Վհուկները գերմանական աշխարհում և վաղ Միջնադարում. Եկեղեցու ունեցած դերը – Գրադարան – Mashtoz.org

Վհուկները գերմանական աշխարհում և վաղ Միջնադարում. Եկեղեցու ունեցած դերը

Պատմաբան Մայքըլ Հեզեմաննը հիշեցնում է, որ վաղ միջնադարյան Եվրոպայի հեթանոս ժողովուրդներից ևս մեկ ուրիշը՝ գերմանները, «խորապես հավատում էին մոգությանն ու կախարդանքներին, սովորաբար կրակի վրա խորովում էին վհուկներին և ուտում էին նրանց մսերը, անկասկած՝ տիրանալու համար նրանց կարողություններին: Այս սովորությունն այնքան տարածված էր, որ Կարլոս Մեծի հաղթանակից հետո՝ 785 թվականին գումարված Պադեբորնի Ժողովը հարկադրված եղավ անդրադառնալ այդ խնդրին և արգելել այդ սովորույթները ծանր պատիժների սպառնալիքով: [...] Կարլոս Մեծն ինքն էլ պարզորոշ կերպով արգելեց հավատալ վհուկներին, ինչպես վարվում էին հեթանոսները: Ռոտարիի հրովարտակն արդեն – դեռ նոր քրիստոնյա դարձած լոնգոբարդների օրենքների հավաքածոն, որ շարադրվել է Յոթներորդ դարում – արգելել էր վհուկներին սպանելը: [...] 1080 թվականին, Գրիգոր Յոթներորդ Պապը Դանիայի թագավոր Հարալդին գրում է, որ նա չպետք է կարծի, թե իրեն արտոնված է հալածել այն կանանց, որոնց մեղադրում են վատ եղանակ, փոթորիկներ և որոշակի հիվանդություններ պատճառելու մեջ, դատելով նրանց ըստ բարբարոսական սովորույթների, և զգուշացնում է թագավորին, որ եթե չարիք անի անմեղ մի մարդու, իր վրա կհրավիրի աստվածային պատիժները»[1]:
Հռոմեական առասպելներից է՛լ ավելի շատ, հին գերմանական կրոնը հարուստ էր կանացի կերպարներով, որոնք ընդունակ էին փոթորիկներ հարուցանելու, կարկուտ տեղացնելու, կովերի կաթը փչացնելու, հիվանդություններ ու մեջքի ցավ պատճառելու, «գիշերային կենդանիների՝ դոդոշների, բուերի, կատուների, շների, ագռավների կերպարանափոխվելու»[2]:
Իր «Սաքսոնիայի տարածքների հանձնման մասին» գրքում Կարլոս Մեծը, այդ ֆրանկո-քրիստոնյա կայսրը, որ ջանաց արմատախիլ անել գերմանական սովորույթներից մի քանիսը, գրում է. «Եթե ինչ որ մեկը սատանայից խաբվելով՝ հեթանոսական սովորույթի համաձայն կհավատա, թե մի տղամարդ կամ մի կին կախարդ է, և մարդկային միս կուտի և դրա համար նրանց կայրի եւ/կամ կուտի կամ ուրիշին ուտելու կտա նրանց միսը, պետք է մահվան դատապարտվի». որտեղ շատ հստակ երևում է, թե գերմանական ժողովուրդներն ինչպիսի վերաբերմունք և սովորույթներ ունեին կախարդների ու վհուկների վերաբերյալ: Բայց վհուկները գոյություն ունեին նաև ուրիշ ժողովուրդների առասպելաբանություններում:
Կրոնների պատմության մեծ մասնագետ Միրչեա Էլիադեն հիշեցնում է, որ ռումինական և սլավոնական  ժողովուրդների մոտ վհուկները (strigoi) համարվում էին «մարդկանց և կենդանիների վրա համաճարակներ տարածողներ», և ժողովուրդը համոզված էր, որ նրանք կարող էին կերպարանափոխել մարդկանց, երաշտ պատճառել, չար աչքի տակ գցել և «շների, կատուների, գայլերի, ձիերի, խոզերի, դոդոշների և ա՛յլ կենդանիների կերպարանք ստանալ»[3]:
Միջնադարյան պատմության հմուտ գիտակ Ֆրանկո Քարդինին պատմում է, որ տակավին Հինգերորդ դարում, Սիրիայի Բերիտո քաղաքում, «տեղի իրավաբանության դպրոցի մի խումբ ուսանողներ մի գիշեր կազմակերպում են մի ստրուկի ծիսական սպանությունը, էրոտիկ մոգության նպատակով. տեղի Եպիսկոպոսի կողմից պատվիրված հետաքննությունը թույլ է տալիս բացահայտել, որ մոգության գրքերը լայնորեն տարածված էին “ուսյալ” անձանց միջավայրում և որ անարգ ու ոճրագործ արարքները նրանց կողմից պահպանվում էին»:
Եվ սա հակառակ այն բանի, որ Եկեղեցին հնարավոր ամեն բան անում էր այդ ոճրագործություններն արմատախիլ անելու համար. 366 թվականի Լավոդիկեի, ապա նաև Ագդայի, Օրլեանի, Օքսերի, Նարբոնայի և ուրիշ շատ ու շատ Ժողովներ փորձել էին արգելել «թալիսմանների, հմայիլների, հուռութքների, ոգեհարցության» գործածումը, բացատրելով և ցույց տալով, որ «սրբազան իրողության հասկացողությունը բնավ չի նույնանում մոգության հետ»[4]:
568 թվականին, ևս մեկ օրինակ տալու համար, «Նանտեսի Ժողովն արգելում է պաշտել անտառների խորքում գտնվող քարաբեկորները, իսկ 789 թվականին Կարլոս Մեծն արգելում է ծեսեր կատարել ծառերի, ժայռաբեկորների և աղբյուրների մոտ»: Միշտ էլ քրիստոնյաներն են եղել, որ ընդդիմացել են կախարդության մեջ մեղադրվող կանանց այրելու լոնգոբարդյան և գերմանական սովորությանը, ինչպես նաև կելտական վհուկներին, որոնց “ծառայություններից” օգտվել էին նաև Ալեքսանդր Սեվերուս և Դիոկղետիանոս կայսրերը, և որոնք ժողովրդի կողմից համարվում էին գուշակներ, որոնք հմուտ են կախարդանքներ և թուղթ ու գիր անելու մեջ, և ընդունակ են մինչև իսկ ծովային ջրերը հուզելու և մարդկանց կենդանիների կերպարանափոխելու[5]:
Եթե հաշվի ենք առնում այս տվյալները և Եվրոպայից կախարդության աստիճանական և համատարած (թեև ո՛չ ամբողջական) անհետացումը, ակնհայտ է դառնում, որ Քրիստոնեությանն է պատկանում մոգական մտածելակերպն ընդհանուր առմամբ և ի մասնավորի կախարդության երևույթը ճգնաժամի մեջ դնելու և երկարատև դարեր շարունակ զսպված պահելու արժանիքը:
Երբ Տասնվեցերորդ դարում կախարդությունը Եվրոպայում վերադառնում է ակտիվ վիճակի, պատահական չէ, որ վերստին վերցնում ու պահպանում է հեթանոսական անցյալին պատկանող հավատալիքների բնորոշ գծերի մեծ մասը:
[1] Michael Hesemann, Contro la Chiesa, San Paolo, Milano 2009, p. 223.
[2] Maurice Brillant - René Aigrain, Storia delle religioni, E.P. Saie, Torino 1970, vol. III, p. 80.
[3] Mircea Eliade, Occultismo, stregoneria e mode culturali, Sansoni, Firenze 1982, p. 88.
[4] Sarane Alexandrian, Storia della filosofia occulta, Mondadori, Milano 1984, pp. 17-18.
[5] Franco Cardini, Radici della stregoneria, Il Cerchio, Rimini 2000.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։