Մելանիան և Օգոստինոսը. տիպարային դրվագներ – Գրադարան – Mashtoz.org

Մելանիան և Օգոստինոսը. տիպարային դրվագներ

Հասկանալու համար, թե ի՛նչ էր տեղի ունենում այդ տարիների կոնկրետ իրականության մեջ, հիշենք այստեղ մի քանի դրվագներ, որոնք կարող են նկատվել որպես տիպարային օրինակներ: Առաջինը վերաբերվում է հռոմեացի շատ հարուստ ամուսինների, որոնք ապրել են Հինգերորդ դարում. Սրբուհի Մելանիան, «հռոմեական աշխարհի ամենահարուստ կինը», 14 տարեկան հասակում կնության էր տրվել ոմն Պինիանոսի, որը նույնպես մեծահարուստ ընտանիքի ժառանգն էր: Նրանց սեփականությունները սփռված էին ամբողջ կայսրությամբ մեկ. Բրիտանիայում, Գաղղիայում, Իտալիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Դարձի գալով Քրիստոնեության, ամուսինները նախևառաջ վաճառում են իրենց անշարժ գույքը, ստացված գումարները բաժանելով աղքատ ընտանիքների, բարեգործական նախաձեռնությունների և կրոնական հաստատությունների: Հռոմի Կելիում թաղամասում գտնվող նրանց պալատը, ինչպես ընդգծում է Ադալբերտ Համմանը, «այնպիսի շքեղություն ուներ, որ ոչ ոք ֆինանսական բավարար միջոցներ չուներ այն գնելու համար, և ո՛չ իսկ կայսրուհին»: Մելանիան և Պինիանոսը ունեին 8.000 ստրուկ, մի ամբողջ ավան: Դեպի Երուսաղեմ ուխտագնացության մեկնելուց առաջ ազատություն են շնորհում բոլորին, նաև որոշակի գումարով ապահովելով նրանց ապագան[1]:
Երկրորդ դրվագը վերաբերվում է Սուրբ Օգոստինոսին: Իր հռոմեական Աֆրիկայում, որը դեռ մասամբ էր միայն քրիստոնեականացվել, ստրկատիրությունը տակավին մեծ թափ ուներ. պատահում էին հայրեր, որ իրենց զավակներից մեկին կամ մի քանիսին վաճառում էին իրենց պարտքերը մարելու համար. Մավրիտանիայի ցեղերը ենթարկվում էին հարձակումների և հազարավոր մարդիկ ստրկացվում էին, թեև այդ կողմերից բերվածներին սանձելը յուրահատուկ կերպով դժվարին էր, ուստի և անպակաս էին դառնում ապստամբություններն ու փախուստի փորձերը: Խոսքը զիջում եմ Ադալբերտ Համմանին. «Ապստամբություններն ու փախուստի փորձերը պատժվում էին մարմնական կտտանքներով և ցմահ բանտարկությամբ: Օգոստինոսն իր քարոզներից մեկի ժամանակ թվարկում է այդ անմարդկային պատիժներից մի քանիսը. ծեծ, երկաթե շղթաներ ոտքերին, բանտ: Ստրուկներից մեկը ճզմվում է երկանաքարի տակ և իրեն սպանողին աղերսում է. “Գթա՛, ողորմի՛ր”: Պեղումների ժամանակ գտնվել են ստրուկների երկաթե վզկապներ, որոնց վրա գրված է եղել. “Բռնիր ինձ, փախել եմ”: [...] Ստրկուհիները տիրոջ համար բնականաբար փորձություն էին, որին նա հեշտորեն զիջում էր: Ուրիշ ստրկատերեր, իրական կավատներ, իրենց ստրկուհիներին տալիս էին մարմնավաճառության»[2]:
 
Օգոստինոսն այսպիսի իրողությունների դիմաց, ի տես մարդկանց, որոնք վաճառվում և գնվում էին առարկաների նման, հակազդում է իր կարողությունների չափով: Նախևառաջ կոչ է անում տերերին վարվել իրենց ստրուկների հետ իբրև որդիների, թեև հասկանալի է, որ ինքը իրավասու չէր քաղաքացիներին ուղղակիորեն “պարտադրելու”, որ լիակատար ազատություն շնորհեին իրենց ստրուկներին (որոնք իրականում, ինչպես արդեն ասացինք, քրիստոնյաների տներում գտնում էին իրենց նկատմամբ ամբողջովին ա՛յլ վերաբերմունք): Իր «Աստծո Քաղաքի մասին» կոթողային աշխատության 19րդ գրքի 14-15 հատվածներում, հրամայողներին հիշեցնելուց հետո ենթակաների նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները. հաստատելուց հետո, որ արդարները հրամայում են ո՛չ քմահաճությունից, ո՛չ էլ գոռոզությունից մղված. որ տերերը ծառաների հետ պետք է վարվեն այնպես՝ ինչպես ծնողներն են վարվում իրենց սեփական զավակների հետ, որովհետև նրանք՝ ովքեր կառավարում են, իրականում «ծառայում են նրանց, ում երևութապես հրամայում են», հաստատում է. «Սա պահանջում է բնական կարգը, որովհետև այս կերպ է Աստված ստեղծել մարդուն: Իրոք, Նա ասել է. “Մարդը թող տերը լինի ծովի ձկների և երկնքի թռչունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների”: Աստված կամեցավ, որ բանականությամբ օժտված էակը, որին ստեղծել էր Իր պատկերով, տերը լիներ միմիայն անբանական արարածների, ո՛չ թե մարդը մարդու, այլ՝ մարդը անասունների»:
Մի քիչ հետո էլ հավելում է, որ Աստվածաշնչում «ստրուկ» բառը գործածվում է նրա վերաբերյալ, ով տրվել է մեղքի իշխանությանը. հետևաբար, եթե աշխարհում կան ստրուկներ, եզրակացնում է Օգոստինոսը, դրա պատճառը «սկզբնական մեղքն է», այսինքն՝ մարդու ներկայիս չարությունը, «ո՛չ թե բնությունը», այսինքն՝ այնպես չէ, ինչպես պնդում էին, օրինակ, Հույները, թե իբր գոյություն ունեն ցածրակարգ մարդիկ, որոնք ի ծնե ստրուկ են:
Իր նամակներից մեկում Օգոստինոսը վկայում է մի աղջկա մասին, որին հափշտակել էին իր ծնողներից և ստրկացրել էին. փրկագնվում է Եկեղեցու միջոցներով[3]: Իսկ իր քարոզներից մեկի մեջպատմում է ազատագրման արարողության ընթացքը, որը շատ ավելի դյուրին էր դարձվել Կոստանդիանոս կայսեր օրենքներով. «Ուզում ես ազատություն շնորհել քո ստրուկին: Նրա ձեռքից բռնած, բեր նրան եկեղեցի: Թող լռություն տիրի: Թող կարդացվի ազատագրության քո վճիռը, կամ էլ՝ դու ուրիշ որևէ կերպ արտահայտիր կամքդ: Հաստատիր, որ ուզում ես ազատություն տալ նրան, որովհետև ամեն ինչում հավատարիմ է գտնվել քո նկատմամբ: Դրանից հետո նա պատռում է գնման վկայականը»[4]:
[1] ADALBERT HAMMAN, La vita quotidiana nell'Africa di Agostino, pp. 307-309; A. CAMERON, Il tardo impero, Il Mulino, Bologna 1999, p. 104. Մելանիայի և Պինիանոսի պատմությանը համանման է Պաուլինուսի և Թերազիայի պատմությունը: Պաուլինուսը, ինչպես գրում է Պիերո Բարջելլինին, «սերում էր հռոմեական ազնվատոհմ հարուստ ընտանիքից: Ծնվել էր 355 թվականին Բորդոյում, ուր հայրը կայսերական գործակատար էր: Բարձր պաշտոններ զբաղեցնող ծանոթությունների շնորհիվ դարձել էր Կամպանիայի նահանգապետը: Դեպքերի բերումով հանդիպել էր Միլանի Եպիսկոպոս Ամբրոսիոսին և երիտասարդ Օգոստինոսին, որոնց կողմից ուղղորդվել էր դեպի Քրիստոսը: 25 տարեկան հասակում մկրտվելով, դեպի Իսպանիա կատարած մի ճամփորդության ժամանակ ծանոթանում է Թերազիային, որի հետ ամուսնանում է: Իրենց միակ զավակի՝ Կելսիուսի վաղահաս մահից հետո երկուսն էլ որոշում են ամբողջովին նվիրվել վանական կյանքին: Միասնական համաձայնությամբ վաճառում են հսկայական տիրույթները, որոնք սփռված էին ամբողջ կայսրության տարածքով մեկ, գումարը բաժանում են աղքատներին և իրենք առանձնանում են Կատալոնիայում, սկիզբ տալով ճգնողական մի օրիգինալ կենսակերպի»:
[2] Adalbert Hamman, La vita quotidiana nell'Africa di Agostino, p. 115.
[3] JEAN ANDREAU - RAYMOND DESCAT, Gli schiavi nel mondo greco e romano, pp. 214-215. Մի էջ հետո, երկու հեղինակները գրում են. «Օգոստինոս Հայրապետի կողմից դրսևորված հոգատարությունն ընդդեմ նման անարդարությունների», այսինքն՝ ընդդեմ գողացված երեխաների ստրկացման, «որոնց համար նա մեծապես վշտանում էր, և նրա պայքարը՝ հարգել տալու
համար օրինականությունը, մեծապես հատկանշական է այդ ոլորտում եկեղեցական նվիրապետության միջամտությունների առումով: Հարկավոր է միշտ ի նկատի առնել սա, երբ հարց է դրվում, թե Եկեղեցին ի՞նչ դիրքորոշում է ունեցել ստրկատիրության նկատմամբ»:
[4] ADALBERT HAMMAN, La vita quotidiana nell'Africa di Agostino, p. 115. Սուրբ Օգոստինոսից կատարված մեջբերման համար. Epistola 185, 15 (PL 33, 799). Այս հարցի վերաբերյալ Ջակոմո Բալմեսը գրում է. «Նոր ազատագրվածների ազատությունը պաշտպանվում էր անարդարության հարձակումներից և ստանում էր մի տեսակ անձեռնմխելի սրբազան բնույթ, եթե ազատագրման արարողությունը կատարվում էր Եկեղեցու հովանու ներքո: Այս իսկ պատճառով անկասկած պատշաճ էր, որ ազատագրումը տեղի ունենար եկեղեցում: Այս արարքը, որ գալիս էր փոխարինելու հին սովորույթներին, մատնելով նրանց մոռացության, ստանձնում էր նշանակությունը հավելյալ բացատրությունների կարիք չունեցող մի վկայության, թե Աստծո համար որքա՜ն հաճելի է մարդկանց ազատությունը. դրանով կոնկրետ կերպով հռչակվում էր Աստծո առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: Ազատագրումը կատարվում էր եկեղեցում, ուր սովորաբար՝ ծիսակատարությունների ժամանակ ընթերցվում էին ավետարանական խոսքերը, որ Աստված նախընտրություններ չունի մարդկանց միջև, ուր վերանում էին սոցիալական բոլոր տարբերությունները և բոլոր մարդիկ միանում էին եղբայրության և սիրո գորովալի զոդերով: Այդ կերպ հավաստիանալով ազատագրմանը, Եկեղեցին ավելի դյուրին կերպով կիրառելի իրավունք էր ստանում պաշտպանելու ազատագրվածի ազատությունը, որովհետև պատահածին վկա հանդիսանալով, կարող էր երաշխավորել կատարվածի վավերականությունը: Կարող էր նաև պահանջել՝ հարգել նոր ձեռքբերված ազատությունը, քանի որ եկեղեցում կատարվածի նկատմամբ հետագա թերացումները որոշակի իմաստով կարող էին նկատվել որպես սրբապղծություն, Ինքնին Աստծո ներկայությամբ տրված խոստման դավաճանություն, երդմնազանցություն: Եկեղեցին նման պարագաները ազատագրվածներին ի շահ դնելու առիթը չէր կորցնում. օրինակ, Օրանժի Առաջին Ժողովը, որ գումարվել է 441 թվականին, իր 7րդ կանոնում կարգադրում է եկեղեցական հետաքննությամբ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բռնի ծառայության ինչ որ կերպի ենթարկել եկեղեցում ազատագրված ստրուկներին: Մեկ դար անց, 549 թվականի Օրլեանի Հինգերորդ Ժողովն իր 7րդ կանոնում վերահաստատում է այս որոշումը: Եկեղեցու կողմից ազատագրվածներին շնորհված պաշտպանությունն այնքան տարածված էր և այն աստիճան հայտնի էր բոլորին, որ ներմուծվեց սովորությունը՝ բոլոր ազատագրվածներին հանձնել Եկեղեցու պաշտպանությանը» (GIACOMO BALMES, Il protestantesimo paragonato col cattolicesimo nelle sue relazioni con la civiltà europea, cap. XVII):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։