3.2. Նախամարկոսյան աղբյուրը (Ք.հ. 37թ.). – Գրադարան – Mashtoz.org

3.2. Նախամարկոսյան աղբյուրը (Ք.հ. 37թ.).

Նախապողոսյան հնագույն ավանդությունից բացի, ուսումնասիրողները զատորոշել են նրանից առաջ շրջանառության մեջ եղած ևս մի աղբյուր, որից օգտվել է Մարկոս Ավետարանիչը։ Մինչ նրա Ավետարանը սովորաբար թվագրվում է ամենաուշը Ք.հ. 70 թվականին, նրա կողմից գործածված աղբյուրը պատկանում է Ք.հ. 37 թվականին, Հիսուսի խաչելությունից ընդամենը 7 տարի հետո։
Այս կետը պաշտպանվում է ի մասնավորի Ռուդոլֆ Փեշի կողմից, ով մարկոսյան տեքստի գլխավոր ուսումնասիրողն ու մասնագետն է միջազգային հարթության վրա։ Նա, օրինակի համար, ընդգծել է ներկայությունը «լեզվի ու բովանդակության որոշ յուրահատկությունների», որոնք առավել «կապակցված են երևում կոնկրետ իրավիճակների, քան թե՝ հետզատկական քրիստոսաբանության կողմից հարմարեցված լինելուն» և մատնացույց են անում «տեքստի հնագույն ծնունդը»[1]։
Անհնարին է այստեղ մեջբերել Փեշի կողմից ներկայացված բոլոր տարրերը, մեջբերենք դրանցից միայն մեկ ուրիշը։ Մարկոս Ավետարանիչը, զարմանալի կերպով, երբեք չի խոսում Քահանայապետի մասին՝ տալով նրա անունը, ենթադրելով, որ «չարչարանքների պատմությունն ունկնդրողները ծանոթ էին տեղական իրավիճակին, ուստի մղում է մեզ գրեթե անխուսափելի հետևությունը կատարելու, որ Կայիաֆասը դեռևս պաշտոնավարում էր որպես քահանայապետ, երբ չարչարանքների նախամարկոսյան պատմությունը շարադրվել և պատմվել է առաջին անգամ»։ Հաշվի առնելով, որ Կայիաֆասը պաշտոնավարել է Ք.հ. 18-37 թվականներին, «չարչարանքների նախամարկոսյան պատմության ծննդի» վերջին ժամկետը, ամենաուշ թվագրումը «պետք է հետևաբար լինի Ք.հ. 37 թվականը»[2]։
Բազմաթիվ ա՛յլ պատճառներ ևս քննարկելուց հետո, Փեշն այսպիսով հասել է եզրակացնելու, որ «ընդհանուր առմամբ, բոլոր այս հետքերը մատնանշում են հստակ կերպով, որ նախամարկոսյան պատմությունը ծնունդ է առել պատմված դեպքերից կարճ ժամանակ անց, Երուսաղեմում, արամայախոս առաջին համայնքի ներսում»[3]։
Նախամարկոսյան աղբյուրի վաղեմության հաստատումներ կատարվել են ա՛յլ ուսումնասիրողների կողմից ևս, որոնց համաձայն, օրինակի համար, կանոնական Ավետարանների տեքստը հուշում է, որ Մարկոսի պատմությունը իրենց միակ աղբյուրը չի եղել, այլ՝ որ գործածվել են ա՛յլ աղբյուրներ ևս, մանավանդ այն հատվածներում, որ վերաբերվում են թաղման և դատարկ գերեզմանի բացահայտման դրվագներին։
Մարկուս Ջ. Բորգը (1942-2015), ով Նոր Կտակարանի դոցենտ է եղել Օռեգոնի Պետական Համալսարանում, բացատրել է, որ միմյանցից անկախ աղբյուրների այս բազմակիությունը կարևոր է, որովհետև «եթե մի ավանդություն գտնվում է մի հին աղբյուրի մոտ և մի ա՛յլ անկախ աղբյուրի մոտ, այդպիսի դեպքում ո՛չ միայն վստահաբար վաղ ժամանակվա է, այլ՝ նաև անհավանական է, որ կարող է հորինված լինել»[4]։
 
[1] R. Pesch, Il vangelo di Marco, Paideia 1982, Vol. 2, p. 649.
[2] R. Pesch, Il vangelo di Marco, Paideia 1982, Vol. 2, p. 44, 45.
[3] R. Pesch, Il vangelo di Marco, Paideia 1982, Vol. 2, p. 46, 45.
[4] M.J. Borg, N.T. Wright, The Meaning of Jesus, Harper Collins 1999, p. 12.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։