10.3. Սխալներն ու ձեռնմխությունները սովորական են հին շրջանի վկայություններում. – Գրադարան – Mashtoz.org

10.3. Սխալներն ու ձեռնմխությունները սովորական են հին շրջանի վկայություններում.

Եթե ինչ որ մի փաստաթուղթ պետք է «պատմականորեն արժանահավատ» համարենք միայն այն դեպքում, երբ այն լիովին զերծ է սխալներից, դա նշանակում է, որ պետք է դեն գցենք հին դարերի ողջ գրականությունը (և ո՛չ միայն)։
Մայքըլ Ռ. Լայքոնան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, օրինակ, Նոր Կտակարանի գրքերին ժամանակակից հռոմեացի պատմիչներ Գայուս Սալլուստիուս Քռիսպուսը (Ք.ա. 86-34) և Փուբլիուս Քոռնելիուս Տակիտուսը (55/58-117/120) «իրադարձությունները տեղափոխել են իրենց սկզբնական համատեքստից՝ վերակազմելով ա՛յլ միջավայրում, որպես նպատակ ունենալով առավել ակնհայտ դարձնելը մասնակի տեսանկյուններից մեկը», բայց առանց «նպատակամղված կերպով այլափոխելու փաստերի ''ճշմարտությունը''»։ Նաև Գայուս Զվետոնիուս Թռանքուիլլուսը (69-122), համարվելով հանդերձ Հռոմի լավագույն պատմիչներից մեկը, իր պատմականորեն արժանահավատ «Տասներկու Կեսարների Կյանքը» աշխատության մեջ երբեմն անխտիր կերպով է գործածել աղբյուրները և, երբեմն երբեմն, ներմուծել է առասպելական պատմություններ։
Դրանք գրական գործողություններ են, որ սովորական էին այդ դարաշրջանում, և այո՛, ներկա են նաև Ավետարաններում։ Հայտնի է, օրինակի համար, Հովհաննես Ավետարանչի կողմից կամովին կատարված փոփոխությունը՝ Խաչելության օրվա ու ժամի վերաբերյալ, որի նպատակն է աստվածաբանական հարթության վրա ակնառու դարձնել գաղափարը, որ Հիսուսը ճշմարիտ Զատկական Գառն է։ Նախևառաջ, սա ցույց է տալիս և փաստում է, որ պատմաբաններն ընդունակ են զատորոշելու և ընդգծելու հեղինակների կողմից կատարված ձեռնմխությունները ավետարանական գրություններում, և դրանք հաշվի են առնում պատմականության վերաբերյալ վերլուծություն կատարելիս։
Երկրորդ հերթին, Հովհաննեսի կողմից կատարվածը «այդ ժամանակներում ամենասովորական գրական գործողություններից մեկն էր», նշում է Լայքոնան, «որը գործածել են նաև հույն, հռոմեացի և հրեա պատմիչները»[1]։
Նման գործողություններ կատարվում են նաև մեր ժամանակներում, օրինակ՝ 1995 թվականին նկարահանված «Apollo 13» ֆիլմում (որպես օրինակ ենք վերցնում այս ֆիլմը, որովհետև սովորաբար այն գովաբանվում է իր պատմական հարթության վրա խնամվածության ու ճշգրտության համար)։ Կինոմատոգրաֆական պահանջներից ելնելով՝ տիեզերագնացների կյանքը ներկայացված է շա՜տ ավելի դժվարին, քան իսկապես եղել է, ինչպես նաև՝ գլխավոր դերակատարներին արտասանել են տվել խոսքեր, որոնք իրականում երբեք չեն արտասանվել (ինչպես հայտնի խոսքը, թե. «Ձախողման հնարավորությունն ընդունելի չէ» - «Failure is not an option»), կամ տակավին՝ ֆիլմում գլխավոր դերակատարը կրում է «Seiko 6139-6002» տիպի ժամացույց, մինչդեռ իրականում, և՛ «Apollo 11», և՛ «Apollo 13» տիեզերական ուղևորությունների ժամանակ կրել է «Seiko 5 6119-8460» տիպի ժամացույց։ Մանրամասնություններ («դետալներ»), որոնք սեղմ իմաստով պատմական չլինելով հանդերձ՝ չեն այլայլում, համենայն դեպս, պատմության ընդհանուր իմաստն ու արժանահավատությունը։
Ով պահանջում է, որ ավետարանական պատմությունները (և ավելի լայն իմաստով՝ նաև բոլոր աստվածաշնչյան պատմությունները) արժանահավատ լինելու համար պետք է զերծ լինեն շարադրական որևէ տեսակի արտոնություններից, որոնցով աննշան փոփոխությունների են ենթարկվում մանրամասնությունները, պարտավոր է, հետևաբար, եթե ազնիվ է ու հետևողական, «բացառել ո՛չ միայն Ավետարանները, այլ՝ հին դարերի պատմական ողջ գրականությունը, բայց սա ''պատմականորեն վստահելի'' հասկացողությունը կդարձնի լիովին իմաստազուրկ»[2]։
Մայքըլ Ռ. Լայքոնան, ուստի, եզրակացնում է. «Քանի որ 1.000 տարի անց կլինի գրելու և պատմելու մի տարբեր եղանակ, անարդար կլինի, եթե ապագա պատմաբաններն անվստահելի համարեն 21րդ դարի առաջին տարիների պատմությունը՝ սոսկ այն պատճառով, որ մենք այսօր չունենք գրելու այն նույն ստանդարտները, որ ունենալու են իրենք։ Սրա համար հարկավոր է պատմական արժանահավատության մասին մտածել գրական այն կոնվենցիաների լույսի ներքո, որոնք պատկանում են պատմական ժանրին այն դարաշրջանի, որում դրանք գրվել են, և ո՛չ թե արդի կոնվենցիաների, որոնք պահանջում են գրեթե դատական ճշգրտություն։ [...] Եթե Ավետարաններն ընթերցում ենք շարադրելու այն կարգավորումների տեսանկյունից դիտված, որոնք գործածվել են այդ դարաշրջանի պատմական ամենափայլուն կենսագիրներից ոմանց կողմից, Ավետարանիչների միջև գոյություն ունեցող անհամապատասխանությունների մեծամասնությունը լուծվում է։ Խնդիրն այն չէ, թե Ավետարաններն ''աստվածային ներշնչում'' ունե՞ն, թե ''անսխալական'' կամ ''որևէ թերությունից զերծ'' ե՞ն, այլ՝ թե պատմական հարթության վրա արժանահավա՞տ են, երբ պատմում են Հիսուսի կյանքը, ուսուցումներն ու հարությունը։ Պատմական արժանահավատությունը չի պահանջում, որ հեղինակների կողմից պատմված յուրաքանչյուր մանրամասնություն պետք է ճշգրիտ կերպով կատարված լինի այնպես, ինչպես նկարագրված է, ո՛չ էլ՝ որ հեղինակները չպետք է ներառած լինեն քիչ քանակի առասպելական պատմություններ, աստվածահայտնություններ, կամ անճշտություններ։ ''Պատմական արժանահավատությունը'' նշանակում է, որ պատմության մեծամասնությունը ճշմարիտ է, այնքանով՝ որքանով ընթերցողները կարողանում են ընկալել հավաստի կորիզն այն բանի, ինչը որ տեղի է ունեցել։ Ավետարանները, այս չափանիշին համապատասխանելով, պատմականորեն արժանահավատ են»[3]։
[1] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
[2] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
[3] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։