Քրիստոնյաներն ընդդիմանում են գլադիատորական խաղերին – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաներն ընդդիմանում են գլադիատորական խաղերին

Գլադիատորական խաղերը երբեմն շարունակվում էին հարյուր օր անընդմեջ, ինչպես, օրինակի համար, տեղի էր ունեցել ի պատիվ Տրայանոսի, երբ վերջինս պարտության էր մատնել Դակիացիներին. այդ հարյուր օրվա ընթացքում սպանվել էին մոտավորապես 10.000 գլադիատորներ:
Գլադիատորական խաղերին ընդդիմանում էին Հռոմեացի որոշ մտավորականներ, օրինակ՝ Սենեկան, մինչդեռ Կիկերոնը խորշում էր այդ խաղերից, բայց համարում էր, որ դրանք կարելի է կազմակերպել ամբոխավարական (դեմագոգիկ) նպատակների համար: Քրիստոնյաները, առաջին քրիստոնյաներից իսկ սկսած, միաբերան դատապարտում էին գլադիատորական խաղերի բարբարոսությունը և, հանձինս Աթենագորասի, հաստատում էին. «Մենք հրաժարվել ենք (գլադիատորական խաղերի և գազանների հետ մենամարտերի) ներկայացումներից, որովհետև կարծում ենք, որ մարդու սպանությանը հանդիսատես լինելը գրեթե նույն բանն է, ինչ նրան սեփական ձեռքերով սպանելը»[1]:
Մարկուս Մինուցիուս Ֆելիքսի համար ևս գլադիատորական խաղերը «մարդասպանության դպրոց» էին: Սուրբ Օգոստինոսը, որ ուսանող ժամանակ – այսինքն՝ Քրիստոնեության տակավին դարձի չեկած – մասնակցել էր հարուստ Ռոմանիանոսի կողմից վճարված արջակռվի, պախարակում է հիվանդ խելագարությունը, որը մարդկանց մղում է վայելք զգալու նման դաժանություններից, և հեգնում է այն հզորներին, ովքեր համբավ ու պատիվ են ցանկանում ձեռքբերել նման խաղերի կազմակերպմամբ: Պատմիչները հիշում են նաև քրիստոնյա Ալմաքիուսի դեպքը, որը գլադիատորների կռվի ժամանակ նետվել էր նրանց միջև և ջանացել էր դադարել տալ մահ տարածող այդ ներկայացումը. գազազած ամբոխը հարձակվել և դաժանորեն ծեծելով սպանել էր խաղաղարարին: Տերտուղիանոսը բազմաթիվ էջեր է հատկացնում հեթանոսական թատերական ներկայացումներին ընդհանուր առմամբ և նկարագրում է «մի դատապարտվածի ամորձատումը, որին հարկադրել էին անձնավորել Ատտիսին, հայտնի առասպելի բեմադրության ժամանակ. պատմում է մի ուրիշ դատապարտվածի մասին, որին ողջ-ողջ այրում են Հերկուլեսի նման, քանի որ իրեն վիճակվել էր խաղալու այդ դերը. մի ուրիշը, Պլուտոնի նման զգեստավորված, մուրճի հարվածներով ներքև՝ դժոխք էր ուղարկում մեռած մարտիկներին, իսկ ուրիշ մեկն էլ, Մերկուրիի դերը կատարելով, վստահանում էր, թե դատապարտվածներն իրոք մեռած էին կամ ոչ, նրանց մարմինները հրաշեկ երկաթներով խարանելով»[2]:
Իր «Թատերական ներկայացումների մասին» աշխատության Տասներկուերորդ գլխի Երկրորդ կետում, խոսելով գլադիատորական խաղերի ծագման մասին, գրում է. «Մի ժամանակ, երբ իսկապես հավատում էին, թե ննջեցյալների հոգիները կարող են սիրաշահվել մարդկային արեամբ, գնում էին վատ ու ալյասերված նկարագրի տեր ստրուկներ կամ գերիներ էին բռնում, որոնց զոհաբերում էին հասարակության կողմից ընծայված թաղմանական ծեսերի ժամանակ: Հետո մարդկանց ավելի պատշաճ թվաց քողարկել անարգ դաժանությունը վայելքի, գոհացման շուքի տակ. ուստի նրանց, ում սահմանել էին մահվան, սովորեցնում էին կռվել այն զենքերով, որոնցով յուրաքանչյուրը կարողանում էր և ինչպես հնարավոր էր. բավական էր, որ սովորեին միմյանց ինչ որ մի կերպ սպանել. ապա, թաղման օրը հաստատելով, նրանց դուրս էին բերում գերեզմանների շուրջը մարտնչելու. այդ կերպ, մարդասպանություններ գործադրելով կամ մարդասպանությունների նպաստելով, մխիթարվում էին մահվան դիմաց. այս կերպ է առաջացել ներկայացումների այս տեսակը, որն այնքան ավելի հավանության ու համակրանքի արժանացավ, որքան ավելի բազմապատկվեցին դաժանությունն ու վայրագությունը: Բայց քանի որ սուրն այլևս չէր բավականացնում, որպեսզի հանդիսատեսը հագեցներ կոտորած տեսնելու իր հիվանդագին ցանկությունը, սկսեցին գազաններին հոշոտելու տալ մարդկանց խեղճ մարմինները: Եվ այդ ամենն ընծայաբերվում էր ննջեցյալներին: Դա մի տեսակ հարգանք էր, որ ընծայվում էր նրանց թաղմանական ծեսերի ժամանակ»:
[1] Աթենագորաս, Աղերսանք, XXXIV.
[2] Anna Carfora, I cristiani al leone. I martiri cristiani nel contesto dei giochi gladiatorii, p. 69.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։