Քրիստոնյաներն ընդդեմ մանկասպանության – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաներն ընդդեմ մանկասպանության

Քրիստոնեության Առաջին դարում շարադրված հնագույն վավերագրերից մեկը հանդիսացող Դիդախեում կարդում ենք. «Մի՛ սպանիր արգանդիդ պտուղը աբորտով, ո՛չ էլ մահվան մատնիր արդեն ծնված երեխային»:
Երկրորդ դարի քրիստոնյա ջատագովներից Մինուցիուս Ֆելիքսն իր Օկտավիուս կոչվող աշխատության Երեսուներորդ գլխի Երկրորդ պարբերությունում, Քրիստոսի ուսուցումները համեմատելով հեթանոսական աստվածությունների վարքի հետ, գրում է. «Դուք ձեր նորածին երեխաներին որպես կերակուր եք տալիս գազաններին ու թռչուններին, կամ խեղդելով սպանում եք թշվառագույն մահվամբ. կան ձեր մեջ այնպիսիք, որ թուրմեր խմելով՝ սեփական արգանդի մեջ մահ են պատճառում պտղին, որը սահմանված էր մարդ դառնալու, և այդպիսով մանկասպանություն են գործում ծննդաբերությունից առաջ: Եվ սա սովորել եք ձեր աստվածներից. մանավանդ թե, Սատուրնը [հունական Քրոնոսը] ո՛չ թե լքեց իր զավակներին, այլ՝ ուղղակի հոշոտեց ու լափեց նրանց»:
Տերտուղիանոսն, իր հերթին, իր Ջատագովության Իններորդ գլխում գրում է. «Մեզ՝ քրիստոնյաներիս, մարդասպանությունը կտրականապես արգելված է, և հետևաբար՝ թույլատրված չէ նաև սաղմին սպանելը մայրական արգանդում: Ծնունդին խոչընդոտելը կանխավ գործված մարդասպանություն է: Տարբերություն չկա, թե սպանում ես արդեն ծնված կյանքը կամ թե այդ նույն կյանքին արգելում ես, որ ծնվի. արդեն իսկ մարդկային էակ է նա, որ պատրաստվում է ծնվելու: Յուրաքանչյուր պտուղ արդեն իսկ իր սերմի մեջ է»:
Երկրորդ դարի քրիստոնեական կարևորագույն վավերագրերից մի ուրիշը՝ Դիոգնետոսին ուղղված Նամակը, որ գրվել է Փոքր Ասիայում, ընդգծում է միևնույն գաղափարները. «Քրիստոնյաները [...] ամուսնանում են բոլորի նման և երեխաներ են ծնում, բայց դեն չեն նետում իրենց զավակներին»:
Սուրբ Հուստինոսն իր Առաջին Ջատագովության Քսանյոթերորդ գլխում հաստատում է. «Որևէ անարդարությունից ու ամբարշտությունից զերծ մնալու համար մեզ ուսուցանվել է, որ չարագործներին է բնորոշ նորածիններին լքելը». իսկ եթե պատահում է, որ լքվածին գտնում են հեթանոսները ու իբր թե “փրկում”, մեծ մասամբ «տեսնում ենք, որ նրանց բոլորին սահմանում են պոռնկության, և ո՛չ միայն աղջիկներին, այլ նաև տղաներին: Եվ ինչպես ասվում է, որ հները եզներ կամ այծեր կամ ոչխարներ կամ ձիեր էին բուծում, այդպես էլ այժմ երեխաներ են բուծում սոսկ նրա համար, որ ամոթալի նպատակով գործածեն»:
 
Իսպանիայում, 529 թվականի Թոլեդոյի Ժողովի ժամանակ Եպիսկոպոսները հաստատում են, որ իրենց զավակներին սպանած ծնողները պետք է պատժվեն «ամենախիստ պատիժներով, բացառելով միայն մահապատիժը», իսկ 572 թվականի Բրագայի Ժողովում հաստատվում են կանոններ աբորտի և արտաամուսնական հարաբերություններից ծնված երեխաների սպանության դեմ[1]:
Մանկասպանության վերաբերյալ Ա. Բոդրիյարը գրել է. «Թերևս չկա այնպիսի մի հարց, որի շուրջ հին ու հեթանոսական հասարակարգի և քրիստոնեական ու արդի հասարակարգի միջև տարբերությունն առավել ընդգծված է, որքան երեխաների նկատմամբ գրաված նրանց համապատասխան դիրքորոշումների հարցն է»:
Իրոք, եթե դիտում ենք հին աշխարհը, տեսնում ենք, որ աբորտն ու մանկասպանությունը բավականին տարածված են եղել: «Սենեկան», հիշեցնում է Ռոդնիյ Սթարքը, «նորածին երեխաներին ջրի մեջ ընկղմելով խեղդամահ անելը սովորական և խելամիտ արարք էր նկատում: Տակիտոսը մեղադրում է հրեաներին, որոնց “արգելված է սպանել առաջնեկից հետո ծնվող զավակներից մեկին կամ մի քանիսին”, համարելով դա նրանց “վնասակար ու տգեղ սովորույթներից” մեկը: Սովորական բան էր անցանկալի երեխային ինչ որ մի տեղ թողնելը, որպեսզի – ասում էին – ով փափագում էր, կարողանար վերցնել ու մեծացնել, թեև սովորաբար երեխան այդպիսով մատնվում էր ցրտի, վայրի կենդանիների ու թռչունների քմահաճույքին»[2]:
Հռոմեական և հունական մշակույթի երկրներում, հետևաբար, երեխաները սպանվում էին հանգիստ խղճով, կամ էլ վաճառվում էին, եթե հայրը հրաժարվում էր խնամել նրանց, այսինքն՝ ծննդյան պահին վեր բարձրացնել և ճանաչել որպես իր զավակը[3], կամ էլ դեն էին նետվում, թողնելով,որ մեռնի սովից ու ցրտից, եթե ինչ որ մեկը չփրկեր երեխային (փրկողներն էլ, սովորաբար, դա անում էին, որպեսզի մի քանի տարի անց երեխային վաճառեին որպես ստրուկ): Հռոմի պեղումների ժամանակ, հին քաղաքի կոյուղիներում գտնվել են նորածին երեխաների ոսկորների ամբողջական կույտեր, որոնք լքվել և ապա նաև թափվել են որպես աղբ:
Մանկասպանության զոհերը, ինչպես տեղի է ունենում ժամանակակից Չինաստանում և Հնդկաստանում, ավելի հաճախ աղջիկներն էին (են), մինչ աբորտը, սաղմին սպանելուց բացի, հաճախակի պատճառն է հանդիսանում նաև կնոջ մահվան, կամ հետագա անպտղության, և շատ հաճախ՝ հոգեկան խանգարումների:
Բայց մանկասպանությունը չէր գործադրվում միայն Հռոմում, ինչպես վկայում է նաև քաղաքի հիմնադրումը պատմող Ռոմոլոյի և Ռեմոյի առասպելը, կամ Հունաստանում, ուր գոյություն ուներ ծիսական հատուկ արարողություն, որի ժամանակ նորածիններ էին զոհաբերում հեթանոս աստվածներին, – հունական դիցաբանության համաձայն՝ աստվածներն իրենք էլ էին լքում իրենց զավակներին, – այլ նաև ամբողջ հին աշխարհում:
Ժամանակակից հայտնի անիմալիստ Պիտեր Սինգերն ամբողջ ուժով պաշտպանում է այն գաղափարը, թե այդ հին սովորույթը հարկավոր է գործնական դաշտ վերադարձնել նաև այսօր, օրինականացված աբորտի հետ միասին. քանի որ միայն քրիստոնյաներն են կտրականապես մերժում մանկասպանությունը, մի՞թե դա փաստում է, ասում է Սինգերը, որ միակ իրավացին քրիստոնյաներն են, մինչ անցյալի բոլոր ժողովուրդներն ու կրոնները սխալվել են:
«Անցանկալի նորածիններին սպանելը», գրում է Սինգերը, «կամ թողնելը, որ մեռնեն, սովորական բան է եղել բազմաթիվ հասարակարգերում, նախապատմության և պատմության ամբողջ ընթացքում: Մանկասպանությանը հանդիպում ենք, օրինակի համար, հին Հունաստանում, ուր անդամալույծ երեխաներին թողնում էին լեռների դարավանդների վրա: Հանդիպում ենք քոչվոր ցեղախմբերի մոտ, ինչպիսին է Քունգ ցեղախումբը Քալահարիի անապատում, ուր կանայք սպանում են բոլոր նորածիններին, երբ ունեն ավելի մեծ մի զավակ, որը դեռ չի քայլում: Մանկասպանությունը սովորական բան էր նաև պոլինեզյան կղզիներում, օրինակ՝ Թիկոպիայում, ուր սննդային պաշարների և բնակչության միջև հավասարակշռությունը պահպանվում էր ծնունդից անմիջապես հետո խեղդելով անցանկալի երեխաներին: Ճապոնիայում, արևմտականացումից առաջ, “մաբիկին” – բառը ծնունդ է առել բրնձի տունկերը նոսրացնելու գործողությունից, թույլ տալու համար, որպեսզի մյուսները ծաղկեն, բայց որն ի վերջո սկսեց գործածվել մատնանշելու համար նաև մանկասպանությունը – լայնորեն գործադրվում էր ո՛չ միայն գյուղացիների կողմից, որոնց ապրուստի միջոցները համեստ չափսերի հողակտորների հույսին էին, այլ նաև հարուստների կողմից»[4]:
 
Քրիստոնեության տարածմամբ և քրիստոնեական քաղաքակրթության կերտմամբ ու ամրապնդմամբ, ժողովուրդների մեծամասնության մոտ աբորտն ու մանկասպանությունը մշակութային հարթության վրա դարձան անընդունելի, և հետևաբար՝ նվազ հաճախակի և սահմանափակ երևույթներ. զարգացան լքված երեխաներին և դժվարությունների մեջ հայտնված ընտանիքներին օժանդակող հաստատությունները. Եկեղեցու մարդասիրական գործունեության կողքին, քրիստոնյա թագավորներն ու իրավագետները լծվեցին քաղաքացիական կենակցության օրենքներն առավել մարդկային դարձնելու գործին. Կոստանդիանոս կայսրից սկսած, պետական օրենքներով արգելվեցին աբորտն ու մանկասպանությունը և պետության վրա պարտավորությունը դրվեց օգնության հասնելու կարիքավոր ընտանիքներին, որպեսզի տնտեսական կարիքներից մղված չդիմեն սեփական զավակներին սպանելու կամ վաճառելու անմարդկային ու ստորացուցիչ գործին: 374 թվականի օրենքի համաձայն՝ լքված երեխայի հայրը կարող էր մինչև իսկ մահվան դատապարտվել. սա անհավատալիորեն նշանակում է գլխիվայր շրջումը հեթանոսական մտածելակերպի, ուր հայրն անձեռնմխելի էր, իսկ զավակը՝ ունեցվածք, առարկա[5]:
Երեխաների վերաբերյալ քրիստոնեականից տարբեր ընկալում տարածվեց սոսկ այն ժամանակ, երբ պատմության բեմահարթակ բարձրացան կոմունիզմն ու նացիզմը, որոնք առաջինները եղան, որօրինականացրեցին ո՛չ միայն աբորտը, այլ նաև հիվանդ կամ անդամալույծ երեխաների սպանությունը: Այսօր, մինչդեռ, մեր այլևս հետքրիստոնեական Արևմուտքում ականատես ենք լինում աբորտի զանգվածային տարածմանը, նաև էուգենետիկական պատճառների համար, մինչ Հոլանդիայում օրինական է դարձել մինչև 12 տարեկան երեխաների էութանազիան (եվրոպական բազմաթիվ երկրներ ևս բռնել են նման օրենքներ ընդունելու ճանապարհը), իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կատարվում է աբորտի մի տեսակ, որ կոչվում է «մասնակի ծննդյան» և էապես նույնն է, ինչ մանկասպանությունը[6]:
[1] BUENAVENTURA DELGADO, Storia dell'infanzia, pp. 85-86. Եկեղեցին մի կողմից դատապարտում էր երեխաների վաճառքն ու լքումը, – դա ծնողների կողմից կատարված լիներ, թե ուրիշների, – և իր բազմաթիվ Ժողովներում (Վայիսոնի, Լերիդայի, Թոլեդոյի, և այլն) շարունակեց պայքարել երեխաների սպանության կամ կենդանիներին որպես կերակուր թողնելու սոսկալի ոճիրների դեմ, իսկ մյուս կողմից՝ վաղ Միջնադարից իսկ սկսած հիմնեց որբանոցներ, ուր ընդունում և խնամում էր ծնողների կողմից լքված երեխաներին: Առաջին որբանոցներն ի հայտ են եկել վանքերին կից (ինչպես պատմվում է, օրինակի համար, «Մարչելլինո հաց ու գինի» սքանչելի ֆիլմում): Վանականների կողմից փրկված երեխաների հիշատակը պահպանվել է մինչև իսկ եվրոպական բազմաթիվ ազգանուններում. Դիոտալլեվի (Աստված քեզ մեծացնի), Էսպոզիտո (Լքված), Դելյի Էսպոզիտի (Լքվածների), Իննոչենտի (Անմեղներ), Տրովատո (Գտնված), Տրովայ (Գտա), Ֆորտունա (Բախտ), Պրոյետտի (Ընկեցիկ), և այլն:
[2] Rodney Stark, Ascesa e affermazione del cristianesimo, p. 161.
[3] Խեղանդամ երեխաները, մինչդեռ, անտարակույս սպանվում էին մանկաբարձների իսկ ձեռքով, հորը ընդունելու կամ մերժելու կանչելուց առաջ արդեն (GEORGES DUBY - MICHELLE PERROT, Storia delle donne, p. 330): Երեխաների հանդեպ անպայմանադիր սերն է, որ Քրիստոնեության այնպիսի ոխերիմ թշնամու, ինչպիսին է Նիցշեն, գրել է տալիս. «Աստծո առաջ բոլոր “հոգիները” դառնում են հավասար: Բայց հենց սա է հնարավոր բոլոր արժևորումներից ամենավտանգավորը: Եթե անհատներն իրար կողքի դրվում են որպես հավասարներ, հարցականի տակ է դրվում ցեղատեսակը, զարկ է տրվում մի գործելակերպի, որը սկիզբ է տալիս ցեղատեսակի խաթարմանը. քրիստոնեությունը սելեկցիայի հակառակ սկզբունքն է: Եթե խեղանդամն ու հիվանդը պետք է առողջի միևնույն արժեքն ունենան, [...] ուրեմն խոչընդոտվում է էվոլյուցիայի բնականոն ընթացքը: [...] Մարդկանց հանդեպ այս համընդհանուր սերը գործնականում առանձնաշնորհյալ խնամք է վերապահում բոլոր տառապողների, ձախողվածների, խեղանդամների համար. այն իրականում նվազեցրել է ուժը, պատասխանատվությունը, մարդկանց զոհաբերելու գերագույն պարտականությունը: [...] Ցեղատեսակը ձախողվածների, տկարների, խեղանդամների զոհաբերման կարիքն ունի. բայց հենց այս վերջիններին է ուղղված քրիստոնեությունը: [...] Ի՞նչ է առաքինությունն ու մարդասիրությունը քրիստոնեության համաձայն, եթե ոչ՝ հենց այս փոխադարձ զորակցությունը, տկարների այս համերաշխությունը, սելեկցիայի ճանապարհին դրված այս խոչընդոտը: [...] Իրական մարդասիրությունը պահանջում է զոհեր ցեղատեսակի բարիքի համար: [...] Եվ այս կեղծ-հումանիզմը, որ կոչվում է քրիստոնեություն, հենց դրան է ցանկանում հասնել. որ ոչ ոք չզոհաբերվի» (F. NIETZSCHE, Frammenti postumi 1888-1889, vol. VIII, tomo III, 15 [110], Adelphi, Milano 1974, pp. 257-258): Եվ տակավին. «Կյանքի գերագույն օրենքը [...] պահանջում է, որ կարեկցանքի ոչ մի կաթիլ չպետք է դրսևորվի կյանքի ավելցուկների ու աղբի նկատմամբ. որ պետք է ոչնչացվի այն ամենն, ինչը որ զարգացող կյանքի համար սոսկ խոչընդոտ է, թույն, [...] մի խոսքով՝ քրիստոնեություն: Ամենախորը իմաստով անբարոյական է “մի՛ սպանիր” ասելը» (Նույն, 22, p. 23):
[4] Peter Singer, Ripensare la vita, Il Saggiatore, Milano 2000, p. 137.
[5] Georges Duby - Michelle Perrot, Storia delle donne, p. 362.
[6] Աբորտը կոչվում է մասնակի ծննդյան, «երբ սաղմը հասել է հղիության վեցերորդ-յոթներորդ ամիսներին և, նույնիսկ եթե ժամանակից շուտ ծնվի, բժշկական հատուկ օժանդակության շնորհիվ ի վիճակի կլինի ապրելու» («La Repubblica» օրաթերթի 20/4/1996 համարում): «Միջամտությունը կատարվում է հինգ փուլով. առաջին փուլում, գործողությունը կատարողը ուլտրաձայների առաջնորդությամբ արգանդում փոխում է – եթե հարկավոր է – սաղմի դիրքը, և ունելիով բռնում է երեխայի ոտքերը: Ապա քաշելով դուրս է բերում ոտքերը արգանդից և դրդում է ծննդաբերության, դուրս քաշելով մանկան ամբողջ մարմինը, գլխից բացի: Ինչից հետո աբորտ կատարողը մի կտրվածք է բացում երեխայի գանգի ներքևի մասում, որի միջով մկրատի ծայրերը ներս մտցնելով՝ ծակում է նրա գանգոսկրը: Այս կերպ բացված անցքի միջով ներս է մտցնում բարակ մի խողովակ, որի միջով, վակուում ստեղծող գործիքի օգնությամբ, դուրս է քաշում երեխայի ուղեղն ու գանգի ամբողջ պարունակությունը: Աբորտը վերջացնելու համար մնում է միայն դուրս բերել երեխայի գլուխը, որի ծավալն այդպիսով փոքրացած է լինում» (http://www.vatican.va/roman_curia/pontifical_councils/family/documents/rc_pc_family_doc_20030331_partial-birth-abortion_en.html):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։