Ստրկատիրությունը Հռոմում – Գրադարան – Mashtoz.org

Ստրկատիրությունը Հռոմում

Հին Հռոմում, մինչդեռ, ստրկությունը չէր նկատվում որպես բնական իրավունքի (Jus naturale), այլ՝ որպես դրույթային (պոզիտիվ) իրավունքի հիմնարկ (Jus in civitate positum): Այսինքն, հին հռոմեացիների համաձայն, մարդն ըստ բնության ստրուկ չէ, բայց կարող է դառնալ: Եվ քանի որ չի ծնվել որպես ստրուկ, ինչպես պնդում էին Հույները, ուրեմն կարող է նաև ազատագրվել և ստանալ կամ վերստին ստանալ քաղաքացիությունը, և մինչև իսկ գրավել կարևոր պաշտոններ պետական կառույցներում: Ստրկության վերաբերյալ նման տեսությունը հնարավորություն է ստեղծում այն բանի համար, որ հեթանոսական Հռոմի պատմության մեջ չեն պակասում Օգոստոս կայսեր նման անձնավորությունները, որոնք «աշխատում էին զսպել քմահաճությունները, որոնք տերերը կարող էին կատարել ստրուկների նկատմամբ: Կար Վեդիո Պոլլիոնե անունով ազատագրված մի ստրուկ, որ դարձել էր ասպետ: Սա իր ստրուկներին գիշատիչների առաջ էր նետում նույնիսկ ամենաթեթև զանցառությունների համար: Թերևս սրա դաժանությանն ի տես զգացած զայրույթն է Օգոստոս կայսրին դրդել հաստատելու մի օրենք, որի համաձայն՝ մայրաքաղաքի կուսակալը պարտավոր էր լսել իրենց տերերի չարաշահումների դեմ ստրուկների հնարավոր բողոքները»[1]:
Սրանով, սակայն, չէր բացառվում փաստը, որ «ստրուկները լինեին ամեն առումով իրավազուրկ անձինք (personae alieno iure subiectae). և սա, ինչպես հիշեցնում է Գայոսը (Dig. I, 6, 1, 1), ո՛չ միայն հռոմեացիների մոտ էր այդպես, այլ նաև բոլոր ժողովուրդների մոտ (apud omnes peraeque gentes) ենթադրում էր, որ տերերը կյանքի ու մահվան իրավունք ունեին իրենց ստրուկների նկատմամբ»[2]: Իրավունք – արժե կրկնել սա – կյանքի ու մահվան, նախաքրիստոնեական «բոլոր ժողովուրդների մոտ»:
Հեթանոս պատմագիր Տակիտոսը վկայում է, որ եթե ստրուկներից մեկը սպանում էր իր տիրոջը, բոլոր ստրուկները դատապարտվում էին մահվան[3]: Այսինքն, – փորձենք մանրամասնել այս տվյալը, – տիրոջ սպանության համար կարող էին մահվան դատապարտվել 300 կամ 400 անձինք: Ինչո՞ւ: Զսպելու համար ապստամբների խլրտումները, որոնք մեծապես հավանական էին մի հասարակության ներսում, ուր ստրուկները բարձր տոկոս էին կազմում բնակչության կազմում: Ազատագրման հնարավորության կողքին, սակայն, հռոմեացի ստրուկը ենթակա էր խստագույն պատիժների վտանգին. ցմահ բանտարկության, ալրաղացի անիվին շղթաներով կապվելու, արյունահոսության հասնելու չափ մտրակումի, մետաղյա հրաշեկ թիթեղներով խարանումների, անդամահատության, ոտքերի ոսկրերի կոտրումի, ճակատին հրաշեկ կնիքով խարանումի, տանջանքների ու խաչելության, կրկեսում գիշատիչների առաջ նետվելու, ողջ ողջ այրվելու՝ կուպրով ծածկված պատմուճան վրան գցած, հանքավայրերում տաժանակիր աշխատանքների, և ա՛յլ նմանատիպ դաժան պատիժների[4]:
Պատերազմների ժամանակ կալանավորված բազմահազար գերիներ, ստրկության մատնվելով, հետագայում գլխատվում, խեղդամահ էին արվում կամ զոհաբերվում էին ի պատիվ հաղթանակած զորավարների, արարողությունների ժամանակ, որոնց միջոցով իշխանությունը փառաբանում էր ինքն իրեն, մինչ ստրուկների ապստամբությունների ժամանակ, – ինչպես, օրինակի համար, Սպարտակի դեպքում, – նրանցից 6.000 հոգի բռնվեց և խաչ բարձրացվեց Կապուայից մինչև Հռոմ ձգվող ճանապարհի երկայնքին, որպես զգուշացում նրանց “կոլեգաներին”:
Ի՞նչ թիվ էր կազմում ստրուկների բնակչությունը հին Հռոմում, առաջին քրիստոնյաների ժամանակ: Շարունակական հաղթանակներն ու նվաճումները Հռոմեացիներին հնարավորություն էին տվել տիրանալու վիթխարի թվով ստրուկների: Կայսրության փառքի ժամանակներում, միայն Իտալիայում, մոտավոր հաշվարկների համաձայն՝ ապրում էին 2-3 միլիոն ստրուկ, այսինքն՝ բնակչության 35-40%ը[5]: Հռոմեական աշխարհում, գրում է Մարկ Բլոքը, «ստրուկները գտնվում էինամենուր. դաշտերում, խանութներում, աշխատանոցներում, պաշտոնարաններում: Հարուստները հարյուրավոր կամ հազարավոր ստրուկներ ունեին: Մարդ պետք է իսկապես չքավոր լիներ, որ չկարողանար գոնե մի ստրուկ գնել»[6]:
[1] Marta Sordi, Paolo a Filemone o della schiavitù, Jaca Book, Milano 1987, p. 34.
[2] Նույն, p. 35.
[3] Annali, libro 14, 43.
[4] Ugo Enrico Paoli, Vita romana, Mondadori, Milano 1982, pp. 112-113; Jean Andreau - Raymond Descat, Gli schiavi nel mondo greco e romano, Il Mulino, Bologna 2006, p. 149.
[5] Olivier Pétré Grenouilleau, La tratta degli schiavi, p. 24.
[6] Mark Bloch, La servitù nella società medievale, La Nuova Italia, Firenze 1993, p. 3.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։