Կախարդություն, քսուքներ և թմրանյութեր – Գրադարան – Mashtoz.org

Կախարդություն, քսուքներ և թմրանյութեր

Այս վերջին ընդգծումը հետաքրքրական է հատկապես այն առումով, որ կախարդության պատմության վրա տարաժամանակյա (դիաքրոնիկ) ակնարկը ևս մեկ անգամ կարող է բավականին մութ կետեր լուսավորել և օգնել խուսափելու այլևս սովորական դարձած գռեհկացումներից: Իրոք, այլևս բազմաթիվ են այն ուսումնասիրողները, որոնք պնդում են, որ այսպես կոչված կախարդներն ու վհուկները գործածում էին բնական թմրանյութեր, ինչպես Հորացիոսի կողմից հիշատակված «Յոլքոսի խոտեր»ը կամ Ապուլեյոսի կողմից նկարագրված Պանֆիլիայի գործածած խոտերը: Այդ բույսերի թմրեցուցիչ ազդեցության շնորհիվ, վհուկներն ու կախարդները մի կողմից ունենում էին “տեսիլքներ”, ցնորքներ, մոլեգնության հասնող զառանցանքներ, թռչելու տպավորություն, որոնց մասին հաճախ էին պատմում հարցաքննությունների ժամանակ, իսկ մյուս կողմից՝ հասնում էին կատարելու այնպիսի արարքներ, որոնք բնականոն վիճակում ամենայն հավանականությամբ կհրաժարվեին անել:
Այս հարցի շուրջ հեղինակավոր վկայություններ ունենք, որոնք պատկանում են այնպիսի անձնավորությունների, որոնց ոչ ոք չի կարող կասկածել Քրիստոնեության ջաղացին ջուր լցնելու մեջ: Այդպիսիներից մեկն է Տասնվեցերորդ դարում ապրած կախարդ Դելլա Պորտան, որը 1558 թվականին գրած իր «Բնական մոգություն, այսինքն՝ Բնական նյութերի հրաշքների մասին» («Magiae naturalis, sive De Miraculis rerum naturalium») գրքում նկարագրում է մի կնոջ, որը փորձել է իրեն ապացուցել, թե ինքն էլ մոգական կարողություններ ունի: Դա անելու համար՝ կինն իր մարմինն ամբողջությամբ օծել է մի քսուքով, որի բաղադրամասերից էր, ի միջի այլոց, սպանված երեխաների մարմնից վերցված ճարպը: Դա անելուց հետո, գրում է Դելլա Պորտան, կինն «ընկավ խորը թմբիրի մեջ, քնաբեր նյութերի ազդեցության պատճառով: Մենք այդ պահին բացեցինք դուռը. մեզ հայհոյանքներով դուրս վռնդեց: Ապա լիովին ուշակորույս եղավ:  Մենք վերադարձանք դուրս: Քսուքի ազդեցությունը կամաց կամաց թուլանում էր: Սկսեց ուշքի գալ: Ցնորամիտ զառանցանքներէր արտասանում, պատմում էր, թե ինչպես է ծովերի ու լեռների վրայով անցել», այսինքն՝ կարողացել է թռչել, երևի թե հայտնի ավելի պոչին նստած[1]:
Այս կարևոր վկայությունը անհավատալիորեն շաղկապվում է հեթանոս Ապուլեյոսի վկայության հետ, թույլ տալով մեզ համոզվել, որ Տասնվեցերորդ դարի վհուկները ժառանգել էին նախաքրիստոնեական ժամանակներին նմանվող համոզմունքներ, ծեսեր, յուրահատուկ քսուքներ պատրաստելու բաղադրատոմսեր: Սրանից բացի, այս վկայությունը բազմաթիվ հարցեր է առաջ քաշում և մեզ արգելում է հանձնվել գռեհկացումներին, որոնց համաձայն բոլոր երևույթներն էլ հնարավոր է բացատրել միևնույն համաբովանդակիչ բանաձևով. իբր թե մեղադրված կանայք միշտ և միայն եղել են բարի վարքի տեր անձնավորություններ, կամ մինչև իսկ բնական բժշկության գիտակներ, որոնց իբր թե նախանձել են իրենց “գիտության” պատճառով, և նրանք իբր թե խոտաբույսերը գործածել են միմիայն բժշկելու համար, և սակայն զոհ են դարձել անհիմն կամ նախանձոտ զրպարտություններին:
Կասկած չկա, որ դեպքերից մի քանիսը տեղի են ունեցել հենց այս ձևաչափով: Բազմաթիվ դեպքերում անկասկած եղել են մարդիկ, որ անհիմն կերպով մեղադրվել են երաշտ, հիվանդություններ և ա՛յլ աղետներ պատճառելու մեջ, թեև դրանք բոլորն էլ բնական երևույթներ են: Ինչպես տակավին այսօր էլ տեղի է ունենում Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում, ուր անիմիստական սնապաշտությունները տիրում ու թագավորում են անսանձ կերպով:
Բայց մի՞թե հնարավոր է մարդկության ամբողջ պատմությունը սահմանափակել այս պարզունակ բացատրության մեջ, թեև որոշ սակավաթիվ դեպքերում հենց այդպես էլ պատահել է: Անշուշտ ո՛չ:
 
Արդարև, հին դարերի պատմությունից գիտենք, ինչպես արդեն ասացինք, որ կային կանայք, ովքեր գործածում էին թունավոր խոտեր, դաշտանային արյան, պորտալարերի, սպանված սաղմերի կամ երեխաների մարմնի մասերի խառնուրդներ, մոգական բանաձևեր և նմանատիպ ա՛յլ բաներ, որոնք արդյունավետ լինելու փոխարեն “պացիենտին” հասցնում էին մահվան, ինչին էլ անխուսափելիորեն հետևում էր թշվառ զոհի ազգականների կողմից հնչած մեղադրանքը և, հաճախ, նաև հալածանքն ու վրեժխնդրությունը:
Պատմիչները վկայում են, որ մասամբ քրիստոնեականացված Եվրոպայում ևս, թեև Եկեղեցին ամեն կերպ ջանում էր արմատախիլ անել դրանք, շարունակում էին գոյատևել հեթանոսական սնապաշտությունները, որոնք ժամանակ առ ժամանակ կրկին գլուխ էին բարձրացնում: Օրինակ, երեխայի կամ համենայն դեպս երիտասարդ մարդու արյունը, երբեմն էլ կենդանիներինը, ոմանց կողմից նկատվում էր որպես բացառիկ կարողություններով օժտված նյութ, հատկապես Գերմանիայում. մոգության մեջ գործածվելուց բացի (ննջեցյալների և ոգիների ներկայությունն այս կյանքում թանձրացնելու համար), արյունը չորացնում ու փոշիացնում էին և հեթանոսական ու կաբալիստական դեղատոմսերի համաձայն՝ գործածում էին կանգնեցնելու համար վերքերի կամ քթի, ինչպես նաև չափազանց առատ դաշտանի արյունահոսությունները. կամ էլ՝ ա՛յլ կեղծ-բժշկական նպատակների, չար աչքից պաշտպանվելու, լուսնոտությունը բուժելու, տռփագրգիռ թուրմեր պատրաստելու, հեշտ ծննդաբերություն ունենալու և նմանատիպ ա՛յլ նպատակների համար: Միաժամանակ գոյություն ունեին նաև մոգական մարդակերության (հավատում էին, թե երեխայի թլիփը ուտելով կարող են տղա երեխա հղանալ) և մեռելահարցական (նեկրոմանտիկ) բժշկության ձևեր, որոնց հիմքում ընկած էին “սքանչելի ազդեցություն ունեցող դեղամիջոցները”, որոնց բաղադրության մեջ մտնում էին չորացված ու փոշիացված գանգերը, մարդկային մարմնի ճարպերը, մահվան դատապարտվածների կամ ինքնասպան եղածների մարմիններով պատրաստված ոգեթուրմերը[2]:
Մի խոսքով, պատմության որոշ ճգնաժամային պահերի և Տասնվեցերորդ դարում պատահում է, որ վերադառնում կամ կրկին փարթամանում են հեթանոսական սնահավատությունները. կրկին հայտնվում են չար աչքը, հուռութքները, հմայիլները, կախարդանքները, թուղթ ու գիրը, թշնամուն վնասելու կամ սեփական չափորոշիչների համաձայն հակակրելի մարդու կենդանիներին սպանելու անեծքները: Պատահական չէ, որ վհուկների կողմից օգտագործվող բույսերի շարքին հանդիպում են Հրանունկը, որը կարող է լրջորեն հիվանդացնել կենդանիներին, կամ Մատնոցուկը, որը կարող է կաթվածահարել, թունավորել կամ մինչև իսկ սպանել: «Պատահական չէ», գրում է Վիտտորիո Մեսսորին, «որ ''Datura stramonium''ը, ցնորքներ ու զառանցանքներ պատճառով այդ բույսը, մինչև օրս էլ ժողովրդի կողմից անվանվում է “սատանայի հաց”[3]: Կամ որ ''Atropa belladonna''ն մատնացույցէ արվում որպես “վհուկների խոտ”[4]. պարունակում է ատրոպին, որը ցնորածին ուժեղ նյութ է: Պատահական չէ նաև, որ արդի LSD կոչվող հզոր թմրանյութը ստացվում է հաճարի արտերը վարակող սնկից, որով վարակված հաճարը ժողովրդի կողմից անվանվում է “պոզավոր”. սատանայի նման»[5]:
[1] Massimo Centini, Le streghe nel mondo, p. 129.
[2] Piero Camporesi, Il sugo della vita. Simbolismo e magia del sangue, Milano 1988; Ariel Toaff, Pasque di sangue, Il Mulino, Bologna 2007, cap. VI.
[3] Հայերեն մի քանի անվանաձև ունի. արջընկույզ գարշահոտ, արջընկույզ սովորական, փշախնձոր, ժանտընկույզ, լեռան ափիոն, տատուլակ: Բայց հետաքրքրականն այն է, որ այս բույսը հայերենում ևս իր անվան ժողովրդական տարբերակներն ունի. «սատանի թուզ» և «դիվախոտ», անուններ, որոնք բացատրությունների կարիք չունեն:
[4] Հայերեն անվանաձևերն են. շիկատակ, սնգույրատակ, մահամորմ (իր մահացու ազդեցության պատճառով): Սա էլ հայերենում ժողովրդական տարբերակ ունի. «լուսնի ծաղիկ», ամենայն հավանականությամբ՝ լիալուսնի տակ վհուկների կողմից կատարվող մոգական արարողությունների ժամանակ գործածվելու պատճառով:
[5] Vittorio Messori, Pensare la storia, p. 454.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։