Խարազանավորներից մինչև Լենին – Գրադարան – Mashtoz.org

Խարազանավորներից մինչև Լենին

Յուրահատուկ կերպով դաժան ու ֆանատիկ հերետիկոսների մի ա՛յլ խումբ էին Խարազանավորները, որոնք 1348 թվականի ժանտախտից հետո սկսեցին քահանաներին և բարեկեցիկներին ու հարուստներին բռնել, քարկոծել ու այրել, նրանց մատնացույց անելով իբրև հակաքրիստոսներ, ինչպես նաև ճնշել և սպանել հրեաներին, համարելով, որ այդպես վարվելով հաճույք էին պատճառում Աստծուն: Ֆրանկֆուրտի, Մայնցի, Քյոլնի և Նիդեռլանդների կրոնական և աշխարհիկ իշխանությունները չէին կարողանում զգաստացնել նրանց: «Հրեաները», գրում է Քոնը, «հանձինս խարազանավորների տեսնում էին իրենց վատթարագույն թշնամիներին, իսկ Պապը դատապարտում էր նրանց, ասելով, որ “նրանց կամ նրանց հետևորդների մեծամասնությունը, կրոնական ջերմեռանդության դիմակի տակ թաքնված, ձեռնարկում են դաժան ու ամբարիշտ գործեր”»: Խարազանավորները սովոր էին «ընդհատելու կրոնական արարողությունները, պնդելով, թե միմիայն իրենց արարողությունները և միմիայն իրենց շարականներն է, որ արժեք ունեին» և «հայտարարում էին, որ յուրաքանչյուր քահանա, որ կհամարձակվի հակառակվել իրենց, պետք է խորանից վար իջեցվի և խարույկ բարձրացվի: Երբ Դոմենիկյան Միաբանության երկու քահանաներ համարձակվեցին հակաճառել խարազանավորների մի ավազակախմբի, քարկոծման թիրախ դարձան. նրանցից մեկը սպանվեց, իսկ մյուսին միայն փախուստը փրկեց: [...] Հաճախ խարազանավորները ամբոխին էին մղում քարկոծելու քահանաներին: Եթե որևիցէ մեկը, նույնիսկ իրենց շարքերից, համարձակվեր Եկեղեցու դեմ իրենց կատաղությունը չափավորելու կոչ ուղղել, դրա համար իր իսկ կյանքով կվճարեր»[1]:
Խարազանավորների համար, իրոք, Կաթողիկե Եկեղեցին սատանայական կառույց էր, իսկ Սրբազան Քահանայապետը՝ ո՛չ ա՛յլ ինչ, քան անձամբ հակաքրիստոսը: Եկեղեցուն մեղադրում էին այն բանի մեջ, ինչը որ իրականում իրենք էին: Մեղադրանք, որը մի քանի տասնամյակ հետո կրկին հնչեցնելու էին եվրոպական պատմության համար այնպիսի չարաբաստիկ անձեր, ինչպիսիք եղան բողոքականության հիմնադիր Մարտին Լութերը և Անգլիայի թագավոր Հենրի Ութերորդը:
Իրականում, երբ Խարազանավորները կամ ընդհանրապես քիլիաստական կողմնորոշում ունեցող հերետիկոսները խոսում էին «Եկեղեցու ներսում բարքերի ապականության մասին», նշում է Քոնը, «խոսում էին մի բանի մասին, որն անշուշտ իրական էր»: Իրավացի էին, այսինքն, երբ քննադատում էին որոշ եկեղեցականների անհամապատասխանությունը քրիստոնեական գաղափարականին, բայց սխալվում էին, երբ եկեղեցականի մեղքը վերագրում էին Եկեղեցուն: «Է՛լ ավելի նշանակալի է փաստը, որ նրանք Եկեղեցու ներսում միմիայն բարքերի ապականությունն է, որ տեսնում էին: Այն, ինչը չէին կարողանում տեսնել, այն է, որ թեև այդ դարաշրջանում եկեղեցականների մի զգալի մասը բավականին հեռացել էր ավետարանական աղքատասիրության գաղափարականից, այնուամենայնիվ՝ Եկեղեցին շարունակում էր հանդիսանալ առավել մարդկային և առավել անշահախնդիր կենսակերպի կրողը: Եվ դա ո՛չ միայն ուսմունքի հարթության վրա, այլ նաև գործնականում, նույնիսկ իր ամենաապականված ժամանակներում: Մի դարաշրջանում, ուր բացարձակապես գոյություն չունեին սոցիալական ծառայությունները, վանականները, իսկ ավելի ուշ՝ նաև կրոնավոր քահանաները, իրենց ուժերի ներածի չափով խնամում էին աղքատներին ու հիվանդներին, այդ բարի գործը նկատելով որպես իրենց ամենօրյա անվիճարկելի պարտականություններից մեկը և առանց երկրային վարձատրություն ակնկալելու: Ավատատիրական պատերազմների պատճառով բզկտված Եվրոպայում եպիսկոպոսներն իրենց ձեռքից եկած ամեն բան անում էին ի նպաստ հասարակության, ջանալով նաև հարգել տալ “Աստծո զինադադար”ը և “Աստծո խաղաղություն”ը, ժողովրդի տառապանքներն ու բնակավայրերի ավերումները սահմանափակելու համար: Բոլոր ժամանակներում եկեղեցականների մեջ մեծ թիվ էին կազմում նրանք, ովքեր ապրում էին համեմատաբար խստակրոն կենցաղով, և ո՛չ միայն շարքային եկեղեցականները, այլ նաև բազմաթիվ բարձրաստիճան եկեղեցականներ սրտանց ձգտում էին սրբությանը: Եվ եթե բազմաթիվ եկեղեցականներ շարունակ հակված էին սրբության բարձունքից վար սահելու և աշխարհիկ հարմարավետությունների մեջ ուծանալու, – մի փորձություն, համենայն դեպս, որին մարդկային որևիցէ մի խումբ կամ անհատ միշտ և ամենուր հակված է լինելու տրվելու, – այդուհանդերձ՝ չէին պակասում նրանք, ովքեր կամքն ու ուժը Եկեղեցու ներսում գտնում էին՝ բարձրաձայն ասելու համար “Բա՛վ է” և սկսելու համար առողջ ու ողջամիտ բարենորոգումի շարժում»:
 
Թյուրինգենի Խարազանավորներն իրենց պարտքն էին համարում «պայքարել Հռոմի Եկեղեցու և նրա բոլոր գործերի դեմ, ծաղրի առարկա դարձնել Պատարագը, եկեղեցիներն անվանել գողերի որջ, [...]», «չճանաչել աշխարհիկ իշխանությունների հեղինակությունը» և հաստատել, որ իրենց համար «բոլոր օրենքներն անվավեր էին», քանի որ իրենց ամեն բան թույլատրված էր[2]: Մյուս բոլոր հերետիկոսների նման, սրանք էլ կոտորում էին, անիծում, պաշարում էին ամբողջական քաղաքներ, քարկոծում էին իրենց թշնամիներին: Հնձել արտը գերանդիով, այրել չար խոտը, ձեռքերը լվանալ թշնամիների արյունով, մաքրագործել վրիժառության ու ցասման կրակով, քանդել ու կործանել՝ վերակառուցելուց առաջ. սրանք միայն մի քանիսն են այն բազմաթիվ պատկերավոր արտահայտություններից, որոնցով հերետիկոսները սահմանում էին դատող ու բնաջնջողհրեշտակներ լինելու իրենց առաքելությունը[3]: Սրա համար է, որ իշխաններն ու թագավորները, երբ կարողանում էին, եկեղեցական դատարաններից շատ ավելի կտրուկ ու արմատական մեթոդներ կիրառելով պայքարում էին այս կործանարար շարժումների դեմ, հասնելով մինչև իսկ միանգամից 300 խարազանավորի խարույկ բարձրացնելու, 1416 թվականին, այնքա՜ն որ մեծ էին վախն ու սարսափը, որը նրանք իրենց գործերով ու արշավանքներով տարածում էին հասարակության մեջ[4]:
Եվ սակայն, Խարազանավորների վտանգավոր ու արյունարբու հերետիկոսությունը տակավին գոյություն ուներ Քսաներորդ դարի սկզբին Ռուսաստանում: Նրանց աշխարհահռչակ ներկայացուցիչներից մեկն էր Ռասպուտին անունով “վանականը”, մի մարդ, որն իր խելացնոր գաղափարներով երկար տարիներ շարունակ իր ազդեցության տակ պահեց ցարական ընտանիքը: Ռուս խարազանավորները, – ինչպես հիշեցնում է Էդուարդ Ռաժինսկին իր «Ռասպուտին. ճշմարիտ կենսագրությունը գյուղացու, որը վերջ դրեց կայսրությանը» գրքում, – գործադրում էին «ինքնապատժման արարողությունը, իրենք իրենց գավազաններով ձաղկելով կամ պարաններով մտրակելով, մի սովորություն, որը նույնպես հեթանոսական արմատներ ուներ, բայց արտառոց կերպով ձուլվել էր Քրիստոսի ձաղկման գաղափարների հետ»:
Ռուս խարազանավորները ծայրահեղ ճգնակեցությունը համատեղում էին «անսահմանափակ բղջախոհության» հետ. նրանցից ոմանց մոտ «ժուժկալությունը, ամուսնական սեռային կյանքից հրաժարումը ''Радение'' կոչվող արարողության ժամանակ (որի հիմնական մասը կայանում էր գրեթե խելացնոր մոլեգնությամբ կատարվող շուրջպարեր պարելու մեջ) փոխակերպվում էր ցանկամոլ օրգիայի, աղանդի անդամների միջև սեռային անկարգ հարաբերությունների»: Խարազանավորների համաձայն՝ սեռային խմբակային հարաբերությունները, օրգիան, մեղք էր միայն հարցին անտեղյակների համար. իրականում, մեղքից միակ փրկությունը, նրանց կարծիքով, ձեռք էր բերվում հենց մեղքի իսկ միջոցով:
Միջնադարյան խարազանավորների նման՝ Քսաներորդ դարի ռուս խարազանավորներն էլ էին սպասում Ապոկալիպսիսին, ջանք էին գործադրում արագացնելու համար նրա գալուստը, և ատում էին Եկեղեցին ու ընդհանրապես որևէ հեղինակություն, բոլորին մատնացույց անելով իբրև հակաքրիստոսներ, որոնց հարկավոր է հաղթել, կործանել, բնաջնջել:
Ռուսաստանի Բանվորական Սոցիալ-դեմոկրատական Կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ Լենինն իր ամբողջական համակրանքն արտահայտեց այս կործանարար շարժման նկատմամբ, որը բավականին ամրապնդել էր իր դիրքերը Ռուսաստանի գյուղական շրջաններում. «Քաղաքական տեսանկյունից դիտված, խարազանավորներն արժանի են մեր լիակատար ուշադրությանը, որովհետև ոխերիմ թշնամիներն են այն ամեն ինչի, որ գալիս է հեղինակությունից, այսինքն՝ կառավարությունից: [...] Համոզված եմ, որ ռազմավարական մերձեցում իրականացնելով հեղափոխականների ու խարազանավորների միջև՝ կկարողանանք նրանց շարքերում բազմաթիվ դաշնակիցներ գտնել»:
 
Իսկապես, ինչպես նշում են Քոնը, Ռոբերտ Քոնքեստը, Իգոր Շաֆարևիչը և ուրիշ անվանի պատմաբաններ, բոլշևիկների մտածելակերպը բավականին նման էր միլլենարիստ Խարազանավորների մտածելակերպին, և բոլշևիկները չէին սխալվում, երբ իրենց համարում էին ժառանգները անաբապտիստների հերետիկոսության և հերետիկոսական ա՛յլ ուսմունքների, որոնք քարոզել և քարոզում էին պատմության, անարդարության վախճանը և գալուստը նոր ժամանակների, երկրային նոր կարգի և, միաժամանակ, «ազատ սիրո»:
Միջնադարյան Խարազանավորների և Լենինի կողմից գովերգված ռուս Խարազանավորների միևնույն կողմնորոշումն ունեին նաև Ազատ Հոգու Եղբայրները, հերետիկոսներ, որոնց նացիզմի իդեոլոգ Ալֆրեդ Ռոզենբերգը ձոնել է ծայր աստիճան ոգևորված ու խանդավառված խոսքեր իր «Քսաներորդ դարի առասպելը» գրքում: Այդ հերետիկոսության անդամները, որոնք կարող են ամենայն իրավացիությամբ համարվել Նիցշեի և Բակունինի նախահայրերը, համարում էին, որ իրենց բոլոր գործերը, «նույնիսկ եթե խոսքը գողության, առևանգման, մարմնական բռնության, բռնաբարման, կոտորածի մասին էր, ո՛չ միայն անմեղ էին, այլ նաև՝ սրբազան»: Քարոզում էին սեռային կյանքի կանոնների լիակատար խզում, անարխիկ էրոտիզմ (որն իրենք անվանում էին «ազատ սեր»). սեռային սանձազերծությանը ավելացնում էին նաև իրենց անդամների ինքնաստվածացման գաղափարը, այսինքն՝ իրենց անդամակցողներն իբր թե ինքնաբերաբար դառնում էին աստվածային էակներ, ուստի՝ օրենքներից, բարոյական որևէ կանոնից, բարու և չարի գաղափարից անդին և վեր կանգնած էակներ: Օրինավոր էին համարում սեռային բոլոր տեսակի հարաբերությունները, միակ պայմանով, որ դրանք տեղի ունենային իրենց համար ատելի ամուսնության սահմաններից դուրս. իրենց համար ընդունելի էին սեռային հարաբերությունները «որևիցէ մեկի հետ, սեփական մոր, քրոջ, դստեր հետ, կարևոր չէ, և որևիցէ ձևով»:Ազատ Հոգու Եղբայրները դավանում էին անարխիկ-կոմունիստական մի ուսմունք, որի համաձայն՝ խմբի անդամների միջև ամեն բան ընդհանուր էր, և՛ ունեցվածքները, և՛ կանայք, որոնք պարզապես “ընտանի կենդանիներ” էին ընտրյալների գործածության համար, ինչպես նաև՝ կիրառում էին պրոլետարական սեփականազրկման մի յուրահատուկ կերպ. «Ազատ Հոգու անդամներն իրենց լիազորված էին համարում գողանալու և հափշտակելու», յուրացնելով այն՝ ինչը “թշնամիներինն” էր, և համոզված էին, որ իրենց համար օրինավոր էր սպանելը բոլոր նրանց, ովքեր հակառակվում էին իրենց[5]:
[1] Norman Cohn, I fanatici dell'Apocalisse, Einaudi, Torino 2000, p. 179. Տե՛ս նաև G. FOURQUIN, Le sommosse popolari nel Medioevo, Mursia, Milano 1972, pp. 102-106, ուր կարդում ենք, որ 1349 թվականից սկսած, այսինքն՝ ժանտախտի սարսափելի համաճարակի հետ միաժամանակ, հատկապես Գերմանիայում խարազանավորները սկսեցին ապրել «Ռազմիկ Մեսիայի սպասումով, [...] բայց նրանց համար դևերը միայն քահանաները չէին, այլ նաև հրեաները, [...] խարազանավորները այրեցին կամ ջրահեղձ արեցին այն բոլոր հրեաներին, որոնց կարողացան բռնել», իսկ Կղեմես Յոթներորդ Պապը 1349 թվականին «հերետիկոսներին խստորեն քննադատեց և՛ կատարված բռնությունների, և՛ մի շարք ուսմունքային սխալների համար»:
[2] Norman Cohn, I fanatici dell'Apocalisse, p. 184.
[3] Հերետիկոս “հրեշտակները”, սակայն, գործնականում սոսկ “հրեշներ” էին դառնում: Հետաքրքրական է ի նկատի առնելը, որ այս արտահայտությունները գտնվում և շարունակ կրկնվում են նաև մեր ժամանակների քիլիաստական, միլլենարիստական ուղղվածության հայտնի հերետիկոսություն-կրոնի՝ Եհովայի Վկաների ուսմունքային բոլոր գրություններում:
[4] Norman Cohn, I fanatici dell'Apocalisse, pp. 100, 190-191.
[5] Նույն, pp. 192-240.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։