Կախարդությունը ժամանակակից Եվրոպայում – Գրադարան – Mashtoz.org

Կախարդությունը ժամանակակից Եվրոպայում

Պատմական երրորդ կարևոր ճշմարտությունը, որ հարկավոր է հիշել և միշտ ի նկատի ունենալ, հետևյալն է. թեև կախարդության մեղադրանքը երբեմն սոսկ հորինվածք է, այդուհանդերձ անժխտելի փաստ է, ինչպես արդեն տեսանք հին ու նոր օրինակների մեջբերմամբ, որ միշտ եղել և մինչև օրս էլ կան “կախարդներ” և “վհուկներ”, այսինքն՝ մարդիկ, ովքեր տարբեր տեսակի չարիք ու ոճիր են գործի դնում, – ներառյալ երեխաների ու մեծահասակների սպանությունը, մարդկային զոհաբերությունն ու մարդակերությունը, – սոսկ այն պատճառով, որ իրենց խախտված ուղեղներում համոզված են այդ արարքների մոգական կարողությանը և այդ “կարողությունը” ցանկանում են գործածել իրենց շահերի համար[1]:
Պատմականորեն ամբողջովին անհիմն է, հետևաբար, իլլումինիստական մտքի արգանդից ծնված իդեոլոգիական տեսակետը, որի համաձայն՝ վհուկներն ու կախարդները խեղճ ու անմեղ զոհերն են եղել – միշտ ու միայն – ուրիշների նախապաշարումների, կնատյացության կամ ուրիշ ծայրահեղ դիրքորոշումների: Ծայր աստիճան պարզամիտները միայն կարող են հավատք ընծայել նման մոտեցմանը:
Արդարև, առատ են նաև մերօրյա լրատվությունից քաղված փաստերը, որոնք ցույց են տալիս, որ մեր արևմտյան տիպի հասարակություններում էլ մինչև այսօր ներկա են կախարդությունը և իր ոճրագործ հետևանքները:
Մեծապես հանրահայտ դեպքերից է «Բլեյրի վհուկը», որի մասին է պատմում նաև «The Blair Witch Project» ֆիլմը, ուշադրության կենտրոնում պահելով երեք երիտասարդների անհետացման փաստը Բուրքիթսվիլլի մոտակա անտառներում (Միացյալ Նահանգներում, 1994 թվականին): Պատմության արմատները հասնում են հեռավոր 1785 թվականին, երբ բլեյրաբնակ մի կին, Էլլի Կեդուարդը, մեղադրվում է մի քանի երեխա առևանգած և սպանած լինելու մեջ: Կեդուարդը պատժվում է որպես վհուկ: Ոչ մի հավաստի տվյալ չունենք՝ գնահատելու համար, թե նրա հանդեպ հարուցված մեղադրանքը հիմնավոր էր, թե ոչ, բայց իր անունը կրկին հնչում է 1940 թվականին, երբ կրկին մի քանի երեխա է անհետանում: Շատ չանցած, ոմն Ռասթին Փարրը խոստովանում է, որ ինքն է յոթը երեխաների սպանության հեղինակը, ուստի՝ մահվան է դատապարտվում 1941 թվականի Նոյեմբերի 27ին:
Փարրն իրոք մեղավոր էր այդ երեխաների սպանության գործում, բայց հարցաքննության ժամանակ դատավորներին բացատրում էր, որ գործել է «անտառի տիկնոջ», այսինքն՝ Բլեյրի վհուկի թելադրանքով: «Թերևս», մեկնաբանում է Մասսիմո Չենտինին, «խոսքը վերաբերվում է մի մոլագար մարդասպանի ծիսական սպանություններին, որի գործելաոճում (modus operandi) ուժգին դերակատարություն էր ունեցել վհուկին վերագրված արարքների պատմությունը, որը 1785 թվականից ի վեր տանջում էր նախ Բլեյրի, ապա Բուրքիթսվիլլի բնակիչների կյանքն ու երազները»[2]:
Կարող ենք հիշատակել նաև Չարլզ Մենսընի աղանդի հետ կապված իրողությունները: Նա սատանայապաշտական նպատակներով կատարված յոթը սպանությունների հեղինակն է, սկսած Շեյրըն Թեյթի՝ հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կնոջ սպանությունից, 1969 թվականի Օգոստոսի 9ին: Կամ էլ Քույր Մարիա Լաուրա Մայինետտիի սպանությունը Քիավեննայում (Իտալիա), 2000 թվականին. սպանությունը ծրագրել և գործադրել էին երեք անչափահաս աղջիկներ, «հանուն սատանայի», ըստ իրենց իսկ տված բացատրության:
Ժամանակի մեջ մի քիչ ավելի ետ գնալով, հնարավոր է վերլուծել մոգական հավատալիքների վերարծարծման պատճառները, որը եվրոպական միջավայրում կամաց կամաց է՛լ ավելի սաստկացավ՝ ժամանակագրական առումով համընկնելով քրիստոնեական արժեքների թուլացման հետ, հիշելով և հաշվի առնելով այն փաստը, որ օկուլտիզմի հանդեպ սերը և Քրիստոնեության հանդեպ միաժամանակյա ատելությունը բնորոշ գիծն է այնպիսի անձնավորությունների, ինչպիսիք էին Բոդլերը, Հույսմանսը, Յիթսը, Մալլարմեն, Անդրե Բրետոնը և ուրիշներ: Այսօր, եվրոպական օրըստօրե ավելի ու ավելի ապաքրիստոնեականացվող հասարակություններում, գրում է մարդաբան Չեչիլիա Գատտո Թրոքքին, միշտ ավելի ու ավելի մարդիկ դիմում են մոգությանն ու աստղագուշակություններին, այն աստիճան, որ 1993 թվականին անցկացված ուսումնասիրության համաձայն՝«տասը իտալացիներից երկուսը տարին գոնե մի անգամ այցելում է գուշակների»: «”Հավատում եմ աստղագուշակությանը, որովհետև այլևս չեմ հավատում Աստծուն”. այս պատասխանն եմ ստացել հարցումներից մեկին մասնակցածների 43%ի կողմից: Իրոք, ապակրոնականացված աշխարհում մոգության կանչը շարունակ վերընձյուղում է և գաղտնածածուկ իրողությունների հմայքը վերանորոգվում է մեծ հաջողությամբ»[3]: Որովհետև մարդն իր էությամբ հավատացյալ էակ է, չի կարող ապրել առանց հավատքի, և եթե կորցնում է ճշմարիտ Աստծո հետ կապը, տրվում է ամեն տեսակի սնահավատությունների, ինչը որ ճշմարիտ է նաև այսպես կոչված աթեիզմի պարագային, որը նույնքան հագեցած է սնահավատություններով, որքան աֆրիկյան անիմիզմներից որևէ մեկը: Արդարացի էր անգլիացի մեծ գրող Գ.Ք. Չեսթերթոնը, երբ ասում էր. «Ճիշտ չէ, որ մարդը, երբ դադարում է հավատալ Աստծուն, դադարում է հավատալ որևիցէ մի բանի: Ընդհակառակն, երբ մարդը դադարում է հավատալ Աստծուն, սկսում է հավատալ ամեն ինչի»:
Ժամանակակից լրատվությանը վերադառնալով, կարող ենք հիշատակել «Սատանայի Գազաններին», Վարեզեի մոտակայքում ձևավորված տղաների ու աղջիկների այդ խմբավորումը, որոնք Քսաներորդ դարի վերջին տարիներին, գործածելով Տասնվեցերորդ դարի մոգական ավանդության արարքներից ու ծեսերից շատերը (օրինակ, լիալուսնի լույսի տակ մոմակալներով գիշերային հավաքույթները), կազմակերպեցին և գործադրեցին սոսկալի ձևերով կատարված ավելի քան 18 մարդասպանություն (որոնց թիվն անշուշտ կշարունակվեր, եթե ոստիկանությունը չմիջամտեր ու վերջ չդներ այդ խմբավորմանը): Կարծում եմ, որ բավականին հետաքրքրական է նշելը, որ այդ երիտասարդներն իրենց ոճիրներն իրականացնում էին այն բանից հետո, երբ բարոյական ամեն կապանք խզում էին ծանր մետաղական (haevy metal) երաժշտության խլացուցիչ ունկնդրմամբ և բնական ու արհեստական թմրեցուցիչների առատ կլանմամբ:
[1] «Corriere della Sera» օրաթերթն իր 29/5/2009 համարում տեղեկացնում է, որ միայն Իտալիայում «տարբեր տեսակի աղանդներին վերջին երեք տարիների ընթացքում զոհ դարձած անձանց քանակը հասնում է 400ի». աղանդներ, որոնք իրենց գաղափարով ու գործունեությամբ սերտ առնչություններ ունեն մոգության, կախարդության և սատանայապաշտության հետ: Իսկ 26/10/2009 համարում տեղեկացնում է, որ մինչև օրս էլ երեխաներ են սպանվում մոգական ծեսերի ժամանակ:
[2] Massimo Centini, Le streghe nel mondo, De Vecchi, Milano 2002, p. 100.
[3] Cecilia Gatto Trocchi, La magia, p. 70.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։