2.1. Առարկություն. – Հրեա իշխանություններն են ձերբազատվել Հիսուսի մարմնից. – Գրադարան – Mashtoz.org

2.1. Առարկություն. – Հրեա իշխանություններն են ձերբազատվել Հիսուսի մարմնից.

Ամենակասկածամիտ ուսումնասիրողներն անգամ ստիպված են եղել ընդունել, որ դատարկ գերեզմանի մասին ավետարանական պատմությունը պատմականորեն անհերքելի է։ Հետևաբար, տրվել են ալտերնատիվ բացատրությունների որոնման գործին՝ առանց փորձելու կասկածի տակ դնել դատարկ գերեզմանի պատմականությունը։
Մասնագետ Գերդ Լյուդմաննը մեկն է բազմաթիվ լաիկ ուսումնասիրողներից, ովքեր հաստատել են հիմնավոր առարկությունների բացակայությունը դատարկ գերեզմանի պատմականության հարցում։ Նա, սակայն, հնարավոր է համարել, որ հրեա իշխանություններն իրենք կարող են ձերբազատված լինել Հիսուսի մարմնից, որպեսզի խուսափեին չափազանց մեծարանքից, որով աշակերտներն ու ժողովուրդը կարող էր շրջապատել Առաջին դարի այդ վտանգավոր հեղափոխականի մասունքները։
Դժվար չէ հակադարձել (ինչպես որ վարվել են իր բազմաթիվ կոլեգաները), որ լիովին անհավանական է թվում, թե Երուսաղեմի Ատյանի բոլոր անդամներն ու հրեա բոլոր իշխանավորները տառապում էին հիշողության հավաքական կորստի ինչ որ մի տեսակով։ Երբ քրիստոնեական առաջին համայնքը սկսեց հանկարծ քարոզել, որ Հիսուսը մարմնով հարություն էր առել, ինչո՞ւ պարզապես չլռեցրեցին նրանց՝ հայտնելով, թե որտե՛ղ էին տեղափոխել (ու հավանաբար՝ թաղել) նրա դին։
Լյուդմանն ինքը, մյուս կողմից, ընդունել է, որ «հրեաները հետաքրքրություն են դրսևորել այն տեղի հանդեպ, ուր դրվել է Հիսուսի դին և, բնականաբար, Հիսուսի հռչակմանը որպես Հարուցյալ։ [...] Դա Նրա մարմնի ճակատագրի վերաբերյալ հարցեր է առաջացրել ընդդիմադիրներ կամ չհավատացողների կողմից»[1]։ Առավել ևս այս դեպքում, հրեական և հռոմեական իշխանությունները կունենային ամբողջ կարողությունը՝ հերքելու քրիստոնյաների քարոզչությունը՝ պարզապես ցույց տալով Քրիստոսի մարմնի գտնվելու վայրը, կամ հրապարակայնորեն հայտարարելով, թե ի՛նչ էին արել նրա հետ (նաև ականատես վկաներ կանչելով)։ Եվ սակայն, մեղադրեցին քրիստոնյաներին՝ մարմինը գողացած լինելու մեջ։
Եթե կարողանար, հրեական Ատյանը հանրային ցուցադրության կդներ Հիսուսի դին այն բազմաթիվ առիթներից մեկի ժամանակ, երբ ողջ Երուսաղեմը իրարանցումի մեջ էր հայտնվում Քրիստոսի հարության մասին Առաքյալների հնչեցրած քարոզների պատճառով։ Եվ սակայն, հրեական կամ հեթանոսական աղբյուրներից ոչ մեկում առաջին քրիստոնյաները չեն լռեցվում դիակի գտնվելու վայրի վերաբերյալ մատնանշումով։
Կողմ և դեմ արգումենտները համընդհանուր և կանոնավոր կերպով քննարկման առնելուց հետո, Խոսե Միգել Գարսիան եզրակացրել է. «Նշված բոլոր բնութագիրները մեզ պարտավորեցնում են եզրակացնելու, որ պատմական քննադատությունը չի կարող հերքել դատարկ գերեզմանի գտնման հավաստիությունը»[2]։
 
[1] G. Ludemann, The Resurrection of Jesus, Fortress Press 1994, p. 116.
[2] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 281.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։