10.2. Հակասությունները չեն այլայլում պատմությունը. – Գրադարան – Mashtoz.org

10.2. Հակասությունները չեն այլայլում պատմությունը.

Ո՛չ բոլոր հակասություններն են լուծվում ուսումնասիրողների կողմից, իսկ սեմական ենթահողի վարկածն ամբողջությամբ ճշգրտված չէ։ Բայց ինչպիսի՞ն է հակասությունների ու անհամապատասխանությունների ճշմարիտ ''կշիռը'' ավետարանական պատմության ներսում։ Դրանք իսկապես այլայլո՞ւմ են պատմությունը։
Ո՛չ, Ավետարանիչների միջև գոյություն ունեցող անհամապատասխանությունները գրանցվում են ամբողջովին երկրորդական, քիչ թե շատ մակերեսային մանրամասնությունների հարցում, առանց խախտելու փաստերի ընդհանուր համակարգը։ Ընդհակառակը, Ավետարանիչները բացարձակապես համաձայն են պատմության կմախքը հանդիսացող գլխավոր փաստերի հարցում, թեև կարող են տարբերվել մանրամասնությունների մեջ, կախված սկզբնական վկայություններից, որոնցից օգտվել են։
Նույն ինքն Բառթ Դ. Էհռմանը, որ մեծապես քննադատ կեցվածք ունի այս կետում, խոստովանում է, որ մեծ մասամբ շոսքը վերաբերվում է «փոքրիկ տարբերությունների։ [...] Գիտեմ, որ ձեզնից ոմանք ընթերցում են անհամաձայնությունների այս ցանկերը և դրանցից բնավ չեն տպավորվում»[1]։ Իսկապես, հունարեն տեքստի դժվարություններն ինքնըստինքյան չեն ներկայացնում էական առարկություններ, այլ ավելի՝ մի թեթև պռովոկացիա և մտային մարտահրավեր ուսումնասիրողների համար։
Աստվածաբան Մայքըլ Ռ. Լայքոնան նույնպես հաստատել է. «Այո՛, փաստացի որոշ անհամաձայնություններ կան, որ բացատրություն չունեն, բայց նաև՝ որ չեն այլայլում ընդհանուր էությունը այն պատմությունների, որոնց ներսում գտնվում են։ [...] Իրավացիորեն կարող ենք հավատալ, որ Ավետարանիչները ներկայացնում են Հիսուսի մի այսպիսի դիմանկար՝ որպես Աստծո միակ ու աստվածային Որդին, որ եկել է բերելու Աստծո Արքայությունը, ընծայելու փրկությունը, որ խաչվել է և հաղթել է մահվանը»[2]։
Ոչ ոք, օրինակի համար, կասկածի տակ չի դնում Տիտանիկի խորտակումը, և սակայն՝ փրկվածների պատմությունները հակասում են միմյանց։ Ոմանք պատմում էին, որ տեսել են, թե ինչպես է նավը երկու մասի կիսվել՝ սուզվելուց առաջ, իսկ ուրիշներ պնդում էին, թե նավը սուզվել է՝ մնալով ամբողջական։
«Ինչպե՞ս կարող էին սխալվել», հռետորական հարց է ուղղում Լայքոնան, իր հարցը նմանեցնելով նրանց, ովքեր զարմանում և նույնիսկ գայթակղվում են Ավետարանիչների միջև գոյություն ունեցող երկրորդական անհամապատասխանությունների առաջ։ «Դա եղել է նրանց կյանքի ամենասարսափելի գիշերը, տակնուվրա եղած հոգեվիճակում դիտում էին 800 ոտնաչափ երկարություն ունեցող նավին և լսում էին ճիչերը նրանց, ովքեր տակավին նավի վրա էին, իրենց ընկերների, ընտանիքի անդամների ու կոլեգաների։ Չգիտեմ, թե ինչպե՛ս են կարողացել սխալվել, բայց ոչ ոք նրանց հակասական վկայությունները չի մեջբերել՝ եզրակացնելով, թե Տիտանիկը չի խորտակվել։ Տարբերությունը վերաբերվում էր մի անկարևոր մանրամասնության, որը չի փոխում պատմության էությունը, և նրանք, ովքեր լսել են նրանց վկայությունները, ընկալել են հավաստի կորիզը այն բանի, ինչ տեղի էր ունեցել ընդհանուր առմամբ։ Միևնույն ձևով, փաստացի, Ավետարանների միջև գոյություն ունեցող բոլոր տարբերությունները վերաբերվում են անկարևոր մանրամասնությունների։ Չկան Ավետարաններ, որ ասում են, թե Հիսուսը չի խաչվել, կամ թե Հիսուսի դիակը գտնվում էր գերեզմանում, կամ թե հարություն չի առել»[3]։
[1] B.D. Ehrman, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
[2] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
[3] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։