Կանայք Աֆրիկայում – Գրադարան – Mashtoz.org

Կանայք Աֆրիկայում

Հնդկաստանում տիրող իրավիճակի շուրջ կատարված այս համառոտ քննարկմանը համանման քննարկում կարելի է կատարել բազմաթիվ ա՛յլ երկրամասերի ու մշակույթների համար ևս, ուր տակավին չի հասել Ավետարանը. օրինակի համար, Չինաստանն[1] ու Աֆրիկան, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր:
Հայտնի իրականություն է, որ Աֆրիկայի ողբերգություններից մեկն այն ցածր համարումն է, որին արժանանում են կանայք, և՛ իսլամական, և՛ սևամորթ ու անիմիստական երկրամասերում: Ամենօրյա վկայություններն ունենք այն բանի, թե ինչպես են քրիստոնյա միսիոներներն ու կամավորներն այդ հսկայական մայրցամաքում ջանում ընդդիմանալ բազմակնությանը, կնափոխությանը (կարճ ժամանակահատվածում բազմաթիվ կանանց հետ ամուսնանալու սովորույթը, մեկը մյուսի ետևից, նախորդին լքելուց հետո), – որի անմիջական հետևանքներից մեկն է սիֆիլիսի ու ՁԻԱՀ-ի համաճարակային տարածումը, – և կանացի սեռական օրգանների անմարդկայնորեն դաժան անդամահատության (ծլիկահատման, հեշտոցակարման) կիրառմանը[2]:
Խոսքը վերաբերվում է մի խնդրի, որին ժամանակին անդրադարձել էր առաջին եվրոպացիներից մեկը, որը Տասնիններորդ դարի կեսին առիթն էր ունեցել մոտիկից ճանաչելու Աֆրիկան. Սբ. Դանիելե Քոմբոնին: Դպրոցների ու հիվանդանոցների այս անխոնջ շինարարը, ստրուկների այս ազատարարը, ավետարանական քարոզության իր գործունեության համար իր կողքին հատկապես եվրոպացի աղջիկներ էր ուզում ունենալ, որոնք պատրաստ կլինեին հերոսական վեհանձնությամբ նվիրվելու Աֆրիկայի ժողովուրդներին: Արդարև, համոզված էր, որ հենց կանայք էին լինելու իր իրական դաշնակիցները: Գրում է. «Կանայք կկրթեն աֆրիկացի աղջիկներին, այնպես՝ որ նրանք կդառնանհմուտ դաստիարակներ, [...] վարժ ուսուցչուհիներ և ընտանիքի կանայք, որոնք զարկ կտան կանացի ուսմանը, կարդալուն, գրելուն, հաշվելուն, հյուսելուն, կարելուն, մանելուն, հիվանդներին խնամելուն»: «Աֆրիկյան կանացի հասարակությունը» բարեփոխելն էական է, որովհետև դրանից է կախված «աֆրիկյան մեծ ընտանիքի վերածնունդը»: Ե՛վ անիմիստական, և՛ իսլամական Աֆրիկայի մեծագույն չարիքներից մեկը, պնդում է Քոմբոնին, հենց կանանց վիճակն է. այստեղ, գրում է իր նամակներից մեկում, «կինը անձ չէ, այլ՝ առևտրի ու քմահաճույքի առարկա, մի ոչխարից կամ մի այծից ո՛չ տարբեր ձևով, տիրոջ համար արժեք ունի միմիայն այն դեպքում, երբ օգուտ է տալիս կամ հաճույք»: Բազմակնությունն ու սեռային կյանքի անկանոնությունը, որոնք ծայր աստիճան տարածված են Աֆրիկայում, գրում է սուրբ միսիոները, ծնունդ են տալիս հազարավոր երեխաների, որոնց ոչ ոք չի կամենում, և որոնք ի վերջո լքվում են կամ ստրկացվում: Իրոք, պատմական վկայությունները հաղորդում են, որ այդ տարիներին Խարթումում սակավ դրամով հնարավոր էր «մի շատ գեղեցիկ եթովպուհի գնել և որպես հարճ պահել, սևամորթ ստրկուհիներից բացի»[3]: Այս բաները տևում են մինչև այսօր. բավական է մտաբերել նիգերիացի կանանց զանգվածային բռնի պոռնկացման ողբերգությունը, կամ հազարավոր ու հազարավոր կույս աղջիկների ողբերգությունը, որոնք դեռ մանուկ հասակում «նվիրաբերվում են Տռոյին, վոդու համակարգի աստվածություններից մեկին, քավելու համար ընտանիքի անդամների մեղքերը» և որոնք այդպիսով դառնում են վուդույի կախարդների սեռական խաղալիքները, “սրբազան” բռնաբարությունների ենթակա ստրկուհիներ[4]:
[1] Չինաստանում, տակավին Քսաներորդ դարում, մի քիչ փող ունեցող որևէ տղամարդ իրավունք ուներ հարճեր գնելու, որոնց գործածում էր որպես սեռային ստրկուհիներ: Դստեր ամուսնությունը որոշում էին ծնողները, տղամարդու հեղինակությունը գրեթե բացարձակ էր և իրենց տիրոջը “դավաճանող” հարճերը հաճախ դատապարտվում էին մահապատժի: Իսկ եթե տերն էր մահանում, պատահում էր, որ հարճերից ոմանք դիմում էին ինքնասպանության, սովորաբար ափիոնի մեծաքանակ ընդունմամբ, փաստելու համար ննջեցյալի հանդեպ իրենց նվիրվածությունը. մի բան, որը հասարակության կողմից մեծապես գնահատված էր (JUNG CHANG, Cigni selvatici. Tre figlie della Cina, Longanesi, Milano 1994, pp. 21, 29, 32-35, 44-45):
[2] «Պատմական տեսանկյունից դիտված, սեռական անդամահատության կիրառումը շատ հին է: Չունենք ճշգրիտ բացատրություններ, թե ի՛նչ պատճառներից ելնելով է այն ի հայտ եկել: Ոմանց համաձայն, այն ծնվել է մի երկրում, ապա տարածվել է ուրիշ աշխարհամասերում ևս. ուրիշների համաձայն, այն միաժամանակ ծնունդ է առել մեր փոքրիկ երկրագնդի բազմաթիվ երկրներում: Աներկբայելի փաստաթղթերի հիման վրա կարող ենք ասել, որ իգական անդամահատությունը, արականի հետ միասին, ներկա է Վեցերորդ հարստության եգիպտական դամբանների որմնանկարներում (մոտավորապես Ք.ա. 2340թ.): Հայտնի ամենահին աղբյուրը, որն արձանագրել է անդամահատության կիրառումը, Հերոդոտոսն է, որն ապրել է Ք.ա. Հինգերորդ դարում: Նա վկայում է, որ ծլիկահատումը կիրառվում էր Փյունիկեցիների, Հիտտիտների, Եթովպիացիների, ինչպես նաև Եգիպտացիների մոտ: Ստրաբոնը, Էցիուսը և Սորամուսը ևս վկայում են, որ այդ կիրառումը հաճախակի էր նաև Հռոմում ու Աթենքում, և որպես նպատակ ուներ կանացի սեռային ցանկության նվազեցումը: Սրանցից բացի, որոշ հնագետներ պնդում են, որ եգիպտական մումմիաների պահպանման լավ պայմանները վկայում են ծլիկահատման սովորույթին: Այս ամենը հետաքրքրական է, որովհետև ժամանակակից իսլամական երկրներում, օրինակի համար՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում, այդ կիրառումն ամբողջովին անհայտ է: Հեշտոցակարումն, ուստի, կապված է Աֆրիկայի և արաբական երկրների իսլամացումից առաջ գոյություն ունեցած ցեղախմբային մշակույթներին: Այն գոյատևել է շնորհիվ Իսլամի կարողության՝ յուրացնելու ցեղային սովորույթները: Այս պատճառով է, որ 1926 թվականին Աֆրիկյան Եղջյուրի երկրներում կանայք ապստամբեցին քրիստոնյա միսիոներների դեմ, որոնք փորձում էին արմատախիլ անել այդ սովորույթը» (ALDO MORRONE, http://crs.ifo.it/ISG/Migrazioni/pubblicazioni/MutilazioneGenitale.htm): Այս հարցին է կապված նաև քրիստոնյա աշխարհական միսիոներուհի Աննալենա Թոնելլիի վերջերս տեղի ունեցած սպանությունը, որին թերևս սպանել են հենց կանացի անդամահատության դեմ մղած իր պայքարի համար. «Իմ իտալացի ընկերուհի Աննալենա Թոնելլին սպանվել է ֆունդամենտալիստների կողմից. նրան ատում էին կանացի անդամահատության ու հեշտոցակարման դեմ մղած իր պայքարի համար»: Իմամ Մոհամմեդ Սայիդն այսպես է արտահայտվել անցած տարվա Հոկտեմբերի 6ին Սոմալիլենդի ինքնահռչակ Հանրապետությունում սպանված աշխարհական միսիոներուհու սպանության մասին: «Միասին էինք պայքարում: Ես 4 երեխա եմ կորցրել ծննդաբերության ժամանակ, որովհետև կինս ենթարկված է հեշտոցակարման, և դրա համար ասացի բա՛վ է»: Միսիոներուհու սպանության համար ձերբակալվել են հինգ մարդ. հավանական է, որ բոլորն էլ կապված են Ալ Քաիդային («Corriere della Sera» օրաթերթի 1/4/2004 համարում):
[3] Gianpaolo Romanato, L'Africa nera tra Cristianesimo e Islam, Corbaccio, Milano 2003.
[4] «Nigrizia» պարբերաթերթ, թիվ 5, 1998: Այդ աղջիկների ազատագրման շարժումը սկսվել է Քսաներորդ դարի Ութսունական թվականներին միայն, քրիստոնյա բապտիստ քարոզիչ Մարկ Ուիսդոմի կազմակերպած պայքարի շնորհիվ: MAURO BURZIO, Viaggio tra gli dèi africani, Mondadori, Milano 2005. Հեղինակը «Տռոքսոզները. Գետի աստվածության ստրկուհիները» գլխում գրում է. «Տռոյի հարսերը, առանց վարձատրության, “պետք է կատարեն տնային բոլոր գործերը, պետք է աշխատեն դաշտերում և բավարարեն քրմերի սեռական ցանկությունները: [...] Տռոքսոզներից (այսինքն՝ Տռո կուռքին նվիրաբերված աղջիկներից) ոչ մեկն իրավունք չունի որոշելու՝ թե քրմերից ո՛ր մեկը և ե՛րբ կարող է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, որովհետև (ընտանիքի անդամների մեղքերի) քավմանը մաս է կազմում նաև սեռական գետնի վրա գոհացում տալը նրանց, ովքեր ծառայում են Տռոյին”» (մեջբերումը կատարված է Տռոյի քրմերի կողմից հրապարակված մի պաշտոնական փաստաթղթից, որոնք, շարունակում է հեղինակը, «դեմ են այս սովորույթի արգելմանը, որովհետև դա համարում են մի օրենք, որը նպաստում է նոր-գաղութային մշակույթի և բողոքական Եկեղեցիների տարածմանը»):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։