ՆԱԽԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԱԽԱԲԱՆ

Նախևառաջ մի նախաբան, որն էական եմ նկատում. այս գիրքը պատմությունն է մարդկային մի քանի մեծագույն ձեռքբերումների, որոնց իրագործման նախադրյալները տրվել են Քրիստոսի պատգամի կողմից, իսկ գործնական գետնի վրա ի կատար են ածվել Նրա Եկեղեցու անփոխարինելի նպաստի շնորհիվ: Պատմությունն է գաղափարների, որոնք բարենորոգել են միլիարդավոր մարդկանց աշխարհահայացքը վերջին քսան դարերի ընթացքում. պատմությունն է մարմին առած Աստվածության հետ հանդիպման, որը տվել է փայլուն և բացարձակապես եզակի պտուղներ համայն մարդկության համար: Պատմությունն է մարդկանց, ովքեր իրենց Ուսուցչից կամեցան վերցնել մինչև իսկ իրենց անունը. քրիստոնյաներ: Խոսելու եմ նրանց հավատքի, նրանց գործերի, այն հույսի և այն սիրո մասին, որոնցով նրանք կենագործվել են անցյալում և շարունակում են կենագործվել նաև այսօր:
Կանգ չեմ առնելու, մինչդեռ, քննելու դերակատարների անհատական սահմանները. թշվառությունները, տկարությունները, դավաճանությունները, չարագործությունները, սխալականությունը անհատ քրիստոնյաների, Եկեղեցու այրերի, կարդինալների և մինչև իսկ Պապերի: Իրոք, «արդարը մեղանչում է օրը յոթն անգամ», ասում է Աստվածաշունչը: Յուրաքանչյուր ոք, ով գոնե մի քիչ ճանաչում է իր սեփական անձն ու ներաշխարհը, սրան քաջ ծանոթ է: Սա փաստարկների ու ապացույցների կարիք չունի. և՛ որովհետև պրոպագանդիստական բազմաթիվ գրքեր ու գրքույկներ լի են նման տեղեկություններով, թեև հաճախ լի են նաև սխալ մեկնաբանություններով, խարդախումներով, խեղաթյուրումներով ու կեղծիքներով. և՛ որովհետև, – և հատկապե՛ս, – Քրիստոսի հետևորդների կողմից գործված որևէ չարագործություն միշտ և միշտ կատարվել է ո՛չ թե հետևելով Քրիստոսի ուսուցումներին, այլ՝ հակառակվելով Նրան. և՛, ի վերջո, որովհետև այն, ինչն իրոք զարմանահրաշ է մարդկային ամբողջ պատմության մեջ, ո՛չ թե Եկեղեցու այրերի ու հետևորդների անհատական թշվառությունն է (որը համընդհանուր է բոլոր մարդկանց համար), այլ՝ նրա ունակությունն է սրբության, բարու, արդարության ու սիրո գործերի:
 
Ով գրում է այս տողերը, համոզված է, որ Քրիստոսի հետ հանդիպումը կարող է փրկել մարդուն, դարձնել նրան առավել ճշմարիտ, առավել մեծ, առավել բարի: Կարող է, ասում եմ: Որովհետև մարդը միշտ մարդ է մնում. մեղքով արատավորված, իր մեջ կրում է իր բնության բոլոր սահմանները: Քրիստոնյա է, թե ոչ: Ով գայթակղվում է քրիստոնյաների մեղանչականության համար, մի կողմից՝ տեսնում է մեդալի միայն մի երեսը, իսկ մյուս կողմից՝ կեղծավորությամբ ձևացնում է, թե այդ սխալներն ու թշվառությունները քրիստոնյաներին բնորոշ են իբրև քրիստոնյաներ, և ո՛չ թե իբրև մարդիկ, ընդհանուր առմամբ: Որովհետև այդպես վարվելով՝ կեղծավորությամբ ձևացնում է, թե իբր այդ սխալներն ու թշվառությունները հատուկ չեն նաև անձամբ իրեն: Իշխանասիրություն, էգոիզմ, ամենատարբեր տեսակի ճղճիմություններ, ստություն. բոլորս ենք ճանաչում այս իրողությունները, քանի որ մարդիկ ենք: Բայց նրա համար, ով գրում է այս տողերը, վավերական է անգլիացի մեծ բանաստեղծ Թոմաս Ս. Էլիոթի միտքը, որի համաձայն՝ ով հանդիպել է Քրիստոսին, կանգ չի առնում այս փաստի դիմաց: Ճանաչում և ընդունում է իր սեփական սահմանները, բայց հավատում է փրկությանը: Տեսնում է իր չարիքը, բայց ջանում է կրկին ոտքի կանգնել: Փորձառությունն է ունենում նաև իր կողմից գործված ստության, բայց տենչալի բաղձանքն ունի վերադառնալու Ճշմարտությանը: Քրիստոնյաները, և նրանց հետ միասին՝ բոլոր բարի կամքի տեր մարդիկ, գրում է Էլիոթը, «գազանաբարո են ինչպես միշտ, մարմնատենչ, էգոիստ են ինչպես միշտ, շահամոլ ու բթամիտ են ինչպես միշտ եղել են դրանից առաջ, և սակայն, միշտ պայքարում են, միշտ վերահաստատում են, միշտ վերսկսում են իրենց քայլքը լույսով լուսավորված ճանապարհի վրա. հաճախ կանգ առնելով, ժամանակ կորցնելով, շեղվելով, հապաղելով, և այդուամենայնիվ՝ երբեք չհետևելով ուրիշ ճանապարհի»:
 
«Դուք, որ մերժում եք Աստծուն,
ձեր մտքով երբևէ չի՞ անցել,
որ աշխարհում ամեն բան
ցեխ ու մեղք կլիներ
առանց Քրիստոսի»:
 
ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
«Դևերը» վեպի նշումներից
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։