10.4. Հակասությունները ցուցմունք են հօգուտ վավերականության. – Գրադարան – Mashtoz.org

10.4. Հակասությունները ցուցմունք են հօգուտ վավերականության.

Մատնանշելուց հետո, թե ավետարանական ո՛ր անհամապատասխանություններն են խնդիրներ առաջացնում վավերականության քննադատների մոտ, և բացատրելուց հետո սխալը, թե դրանք ինչ որ կերպ այլայլում են ավետարանական պատմության հավաստիությունը, բացատրենք ինչո՛ւ, ընդհակառակը, այդ անճշտությունների ներկայությունը ցուցմունք է հօգուտ պատմված իրադարձությունների պատմականության։
Ինչո՞ւ ենթադրյալ կեղծարարները, որոնք ա՜յդ աստիճան կազմակերպված են եղել, որ հորինել են զատկական պատմությունները, ոչնչից հորինել և սկիզբ են տվել մի նոր համաշխարհային կրոնի ու մարդկության փիլիսոփայական ամենակայուն համակարգին առանց իրենց ժամանակակիցների կողմից հերքումներ ստանալու, ինչո՞ւ պետք է իրենց հորինված գրություններում դիտավորյալ ներառեին մեկը մյուսի նկատմամբ հակասական մանրամասնություններ։
«Հաշվարկված կեղծիքը պետք է արդյունավորեր մի մեծ համաձայնություն», գրել է Էդ Փեռիշ Սանդեռսը։ «Մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ մրցակիցներ են եղել. ''Առաջինը ես եմ Նրան տեսել'', ''Ո՛չ, ես եմ Նրան առաջինը տեսել''»[1]։
Ա՛յլ խոսքերով ասած, եթե Հիսուսի անմիջական Աշակերտները (կամ Ավետարանիչները, որ հաջորդաբար գրի առան նրանց ականատես վկայությունները) ցանկացած լինեին մի ընդհանուր առասպել հորինել Քրիստոսի Հարության մասին, երբեք ու երբեք գրի չէին առնի անհամապատասխանություններ իրենց շարադրանքներում։ Է՛լ ավելի, եթե միայն մի Ավետարանիչ հորինած լիներ, իսկ մյուսները նրանից արտագրած լինեին։
Նրանք, նախևառաջ, շարադրած կլինեին մի հավատալի առասպել, և ընկալելի՝ իրենց ունկնդիրների համար, որոնց մտադիր էին համոզել (և ո՛չ թե Սուրբ Գրքերին մինչ այդ անհարազատ մի հարություն), երկրորդ հերթին՝ իրենց հորինվածքը զերծ կպահեին հակառակ արդյունք ծնող մանրամասնություններից (օրինակ՝ կանանց դերակատարությունը), ինչպես նաև՝ պատմական ճշգրիտ մանրամասնություններից ու անուններից (օրինակ՝ Հովսեփ Արիմաթեացու դերակատարությունը), որոնք դյուրությամբ կարող էին հերքվել իրենց ժամանակակիցների կողմից, և վերջում՝ կատարյալ համաձայնություն կպահպանեին մեկը մյուսի հետ, ամբողջը գեղազարդելով աստվածաբանական մտորումներով ու մարգարեությունների կատարման նշումներով (որոնք ներկա են Ավետարաններում, բայց խիստ սահմանափակ, թույլատրելի չափով, առանց գրավելու պատմական շարադրանքի տեղը)։ Ավետարանիչները ճիշտ հակառակ ձևով են վարվել, քան կվարվեին հորինողները։
Քիչ չեն ուսումնասիրողները, որ սրա համար իսկ հաստատել են, որ հենց հակասությունների չափավոր ներկայությունը (որոնք, համենայն դեպս, մակերեսային են և չեն այլայլում պատմության ընդհանուր ընթացքը) արգումենտ է ի նպաստ պատմված դեպքերի վավերականության ու պատմականության։
Ք.Ա. Էվանսն ու Ն.Թ. Ռայթը, օրինակ, գրել են. «Ինչպես յուրաքանչյուր լավ իրավաբան պետք է որ իմանա, հաճախ, երբ տեղի են ունենում միտքը գրգռող և ողբերգական դեպքեր, ականատես վկաները համաձայն չեն գտնվում դրանց վերաբերյալ։ Դա չի նշանակում, թե ոչինչ չի պատահել. ավելի շուտ՝ ճիշտ է հակառակը։ Մեր կարծիքով՝ սա այն է, ինչ պետք է եզրակացնենք»[2] զատկական պատմությունների դիմաց, քանի որ ականատես վկաները դեպքերը պատմում են նաև այն սուբյեկտիվ տպավորությունների համաձայն, որոնք իրենցից յուրաքանչյուրն ապրել է կատարված դեպքի դիմաց։
Նաև Մաուռո Փեշեն նշել է. «Իմ կարծիքն այն է, որ այս անհամապատասխանություններն ավելի շատ տրամադրում են ի նպաստ դրանց վավերականության»[3]։
[1] E.P. Sanders, The Historical Figure of Jesus, Penguin Books, 1993, p. 279-280.
[2] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 89.
[3] C. Augias, M. Pesce, Inchiesta su Gesù, Mondadori 2006, p. 58.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։