Միակին և անլուծարելի ամուսնությունը – Գրադարան – Mashtoz.org

Միակին և անլուծարելի ամուսնությունը

Պատմական հարթության վրա որո՞նք են եղել կնոջ այս նոր ընկալման հետևանքները:
Բավական է հիշել դրանցից երեքը:
Առաջին. Քրիստոնեությունը մարդկության պատմության միակ կրոնն է, ուր սկզբնավորման և, հետևաբար, հասարակության մեջ ընդունման ծեսը, այսինքն՝ Մկրտությունը, միևնույնն է կանանց և տղամարդկանց համար:
Երկրորդ. Քրիստոնեությունը, դատապարտելով երեխաների լքումն ու սպանությունը, կտրուկ կերպով նվազեցրել է այդ սարսափելի ոճրագործությունների գործադրումը, որը մեծապես տարածված էր (է) ամբողջ աշխարհում, հին Հռոմից մինչև այսօրվա Չինաստանն ու Հնդկաստանը, և իրեն որպես մասնահատուկ թիրախ ուներ (ունի) հենց իգական սեռի երեխաներին (տե՛ս նաև այս գրքի հաջորդ՝ Չորրորդ գլուխը):
Երրորդ. քրիստոնեական ամուսնությունն ունի միակին (մոնոգամ) և անլուծարելի նկարագիր: Սրանով, ուստի, նախևառաջ ենթադրվում է ամուսինների հավասար արժանապատվությունը: Քրիստոնյա տղամարդու համար օրինավոր չէ իր գինեկեոսում կամ հարեմում բազմաթիվ կանայք ունենալը: Օրինավոր չէ, իր ֆիզիկական ուժի առավելության հաշվին, միակողմանի ապահարզան տալը, սեփական կնոջը հնացած առարկայի նման դեն նետելը, ո՛չ էլ՝ նրան ստրկուհիներով փոխարինելը: Ակնհայտ է, անշուշտ, որ օրինավոր չէ նաև հակառակը:
Եկեղեցու ամբողջ պատմությունը, – այնքանով, որքանով վերաբերվում է ամուսնական բարոյականությանը, – ձգտել և ձգտում է փրկելու և պահպանելու հենց այս հավասար արժանապատվությունը. արգելելով, ակնհայտորեն, տղամարդու կողմից կյանքի ու մահվան որևէ իրավունք կնոջ նկատմամբ. պաշտպանելով, որքան որ դա իրեն հնարավոր է եղել, ամուսնացողների երկկողմ ազատ համաձայնության իրավունքը[1]. նշանակալիորեն բարձրացնելով կնոջ ամուսնական տարիքը (որը հռոմեացիների մոտ 12 տարեկանն էր)[2]. չթույլատրելով ծնողներին բռնություն գործադրել զավակների ազատության վրա, և ի մասնավորի հայրերին՝ որոշել, թե ո՛ւմ պետք է կնության տան իրենց աղջիկներին. պայքարելով համաձայնեցված ամուսնությունների դեմ, հատկապես ազնվականների միջև. ամեն կերպ ընդդիմանալով բռնի ամուսնություններին, որոնց դեպքում սովորաբար կինն է հանդես գալիս զոհի դերում. ծնվելիք երեխաների առողջության ապահովման համար արգելելով ամուսնությունն արյունակից ազգականների միջև[3]. և նմանատիպ բազմաթիվ ա՛յլ կարգավորումներ, որոնք այսօր այլևս սովորական են քաղաքակրթության համար, բայց քչերն են գիտակցում, որ դրանք ծնվել են Եկեղեցում, հիմնվում են քրիստոնեական արժեքների վրա և առանց քրիստոնեական արժեքների դառնում են լիովին անհիմն[4]:
[1] Սուրբ Օգոստինոսն, օրինակի համար, բացատրում էր, որ «ծնողների միջամտությունը աստվածային կարգի իրավունք չէ», ուստի՝ անհրաժեշտ չէ, ինչպես մինչդեռ պնդում էին ոչ-քրիստոնյաները: Ընդհանուր առմամբ, առաջին դարերի քրիստոնյաները որքան հնարավոր է մեղմացրել էին «հոր բացառիկ իրավունքը, ձգտելով զավակների ապագա ամուսնության պատասխանատվությունը կիսել հոր և մոր միջև: Տերտուղիանոսն արդեն (155-230թթ.) պնդում էր ամուսնացողների ազատ համաձայնության վրա: Եկեղեցու բոլոր Հայրերը պաշտպանում են աղջկա իրավունքը՝ ազատորեն ընտրելու կուսակրոնությունը: Սա, անդրադարձ ազդեցությամբ, արժևորում է ամուսնացող երիտասարդների ազատ ընտրությունը, ընդգծելով փոխադարձ համաձայնության կարևորությունը: Եկեղեցու ազդեցությունը նվազեցնում է նահապետական ընտանիքի ճնշումները և նպաստում է ամուսնության ավելի անձնական տեսանկյուններին և ավելի խորը դրդապատճառներին: Սուրբ Օգոստինոսը, թեև անձամբ չի արագացրել այս հեղաշրջումը, սակայն բազմաթիվ անգամներ է անդրադարձել այս հարցին: Սուրբ Ամբրոսիոսն ավելի առաջ է մղվել և ամուսնության պատրաստվող երիտասարդներից պահանջել է արտահայտել իրենց զգացումները», այսինքն՝ թե ո՛ւմ հետ կնախընտրեին ընտանիք կազմել (ADALBERT HAMMAN, La vita quotidiana nell'Africa di Agostino, Jaca Book, Milano 1989, pp. 72-73): Դյուրին է հասկանալը, որ Եկեղեցու նախաձեռնությամբ սկիզբ առած այս գործընթացի իրականացումը պետք է երկարատև ու դժվարին լիներ. բազմաթիվ հայրեր, հատկապես ազնվական ընտանիքներում, հեշտորեն չէին համակերպվում և չէին ցանկանում հրաժարվել իրենց զավակների ամուսնության հարցում որոշիչ ձայն ունենալու իրավունքից, և փաստացի՝ դարերի ընթացքում բազմահազար հայրեր շարունակեցին չարաչար գործածել իրենց այդ իշխանությունը, հակառակ Եկեղեցու կողմից դրվող իրավական և ծիսական խոչընդոտների: Ինչպես միշտ, սկզբունքի հռչակումն ինքնըստինքյան բավարար չէ, բայց համենայն դեպս՝ անհրաժեշտ պայման է, որպեսզի հնարավոր դառնա մտայնությունների աստիճանական փոխակերպումը:
[2] Քրիստոնյա կանայք, մինչդեռ, «ամուսնանում էին ավելի ուշ և ընտրության ավելի հնարավորություն ունեին, թե ո՛ւմ հետ էին ցանկանում ամուսնանալ: Սա չնչին իրողություն չէ, եթե հաշվի առնենք, որ հեթանոս կանայք հաճախ ամուսնանալու հարկադրվում և սեռական ակտին ենթարկվում էին նախապատանեկական հասակում» (11 կամ 12 տարեկանում), մինչ քրիստոնյա կանանց մեծամասնությունը սպասում էր 18 տարեկանը լրանալուն (RODNEY STARK, Ascesa e affermazione del cristianesimo, Lindau, Torino 2007, cap. 5):
[3] Եթե իրենց սոսկ անունով քրիստոնյա անվանող հասարակություններում պատահում են նման դեպքեր, դրանք տեղի են ունենում սակավաթիվ կամ բազմաթիվ անհատների կողմից քրիստոնեական գաղափարականին դավաճանելու պատճառով, այլ ո՛չ թե՝ նրան հետևելով:
[4] FRANCESCO AGNOLI - MARCO LUSCIA, Chiesa, sesso e morale, SugarCo, Milano 2008. Ահա նաև արդեն մեջբերված Ժաք Լը Գոֆֆի կարծիքը. «Կարծում եմ, որ կնոջ հանդեպ նման հարգանքը քրիստոնեության մեծ նորարարություններից մեկն է. հաշվի առնենք քննարկումները, որոնք Եկեղեցին կատարել է զույգի և ամուսնության մասին, մինչև որ հասել է այդ հիմնարկի ստեղծմանը, որն այսօր տիպիկ քրիստոնեական է և որի վճռական սահմանումները տրվել են 1215 թվականին, Լաթերանյան Չորրորդ Ժողովի ժամանակ, որով այն դարձել է հասարակական ակտ (որտեղից էլ հենց գալիս է հայտարարություններ փակցնելու պարտականությունը), և մի ակտ, – ահա՛ հիմնականը, – որը չի կարող վավերական լինել առանց երկու հասուն անձանց լիակատար ազատ համաձայնության: Այն, ինչը որ ինձ կարևոր է թվում Լաթերանյան Ժողովի որոշումներում, փաստն է, որ ամուսնությունն անհնարին է դառնում առանց փեսայի և հարսի, տղամարդու և կնոջ համաձայնության. կինը չի կարող ամուսնության տրվել առանց իր համաձայնության. նա պետք է ասի այո՛». և Եկեղեցին դարերի ընթացքում հնարավոր ամեն բան արել է՝ ստուգելու համար, որ արտասանված համաձայնությունը չլինի պարտադրված, ինչի համար էլ մինչև վերջին պահն անգամ, մինչև ամուսնության հռչակման վայրկյանը, պահանջել է վկաների ներկայությունը և արարողության ժամանակ մի քանի անգամ հարցրել է ամուսնացողների համաձայնությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։