1.1. Առարկություն. – Անհատական թաղում նախատեսված չէր մահվան դատապարտվածների համար. – Գրադարան – Mashtoz.org

1.1. Առարկություն. – Անհատական թաղում նախատեսված չէր մահվան դատապարտվածների համար.

Ինչպես ասացինք, բոլոր ուսումնասիրողները չէ, որ միշտ համաձայն են գտնվել Հիսուսի թաղման պատմականության հարցում։ Նրանց առարկությունը, – որն հատկապես շրջանառության մեջ էր մինչև 19րդ դարի կեսը, – այն էր, թե խոսելով մի անհատական թաղման մասին՝ ի ցույց էր դրվում հրեական սովորույթների հարցում մի տգիտություն, որն էլ իր հերթին ցույց էր տալիս, որ Ավետարանների հեղինակներն իրականում հույներ էին (հելլենական մշակույթի պատկանող անձինք), քրիստոնեական երկրորդ կամ երրորդ սերնդի։
Ամենահայտնի ուսումնասիրողը, որ պնդել է այս առարկության վրա, իռլանդացի պատմաբան Ջոն Դոմինիք Քռոսսանն է (1934-), որի համաձայն՝ քանի որ Հիսուսը հրեա գյուղացի է եղել, հավանաբար երբեք չի թաղվել, քանի որ խաչելության դատապարտվածները ընդհանրապես թողնվում էին խաչի վրա, որպեսզի վայրի կենդանիներն ու թռչունները ուտեին դիակները, կամ էլ՝ թաղվում էին ընդհանուր, ո՛չ խորը փորված գերեզմաններում[1]։ Իր այս առարկության համար նա հիմնվում է հրեական կանոնների վրա, որոնց համաձայն՝ մահվան դատապարտվածները պետք է թաղվեն ընդհանուր գերեզմաններում, ինչպես որ իրոք կարդում ենք Միշնահ Սանհեդրին կոչվող հատորում (մաս է կազմում Միշնահին և Թալմուդին)։
1968թ.ին Երուսաղեմում կատարված հնագիտական պեղումների ժամանակ, սակայն, գտնվեց մի ոսկրաման, հրեական մի գերեզմանի ներսում, որի մեջ ամփոփված էին խաչելության պատճառով մահացած մի մարդու ոսկորները. մի մարդու, – ոսկրամանի վրա գրված է անունը՝ Յեհոհանան Բեն Հագկոլ - Հովհաննես որդի Հագկոլի, – ով ժամանակակից է եղել Հիսուսին, կամ համենայն դեպս՝ ապրել է Քրիստոնեության առաջին տարիներին (հավանաբար՝ Ք.հ. 20-ական թվականների վերջին)։
Խոսե Միգել Գարսիան (1951-), ով Մադրիդի Քոմփլութենսե Համալսարանի Աստվածաբանության Ամբիոնի տնօրենն է, գրել է, որ այդ գտածոն մի հստակ փաստ է, որ «մահվան դատապարտվածները միշտ չէ, որ թաղվում էին ընդհանուր գերեզմաններում», այլ՝ «եթե նրանց ընտանիքները կամ ընկերները խնդրում էին իրենց հանձնել մահապատժի ենթարկվածի դիակը, հնարավոր էր լինում նրանց արժանավայել թաղում շնորհել»[2]։ Այդ օրվանից ի վեր, լուրջ մասնագետներից ոչ մեկն այլևս առարկություններ առաջ չի քաշել Հիսուսի անհատական թաղման վերաբերյալ, ինչպես որ այն նկարագրված է Ավետարաններում։
Նիքոլաս Թոմաս Ռայթը (1948-), ով Նոր Կտակարանի դասախոս է Սենթ Էնդրյուս Համալսարանում, և Քրեյգ Ալլան Էվանսը (1952-), ով Նոր Կտակարանի դոցենտ է Աքադիա Դիվինիթի Քոլեջում, եբրայական հին գրականությունն ուսումնասիրելուց հետո (ինչպես Բաբելոնյան Թալմուդը) ուղղակի կերպով հերքել են համոզմունքը, թե հրեական սովորույթները երբեք և ոչ մի դեպքում թույլ չէին տալիս արժանապատիվ թաղում շնորհել մահվան դատապարտվածներին, ներառյալ խաչյալներին։ Մանավանդ թե, հրեաների համար կրոնական ու բարոյական պարտականություն էր հանգուցյալներին պատշաճ կերպով թաղելը, նաև այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում էր «հեթանոս իշխանությունների կողմից մահապատժի ենթարկված հրեաներին»[3], մի ավանդություն, որին է վկայում նաև Քումրանում գտնված ձեռագրերից մեկը[4]։ Այդ ձեռագրում «ընդգծվում է պահանջը՝ մահվան դատապարտվածին թաղելու նրա մահվան նույն օրն իսկ», երկրի ապականումից խուսափելու համար, քանի որ մահապատժի դատապարտված մարդը նկատվում էր որպես Աստծուց անիծված[5]։ Հռոմեական իշխանությունները միշտ չէ, համենայն դեպս, որ թույլ էին տալիս վարվել հրեական սովորությունների համաձայն։
Քումրանում գտնված մի ա՛յլ ձեռագրում – Տաճարի Մագաղաթը[6] – հաստատվում է, որ «մահապատժի ենթարկված հանցագործի դեպքում ևս նախատեսվում էր պատշաճ հուղարկավորություն»[7]։ Այսպիսով, երկու ուսումնասիրողները եզրակացնում են. «Հին Կտակարանի պատվիրանները, հաշվի առնվելով ողորմածության վերաբերյալ ժողովրդական ավանդույթների հետ միասին (ինչի օրինակները գտնվում են նաև Տովբիթի գրքում), ինչպես նաև մարմնի անմաքրության հավատալիքի ու երկիրը չապականելու պարտականության հետ միասին, հուշում են առանց կասկածի ստվեր անգամ թողնելու, որ բնականոն պարագաներում (այսինքն՝ խաղաղության ժամանակներում) ոչ մի դիակ չէր թողնվում առանց թաղման. ո՛չ հրեան, ո՛չ հեթանոսը, ո՛չ արդարը, ո՛չ հանցագործը։ Բոլորը պետք է պատշաճ կերպով հուղարկավորություն ստանային»[8]։
Ռայմոնդ Էդուարդ Բռաունը ևս հստակեցրել է, որ հռոմեական քաղաքականությունը ո՛չ միշտ, բայց հաճախ հարմարվում էր հուղարկավորությանը վերաբերվող հրեական կրոնական պահանջներին, և որոշ դեպքերում թույլատրում էր որոշ խաչվածների անհատական թաղման հնարավորությունը[9]։
Ի վերջո, նաև անվանի հնեաբան և աստվածաշնչագետ ու արևելագետ Ջոդի Մագնեսսը ևս (1956-), ով Ամերիկյան Հնեագիտական Ինստիտուտի նախագահն է, միջամտել է այս հարցի շուրջ ծավալված քննարկումներին, հաստատելով. «Հիսուսի թաղմանը վերաբերվող ավետարանական պատմությունները մեծ մասամբ թվում են համապատասխանող հնեագիտական փաստերին»[10]։
 
[1] J.D. Crossan, Jesus, A Revolutionary Biography, Harper San Francisco 1994, p. 123-126.
[2] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 278.
[3] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 58.
[4] 11 QT 64, 7-13a.
[5] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 59.
[6] 11 QT 48, 10-14.
[7] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 59.
[8] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 61.
[9] R.E. Brown, The Death of the Messiah, Doubleday 1994, Vol. II, p. 1205.
[10] J. Magness, Stone and Dung, Oil and Spit: Jewish Daily Life in the Time of Jesus, Eerdmans 2011, p. 170.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։