Մի հետաքրքիր համեմատություն հին հեթանոսական աշխարհի և Տասնիններորդ դարի աֆրիկյան պետություններից մեկի միջև – Գրադարան – Mashtoz.org

Մի հետաքրքիր համեմատություն հին հեթանոսական աշխարհի և Տասնիններորդ դարի աֆրիկյան պետություններից մեկի միջև

Քրիստոնեության առաջին դարերը, հետևաբար, իրենց վրա կրում են կնիքն այն պայքարի, որը քրիստոնյաները առաջ տարան ընդդեմ մոգության, սնոտիապաշտության, կենդանական և մարդկային զոհաբերությունների, որոնց նպատակն էր սեփական մեղքերի քավությունը ուրիշի հաշվին, կամ էլ՝ ամենատարբեր տեսակի կուռքերի բարեհաճությունը շահելը: Քրիստոնեության առաջին դարերի պատմաբաններից մեկը՝ Ռիչարդ Ֆլետչերը, առաջարկում է հետաքրքրականզուգահեռներ անցկացնել իրենց սնոտիապաշտությունների նկատմամբ Քրիստոնեության գերազանցությունից տպավորված միջնադարյան մի քանի բարբարոս թագավորների դարձի և այն իրադրության միջև, որը տակավին Տասնիններորդ դարում տիրում էր Աֆրիկայում (աֆրիկյան բազմաթիվ պետություններում իրադրությունն անփոփոխ է մնացել մինչև այսօր և քիչ հետո կտեսնենք դրա պատճառը):
Լեսոթոյի թագավոր Մոշոեշոեն հմայված էր քրիստոնյա միսիոներների գիտությամբ և իմաստությամբ, այն աստիճան, որ նրանց կարգում է իբրև արքունի խորհրդականներ: «Այդ օրվանից թագավորության կյանքը փոխվում է. հասարակության մեջ սկսում է առավել կայունություն տիրել և ժողովրդի տնտեսական վիճակն էլ սկսում է բարելավվել: Թագավորը համոզված էր, որ այդ ամենը Քրիստոնեության արդյունքն էր: “Ավետարանն է աղբյուրն այն բարգավաճման ու խաղաղության, որն այժմ վայելում ենք”, ասում էր նա իր ժողովրդին 1842 թվականին: [...] Մեծ ակնածանք տածելով միսիոներների ուսուցումների հանդեպ, Մոշոեշոեն մի քանի օրենսդրական փոփոխություններ կատարելու հրաման արձակեց, որոնք վերաբերվում էին Սոթոների կյանքի ամենանուրբ հարցերից մի քանիսին, ինչպիսիք էին ամուսնական սովորույթները, սկզբնավորման արարողությունները, վհուկներին դիմելը և թաղմանական կարգերը»:
Այդպես վարվելով, սակայն, գրգռում է շատերի զայրույթը, որոնք չէին ցանկանում հրաժարվել բազմակնությունից, կախարդությունից, արարողություններից, որոնց նպատակն էր խոչընդոտել ննջեցյալների սպառնալի վերադարձը երկիր: Ընդդիմությունը ղեկավարում է երկրի գլխավոր գուշակ-կախարդ Ցափին, «որից ժողովուրդը սարսափում էր, որովհետև ապագան կանխասելու և ոգիների աշխարհի հետ հաղորդակցության մեջ մտնելու կարողությունն ուներ»: 1839 թվականին երկրում տարածվում է շառատենդի համաճարակը. անիմիստ պոլիթեիստների սնոտիապաշտ ու անբանական մտածելակերպը, հիվանդության դեմ դեղ ու դարման անելու փոխարեն մղում է նրանց հավատալու, թե համաճարակի “հանցանքը” քրիստոնյաների նկատմամբ թագավորի ունեցած համակրանքն է, որով վիրավորել ու բարկացրել է նախնիների ոգիներին: Այդ իսկ պատճառով, հետագա խժդժություններից խուսափելու համար, Մոշոեշոեն որոշում է հրաժարվել երկիրը Քրիստոնեության դարձի բերելու մտադրությունից[1]:

[1] Richard Fletcher, La conversione dell'Europa, Tea, Milano 2003, pp. 158-162.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։