Քրիստոնյաների թիվը բազմապատկվում է. քրիստոնեական մարդասիրության գործադրումը – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաների թիվը բազմապատկվում է. քրիստոնեական մարդասիրության գործադրումը

Այդուամենայնիվ, Եկեղեցու նորածիլ տունկը, ճղակտոր լինելով և հալածանքների սուր դանակով էտվելով հանդերձ, շարունակում է միշտ ավելի ու ավելի աճել:
Ինչո՞ւ: Բացատրությունը տալիս են, ի թիվս ուրիշների, այնպիսի անվանի պատմաբաններն, ինչպիսիք են Լեյն Ֆոքսը և Փոլ Վենը:
Լեյն Ֆոքսը նախևառաջ հիշեցնում է, որ բոլորին «մեծապես հայտնի» էր քրիստոնեական համայնքներում գոյություն ունեցող փոխադարձ սերը, որի առարկան էին հանդիսանում, ի մասնավորի, «աղքատները, այրիները, որբերը». «Երբ քրիստոնյաներից ոմանք բանտարկվում էին, մյուս քրիստոնյաները հավաքվում էին՝ նրանց կերակուր և մխիթարություն հասցնելու համար: Հեթանոս սատիրագիր Լուկիանոսը կատարելապես ծանոթ էր այս իրականությանը: Տերտուղիանոսը վկայում է, որ երբ քրիստոնյաներին տանում էին կրկեսում մահվան մատնելու, հանդիսատեսների ամբոխն աղաղակում էր. “Տեսեք այս քրիստոնյաներին, թե ինչպես են սիրում միմյանց”: Քրիստոնեական սերը բոլորի աչքի առաջ էր և իր վճռական ազդեցությունն է ունեցել այլահավատներին քրիստոնեական հավատքի բերելու գործում: Այլահավատները, քրիստոնեական սիրո էությամբ հետաքրքրվելով, քրիստոնեական հավատքի մեջ մեծարված էին գտնում այնպիսի արժեքներ, որոնք անհայտ էին հեթանոսական հասարակությանը», ինչպես, օրինակի համար, խոնարհությունը և աղքատասիրությունը:
Եվ տակավին. «Կային քրիստոնյաներ, որոնք բացահայտ կերպով, հրապարակայնորեն իսկապես գործադրում էին քրիստոնեական սերը և տալիս էին հազվադեպ ալտրուիզմի օրինակներ. Երրորդ դարի հիսունական թվականներին քրիստոնեական Եկեղեցին էր, ո՛չ թե հեթանոսական քաղաքը, որ անհապաղ դրամահավաք կազմակերպեց՝ փրկագնելու և ազատության վերադարձնելու համար իր հավատացյալներին, որոնք գերեվարվել էին բարբարոսների կողմից: 262 թվականին, Աղեքսանդրիայում տարածված համաճարակի ժամանակ, քրիստոնյաները խնամում էին իրենց հիվանդներին, մինչ հեթանոսներն իրենց հարազատներին անգամ լքում էին հիվանդության առաջին նշաններն իսկ նկատելու դեպքում: Միևնույն տարվա պաշարման ժամանակ, քրիստոնեական համայնքի երկու անվանի ներկայացուցիչներ բազմաթիվ տարեցների ու տկարների կարողացան փրկել, նախ քրիստոնյաների, բայց հետո նաև հեթանոսների: Հայտնի իրողություն է, որ 311-312 թվականների սաստիկ սովի ժամանակ հեթանոս ամենահարուստ բարեգործները սկզբում առատ օգնություններ էին բաշխում ժողովրդին, բայց շատ չանցած՝ դադարեցին օգնել սովահարներին, վախենալով, որ իրենք էլ շուտով կաղքատանան: Քրիստոնյաները, մինչդեռ, խնամում ու մխիթարում էին մահամերձներին, թաղում էին մահացածներին և հաց էին բաժանում բոլոր նրանց, ովքեր տառապում էին սովից»[1]:
Քրիստոնեական սերը հավատքի փոխանցման կարևորագույն գործոնն է եղել նաև մեծանուն սոցիոլոգ Սթարքի կարծիքով, որն ուսումնասիրել է, թե այն ինչպես է ազդել առաջին քրիստոնյաների նաև թվային աճի վրա: Արդարև, վերլուծելով 165 և 251 թվականների համաճարակները, գրում է. «Հեթանոսական պատասխանը եղավ խուճապն ու փախուստը: Նրանք, ովքեր ի վիճակի էին, փախան, ապաստանելով հեռավոր գյուղերում: Մինչև իսկ Գալենոսը, դասական դարաշրջանի ամենահամբավաշատ բժիշկը, հեռացավ Հռոմից և գյուղական իր կալվածքում մնաց այնքան ժամանակ, մինչև որ վտանգը դադարեց: Նրա նման վարվեցին հեթանոս հարուստների, քաղաքական առաջնորդների և նաև քուրմերի մեծամասնությունը: Հույներն ու Հռոմեացիները, որոնք չէին կարողացել փախչել, ջանացին խուսափել զոհերի հետ որևէ շփումից. հազիվ թե ինչ որ մեկի մոտ ի հայտ էին գալիս վարակի առաջին իսկ նշանները, նա փողոց էր նետվում իր իսկ ընտանիքի անդամների ձեռքով, որպեսզի գնար համալրելու մեռածների ու մահամերձների կույտերը: Քրիստոնյաները, մինչդեռ, ա՛յլ կերպ հակազդեցին: Ո՛չ հարուստները փախան, ո՛չ էլ քահանաները, ընդհակառակն՝ ամբողջ ուժով նվիրվեցին հիվանդներին խնամելու գործին, խնամելով ո՛չ միայն քրիստոնյաներին, այլ նաև հեթանոսներին: Նրանցից շատերը, որ նվիրվեցին հիվանդներին խնամելու և բժշկելու գործին, իրենց սեփական կյանքը կորցրեցին դրա համար, բայց խնամվածների երկու երրորդը, որն այլապես մեռնելու էր, վերապրեց»[2]:
Սույն վարվելակերպը, որը Եկեղեցու պատմության բոլոր քսան դարերի ընթացքում մնաց և մնում է որպես քրիստոնյաների բնորոշ հատկանիշը, – իրենց մարդկային բոլոր սահմաններով ու սխալականությամբ հանդերձ, – իր արմատները գտնում է Քրիստոսի ուսուցումների մեջ, որոնցով Նա Իր աշակերտներից պահանջում է գործադրել մարդասիրությունը (Հվհ 13, 29; Ղկս 12, 33), քրիստոնյաների համար որպես օրինակ է ներկայացնում բարի սամարացու կերպարը (Ղկս 10, 25-35) և հայտարարում է, որ յուրաքանչյուր մարդ դատվելու է «ամենափոքրերի» նկատմամբ կատարվածգործերի հիման վրա (Մտթ 25, 31-46): Ուսուցումներ, որոնք դարերի ընթացքում ծնունդ տվեցին հիվանդանոցներին (նոզոքոմիաներ), որբանոցներին (բրեֆոթրոֆիաներ), բորոտանոցներին (լեպրոզարիաներ), հոգեբուժարաններին (մանիքոմիաներ), պանդուխտ օտարականների համար նախատեսված հյուրատներին (քսենոդոքսիաներ), ուխտավորներին հյուրընկալող իջևանատներին (հոսպիտալիաներ), հասնելով մինչև մեր օրերը, երբ Քսաներորդ դարի երկրորդ կեսին Եկեղեցին ծնունդ տվեց Կյանքի Օգնության Կենտրոններին, զավակների հետ դժվարության մեջ գտնվող ընտանիքների համար, և Վերականգնողական Կենտրոններին, թմրամոլության ծուղակն ընկած մարդկանց համար:
[1] Robin Lane Fox, Pagani e cristiani, pp. 343, 642.
[2] Rodney Stark, La scoperta di Dio, Lindau, Torino 2008, p. 424.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։