Հարրի Վուն և ժամանակակից ստրկատիրությունը – Գրադարան – Mashtoz.org

Հարրի Վուն և ժամանակակից ստրկատիրությունը

«Հակահեղափոխական», «կաթողիկե», «հետադիմական», «ռեվիզիոնիստ». այս պիտակներով, այս ծայր աստիճան տարտամ ու անորոշ մեղադրանքներով, – որոնք հիշեցնում են ֆրանսիական հեղափոխության ժամանակ Յակոբինների կողմից գործի դրված դատերն ու Սովետական Միության Քրեական Օրենսգրքի թիվ 58 հոդվածը, – միլիոնավոր մարդիկ արգելափակվել և մինչև օրս էլ արգելափակվում են չինական համակենտրոնացման ճամբարներում, առանց նախապես որևէ դատական նիստ գումարելու և օրինական վճիռներ կայացնելու:
Վարչակարգը դրանք անվանում է «աշխատանքի միջոցով վերադաստիարակման ճամբարներ», գործածելով միևնույն խաբեական եզրերը, որոնք գործածում էին գերմանացի նացիոնալ-սոցիալիստներն ու սովետական կոմունիստները:
Միակ տարբերությունը, գրում է Հարրի Վուն, այն է, որ նացիստական լագերները փակվել են 1945 թվականին, կոմունիստական գուլագները շարունակեցին գոյություն ունենալ ևս մի քանի տասնամյակ, իսկ չինական լաոգայները տակավին գործում են իրենց ամբողջ թափով, Մաոյի իշխանության գալուց հիսուն տարի հետո: «Կմահանամ հանգիստ սրտով», գրում է Հարրի Վուն իր բացառիկ հիշողությունների նախաբանում[1], «երբ լաոգայ բառը կհայտնվի աշխարհի բոլոր լեզուների բառարաններում». երբ Արևմուտքը այլևս չի ձևացնի, թե չի տեսնում, հետևելով իր տնտեսական շահերին և «բոլոր երկրներում կոմունիզմի կարոտախտով ապրողների» խորամանկ քարոզչությանը, որոնք տակավին «զբաղված լինելով սովետական գուլագների իրականությունը անտեղիտալի կերպով քողարկելով», չեն կարող հանդուրժել, որ «դրանց գումարվի չինական հանդերձանքով ներկայացող սոցիալիզմի համակենտրոնացնող նկարագրի շուրջ ծանոթությունը»:
Հարրի Վուի պատմությունը դա պատմությունն է բնականոն կյանքով ապրող ընտանիքում ծնված և մեծացած մի տղայի, որի հայրը՝ Շանհայի դրամատներից մեկի տնօրենը, ուսանել էր քրիստոնեական դպրոցում և պատկանում էր «արևմտականացած, միջինից բարձր խավին»: Երբ բռնկվում է մաոյիստական հեղափոխությունը, Հարրիի հայրը չի ցանկանում փախչել, այլ՝ կարծում է, որ կշարունակի ծառայել նոր կառավարությանը, ինչպես վայել է յուրաքանչյուր հավատարիմ հայրենասերի: Չգիտեր, սակայն, որ ունևոր խավին պարզ պատկանելությունն անգամ Մաոյի համար մի անջնջելի սկզբնական մեղք էր, որի համար հարկավոր է ամբողջ կյանքի ընթացքում վճարել անտեսման, խտրականությունների ու հալածանքների ենթարկվելով: Հարրին մեծ ոգևորությամբ հաճախում էր Հիսուսյաններին պատկանող ուսումնական հաստատությունները. «Այն, ինչն ինձ ամեն ինչից ավելի էր հմայում այդ օտար կրոնի մեջ», գրում է իր հիշողություններում, «քահանաների բարեկրթությունն էր, ազնվությունն ու հոգու անդորրը»: Բայց շուտով բոլոր քահանաները վտարվում են Չինաստանից, ինչպես Հայր Կապոլիտոն, որը Հարրիի սրտում մեծ սերէր առաջացրել գիտությունների նկատմամբ, և դպրոցներում սկսվում են դասավանդվել «երկու նոր առարկաներ. մեկը Դարվինի տեսության, իսկ մյուսը՝ Մարքսի սոցիալական զարգացման տեսության մասին»:
Քրիստոնյա միսիոներներին մեջտեղից վերացնելու, նրանց բարի համբավը ժողովրդի միջից արմատախիլ անելու համար, կոմունիստական կառավարությունը (նույն կերպ, ինչպես Սովետական Միությունում և այլուր) սկսում է լիաբուռ զրպարտություններ շաղ տալ, բացատրելով, որ քաղաքի եկեղեցիներում քահանաները՝«կրոնավորի զգեստ հագած այդ գայլերը», զենք ու զինամթերք էին ամբարում, ինչը որ ակնհայտ փաստն էր այն բանի, որ «իմպերիալիստների լրտեսներն ու գործակալներն էին». որ կրոնավորների կողմից տնօրինված որբանոցներում երեխաները բնավ էլ հոգատարության չէին արժանանում, այլ՝ թողնվում էին սովից մեռնելու. և, ի վերջո և ինչպես միշտ, երբեք չպակասող հերյուրանքը. որ գոյություն ունեին «սերտ հարաբերություններ օտար քահանաների և չինացի կանանց միջև»[2]:
 
Մինչ աշխարհն իր շուրջը փոխվում է գլխապտույտ առաջացնող արագությամբ, Հարրին որոշում է ուսանել Պեկինի Երկրաբանական Համալսարանում: Իր հետաքրքրության առարկան ուսումն է, բայց շատ շուտով հասկանում է, որ Կուսակցությունը ցանկանում է իր ամբողջական տիրապետության տակ առնել երիտասարդների կյանքը. կուսակցական փաստաթղթերի ուսմանը նվիրված նիստերը հաջորդում են ինքնակենսագրական մենագրություններ շարադրելու պարբերաբար կրկնվող պարտադրանքին, որոնց մեջ յուրաքանչյուր ոք պետք է բացահայտեր իր գաղափարները, իր մտքերը և իր ընտանիքի պատմությունը: Ամեն բան կարող է օգտագործվել քո դեմ, կա՛մ որովհետև մոռացել ես պախարակել “կապիտալիստ” հորդ, կա՛մ պարզապես որովհետև դա չես արել բավարար ուժգնությամբ, կա՛մ որովհետև հեղափոխական բավարար գիտակցություն տակավին չունես և ներսումդ պահպանում ես «բուրժուական մտածելակերպի» մնացորդներ: Այս կամ այն ձևով, խեղճ Հարրին – Հարյուր Ծաղիկների Քարոզարշավի ժամանակ, որի ընթացքում Մաոն չինացիներից խնդրեց ազատորեն արտահայտվել իր կառավարության առաջին տարիների մասին – իրեն թույլ է տալիս մի քանի փոքրիկ քննադատություն Կուսակցության գործելաոճի վերաբերյալ: Այդպիսով դառնում է «աջակողմյան հակահեղափոխական» և կանչվում է մեկը մյուսի ետևից ինքնաքննադատություններ շարադրելու, դրանք իր գերադասներին ներկայացնելու և “պայքարի նիստերի” մասնակցելու, որոնց ժամանակ պարտավոր է ինքնաքննադատություններ արտասանել ընկերների դիմաց, – խոստովանելով, որ մեծացել է հարուստ ընտանիքում, որ չքավոր չի եղել, որ ժամանակ է հատկացրել սպորտին, որն անօգուտ իրողություն է զանգվածների կարիքների համար, – և որոնց ժամանակ ընկերներն էլ իրենց հերթին մրցակցում էին, թե ո՛վ ավելի սաստիկ լուտանքներով կնախատեր հերթական զոհին:
Իր ճակատագիրն, ուստի, որոշված է. ուղարկվում է հարկադիր աշխատանքի ճամբարներից մեկում քավելու իր հանցանքը, սակայն առանց հստակ կերպով իմանալու, թե ինչո՛ւմ է կայանում իր այդ հանցանքը, կամ թե որքա՛ն է տևելու պատիժը: Տասնիննը տարի շարունակ ապրելու էր կյանքի համար անհնարին պայմաններ ունեցող վայրերում, գյուղատնտեսական ձեռնարկություններում և պետությանը պատկանող հանքերում, առանց որևէ իրավունք ունենալու, տառապելով քաղցից, ծեծից, ամենասարսափելի նվաստացումներից, անդադար ենթակա լինելով նոր դատապարտությունների ենթարկվելու սարսափին: Ղեկավարող համակարգն այնպես էր անում, որ լաոգայներում բոլորը դառնային բոլորի թշնամին. արգելված էր փոքրիկ խմբեր կազմելով՝ մյուս բանտարկյալների հետ զրուցելը, այլապես՝ կարգազանցները պիտակավորվում էին որպես «հեղափոխական խմբավորումներ», համապատասխան խստագույն պատիժներով. բանտապահների կողմից խրախուսվում էին քսությունն ու մատնությունները, ուստի բանտարկյալները սկսում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել, Կուսակցությանը հլու հնազանդ երևալու և մի կտոր ավելի հացի արժանանալու համար: Շատերն են մեռնում սովից, ուրիշները՝ անառողջ պայմաններում անդադար կրկնվող սաստիկ փորհարությունների պատճառով ուժասպառ լինելուց, ուրիշներն էլ՝ չեն դիմանում հոգեբանական ճնշմանը և դիմում են ինքնասպանության: Ապրում են սեփական կղկղանքների մեջ, շատ նեղ խցերում փակված, ուր մարդ հազիվ է տեղավորվում, ինքն իր վրա կուչ եկած: Հիշողությունների գրքում ամբողջական էջեր նվիրված են այն վիթխարի ճիգերին, որոնք կալանավորները գաղտագողի գործադրում են սոսկ մի կաղամբ կամ մի թոռոմած ստեպղին հայթայթելու համար, կամ էլ՝ տարբեր ուղղություններով փորում են հողը, որպեսզի գտնեն ու գողանան առնետների հավաքած սննդի մնացորդները. ուրիշ էջեր էլ նկարագրում են տառապանքը նրանց, ովքեր հասել են հիվանդությունների ծայր աստիճան խորացված վիճակի, գոնե նվազագույն աստիճանի բուժօգնություն չեն ստանում, այլևս անընդունակ են կառավարելու մարմնի արտաթորող փականները և չդադարող թանչի պատճառով հենց արտաքնոցներում էլ մեռնում են: Կսկծեցուցիչ նկարագրություններ կան կալանավորների, որոնք նստում և սկսում են երևակայել ու նկարագրել համադամ խորտիկներ, ախորժալի ուտեստներ, ձևացնելով, թե իսկապես ճաշակում են դրանք:
Եվ սակայն, այս աստիճան անհուսալի վիճակում, ուր ամենքը կռվում են ամենքի դեմ, Հարրին չի վհատվում, չի համակամվում՝ կորցնելու իր մարդկային նկարագիրը, դառնալու սոսկ մի անասուն, որի միակ նպատակը գոյապահպանումն է. իր հուշատետրը լի է հարցադրումներով, թե ինչո՞ւ գոյություն ունի այդքան ցավ ու տառապանք, ո՞րն է այդ ամեն ինչի իմաստը («Ինչ որ մի բան ներսումս աղաղակում էր. Ո՞ւր է իմ Աստվածը, իմ Հայրը: Օգնի՛ր ինձ: Առաջնորդի՛ր ինձ: Օրհնի՛ր ինձ»), բայց նաև գործնական քայլերով՝ մեղմելու համար մերձավորների տառապանքը, պայքարելու համար իր սեփական էգոիզմի դեմ, ավելի մարդկային դարձնելու համար մյուս կալանավորների հետ ունեցած հարաբերությունները, ամբողջովին չկորցնելու համար վեհանձնությունն ու կարեկցանքը: Ամեն անգամ, երբ ինչ որ մի դիրք կամ որոշակի կարևորության պաշտոն է ստանում ճամբարի ներսում, իր հոգում կրկին արծարծվում է մի հուժկու պայքար. պահպանե՞լ ձեռքբերած առանձնաշնորհություններն ու դիրքը, պատրաստ լինելով հարկ եղած դեպքում ոտնատակ ճզմելու մյուսներին, թե՞ հարգել արդարությունը: «Կորցրել էի ստացածս առանձնաշնորհությունները», գրում է մի օր, երբ վեհանձն էր գտնվել կալանավորներից մեկի նկատմամբ, ինչի պատճառով էլ կորցրել էր իր գերադասի վստահությունը, «բայց վերագտել էի հարգանքը ինքս իմ հանդեպ»:
Հարրի Վուի ինքնակենսագրության ընթերցումը չի նշանակում վերլուծության ենթարկել ստրկատիրության դեմ քաղաքական պայքարը, որն ուղղակի անհնարին է որոշակի պարագաներում, այլ ավելի՝ զննել և տեսնել մարդկային, հոգևոր պայքարը մի մարդու, տվյալ դեպքում՝ մի քրիստոնյայի, ով չի կամենում կորցնել Հույսը, գտնվելով ցավի, տառապանքի, անհեթեթության, էգոիզմի դիմաց, որն անխուսափելիորեն սաստկանում է, երբ մարդը հայտնվում է նման ծայրահեղ իրավիճակներում, և ով միաժամանակ կամենում է ընդդիմանալ – մարդու և մարդկային արժանապատվության վերաբերյալ ունեցած իր կրոնական տեսությամբ – այն նյութապաշտական մտայնությանը, որից են ծնվում բոլոր լաոգայներն ու մարդկանց կողմից ուրիշ մարդկանց համակարգված շահագործումը: «Մարդկային կյանքն այստեղ արժեք չունի», մտածում է Հարրին, «միևնույն կարևորությունն ունի, ինչ քամու շնչով ցիրուցան արված ծխախոտի մոխիրը: Բայց եթե մի անձի կյանքն արժեք չունի, ուրեմն հասարակությունն էլ, որ կերպարանք է տալիս այս կյանքին, արժեք չունի: Եթե մարդիկ ա՛յլ բան չեն, քան սոսկ փոշի, (ինչպես ուսուցանում է մարքսիստական մատերիալիզմը), այդ դեպքում հասարակությունն անարժեք բան է և արժանի չէ շարունակելու իր գոյությունը: Իսկ եթե հասարակությունը գտնվում է ոչնչացման եզրին, իմ պարտականությունն է ինչ որ մի բան անել՝ այդ աղետը կանխարգելելու համար: Այդ պահին հասկացա, որ չէի կարող մեռնել»:
 
Հուշատետրի մի հատվածում Հարրին գրի է առել մի հետաքրքրական զրույց իր և Յանգ անունով իր բանտապանի միջև. «”Լավ”, հակադարձեց նա: [...] Ապա նրա ձայնը փոխվեց: “Կարդացի գրածներդ: Կաթողիկե՞ ես”: [...] Կոմունիստական ուսմունքի համաձայն, իրական մարքսիստ դառնալու համար նախ հարկավոր է հրաժարվել Աստծո հանդեպ որևէ հավատքից: 1950 թվականից սկսած, քրիստոնյաները, բուդդիստներն ու մուսուլմանները դաժան հարձակումների էին ենթարկվել քաղաքական ազգայնապաշտական մի շարք շարժումների կողմից: Տեսել էի, թե ուսուցիչներիցս մի քանիսն ինչպես էին մեղադրվել և դատապարտվել “օտար հավատքի թույնը” տարածելու համար: Գիտեինք, որ կոմունիստները նյութապաշտ էին ու անաստված, և ես գիտակցում էի, որ հրամանատար Յանգը մարտահրավեր էր նետում և փորձում էր ինձ ուրանալ տալ մանկությանս հավատքը: “Երբ փոքր էի”, պատասխանեցի զգուշորեն, “դպրոցում մկրտվել եմ”: “Ի՞նչ է մկրտությունը”, շարունակեց հեգնանքով, “լոգանք ընդունելու պես մի բան չէ՞”: Յանգը տգետ անձնավորություն էր, բայց այդ պահին իմ հետ կատվի ու մկան խաղն էր խաղում: Թեև իր նախասիրյալներից մեկն էի, զգում էի իր ողջ դաժանությունը: Ուսերս թոթվելով պատասխանեցի, ձևացնելով, թե դա ինձ չի հետաքրքրում: “Վստահ չեմ, բայց կարծում եմ, թե լուրջ արարողություն է”: “Կաթողիկեներն ասում են, թե մարդուն Աստված է ստեղծել: Ինչպե՞ս է դա արել: Պարզապես մի բուռ հող է վերցրել ու վրան փչե՞լ, մի տեսակ մոգության նման”: Որքան էլ որ այլևս հեռավոր էին իմ կաթողիկե գիտելիքները, զգացի, թե զայրույթն ինչպես սկսեց եռալ ներսումս, և որոշեցի, որ պետք է վերջ դնեի այդ խոսակցությանը: “Դուք կուսակցության անդամներից եք”, սկսեցի մեծ հարգանք դրսևորելով: “Կասկած չկա. պետք է որ մատերիալիստ լինեք”: Գլխով համաձայնության նշան արեց: “Կասե՞ք ինձ, թե որտեղից են առաջացել մարդիկ”: Ինքնավստահ, թվաց՝ թե գոհ էր, որ ինձ դաստիարակելու պատեհ առիթն էր ներկայացել իրեն: “Մարդիկ”, հայտարարեց վճռական ձայներանգով, “առաջացել են կապիկներից, էվոլյուցիայի միջոցով”: Ինձ տգետ ձևացրեցի: “Ուրեմն նշանակում է, որ կապիկը մեր նախահա՞յրն է”: “Կարծում եմ այո՛”: “Ուրեմն, երբ գազանանոց գնամ, կարո՞ղ եմ տեսնել Ձեր նախնիներին”: Յանգի դեմքը մթագնեց: “Կապիկը դա կապիկ է, իսկ իմ նախնիները իմ նախնիներն են: Ինչ որ մի առնչություն կա: Ստույգ կերպով վստահ չեմ”: Ես նույնպես շփոթված արտահայտություն ձևացրեցի, բայց ներսումս գոհ էի: [...] Միակ տարբերությունը այս մարդու և կապիկների միջև, մտածեցի, այն է, որ կապիկները ծխախոտ չեն ծխում: Առաջին անգամն էր, որ լիովին գիտակցեցի արհամարհանքի զգացումներս իմ բռնակալի նկատմամբ: “Համենայն դեպս”, շարունակեց Յանգը, “քո Աստվածը չի կարող օգնել քեզ այստեղ”: “Ինչո՞ւ եք այդքան վստահ”, հարցրեցի: “Չի կարող քեզ այստեղից դուրս հանել և չի կարող քոհամար ուտելիք հայթայթել”: “Ճիշտ է”, պատասխանեցի զգուշությամբ, “բայց ինձ իսկապես միայնակ չի թողել: Եվ տալիս է ինձ մի ա՛յլ տեսակի սնունդ”: “Ինչի՞ է դա պետք”, պնդեց Յանգը: “Կարծում եմ, որ վաղ թե ուշ կլքես Նրան”: “Մի օր կթողնեմ իմ մարմնական կյանքը, բայց ո՛չ հոգևորը”, պատասխանեցի հանդարտորեն: Փորձության այդ պահին զգում էի, թե ինչպես էր Աստծո հանդեպ հավատքս ամրապնդվում ու վերահաստատվում: “Շատ պնդագլուխ ես: Երկար ճանապարհ դեռ պետք է անցնես վերադաստիարակվելու համար”, եզրակացրեց հրամանատար Յանգը»:
Ամենավայրագ բարբարոսությունների մեջ թաղված մի մարդ, որ պահպանում է աստվածայինի և մարդկային արժանապատվության զգացումը, և որ ազատ արձակվելուց հետո շարունակում է պայքարել արդարության և իր եղբայրակիցների ազատության համար, ահա սա՛ մի իրական հրաշք է, որի համար կարող ենք ապշել և որի համար պետք է երախտագետ լինենք: Մի հրաշք, որը այս դեպքում և հազարավոր ա՛յլ դեպքերում հնարավոր է դարձրել Քրիստոնեական Հավատքը:
[1] Harry Wu, Controrivoluzionario. I miei anni nei lager cinesi, San Paolo, Milano 2008.
[2] Jung Chang, Cigni selvatici. Tre figlie della Cina, pp. 314, 315.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։