Տասնվեցերորդ դարը և կախարդության վերադարձը – Գրադարան – Mashtoz.org

Տասնվեցերորդ դարը և կախարդության վերադարձը

Տեսիլքներ ու ոգեհարումներ, – ի՛նչ դատաստան էլ որ կայացնելու լինենք դրանց վերաբերյալ, – որոնք հաճախ իբրև բավականին ծանոթ իրողություններ են հնչում նրանց ականջին, ովքեր կարդացել են Տասնվեցերորդ և Տասնյոթներորդ դարերի վհուկներից մի քանիսի վկայություններն ու նկարագրությունները, և որոնք պետք է որ առաջնորդեն մեզ, ևս մեկ անգամ, վերլուծելու անցյալի պատմական այս դեպքերը դատողության հնարավորինս նվազ մակերեսայնությամբ: Նաև այն պատճառով, որ Տասնվեցերորդ և Տասնյոթներորդ դարերը քրիստոնյա Եվրոպայի պատմության մեջ անկասկած եղան այն դարաշրջանը, որում ամենաուժգին կերպով վերազարթոնք ապրեցին հետաքրքրությունները մոգության, ալքիմիայի և աստղագուշակության նկատմամբ: Նախնիների հանդեպ սերը ծնունդ տվեց հեթանոսական հավատալիքների վերարծարծմանը, այնպես՝ որ ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ «Վերածնունդը, որը սովորաբար ներկայացվում է որպես արվեստների վերաշխուժացման և գիտական մտքի ցայտման դարաշրջան, եղավ նաև գերագույն աստիճանի “մոգերի ժամանակը”», մի ժամանակ, որում աղթարքները, սիրային հմայիլները և քիչ թե շատ չարամիտ կախարդանքները հայտնվեցին «եվրոպական մեծ մշակույթի կենտրոնում, ո՛չ թե արվարձաններում»: Իրոք, այդ տարիներին է, որ ի հայտ եկան Թոմմազո Քամփանելլայի և Ջորդանո Բրունոյի, Ջերոլամո Քարդանոյի, Պարակելսիուսի, Կորնելիո Ագրիպպայի, Ջովամբատտիստա Դելլա Պորտայի, Ռոբերտ Ֆլուդդի և ուրիշների գրքերը[1]:
Հերետիկոս վանական Թոմմազո Քամփանելլան գրեց «De sensu rerum et magia» («Առարկաների իմաստի և մոգության մասին») և «De fato siderali vitando» («Աստղային ճակատագրից խուսափելու մասին») գրքերը, որոնց մեջ – հակառակվելով աստղագուշակության դեմ Եկեղեցու կողմից արձակված դատապարտումներին, ինչպիսիք էին, օրինակի համար, Սիքստոս Հինգերորդ Պապի կողմից 1586 թվականին հրապարակված «Coeli et terrae» («Երկինք և երկիր») Կոնդակը, կամ աստղագուշակության դեմ Փիքո Դելլա Միրանդոլայի և Հիսուսյան Միաբանության անդամներ Անտոնիո Պոսսեվինոյի և Բենեդետտո Պերեյրայի աշխատությունները – փաստում էր, որ հավատում էր մոգական և աստղագուշակային տեխնիկաների գոյությանը, որոնք իբր թե ի զորու են պաշտպանելու մարդկանց աստղերի վնասակար ազդեցությունից և “ճակատագրի” վճիռներից, և իբր թե հնարավոր է աստղերի ուսումնասիրման շնորհիվ կանխատեսել բնական մեծ իրադարձություններն ու պատմական ապագա դեպքերը:
Այս ամենից բացի, կարծում էր, թե «գտել էր աշխարհի մոտակա վախճանի փաստերը», և համոզված էր, որ «աճող նպաստավոր յոթը մոլորակների» ազդեցության շնորհիվ ինքն իսկ կարողանալու էր փոխել պատմության ընթացքը, դառնալով «աշխարհի միապետը»: Այս երևակայական համոզմունքից մղված, սկսեց պետական հեղաշրջում ծրագրել ընդդեմ իսպանական գահի, ստանալով մի քանի վանականների, մի քանի տեղական իշխանիկների և սարակինոս ծովահենների աջակցությունը[2]:
Ջովամբատտիստա Դելլա Պորտան, որը անձամբ ծանոթացել էր Քամփանելլային, այդ նույն տարիներին հեղինակել էր մի գիրք, որն արդեն մեջբերել ենք և որը մեծ հաջողության հասավ.
լատիներեն բնագիրը թարգմանվեց իտալերենի, ֆրանսերենի, հոլանդերենի, գերմաներենի, և տեղ գտավ «ազնվականների, կայսրերի, գիտնականների ու բանաստեղծների գրադարաններում, ինչպես նաև լայն տարածման ժողովրդական գրականության մատենաշարերում»[3], ինչը որ անուղղակի կերպով ցույց է տալիս և փաստում է, թե սնահավատություններով որքա՜ն հագեցած էին Վերածննդի շրջանի հասարակության բոլոր խավերը:
Այդ տարիների հանրահայտ կախարդներից մեկն էր Ջորդանո Բրունոն, հեղինակը «De magia» («Մոգության մասին») և «Theses de magia» («Դրույթներ մոգության մասին») գրքերի, որոնց մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում աստղերի և դևերի մոգական կառավարման հավատալիքները. Բրունոն համոզված էր, թե ինքը Երկիր առաքված երկնային պատգամաբեր էր, որ ընդունակ է «դեպի վեր ճախրելու, դեպի Ճշմարտությունը և Լույսը, ապշահար թողնելով կիսամարդկանց կամ սովորական մահկանացուներին». ինչպես նաև կարծում էր, որ կարող էր լիովին ձերբազատվել ցավից ու մահից: Այս ամենից բացի, համոզված էր, թե հիվանդությունները «չար դևերի ներկայության հետևանքն էին», և Ագրիպպայի նման համոզված էր, թե կարող է ձեռքբերել «ամբողջական տիրապետություն ուրիշների հոգիների ու մարմինների վրա», քանի որ համոզված էր, որ կախարդը «venator animarum» («հոգիների որսորդ») է, ընդունակ՝ իր մոգական կապանքների, խոսքերի, կախարդական բանաձևերի, փսփսուքի միջոցով ուրիշների կամքի վրա տիրապետություն հաստատելու: «Ասում են, թե կախարդները», գրում է Բրունոն, «ազդելով նրա ստվերի վրա, ում ուզում են հմայել կամ ազատել, կարողանում են մի անցում բացել, որի միջով մտնում են նրա մարմնի մեջ». ինչպես նաև կարողանում են ուրիշներին կախարդական կապանքների մեջ բռնել զոհերի համար «անընկալելի փսփսուքի միջոցով», որոնք սակայն կապվում են «զգալի և անմիջական կերպով»[4]: Ճիշտ այնպես, նշում է Պաոլո Ռոսսին, ինչպես մինչև օրս էլ վարվում են ավստրալիական շամանները կամ աֆրիկյան կախարդները, որոնք համոզված են, թե կարող են տիրապետություն հաստատել մի մարդու վրա, բանտարկելով նրա պատկերը հայելու մեջ կամ տիրանալով նրա ստվերին: Այսպիսի համոզմունքների տեր ահա այս կախարդին են համաշխարհային մակարդակով մեծարում ու երկրպագում հակաքրիստոնեական արդի հոսանքները:
 
Տասնվեցերորդ դարը նաև ժամանակաշրջանն է, որում ուժգին վերազարթոնք են ապրում հին գուշակությունները, որոնք Եկեղեցու կողմից դատապարտվել էին առաջին իսկ Ժողովների ժամանակ, պաշտոնապես արգելվել էին քրիստոնյա կայսրեր Կոստանդիանոսի և Թեոդոսիոսի կողմից, պախարակվել էին Եկեղեցու Սուրբ Հայրերի գրություններում, որոնց շարքին հիշարժան են մեծն Սուրբ Օգոստինոսի աշխատությունները. նրա համոզմամբ, գուշակությունները ծնունդ են առնում «ժանտաբեր հետաքրքրասիրությունից» («pestifera curiositas»), սնահավատների վախերից ու սարսափներից և Աստծո՝ մարդկանց Արարչի կողմից պարգևված ազատության թյուր ըմբռնումից: «Գուշակությունների ամենատարբեր տեսակի տեխնիկաների հանդեպ աճող հետաքրքրությունը», գրում է Գուիդո Ջիլիոնին, «և ճանաչողության առավել ճկուն չափանիշների որոնումը կարող են նկատվել որպես Վերածննդի սկեպտիկական ճգնաժամին տրված մի պատասխան: Փիլիսոփայական և կրոնական համոզմունքների թուլացումը հանգեցրեց ենթադրական, վարկածային, հավանականապաշտ ճանաչողության ձևերի արժևորմանը: [...] Պատահական չէ, որ Տասնհինգերորդ դարի վերջում և Տասնվեցերորդ դարում մեկը մյուսի ետևից ի հայտ եկան մարգարեներ ամբողջ Եվրոպայի տարածքում»: Ապա, ընդգծելով «ապակրոնականացումի գործընթացի» և Վերածննդի ժամանակներում գուշակության նկատմամբ հետաքրքրության աճի միջև գոյություն ունեցող կապը, հավելում է. «Բազմաթիվ ուսումնասիրողներ ընդգծում են այն փաստը, որ Միջնադարի ավարտից սկսած՝ մոգությունն ու գուշակությունները միշտ ավելի մեծ կարևորություն էին ստացել քաղաքական տեսանկյունից դիտված»:
Միայն ժողովուրդը չէր, միայն տգետ զանգվածները չէին, որ այդ տարիներին շրջապատվում էին գուշակներով, այլ նաև իշխանները, ավատատերերը, թագավորները, որոնք ակնկալում էին կանխատեսումներ քաղաքական իրադարձությունների, պատերազմների, հաղթանակների, ինչպես նաև իրենց հիվանդությունների ընթացքի, իրենց մահվան օրվա և պատճառի վերաբերյալ[5]: Այս բանի հետևանքը եղավ այն, որ գուշակները դարձան կարևորագույն, իսկ երբեմն էլ վճռորոշ դեր խաղացող անձնավորություններ, և կարողացան իրենց “խորհուրդներով” այս կամ այն կողմ ուղղորդել իշխանավորներին և նրանց քաղաքական գործունեությունը: Պատահական չէ, որ դա դարաշրջանն է 1503 թվականին Ֆրանսիայում ծնված և աշխարհահռչակ անձնավորություն դարձածՆոստրադամուսի, որին ունկնդրում և քիչ թե շատ հպատակվում էին Հենրի Երկրորդի, Կատերինա Դե Մեդիչիի, Ֆրանսուա Երկրորդի և Կարլոս Տասներորդի արքունիքներում:
Իսկ ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ “գուշակությունները”: Ապագայի և մահվան տագնապից սարսափահար հեթանոսական աշխարհը արդի դարաշրջանին իբրև ժառանգություն ավանդել է գուշակության տարբեր “տեխնիկաներ”. հեմերոլոգիա կամ օրաբանություն, կայանում է հաշվարկներ կատարելու մեջ, թե ո՛ր օրերն են նպաստավոր և ո՛ր օրերն են աննպաստ՝ որոշակի ինչ որ մի նպատակի համար, “ուսումնասիրելով” ծառերն ու բույսերը, գետերն ու աղբյուրները. էպատոսկոպիա կամ լյարդադիտում, կայանում է զոհաբերված կենդանիների լյարդի դիտմամբ ապագան “կարդալու” մեջ. լիտոբոլիա կամ քարանետում, կայանում է ապագայի իրադարձությունները գուշակելու մեջ՝ գետնին տարբեր տեսակի քարեր նետելով և դրանց շարժումն ու վերջնական դասավորությունը “ուսումնասիրելով”. պալմոմանտիա կամ ցնցումասացություն, կայանում է մարմնի մկանների ակամա ցնցումները, պրկումները “կարդալու” մեջ. ալեկտրոմանտիա կամ հավահմայություն, որը կատարվում է վարժեցված աքաղաղին մի շրջանակից ներս մտցնելով, ուր ցրված դրվել են այբուբենի տառերը, որոնցից յուրաքանչյուրի վրա դրվել է ցորենի մի հատիկ. քլերոմանտիա կամ բախտագուշակություն, «գուշակության մի ձև է, որ կատարվում է ոսկորի փոքրիկ կտորներ և սև ու սպիտակ հատիկներ գետնին նետելով». պիրոմանտիա կամ հրահմայություն, «որը կարծում էր, թե կարող է ապագան գուշակել՝ մեկնաբանելով զոհաբերված ընծային այրող կրակի բոցերը». կապնոմանտիա կամ ծխագուշակություն, որը «վերլուծում և ուսումնասիրում է ծխի քուլաները». մետոսկոպիա կամ խալագուշակություն, այսինքն «անձի ապագան գուշակելը՝ վերլուծելով նրա ճակատի կնճիռները» և մարմնի վրայի խալերը. քիրոմանտիա կամ ձեռքի ափի գծերը “կարդալը”. ֆիզիոնոմիկա կամ մարդու արտաքին կերպարանքի, մարմնի համաչափությունների “ուսումնասիրությունը”. գեոմանտիա կամ երկրագուշակություն, այսինքն՝ ապագա դեպքերի կանխասացությունը հողի վրա բնական կամ արհեստական ճանապարհով ձևավորված գծերն ու ծալքերը “ուսումնասիրելու” միջոցով. նեկրոմանտիա կամ մեռելահարցություն. աստրոլոգիա կամ աստղագուշակություն. կարտոմանտիա, տերատոսկոպիա, և այլն, և այլն, և այլն[6]:
Բոլոր այս “գուշակություններին” Եկեղեցին միշտ ընդդիմացել է, և՛ որովհետև կեղծ են ու ծիծաղելի, և՛ որովհետև – և հատկապե՛ս – ստորացնում են մարդու արժանապատվությունը և նրան զրկում են իր պատասխանատու ազատության գիտակցությունից: Բայց հեթանոսական մտածողության վերազարթոնքը դրանք իրենց գագաթնակետին հասցրեց հենց Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում մինչև մեր օրերը, նպաստելով խավարամած ու վհուկային մթնոլորտ ստեղծելու գործին: Եվ անձնավորությունները, որոնք իրենց համարում էին կախարդներ և զբաղվում էին նման անհեթեթություններով ու թմրամոլությամբ, հակաքրիստոնեական արդի հոսանքների կողմից մինչև օրս անվանվում ու ծափահարվում են որպես մեծանուն գիտնականներ:
[1] Paolo Rossi, Il tempo dei maghi. Rinascimento e modernità, Raffaello Cortina, Milano 2006, p. 1.
[2] Francesco Forlenza, La congiura antispagnola di Tommaso Campanella, Temi, Trento 1996, pp. 63-73.
[3] Aa.Vv., Il Rinascimento italiano e l'Europa. Le scienze, Angelo Colla Editore, Vicenza 2008, vol. V, p. 156.
[4] Paolo Rossi, Il tempo dei maghi. Rinascimento e modernità, pp. 30, 52, 64-74, 164-165.
[5] AA.VV., Il Rinascimento italiano e l'Europa. Le scienze, pp. 249, 258-259. Հարկավոր է հիշել նաև փաստը, որ այդ ժամանակներում ծանր կացություն էր տիրում նաև Եկեղեցու ներսում: Եղան նաև մի քանի Քահանայապետներ, որոնք Եկեղեցու ավանդական ու պաշտոնական դիրքորոշմանը հակառակվելով՝ իրենց համար աղթարքներ պատվիրեցին: Խոսքը, կրկնում եմ, վերաբերվում է իրենց անձնական մեղանչումներին, և ոչ մի, անգամ նվազագույն փոփոխություն երբևէ չմտցվեց Եկեղեցու ավանդական ու պաշտոնական վարդապետության մեջ:
[6] Sarane Alexandrian, Storia della filosofia occulta, pp. 244-321.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։