց դեմ, մինչդեռ կոմունիզմն ու նացիզմը չափազանց բազմաթիվ ընդհանրություններ ունեն գաղափարային գետնի վրա: Այդ ընհանրություններից մեկն է նաև մոլեռանդ ատելությունը Քրիստոնեության, Խաչի և նրանով իմաստ ու նշանակություն ստացող ամեն ինչի նկատմամբ. հատկապես մեղավոր մարդու համար անհրաժեշտությունը, կարիքը՝ Աստվածային Փրկության, որը նրանք փոխարինում էին և նրանց հետնորդները շարունակում են փոխարինել քաղաքական արմատական բարեփոխումների ցնորքով, կարծես թե Իդեոլոգիան, Կուսակցությունը կամ Կուսակցության Առաջնորդը դրանցով կարողանալու է լուծել և սպառել մարդկության բոլոր խնդիրները: Ռուսական Հեղափոխության բնորոշ հատկանիշն, արդարև, անհապաղ հարձակումն էր Եկեղեցու վրա, ինչի հետևանքում հավատացյալները ենթարկվեցին համակարգված հալածանքների, սրբապատկերներն այրվեցին, եկեղեցիները՝ քանդվեցին: Գուլագների հեղինակը հանդիսացող Լենինի համաձայն, «կրոնական որևէ գաղափար, Աստծո վերաբերյալ որևէ գաղափար, նույնիսկ մի ակնթարթ Աստծո գաղափարի վրա կանգ առնելը, անասելի անարգության նշան է, [...] ամենազազրելի ժանտախտներից մեկը: Գոյություն ունեն միլիոնավոր մեղքեր, կեղտոտ գործեր, վայրագ արարքներ, վարակիչ հիվանդություններ, [...] որոնք անհամեմատելիորեն նվազ վտանգավոր են»[1]:
Իր «Գուլագի աշխատանոցը» մեծապես հետաքրքրական ու արժեքավոր աշխատությունում Ֆրանսին Դ. Լիխթենհանը պատմում է, թե ինչպես էին կոմունիստները սրբազան առարկաների որս կազմակերպում, դրանք ոչնչացնելու կամ էլ աթեիզմի թանգարաններում հավաքելու համար, ուր հանրությանը ցուցադրվում էին իբրև անցյալի սնապաշտության ու տգիտության նշաններ: Հեղինակը հիշում է նաև, թե ինչ էր կատարվում նախկին վանքի շենքերում կազմակերպված սովետական առաջին գուլագում, որը դարձել էր մի վիթխարի «գերեզմանոց ողջերի համար»: Այդտեղ մարդը, նկատվելով որպես սոսկ մատերիա, զրկված լինելով աստվածային ծագմանարժանապատվությունից, ստորացվում էր մինչև իսկ մահվան պահին. «Դիակների նկատմամբ վարմունքից երևում էր մարդկային էակի հանդեպ արհամարհանքը, որն ամեն ինչի ընդունակ է: Մարմինները պետք է անանուն մնային, հիվանդանոցների նկուղներում դիզված. գրանցամատյաններում կատարված պարզունակ գրառումներով էր միայն հնարավոր ճշտել յուրաքանչյուրի ինքնությունը: Յուրաքանչյուր դիակի վզից կախված էր ինքնությունը ճշտող մի վահանակ, բայց շատ շուտով դա արգելվեց և սկսեցին մի պարզ թիվ գրել ուղղակի մաշկի վրա: [...] Թաղմանական արարողություններ նախատեսված չէին և դիակները թաղվում էին տաս կամ տասնհինգ հոգին միասին: Բացառիկ դեպքեր գրանցվել են, բայց սովորաբար այդ խմբակային գերեզմանների վայրն անգամ չէր նշվում»: Ամենակարևոր տոներն անգամ, ինչպիսիք են Սուրբ Ծնունդն ու Զատիկը, իսկապես չէին հանդուրժվում: Լիխթենհանն այս հարցի վերաբերյալ մեջբերում է մի գրություն, որն իշխանությունները հրապարակել էին ճամբարի օրաթերթում. «Պայքարող կոմունիստի համար պարզ է, որ այս օրը [Զատիկը] տոնակատարելն այն է, ինչը մնում է հին ժամանակներից, իբրև բնության գարնանային զարթոնքի խորհրդանշան, [...] հին ժամանակներում, երբ կատարվում էր բույսերի ու կենդանիների պաշտամունքը, չճանաչելով Եկեղեցու կեղծավորությունն ու խարդախությունը, մարդկությունը տոնում էր այս օրը և միամտորեն մեծարում էր բնության ուժերին: [...] Հանրապետության կարմիր դրոշի ներքո, Կրեմլինի հին պարիսպների հին աշտարակների կողքին, այնտեղ՝ ուր փշրվում են դատարկ ու որբ մնացած տաճարների և խաչերից զրկված եկեղեցիների գմբեթները, կրոնական ֆանատիզմը մեկընդմիշտ վերանալու է»[2]:
 
Նացիզմը ևս, մի քանի տարի հետո, կյանքի կոչեց միևնույն պայքարը՝ Քրիստոսի Խաչն ամենուր սվաստիկայով, իսկ քրիստոնեական տոները հեթանոսական տոներով փոխարինելու համար: «Ռայխի պետական Եկեղեցու» հիմնման փաստաթղթում կարդում ենք. «Պետական Եկեղեցին իր խորաններից հեռացնելու է բոլոր խաչերը, Աստվածաշնչերն ու սրբապատկերները, [...] քրիստոնեական խաչը հեռացվելու է բոլոր եկեղեցիներից, տաճարներից ու մատուռներից, [...] և փոխարինվելու է միակ անհաղթելի խորհրդանշանով՝ սվաստիկայով»[3]:
Մինչև իսկ գերեզմանների վրա էր քրիստոնեական խաչը միշտ ավելի ու ավելի փոխարինվում սվաստիկայով կամ հին ժամանակների ռունական խաչով: Ինչ վերաբերվում է քրիստոնեական տոներին, դրանք մասամբ հանդուրժվում էին, բայց որպես նպատակ հետապնդվում էր դրանց ամբողջական վերացումը մոտ ապագայում, ստեղծվում էին այլընտրանքային տոներ և ամեն կերպ ջանք էր գործադրվում տոների քրիստոնեական իմաստը աղավաղելու ուղղությամբ. «Նացիստները արժևորում էին նաև իրենց այսպես կոչված “առավոտյան տոնը”, որպես միջոց՝ հստակ բաժանում հաստատելու համար նացիոնալիստական կրոնի և քրիստոնեության միջև. այդ տոնը կատարում էին կիրակի օրվա առավոտյան, որպես նպատակ ունենալով հեռացնել ժողովրդին Պատարագի գնալուց»: Խոսքը վերաբերվում էր մի տոնակատարության, որի նպատակը հայրենիքը, պետությունը փառաբանելն էր, որի հիմնական մասը բաղկացած էր հեթանոսական և նախաքրիստոնեական «Գերմանիայի անցյալի ոգեկոչման» ճառերով: Այդ տոնի խորհրդանշաններն էին «սրբազան հուրը», «կրակի սյունը», «գերմանական կաղնին», որոնք արդեն իսկ աստիճանաբար գործածության մեջ էին մտել նախանացիստական նացիոնալիզմի հետ միասին, որը ներկայանում էր որպես «աշխարհիկ կրոն»: Մինչև իսկ Սուրբ Ծնունդը, եզրափակում է պատմաբան Ջորջ Մոսսը, Հիտլերի օրոք «փոխակերպվեց ձմեռային արևադարձի տոնի և հիտլերյան երիտասարդությունը դադարեց երգել Սուրբ Ծննդյան շարականները», այլ՝ դաստիարակվեց ոգեկոչելու հեթանոս ժողովուրդների բնության հին տոները[4]: Այսինքն ճիշտ այն, ինչ տեղի էր ունենում բոլշևիկյան Ռուսաստանում: Առանց նկատելու, որ հեթանոսական տոներն ու խորհրդանշաններն իրականում միայն մի բանի էին ծառայում. իշխանության գլուխ անցած հերթական բռնակալին աստվածացնելուն:
[1] Robert Conquest, Il secolo delle idee assassine, Mondadori, Milano 2001, p. 142. Պատմագետ Ռոբերտո Դե Մատթեյը հիշում է. «Ռուս Օրթոդոքս Եկեղեցին 1917 թվականից առաջ ուներ 210.000 եկեղեցական, վանականներն ու թեմական քահանաները միասին վերցված: Սարսափի տարիներին՝ 1917-1941 թվականներին, գնդակահարվեց նրանցից 150.000ը: Այդ նույն 1917 թվականին ռուս եպիսկոպոսները 300 հոգի էին, որոնցից 250ը սպանվեցին բոլշևիկների ձեռքով: Ռուսաց Կայսրության փլուզումից հետո, 1917 թվականին կաթողիկեները մոտավորապես 2,5 միլիոն էին, 14 եպիսկոպոսներով, 1.350 քահանաներով, մոտ 600 եկեղեցիներով: 1941 թվականին դրանցից բաց էին մնացել միայն 2ը, մեկը Մոսկվայում, իսկ մյուսը՝ Լենինգրադում (պատկանում էին Ֆրանսիական Դեսպանատանը), իսկ ամբողջ երկրում ազատության մեջ մնացել էին միայն 1 եպիսկոպոս (օտարերկրացի) և 20 քահանա: Կաթողիկե քահանաներից մոտ 300ը գնդակահարվել էին, իսկ մնացածին ստիպել էին հեռանալ երկրից» (Զագաբրիայի գիտաժողովի զեկուցումից, 4/12/2009):
[2] Francine D. Liechtenhan, Il laboratorio del gulag, Lindau, Torino 2009, pp. 122-127, 138.
[3] William L. Shirer, Storia del Terzo Reich, Einaudi, Torino 1990, I; Luciano Garibaldi, O la croce o la svastica, Lindau, Torino 2009.
[4] George Mosse, La nazionalizzazione delle masse, Il Mulino, Bologna 1975, pp. 8, 46-47, 93, 230; Michael Burleigh, In nome di Dio, p. 142.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։