Մարտին Լութերը. «միշտ անհանդարտ ու մտախռով» մի վանական – Գրադարան – Mashtoz.org

Մարտին Լութերը. «միշտ անհանդարտ ու մտախռով» մի վանական

Այդ աղետաբեր իրադարձությունների գլխավոր դերակատարը վանական Մարտին Լութերն էր: Երբ վերլուծում ենք իր կյանքի ընթացքը, առանց որևէ դժվարության տեսնում ենք, որ նա եղել է շարունակ մտախռով մի մարդ, խիստ չափազանցված ու բնավ չկառավարված խղճահարությունների պատճառով հոգեկան անհավասարակշռության մեջ ընկած, հարձակողական (ագրեսիվ), բիրտ, ծայրահեղ աստիճանի ցանկասեր, բացարձակապես անժուժկալ: Ամեն բան, առաքինասիրությունից բացի:
Իր կրոնական ընտրությունները ծնունդ չեն առել ուսմունքային համոզումներից: Իր վանական դառնալն իսկ անկեղծ, սրտանց քայլ չի եղել[1]: Նրա համոզումները ծնունդ են առել բոլոր քրիստոնյաներին բնորոշ փորձառությունից, երբ համոզվում ենք մեր թշվառությանը և քրիստոնեական վեհ գաղափարականի համեմատ մեր անհամապատասխանությանը: Բայց ո՞րն է տարբերությունը: Իր անձնական թշվառությունը գիտակցելով, քրիստոնյան դրան հակազդում է խոնարհությամբ, անմնացորդ կերպով հանձնվելով Աստծո ողորմությանը: Լութերը, մինչդեռ, վարվեց այնպես, ինչպես վարվել էին բոլոր հերետիկոսներն իրենից առաջ. սկզբում տրվեց վհատությանն ու հուսահատությանը, ապա՝ անսանձ հպարտությանն ու գոռոզությանը: «Առաքինությանն հասնելու համար հենվում էր միայն իր անձնական ուժերի վրա, ապավինում էր իր անձնական ջանքերին, իր ապաշխարություններին, իր կամքից ծնունդ առնող գործերին, շատ ավելի՝ քան շնորհին: Այդպես վարվելով գործադրում էր այն պեղագիոսականությունը, որի մեջ մեղադրում էր կաթողիկեներին, և որից հենց ինքը երբեք չկարողացավ ձերբազատվել: Փաստացի, հոգևոր կյանքում նա մի փարիսեցի էր, որ ապավինում էր իր գործերին, ինչպես փաստվում է խղճահարությունների ձեռքում իր կնճռոտումից: Որպես մեղք էր նկատում զգայականության անգամ ամենաչնչին, ակամա տպավորությունները, և ամեն կերպ աշխատում էր ձեռքբերել մի սրբություն, ուր բացառված կլիներ մարդկային տկարության ամենանվազագույն հետքն անգամ»[2]:
Բայց ակնհայտորեն, չկարողանալով հասնել այդ անթերի կատարելությանը, որին այդքա՜ն հպարտությամբ ձգտում էր, ի վերջո հուսահատվում է, վհատվում, փորձության առաջ թևաթափ լինում. «Հրաժարվում է պայքարելուց, հայտարարում է, թե պայքարն անհնարին է», մինչև որ հասնում է եզրակացնելու, թե «ցանկությունն անհաղթահարելի է»: Քանի որ չափազանց վստահել էր ինքն իրեն, քանի որ կարծել էր, թե կարողանալու է սոսկ սեփական ուժերով հասնել ինքնափրկության մի վիճակի, քանի որ համոզվել էր, թե միայն մարդկային ուժերով կարողանալու էր հրեշտակային, անմարմնական էակ դառնալ, արդ իրեն մնում է միայն ինքնահանձնման(կապիտուլյացիայի) հնարավորությունը, հակառակ ծայրահեղության մեջ նետվելը, ի վերջո հայտնվելով այն վիճակի մեջ, որը Կաթողիկե Եկեղեցու համար Սուրբ Հոգու դեմ գործված մեղքերից մեկն է. լիակատար հուսալքումը, փրկության հույսը կորցնելը:
Այսպես է պատահում, որ Լութերն ինքն իրեն համոզում է, թե առաքինությունն ու սրբությունը անհնարին բաներ են մարդու համար և որ փրկությունը կայանում է միմիայն հավատքի և Քրիստոսի արժանիքների մեջ: Խոնարհության դիմակը կրող այս դիրքորոշման ետևում գտնվում է մի անծայրածիր հպարտություն. իսկ գործնական գետնի վրա այդ կեղծ խոնարհությունը փոխակերպվում է մարդու նկատմամբ արհամարհանքի, մարդաբանական գետնի վրա արմատական հոռետեսության, սկզբնական մեղքի բացարձականացման, մարդկային ազատության գոյության մերժման, բանականության հանդեպ արհամարհանքի և կալվինիստական նախասահմանման մոլար գաղափարների սկզբնավորման: Սա՛ է վախճանը բոլոր նրանց, ովքեր մոլորվելով կարծում են, թե Քրիստոնեությունը դա սոսկ բարոյական ինքնակատարելագործման ուսմունք է. Քրիստոնեությունը, մինչդեռ, նախևառաջ բարոյականություն չէ, այլ՝ վստահություն շնորհի հանդեպ Նրա, Ով ամեն բան կարող է, նաև ընդմեջ մեր տկարության:
 
Այսպիսով, Լութերը «որպես ուսմունք է հռչակում այն, ինչը սոսկ իր անձնական պարտությունն ու աղետն է», և միաժամանակ, հռչակելով գործերի անօգուտությունը, սոսկ հավատքի միջոցով ստացված փրկությունը, մերժում է իր իսկ անցյալի անքուն հսկումները, ծոմապահությունները, չափազանցված ապաշխարությունները. ո՛չ մի խղճի խայթ այլևս, ո՛չ մի ձգտում դեպի բարին, այլ՝«անձնատուր է լինում բնազդի ուժերին, ենթարկվում է մարմնի օրենքին, ըստ մի առաջխաղացման, որը հնարավոր է նկատել իր դիմանկարների շարքից: Ցասումը, վարկաբեկող բամբասանքները, գարեջրի և գինու մոլությունը, լկտի անամոթությունների ու անպարկեշտությունների մտասևեռուն ցանկությունը» կամաց կամաց աճում են նրանում, միշտ ավելի ու ավելի. բաներ, որոնք նա իր արդեն սովորական դարձած մոլորությամբ անվանում է քրիստոնեական ազատություն, հավատք, խոնարհություն[3]: Չափազանց խղճահարությունները, որոնցով նա միշտ տառապել էր, դրանք այդուհետև փորձում է լռեցնել մեղքերին իսկ տրվելու միջոցով, փորձում է խեղդել դրանք ամենաանսանձ զեխության մեջ: Հայտնի է իր նշանաբանը. «Ուժգին մեղանչիր, բայց ավելի ուժգին հավատա» («Pecca fortiter sed crede firmius»): Լութերի համար մեղանչելը դառնում է իր հավատքն արտահայտելու միակ ձևը, որպեսզի մեղանչելով վարժվի հաղթել խղճահարությանը, իսկ վերջինի հետ միասին՝ նաև սատանային: Գրում է. «Իսկույն փնտրիր քո նմանների ընկերությունը, խմիր, խաղա, անպարկեշտ պատմություններ պատմիր, զվարճացիր: Հարկավոր է [...] երբեմն մեղանչել, այդպիսով ցույց տալով մեր ատելությունն ու մեր արհամարհանքը սատանայի հանդեպ, որպեսզի մեր մեջ չնչին բաների համար խղճահարություններ ստեղծելու առիթ չտանք նրան. եթե մեղանչելուց չափազանց վախենանք, կորած ենք: [...] Ա՜հ, երանի՜ թե ի վերջո մի քանի գեղեցիկ մեղք գտնեի՝ սատանային ծաղրելու համար»[4]: Ահա այսպիսի գաղափարներն են ընկած իրենք իրենց Ավետարանական կոչողների ուսմունքի հիմքում:
Այսպիսով նա, ով անցյալում սպառվել էր անքուն հսկումների ու ծոմապահությունների մեջ, անձնատուր է լինում գինարբուքներին, մի կողմ է նետում քահանայական զգեստը, ամուսնանում է մի նախկին միանձնուհու՝ Կատերինա ֆոն Բորայի հետ, որից ունենում է վեց զավակ, և իր շրջապատի մարդկանց ազատ է արձակում քրիստոնեական օրենքի պահանջներից. – ինքը, որն իրեն ճզմված էր տեսել այդ օրենքի տառի ծանրության ներքո, քանի որ չէր կարողացել ըմբռնել այդ օրենքի հոգին. – անշուշտ չի հասկացվում, թե ի՛նչ իրավունքով է սկսում մարդկանց ազատ արձակել մի օրենքից, որն իր տիրապետության ներքո չի գտնվում, քանի որ միայն օրենքից վեր գտնվող մեկը կարող է ուրիշներին արձակել օրենքի պահանջներից. այս հարցում ևս, ինչպես ամենուր, բացահայտ երևում է Լութերի անսանձ հպարտությունը: Քահանաներին և միանձնուհիներին կոչ է անում մի կողմ թողնել կուսակրոնությունը, իսկ իր պաշտպանին՝ իշխան Ֆիլիպ Հեսսենացուն թույլատրում է երկրորդ կին վերցնել, օրինավոր և դեռ կենդանի կնոջից բացի, խղճի որևէ խայթից ազատվելու համար:
Կրոնական հարթության վրա, նա, որ մեղքի մտասևեռումն ունենալով՝ չէր հավատացել ներման հնարավորությանը, մերժում է խոստովանությունը և Ապաշխարության Խորհուրդը, ներումից բացի, նաև մեղքի գաղափարը ջնջելու համար («Աշխատում է զգալ իրեն առանց մեղքի, իր բոլոր գործերում մեղանչելով հանդերձ, այդպիսով ցանկանալով հաղթել խղճին՝ հուսահատության այդ տիրուհուն», գրում է Մարիտենը):
Այդպես վարվելով, բողոքականության դոգմաները հռչակելով, – միայն հավատքը («sola fides»), միայն Աստվածաշունչը («sola Scriptura»), Աստվածաշնչի ազատ մեկնաբանության սկզբունքը, Պապը որպես հակաքրիստոս, և այլն, – ինքն իրեն, իր սեփական անձը, իր մետաֆիզիկական եսակենտրոնությունը դասում է ամեն ինչից վեր. «Ես չեմ ընդունում», գրում է 1522 թվականի Հունիսին, «որ իմ ուսմունքը կարող է դատվել ինչ որ մեկի կողմից, նույնիսկ հրեշտակների: Ով չի ընդունում իմ ուսմունքը, չի կարող հասնել փրկության»[5]: Սա ասում էր այն բանից հետո, երբ ինքն իսկ հաստատել էր, թե ամեն ոք կարող է ազատորեն կարդալ և մեկնաբանել Աստվածաշունչը, բայց միաժամանակ համոզված էր, որ միակը, ով կարող էր դա ճիշտ ձևով անել, ինքն էր:
Իր հետ չհամաձայնվողներին, օրինակ՝ Լուվենի աստվածաբաններին, անվանում է «բիրտ ավանակներ, անիծյալ կինճեր, հայհոյանքներով լի պարկեր, էպիկուրյան խոզեր, հերետիկոսներ ու կռապաշտներ, նեխած ջրհորներ, դժոխքի անիծյալ զանգված»:
 
Ընդհանուր առմամբ մարդուն և մարդկային բնությունը դատապարտելով, այդ դատապարտության տակ են ընկնում նաև մարդու բանականությունը և փիլիսոփայությունը: Բանականությունը Լութերի կողմից բազմաթիվ անգամներ անվանվում է «սատանայի պոռնիկ» և ներկայացվում է որպես հավատքին ընդդիմադիր, հավատքի հակառակորդ (մի տեսակետ, որին Կաթողիկե Եկեղեցին բացարձակապես համաձայն չէ): Խոսելով վհուկների մասին, ասում է, որ «նրանց բոլորին հարկավոր է սպանել»[6]: Կոպեռնիկոսի մասին ասում է, թե «էժանագին աստղագետ է» և «անուղեղ անմիտ»: Շատ հստակ խոսքերով է արտահայտում 1525 թվականին ապստամբած գյուղացիների վերաբերյալ իր կարծիքը. «Պնդագլուխ, համառ և կուրացած գյուղացիների նկատմամբ, որոնք չեն ուզում հասկանալ, ոչ ոք չպետք է անգամ նվազագույն կարեկցանք ցուցաբերի, այլ՝ ապտակի, խոցի, խեղդի, սպանի, կատաղած շների նման»[7]: Ինչ վերաբերվում է հրեաներին, Միջնադարի գերմանացի Խարազանավոր հերետիկոսներին հետևելով հայտարարում է. «Նախևառաջ հարկավոր է այրել նրանց ժողովարանները կամ դպրոցները: Ինչը որ չի այրվում, պետք է հողով ծածկվի և թաղվի այնպես, որ այլևս ոչ ոք երբեք չտեսնի դրանցից անգամ մի քար կամ մի մնացորդ»: Դրանից բացի, հարկավոր է «միևնույն կերպ քանդել և կործանել նրանց տները ևս, որովհետև նրանք իրենց տներում էլ են անում միևնույն բաները, որոնք անում են իրենց ժողովարաններում: Ուստի, նրանց պետք է պարզապես մի ծածկի տակ դնել կամ գոմի մեջ, գնչուների նման»[8]: Կաթողիկեների վերաբերյալ, ի վերջո, գրում է, թե Պապի ծառաներն են, որը հակաքրիստոսն է («Անիծված, դատապարտված, անարգված թող լինի պապիստների անունը», ասում է), իսկ Հռոմը Սոդոմն ու Գոմորն է և Հովհաննու Հայտնության հրեշը:
Այս ամբողջ կատաղության մեջ նաև մարդասիրությունը, այսինքն՝ մարդկանց նկատմամբ գործադրված բարի գործերը, մատնվում են մոռացության: Պատահական չէ, որ մինչ Կաթողիկե Եվրոպայում ծնվում և ծաղկում էին արդի դպրոցներն ու հիվանդանոցները, բողոքական երկրները երկար ժամանակով դուրս են մնում բարեգործությունների այդ ծաղկումից ու տարածումից: Դրա պատճառը և՛ այն էր, որ Լութերի և իր բողոքականների կողմից քարոզվում էր, թե մարդն անկարող է բարիք գործելու և Աստծո առաջ արժանի գործ կատարելու, ուստի իրենց հետևորդների մոտ չէր էլ ծնվում ինչ որ մի բարի գործ կատարելու ցանկությունը. և՛ այն, որ Եկեղեցու հողերն ու շենքերը, որոնք գործածվում էին նաև սոցիալական նպատակների համար, արդեն բռնագրավվել էին բողոքական դարձած իշխանների կողմից և նվիրվել էին այն ազնվականներին, ովքեր իրենց օգնել էին եկեղեցական ունեցվածքների բռնազավթման գործում: Իսկ բողոքական դարձած ազնվականներն ու իշխանները բնավ մտադիր չէին իրենց հարստություններն աղքատներին խնամելու համար գործածելու, քանի որ իրենց բողոքական առաջնորդները ամբողջովին հակառակն էին իրենց քարոզում:
Իր «Ճառեր սեղանի շուրջը» գրքում Լութերը պատմում է, որ մի օր իրեն ցույց են տվել մտային տհասությամբ տառապող մի երեխա: Նա իսկույն առաջարկում է սպանել նրան. այդ երեխան իրեն թվում էր ամբողջովին անօգուտ մի արարած, «որը ուտելուց բացի ուրիշ ոչինչ չէր անում, և ուտում էր չորս գյուղացիների կամ բանվորների չափ»: Լութերի տեսանկյունից դիտված, «սոսկ մսի մի զանգված էր, որի մեջ ոչ մի հոգի չէր բնակվում, կամ գուցե սատանան էր նրա մեջ բնակվում: Իր ճառասացությանը ներկա գտնված իշխաններին Լութերն ասում է. “Եթե ես լինեի այստեղի իշխանը կամ տերը, ես ինքս անձամբ կխեղդեի այդ երեխային գետում”»[9]:
Հիվանդ երեխայի և բարի գործերի հանդեպ այս ծայրահեղ արհամարհանքը առնչվում է Լութերի հոգեկան ընդհանուր խանգարման հետ, որի պատճառը նրա ավանդական թշնամանքն էր մարմնի նկատմամբ. Լութերը մերժում է և՛ Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը, և՛ մարմինների հարության հավատքը, ինչը որ ևս մեկ անգամ փաստում է, թե մարմնի հետ ունեցած իր հարաբերությունները որքա՜ն հիվանդագին էին, բողոքական ապստամբությունից առաջ ու նաև հետո:
[1] Լութերի քահանա դառնալու որոշման ամենատարածված տարբերակն այն է, որ 1505 թվականին նա «սարսափելի փոթորիկի մեջ հայտնվելով, այնքան վախեցավ, որ արտասանեց իր հայտնի երդումը. “Սրբուհի Աննա, եթե ինձ օգնես, վանական կդառնամ”: Հոր կամքին և ընկերների խորհուրդներին բնավ կարևորություն չտալով, 1505 թվականի Հուլիսին նա կատարեց իր երդումը և մտավ վանք» (ALBERTO TORRESANI, Storia della Chiesa, p. 403): Լութերի կյանքն ուսումնասիրողներից ուրիշները, մինչդեռ, պնդում են, որ նա վանական է դարձել մի մենամարտից հետո, օրենքով նախատեսված պատիժներից խուսափելու համար: Երկու տարբերակներից ո՛ր մեկն էլ որ վերցնելու լինենք, տեսնում ենք, որ քահանա դառնալու նրա որոշումը արդյունքն է եղել ինչ որ մի վախի և չի կայացվել անամպ մտքով և լիովին գիտակից կերպով:
[2] Jacques Maritain, Tre riformatori. Lutero, Cartesio, Rousseau, Morcelliana, Brescia 1990, p. 47.
[3] Նույն, p. 51.
[4] Նույն, p. 52.
[5] Նույն, p. 54.
[6] Michael Hesemann, Contro la Chiesa, p. 234; Massimo Centini, Le streghe nel mondo, p. 37.
[7] Martin Lutero, Scritti politici, UTET, Torino 1978, p. 515.
[8] MARTIN LUTERO, Degli ebrei e delle loro menzogne, Einaudi, Torino 2000, pp. 188-190. Տակավին. «Մեր՝ քրիստոնյաներիս մոտ հրեաների պիղծ բերանները չպետք է արժանի համարվեն Աստծո անունն արտասանելու մեր ներկայությամբ: Ով որ լսի հրեայից նման բան, պետք է հայտնի իշխանություններին, կամ նրա վրա խոզի թրիք նետի, եթե տեսնում է նրան, և հեռու վտարի: Եվ այս կետի վրա ոչ ոք չպետք է բարյացակամ կամ ողորմած գտնվի» (Նույն, p. 214):
[9] Carl Henning Wijmark, La morte moderna, Iperborea, Milano 2009, pp. 27-28.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։