Մարդկային զոհաբերություններ գերեզմանների վրա – Գրադարան – Mashtoz.org

Մարդկային զոհաբերություններ գերեզմանների վրա

Հռոմեական գլադիատորական խաղերը, հետևաբար, առաջացել էին «մեռյալների անհագ ծարավին մարդկային արյուն ընծայաբերելու համար»[1]: Նմանատիպ արարողություններ կատարում էին նաև Կելտերը Քրիստոնեության դարձի գալուց առաջ. գերեզմանների մոտ ընծայաբերում էին զոհեր և խաղեր, շատ հաճախ պատահում էր նաև, որ թաղման ժամանակ զոհաբերվում էին նաև «կանայք, զավակները կամ ստրուկները», կենդանիների զոհաբերումից բացի[2]: Նաև Ռուսները, որոնք Միջնադարում տակավին հեթանոս էին, կատարում էին «ռազմական խաղերից ու կերուխումից բաղկացած մի բարդ արարողություն, որն անվանում էին տրիժնա»: Առաջինը իշխանուհի Օլգան եղավ, որ 969 թվականին մահանալուց առաջ հրաժարվեց տրիժնայից և պատվիրեց, որ իր թաղումը կատարվի քրիստոնեական արարողակարգի համաձայն[3]:
Ծիսական նպատակներ հետապնդող գլադիատորական խաղերի մի ձև գոյություն ուներ նաև Մեքսիկաների կամ այսպես կոչված Ացտեկների մոտ, որը կիրառվում էր Քսիպե Թոտեք կուռքին նվիրված արարողությունների ժամանակ. պատերազմի գերիները պարանով կապվում էին մի մեծ քարաբեկորի, ապա նրանց տալիս էին վահան և փայտե մահակ, մինչ «գլադիատորները, որոնք պետք է մարտնչեին նրա հետ, դուրս էին գալիս մեկը մյուսի ետևից: [...] Նրանցից յուրաքանչյուրը պետք է հերթով հարձակվեր գերու վրա. բնականաբար, կապված գերին սովորաբար պարտվում էր հենց առաջին իսկ գլադիատորին և իսկույն զոհաբերվում էր: [...] Եթե արտաքո կարգի հազվադեպ դեպքում գերին կարողանում էր հաղթանակ տանել բոլոր չորս գլադիատորների դեմ, նրա հետ կռվելու էր ուղարկվում մի հինգերորդ զինվոր, որը ձախլիկ էր լինում և հարվածում էր այն ձեռքին, որով գերին բռնում էր մահակը: Գլադիատորական զոհաբերումից հետո քուրմերը քերթում էին զոհերի մորթը և հաջորդ քսան օրերի ընթացքում դրանք հագնում էին զգեստի նման»[4]: Իսպանացիները, տեսնելով այդ պիղծ ու անմարդկային գործերը, զարհուրեցին և խստիվ արգելեցին դրանք:
Իրականում, հին աշխարհի քաղաքակրթություններից շատերի մոտ, այնտեղ՝ ուր բացակայում են ննջեցյալների պատվին կազմակերպված արյունահեղ խաղերը, այդուամենայնիվ ներկա են նրանց գերեզմանների վրա կատարված զոհաբերությունները, նախապատմական ժամանակներից սկսած:
Հին Չինաստանում, օրինակ, «Ք.ա. 678 թվականին, իշխան Վու Թցինի հուղարկավորության ժամանակ զոհաբերվել է 70 մարդ: Ք.ա. 621 թվականին, իշխան Մուի հուղարկավորության ժամանակ զոհաբերվածների թիվը 177 հոգի է»[5]: Զոհերը ծառայում էին ննջեցյալի անդենական ճամփորդությունը բարենպաստ դարձնելու, կամ պարզապես՝ նրան այդ ճամփորդության ժամանակ մենակ չթողնելու:
1927 թվականին Սըր Լեոնարդ Վուլլին Ուրի թագավորական գերեզմանում գտավ «շքախմբի 80 անդամների մարմինները, – ծառաներ, զինվորներ, երաժիշտներ, պալատականներ, ձիերի կամ եզների կողմից քարշվող կառքեր, կառապաններով ու ձիապաններով հանդերձ, – որոնք ակնհայտորեն մահացել էին թունավորմամբ: [...] Վուլլիի բացահայտումը եկավ հաստատելու Գիլգամեշի Դյուցազներգության վերջին խոսքերը: Հերոսի մահը նկարագրելիս, հերոսավեպը թվարկում է այն բոլոր ընծաները, որոնք Գիլգամեշը նվիրաբերել է աստվածներին իր և նրանց համար, “ովքեր հանգչում են իր հետ”: Ցանկում հիշվում են “կինը, որդին, հարճը, երաժիշտը, ծաղրածուն, գլխավոր դրոշակակիրը և ընտանիքի սպասավորները”»:
 
Ացտեկների և Մայաների բուրգերը նույնպես սոսկ տաճարներ չէին, այլ նաև դամբարաններ: 1951 թվականին, «Պալենքի բուրգում գտնվեց մի գաղտնի սանդուղք, որը տանում էր դեպի մի գետնափոր դամբարան, ուր դրված էր մի հսկայական դագաղ, որի մեջ պառկած էր հագին հասմկաքարից պատրաստված դիմակ և զարդարանքներ կրող մի մարդ: Ինչպես շումերական դամբաններում, այստեղ էլ գտնվեցին կմախքները վեց մարդու, որոնք նրա հետ առաքվել էին վերջին ճամփորդությունը կատարելու»: Նմանապես նաև «եգիպտական Առաջին հարստության դամբաններում  գտնվում են “թագավորական ընտանիքի բազմաթիվ պաշտոնյաներ, քուրմեր, ծառաներ և կանայք, [...] որոնք զոհաբերվել են անդենական կյանքում իրենց թագավորին ծառայելու համար”, և որոնց մարմինների վրա տեսանելի են պարանով խեղդման հետքերը»[6]:
[1] Charles Puech, Storia delle religioni, vol. I, 2, pp. 565-566.
[2] John A. Mac Culloch, La religione degli antichi Celti, Neri Pozza, Vicenza 1998, pp. 327-330.
[3] Maurice Brillant - René Aigrain, Storia delle religioni, vol. III, p. 20.
[4] Nigel Davies, Gli Aztechi, storia di un impero, p. 122.
[5] Maurice Brillant - René Aigrain, Storia delle religioni, vol. I, p. 353.
[6] Rodney Stark, La scoperta di Dio, p. 127.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։