2.3. Առարկություն. – Հիսուսի թվացյալ մահը. – Գրադարան – Mashtoz.org

2.3. Առարկություն. – Հիսուսի թվացյալ մահը.

Անհավատալի կերպով, 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում, մի շարք գերմանացի ռացիոնալիստներ առաջ քաշեցին խաչի վրա Հիսուսի թվացյալ մահվան (կամ ուշաթափության) վարկածը, որին հարեց նաև իդեալիստ Ֆռիդռիխ Դ.Է. Շլայեռմախեռը (1768-1834)։ Նրանց պնդմամբ՝ Հիսուսը չի մահացել խաչի վրա, այլ՝ ինչ որ մի կերպ վերապրել է, գերեզմանի մեջ դրվել է կենդանի վիճակում, ուր կրկին ուշքի է եկել ու փախել, ապա աշակերտներին համոզել է, թե հարություն է առել մեռելներից։ Ավելորդ է ասելը, որ լուրջ գիտնականներն իրենց հեղինակության համար վիրավորանք են համարում նման անմտություններով զբաղվելը, և տասնամյակներ են արդեն, որ ոչ ոք այլևս չի զբաղվում սրանով։ Բայց քանի որ միշտ էլ ի հայտ են գալիս ոմանք, որ հրապարակ են իջեցնում և փորձում են շրջանառության վերադարձնել որևիցէ մի խոտան, որ կարող է օգնել Քրիստոնեության դեմ մղած իրենց հուսահատ պայքարին, մի քանի տողով կանդրադառնանք նաև այս առարկությանը։
Մի կողմ թողնելով մի քանի ակնհայտություններ (օրինակ, հռոմեացիները չէին թողնում խաչից իջեցնել մահվան դատապարտժածին, մինչև որ չէին ստուգում նրա մահացած լինելը. Ավետարանում ևս հստակ պատմվում է, և դա համապատասխանում է պատմական տվյալներին, որ Քրիստոսի հետ խաչված ավազակների ոտքերի ոսկորները ջարդեցին՝ արագացնելու համար նրանց մահը, իսկ Հիսուսին մոտենալով, քանի որ տեսան, որ արդեն մահացել է, բավարարվեցին նիզակի ծայրով կողը խոցելով՝ համոզվելու համար, որ մահացել էր), լիովին անբացատրելի է, թե սոսկալի կտտանքների ենթարկված ու ապա խաչված, ոտքերն ու ձեռքերը գամերով ծակված և նիզակով կողը խոցված, ժամերով արյուն կորցրած մարդը ինչպե՞ս կարող է ողջ մնալ, ամբողջովին անբացատրելի է մնում նաև այն, թե այդ աստիճան ուժասպառ մարդը, նույնիսկ եթե ինչ որ մի հրաշքով ողջ մնար, ինչպե՞ս կկարողանար ներսից բացել գերեզմանի մուտքը, որ փակված էր հսկայական քարաբեկորով, ապա կռվի բռնվել զինված պահակների հետ, առանց որևէ մեկի կողմից տեսնվելու գնալ հասնել աշակերտների մոտ և նրանց առաջ կանգնել ո՛չ թե արնածոր վիճակում, այլ՝ փառավոր, և ժպիտը դեմքին համոզել նրանց, թե մարմնով հարություն է առել, այդպիսով նրանց մեջ առաջացնելով պաշտամունքի զգացումներ և դառնալով նրանց համար Նա, Ով հաղթել է մահվանը։ Եթե այդպես լիներ, միակ բանը, որի մեջ աշակերտներն իսկույն կհամոզվեին, դա անհապաղ բժիշկ կանչելու անհրաժեշտությունը կլիներ։
Լավ, բա հետո՞։ Հետո ի՞նչ արեց։ Ամուսնացավ ու երեխաներ ունեցա՞վ, բիզնես հիմնե՞ց, բայց միշտ այնպես, որ ոչ ոք չիմացա՞վ դրա մասին ու ժամանակակից պատմիչներից ոչ մեկը մի տող անգամ չգրե՞ց դրա մասին։ Հետո էլ կենսագրության հեղինակային իրավունքները վաճառեց Դեն Բռաունին, որպեսզի տխմար ֆիլմեր նկարի ու փող աշխատի՞։ «Միմիայն ծայրաստիճան տգիտությունն ու պատվազուրկ ճղճիմությունը կարող են նման մի հորինվածք ստեղծել, որն այսքա՜ն հեռու է իրականությունից»[1], մեկնաբանել է Խոսե Միգել Գարսիան։
Խաչի վրա Հիսուսի մահը վիճաբանությունից դուրս է մասնագետների և լուրջ ուսումնասիրողների համար։ «Հիսուսի մահվան փաստը՝ որպես խաչելության հետևանք և արդյունք, անվիճելի է, չնայած կեղծ-մահվան կամ խաբեության վարկածների, որ մերթ ընդ մերթ առաջ են քաշվում։ Դրանց վերաբերյալ հավելյալ քննարկումներ կատարելու կարիք չկա»[2], պատասխանել է մինչև իսկ գերմանացի ուսումնասիրող Գերդ Լյուդմաննը, ով մեկն է այն սակավաթիվ ակադեմիկոսներից, որոնք սիրով են ուշադրություն դարձնում վիճահարույց տեսություններին։
Լաիկ ուսումնասիրողներից մեկ ուրիշը՝ ականավոր պատմագետ Ջոն Դոմինիք Քռոսսանը, մեկնաբանել է. «Խաչելության արդյունքում Հիսուսի մահը Պոնատացի Պիղատոսի օրոք՝ առավել հավաստի է, քան պատմական ուրիշ որևիցէ մի տեղեկություն։ Նույնիսկ եթե Հիսուսի հետևորդներից ոչ մեկը դրա մասին ոչինչ գրած չլիներ, Նրա խաչելությունից հետո ընկած հարյուր տարիների ընթացքում, մենք, համենայն դեպս, դրա մասին կիմանայինք երկու հեղինակների միջոցով, որոնք դուրս են մնում Նրա հետևորդների շրջապատից։ Նրանց անուններն են Հովսեփ Ֆլավիուս և Կոռնելիուս Տակիտուս»[3], որոնք պատմական վկայություններ են ավանդել Հիսուս Նազովրեցու կյանքի ու մահվան վերաբերյալ։
 
[1] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 280.
[2] G. Ludemann, The Resurrection of Jesus Christ: A Historical Inquiry, Prometheus 2004, p. 50.
[3] J.D. Crossan, Jesus: A Revolutionary Biography, Harper San Francisco 1994, p. 45.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։