11.1. Հնարավո՞ր է պատմականորեն ապացուցել Հիսուսի Հարությունը. – Գրադարան – Mashtoz.org

11.1. Հնարավո՞ր է պատմականորեն ապացուցել Հիսուսի Հարությունը.

Բայց Քրիստոսի Հարությունը կարո՞ղ է ապացուցվել պատմաբանների կողմից։ Գերբնական կամ վերանցական ոչ մի դեպք կամ իրադարձություն իր բնույթով իսկ չի կարող ուղղակի առարկա հանդիսանալ պատմական (կամ գիտական) ուսումնասիրության համար, պատկանելով փիլիսոփայության և աստվածաբանության ոլորտին։
Հարության իրադարձությունը, ի տարբերություն Հիսուս Նազովրեցու գոյությանը, չի կարող ուղղակի կերպով փաստվել կամ ապացուցվել պատմագիտական միևնույն գործիքներով, քանի որ անցնում է պատմաբանների կողմից սովորաբար կիրառվող գործիքակազմից այն կողմ։ Այս իսկ պատճառով, ''փաստերի'' մասին խոսելու փոխարեն՝ ավելի տեղին է խոսել ''արգումենտների'' մասին։
Համբավաշատ աստվածաշնչագետ Ջոն Փոլ Մեյեռը այս կետի շուրջ գրել է. «Թեև իրական դեպք է, որ կատարվել է Հիսուս Քրիստոսի հետ, Հարության իրադարձությունը տեղի չի ունեցել ժամանակի ու տարածքի մեջ, և հետևաբար՝ չպետք է կոչվի պատմական»[1]։ Այդուհանդերձ, սակայն, քանի որ այդ գերբնական իրադարձությունը կատարվել է մի մարդու հետ, ով ապրել է պատմության մեջ, ժամանակի ու տարածքի սահմաններում, անխուսափելիորեն թողել է նաև տեսանելի հետքեր, որոնք հասանելի են պատմաբանների համար։ Արդարև, ինչպես գրել է Մառիանո Հեռռանց Մառքոն, «որոշակի առումով, պատմաբանը կարող է փաստագրել Հիսուսի Հարության իրադարձությունը. վկայությունների և դեպքերի շուրջ կատարված իր վերլուծությունը կարող է հանգեցնել եզրակացնելու, որ առանց Հարության իրական դեպքի բազմաթիվ բաներ մնում են առանց բացատրության»[2]։
Այսինքն, Հարության վարկածն այնքան ավելի է դառնում պատմականորեն արժանահավատ, որքան ավելի է կարողանում պատշաճ կերպով արդարացնել այդ պատմական հետքերը (հիմնավորված որպես պատմական), ավելի՝ քան ալտերնատիվ բացատրությունների փորձերը (որոնք բոլորն էլ մինչև օրս եղել են անհիմն, չգոհացնող և խնդրահարույց, քանի որ շա՜տ ավելի խնդիրներ են առաջացրել, քան որքան որ փորձել են լուծել)։
[1] J.P. Meier, Un ebreo marginale, vol. 1, Queriniana 2008, p. 186.
[2] M.H. Marco, Los evangelios y la critica historica, Ediciones Cristiandad 1978, p. 164.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։