Հալածանքները – Գրադարան – Mashtoz.org

Հալածանքները

Աուջասի ու նմանների զրպարտությունները և պատմական ու գաղափարային խեղաթյուրումները, ինչպես տեսանք, լրագրողին ծառայում են շրջանառության մեջ դնելու համար հատկապես մի միտք. իբր թե Քրիստոսի Եկեղեցին մի կազմակերպություն է, որն իր ծննդյան օրվանից իսկ սկսած կապված և նպատակամղված է իշխանության ձեռքբերմանն ու պահպանմանը: Նման դրույթը աննպատակ չէ. այն ծառայում է ընդդիմադիր կողմին արմատապես վարկաբեկելուն, խուսափելու համար նրա հետ սեփական ուժերը բանականության ա՛յլ հարթությունների վրա չափելուց, օրինակի համար՝ բիոէթիկայի (կենսաբանական բարոյականության) ոլորտում, որին վերաբերվող հարցերում Աուջասն ու նմանները հատուկ ատելություն են ցուցաբերում քրիստոնեական մարդաբանության հանդեպ:
Բայց պատմական ճշմարտությունը ևս մեկ անգամ գալիս է հերքելու Աուջասի և նմանների զրպարտությունները: Իշխանություն ունեցող և կիրառող կազմակերպություն լինելուց շա՜տ հեռու, Եկեղեցին – իր երկու հազար տարվա պատմության ընթացքում ունեցած որոշ անխուսափելի բացառություններով, քանի որ Քրիստոսի նորությունը պատվաստվել է մարդկային դյուրաբեկ տկարության վրա – Քրիստոսի նման ազատ է եղել և ազատ է աշխարհիկ իշխանության որևէ կերպից:
Եկեղեցու պատմության առաջին երեք դարերի ընթացքում, քրիստոնյա քահանա կամ եպիսկոպոս կամ պատրիարք կամ քահանայապետ լինել՝ շատ հաճախ նշանակում էր ընդառաջ գնալ մահվանը, դատապարտվելով ամֆիթատրոններում գազանների ժանիքների տակ հոշոտվելու կամ էլ Ներոնի կայսերական պարտեզներում ջահերի նման այրվելու: Քրիստոնյաների առաջին մեծ հալածանքը, 64 թվականին, գրի է առնվել հեթանոս պատմիչներից մեկի՝ արդեն մեջբերված Տակիտոսի կողմից, որը պատմում է, թե ի՛նչ է տեղի ունեցել Հռոմի հրդեհից հետո: Նրա խոսքերը մեջբերում եմ այնպես՝ ինչպես որ կան, առանց հեղինակի ակնհայտ սխալներն ու թյուրիմացություններն ընդգծելու. «Բայց ո՛չ մարդկային օգնությունը, ո՛չ կայսերական պարգևները, ո՛չ աստվածներին մատուցված զոհերը չէին կարողանում խեղդել խայտառակող ձայնը, թե հրդեհը պատվիրված է եղել: Այդ ժամանակ, ժողովրդի մեջ տարածված խոսակցություններն արմատախիլ անելու համար, Ներոնը հանցավոր հռչակեց և ամենադաժան տառապանքներին դատապարտեց նրանց, ովքեր ատելի էին իրենց անարգ ու ամոթալի չարագործությունների պատճառով և որոնց ժողովուրդն անվանում էր քրիստոնյաներ: Նրանք իրենց անունը ստացել էին Քրիստոսից, որը մահվան էր դատապարտվել Պոնտացի Պիղատոս նահանգապետի կողմից, Տիբերիոսի գահակալության օրոք. և այդ վնասակար սնապաշտությունը, կարճ ժամանակով ճնշվելուց հետո, արդ նոր ուժով վերսկսում էր իր գոյությունը ո՛չ միայն այդ չարիքի ծննդավայրը հանդիսացող Հրեաստանում, այլ նաև Հռոմում, ուր բոլոր վայրագություններն ու ամոթալի գործերը հավաքվում են ամեն կողմից և հետևորդներ գտնում: Ձերբակալվեցին, ուստի, նախևառաջ նրանք, ովքեր այդ ուսմունքը դավանում էին բացահայտ կերպով, ապա, նրանց մատնանշմամբ, վիթխարի թվովուրիշներ ևս դատապարտվեցին, ո՛չ այնքան որպես հրկիզողներ, որքան որպես մարդկության թշնամիներ: Եվ երբ մատնվում էին մահվան, նրանց պատժին գումարվում էին նաև ծաղրանքները. նրանց հոշոտել էին տալիս շների ոհմակների կողմից, նրանց կատվազգիների մորթիներ հագցնելով, կամ էլ գամվում էին խաչերին, կամ էլ խարույկ էին բարձրացվում, որպեսզի գիշերային ջահերի նման այրվեին մայրամուտից հետո: Ներոնն այդ հանդիսությունների համար տրամադրել էր իր կայսերական պարտեզները և խաղեր էր տոնակատարում կրկեսում, պատերազմական կառապանի զգեստներ հագած խառնվել էր ամբոխին, կամ էլ մասնակցում էր հեծելավազքին, կառքի վրա ոտքի կանգնած: Սրա համար, թեև խոսքը վերաբերվում է հանցագործների, որոնք արժանի էին չտեսնված խստության պատիժների, այդուհանդերձ մարդու սրտում ծնվում էր գթության մի զգացում, քանի որ մեռնում էին հագուրդ տալու համար մեկի դաժանությանը, և ո՛չ թե՝ բոլորի բարիքի համար»[1]:
Ներոնի հալածանքների ժամանակ խաչվում էին ո՛չ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք և երիտասարդ աղջիկներ: «Քրիստոնյաները», գրում է Հին աշխարհի պատմության ականավոր մասնագետ Իլարիա Ռամելլին, «քանի որ պաշտում էին խաչված մեկին և այդ առիթով մեղադրվում էին իբրև հրկիզողներ, թերևս մի տեսակ համանմանությամբ՝ դատապարտվեցին և՛ խաչվելու, և՛ այրվելու»: Տեսարանը սարսափ և գութ է արթնացնում նաև սովորական ժողովրդի սրտում, որը թեև սովոր էր դաժանություններ տեսնելու կրկեսում, բայց դեռ երբեք ականատես չէր եղել նման անարդարության, և այդ իրադարձությունների արձագանքը արձանագրվում է մինչև իսկ լատին հեթանոս ամենակարևոր հեղինակների գործերում և գրություններում, ինչպես, օրինակի համար, Լուչիլիուսին, Լուկանոսին, Մարցիալիսին և Յուվենալիսին ուղղված Սենեկայի նամակներում[2]:
Սակավաթիվ տարիներ անց, Տերտուղիանոսը գրում է. «Եթե Տիբերը վարարում է, եթե Նեղոսը չի հասնում արտերին, եթե երկինքն անշարժ է, եթե երկիրը շարժվում է, եթե սով կա, եթե տարածվում է ժանտախտը, իսկույն գոռում են. Քրիստոնյաներին գցեք առյուծների երախը»[3]:
Տակավին 304-305 թվականներին, այսինքն Կոստանդիանոսի գահ բարձրանալուց մի քանի տարի առաջ, «օրենքով սահմանված էր, որ եկեղեցիները պետք է քանդվեին, ինչպես նաև այն տները, ուր կգտնվեին Աստվածաշնչի օրինակներ: Քրիստոնեական սուրբ գրքերը պետք է հանձնվեին իշխանություններին և այրվեին: Եկեղեցապատկան ուրիշ որևէ կալվածք կամ ունեցվածք պետք է բռնագրավվեր», և պետական իշխանությունները բոլոր իրավունքներից զրկում էին նրանց, ովքեր հրաժարվում էին զոհ մատուցել հեթանոս աստվածներին[4]: Այդուհանդերձ, քրիստոնյաները մարտիրոսությունն ընդունում են չլսված քաջությամբ, ինչը որ հարուցում է նաև անվանի հեթանոսների զարմանքը, ինչպես գրում են Մարկուս Աուրելիուս կայսրը իր Խորհրդածություններում, փիլիսոփա Էպիկտետուսը և հռոմեացի կայսրերին ծառայող, ժամանակվա ամենանշանավոր բժիշկը համարվող, ինքը նույնպես հեթանոս, հույն Գալենոսը: Այս վերջինն, օրինակի համար, ասում է, որ «մահվան նկատմամբ ունեցած նրանց արհամարհանքն ամեն օր տեսանելի է մեր աչքերին»[5]:
[1] Tacito, Annali, UTET, Torino 1970, pp. 888-889.
[2] Ilaria Ramelli - Ennio Innocenti, Gesù a Roma, SFA, Roma 2006, pp. 388 ss.
[3] Apologetico, XL 20.
[4] Arnaldo Marcone, Pagano e cristiano, p. 30.
[5] Աբուլֆիդան, իր «Նախաիսլամական պատմություն» աշխատության մեջ, ընդօրինակում է քրիստոնյաների մասին Գալենոսի կարծիքը. «Մեր ժամանակներում տեսնում ենք Քրիստոնյաներ կոչվող այդ մարդկանց, որոնք իրենց հավատքը առասպելների վրա են հիմնում: Նրանք, սակայն, կատարում են միևնույն գործերը, որոնք ճշմարիտ փիլիսոփաներն էին կատարում: Արդարև, փաստը, որ արհամարհում են մահը և, մի տեսակ չափավորությունից մղված, խորշում են մարմնական հաճույքներից, սա բոլորիս աչքի առաջ է: Նրանց մեջ, իրոք, կան տղամարդիկ և կանայք, որոնք իրենց ամբողջ կյանքի ընթացքում հեռու են մնացել հարաբերություններից. և կան նրանց մեջ այնպիսիները, որոնք այնքան են առաջադիմել հոգիներին ղեկավարելու և առաջնորդելու հարցում, ինչպես նաև առաքինության ամենատոկուն փնտրտուքի մեջ, որ ոչնչով չեն զիջում ճշմարիտ փիլիսոփաներին»: Լուկիանոս Սամոսատցին, որը նույնպես հեթանոս էր, գրում է. «Այդ թշվառներն, իրոք, համոզվել են, թե անմահ են և ապրելու են հավետ, ինչի համար էլ արհամարհում են մահը և նրանցից շատերը նույնիսկ հոժարակամ են հանձնվում: Սրանից բացի, նրանց առաջին օրինադիրն իրենց համոզել է, թե բոլորը միմյանց եղբայրներ են, ինչի համար էլ հեռացել են հունական աստվածներից, բոլոր օրենքները միանգամից խզելով, և պաշտում են այդ խաչված սոփեստոսին և ապրում են ըստ նրա օրենքների: Արհամարհում են անխտիր բոլոր ունեցվածքները և ամեն բան հասարակաց են համարում, այդպիսի սովորույթների հետևելով առանց ճշգրիտ մի փաստի: Հետևաբար, եթե նրանց մոտ է գալիս շաղակրատությամբ չարաշահող ու խաբեբա մի մարդ, ընդունակ՝ հարմար առիթն ու պարագաները գործածելու, իսկույն կարող է բավական հարստանալ, ծաղրելով այդ անմիտ մարդկանց» (De morte Per., XI-XIII): Էպիկտետուսի աշակերտ Արրիանոսը գրի է առել իր ուսուցչի կարծիքը՝ մահվանը քաջությամբ ընդառաջ գնալու «գալիլիացիներ»ի, այսինքն՝ քրիստոնյաների կարողության մասին. «Խենթությունից մղված մեկն էլ կարող է դիմանալ այդ բաներին [այսինքն, չարչարանքներին], կամ էլ համառությամբ, ինչպես Գալիլիացիները»: Աղքատության ու առաքինության մեջ ապրող և ամեն օր մահվան դատապարտվող ահա այս քրիստոնյաներին են Աուջասն ու իր նմանները մեղադրում իշխանատենչության մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։