2.2. Առարկություն. – Աշակերտներն են գողացել Հիսուսի մարմինը. – Գրադարան – Mashtoz.org

2.2. Առարկություն. – Աշակերտներն են գողացել Հիսուսի մարմինը.

Դատարկ գերեզմանի պատմական իրականության վերաբերյալ կասկածների սակավաթիվ ու խիստ անհավատալի լինելու պատճառով, ինչպես նաև անհնարին լինելով պնդումը, թե հրեա իշխանություններն են ձերբազատվել Հիսուսի մարմնից, մնում է առարկությունը, թե Քրիստոսի դին գողացվել է հենց աշակերտների ձեռամբ, որոնք այն թաքցրել կամ թաղել են ո՛վ գիտի որտեղ։
Եվ իրոք, սա է եղել Երուսաղեմի Ատյանի անդամների առաջին և անմիջական հակազդեցությունը (ինչը որ, ինչպես ասացինք, իր հերթին փաստում է, որ գերեզմանն իրոք դատարկ է գտնվել)։ Հակաճառությունը հետք է թողել անգամ Ավետարաններում, ինչպես Մտթ 28, 11-15 հատվածում։ Այս թեզիսը հետագայում կրկին հրապարակ է իջեցվել 18րդ դարի դեիստների կողմից, այս անգամ արդեն մտածված դավադրության հանդերձավորմամբ։
Ժամանակակից ուսումնասիրողներն այսօր առանց որևէ դժվարության մերժում են այս առարկությունը, որը դեռ կենդանի է մնում միայն մարտնչող աթեիստների հակակրոնական քարոզներում։ «Կամովին կատարված գողությունը չեմ համարում օգտակար բացատրություն։ Այդ վկայությունները կատարած անձանցից շատերն իրենց ողջ կյանքն անցկացրել են հռչակելով, որ տեսել են հարություն առած Տիրոջը, իսկ նրանցից շատերը մահվան են ենթարկվել դրա համար»[1], գրել է, օրինակի համար, Էդ Փեռիշ Սանդեռսը (1937-), Նոր Կտակարանի ակնառու ուսումնասիրողներից մեկը Դյուք Համալսարանում։
Սովորաբար մասնագետները հերքում են այս վարկածը բազմաթիվ դիպուկ հիմնավորումներով, որոնցից այստեղ կներկայացնենք միայն չորսը։
1) Նախևառաջ հարկավոր է ի նկատի առնել փաստը, որ, պարզամիտ մեղադրանքներից բացի, առարկողները չեն ներկայացնում վավերագրական կամ պատմական աղբյուրներից քաղված ոչ մի հիմնավորում, որով հնարավոր կլիներ երևակայել անգամ, թե Հիսուսի հետևորդները (ձկնորսներից, հարկահավաքներից ու կանանցից կազմված այդ փոքրաքանակ խումբը) հոգեբանական գետնի վրա ընդունակ ու նախատրամադրված կարող էր լինել գործի դնելու այդպիսի հանցագործ խորամանկություն, որն անհրաժեշտ կլիներ նման տակտիկա մշակելու համար, և կազմակերպված այնքան կատարյալ ձևով, որ կարողանային խաբել իրենց բոլոր ժամանակակիցներին, հրեա առաջնորդներին և, հատկապես, հռոմեական իշխանություններին։ Ամբողջ Նոր Կտակարանում մի կետ անգամ չկա, որից հնարավոր է կառչել՝ կազմելու համար աշակերտների կրիմինալ պսիխո-կենսագրությունները։
Քրիստոնեական գրվածքներում պատմվում է ճիշտ հակառակը. խաչելության պահին, հիրավի, աշակերտները շփոթված էին, անկազմակերպ, վախեցած, կասկածամիտ և վշտի բեռան տակ ընկճված, հաստատ չէին տիրապետում սառը դատողության, կազմակերպված ու հարկավոր գործիքներով զինված չէին՝ ծրագրելու համար մի գործողություն, որն արժանի կլիներ թռիլլեռ ոճի ֆիլմ նկարահանելու։ Փախան, մինչդեռ, ուրացան (Պետրոսը՝ երեք անգամ), և լքեցին Հիսուսին մենակ։ Խաչի տակ Նրա կողքին մնացին միայն երկու կին (որոնցից մեկն Իր մայրն էր) և մի աշակերտ։
2) Երկրորդ հերթին, նույնիսկ եթե հնարավոր համարենք քահանաների կնիքով կնքված և հավանաբար զինված պահակների կողմից պահպանված գերեզմանից (հմմտ. Մտթ 28, 11-15; 27, 62-66) դի գողանալու հնարավորությունը, բայց հետո ի՞նչ արած կարող են լինել մարմնի հետ։ Եթե գողացան, որովհետև վիթխարի մեծարանք էին տածում իրենց Վարդապետի նկատմամբ, անշուշտ չէին թաղի Նրան ինչ որ մի պատահական փոսի մեջ, այլ՝ կկատարեին մի ծայրաստիճան արժանապատիվ հուղարկավորություն (որն արդեն իսկ կատարվել էր և չի հասկացվում նաև, թե ինչո՛ւ պետք է կրկնեին այդ ամենը)։ Ինչը, սակայն, անխուսափելի կերպով կդառնար այցելությունների նպատակակետ, քիչ թե շատ գաղտնի աղոթքների ու պաշտամունքի առարկա։ Եվ այդ ամբողջը այնպես, որ Երուսաղեմում բնակվող հրեաներից ու հեթանոսներից ոչ ոք պատահաբար չնկատեր ողջ այդ շարժումը, ողջ այդ անցուդարձը, երթևեկը (ներառյալ աշակերտների՝ առաջին քրիստոնյաների ազգականներն ու ծանոթները)։ Եվ եթե այդ աստիճան գաղտնի մնային, ինչպե՞ս սկսեցին քարոզել և Քրիստոնեությունը տարածել։ Ավելորդ է ընդգծելը, որ Հիսուսի այդ ''երկրորդ'' գերեզմանը, որտե՛ղ էլ որ այն լիներ, դառնալով անխուսափելի ուխտագնացությունների նպատակակետ՝ նույնքան անխուսափելի կերպով պետք է որ թողած լիներ հնագիտական հետքեր։
Եթե այդքան խելացի ու խորամանկ էին, որ կարողացան նման գործողություն ծրագրել և իրականացնել, ինչո՞ւ մոռացան նաև մի ալիբի հնարել, որով կկարողանային խուսափել մարմնի անհետացման հեղինակները լինելու ակնհայտ մեղադրանքից։ Որքան ավելի է լրջությամբ քննարկվում այս առարկությունը, այնքան ավելի է փլուզվում իր իսկ ծանրության ներքո։
3) Երրորդ խնդիրը դա անհնարինությունն է Առաջին դարում ապրող հրեայի համար՝ հորինելու մի անհատական հարություն ժամանակների վախճանից առաջ. մի բան, որն ամբողջովին օտար ու մերժելի էր իրենց կրոնի ու հավատալիքների համար։ Այսպիսով, մարմնի գողությունն ու թաքցնումը ծրագրելուց հետո պետք է հորինեին նաև մի անըմբռնելի (նաև իրենց իսկ համար) մարմնական հարություն իրենց Վարդապետի համար, հակառակվելով հրեական Սուրբ Գրքին։ Ի՞նչ հույս էին փայփայում. ո՞ւմ էին կարծում, թե կարողանալու են համոզել այդ հորինված գաղափարով։
Ինչպես գրել է աստվածաշնչագետ Խոսե Միգել Գարսիան, «եթե իսկապես աշակերտներն էին գողացել Հիսուսի մարմինը, Նրա անհետացումը բացատրելու համար բնավ կարիքը չունեին դիմելու հարության դժվարին վարկածին. կարող էին առաջ քաշել մարմնով երկինք հափշտակման հրեական ընկալումը, ինչը որ հրեական ավանդության կողմից հաստատվում է իրենց անցյալի անձնավորություններից ոմանց վերաբերյալ»[2]։ Շատ ավելի բնական կլիներ հայտարարելը, որ Հիսուսը մարմնով հափշտակվել է երկինք, ինչպես տեղի է ունեցել Ենոքի, Եղիայի, Եզրասի ու Բարուխի հետ Հին Կտակարանում։ «Հակառակ դրան», շարունակում է իսպանացի մասնագետը, «Առաքյալները անտեղիտալի կերպով հաստատում էին, որ Հիսուսի մարմինը գերեզմանից անհետացել էր մեռելներից հարության հետևանքով»[3]։
Եթե Առաքյալների նպատակը ինչ որ մեկին համոզելն էր, ինչո՞ւ այդ աստիճան կտրուկ կերպով հեռացան, առանձնացան հրեական ավանդությունից։ Եթե ցանկանում էին հաստատել, որ Հիսուսը սպասված Մեսսիան էր, այսինքն՝ Նա, Ով կատարում էր հինկտակարանյան մարգարեությունները, ինչո՞ւ պետք է հորինեին ժամանակների վախճանից առաջ անհատ մարդու մարմնի հարության գաղափարը, որն անհայտ է Հին Կտակարանի համար։
Նիքոլաս Թոմաս Ռայթը նկատել է տալիս, որ աշակերտների կողմից նման հորինվածքը «ենթադրում է, որ նրանք ակնկալում էին, որ հրեաները կընդունեին համոզումը, որ մի անհատ կարող է հարություն առնել մեռելներից։ Բայց դա անհնարին էր։ Այդ ժամանակվա մարդիկ մարմնի հարությունը նկատում էին որպես անհնարին բան, ճիշտ ինչպես նույն կարծիքն ունեն նաև մեր ժամանակվա մարդկանցից շատերը, թեև տարբեր պատճառներից մղված»[4]։
4) Ի վերջո, բացակայում է նպատակը։ Այդ ամենն արեցին, անհնարին բաներ հորինեցին ... ինչի՞ համար։ Պատմական ակնհայտ փաստ է, որ Առաքյալներն ու աշակերտները ոչինչ չշահեցին, ամեն ինչ կորցրեցին, խստորեն հալածվեցին, դաժան չարչարանքների ենթարկվեցին, բանտարկվեցին, վերջում էլ նահատակվեցին։ Մարդկային ոչ մի անձ, նման ճնշումների ու կտտանքների ենթարկվելով, չէր շարունակի պնդել մի սուտ, և սակայն, չկա և ո՛չ իսկ մեկ հետք՝ հանձնվելու, խոստովանության կամ ընկերներին դավաճանելու։ Եվ ո՛չ թե մեկի կամ մի քանիսի դեպքում, այլ՝ բոլորի, և ո՛չ թե միաժամանակ ու միանգամից, այլ՝ միմյանցից զատ, տարբեր տեղերում և իրավիճակներում, ժամանակի երկարատև միջոցի ընթացքում։ «Այսպես չէ, որ մարդիկ հորինում են», գրել է իլլումինիստ փիլիսոփա Ժան-Ժաք Ռուսսոն (1712-1778)։
 
[1] E.P. Sanders, The Historical Figure of Jesus, Penguin Books 1993, p. 279-280.
[2] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 280.
[3] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 280.
[4] N.T. Wright, Jesus, the final days, Westminster John Knox Press 2010, p. 99.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։