3.6. Առարկություն. – Պողոս Առաքյալը չի հիշատակում դատարկ գերեզմանը գտնելը. – Գրադարան – Mashtoz.org

3.6. Առարկություն. – Պողոս Առաքյալը չի հիշատակում դատարկ գերեզմանը գտնելը.

Գեռի Ռոբեռթ Հաբեռմասը, Լիբեռթի Համալսարանի Փիլիսոփայության և Աստվածաբանության ամբիոնի նախագահը, քննության ենթարկելուց հետո ավելի քան 2.000 ակադեմիական հրատարակություններ, որ ներառում են նաև Հիսուսի Հարության թեման, և որ հրատարակվել են 1975-2005 թվականներին ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով, եզրակացրել է, որ հանդիպում են «փոքրամասնական դիրքորոշումներ» ուսումնասիրողների մոտ (25%), որոնք «ընդունում են մեկ կամ ավելի պատճառներ՝ մերժելու համար դատարկ գերեզմանի պատմականությունը»[1]։
Ամենաշատը մեջբերվող արգումենտներից մեկն այն է, որ դատարկ գերեզմանի բացահայտումը չի հիշատակվում հնագույն նախապողոսյան աղբյուրի մոտ (որն, ինչպես տեսանք, թվագրվում է զատկական դեպքերից 2-3 տարի հետո), որը պահպանվել է Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակում։ Եվ իրոք, հեղինակը գրում է. « ... թաղվեց և երրորդ օրը հարություն առավ» (1Կր 15, 3-7)։
Բավական ակնհայտ է, սակայն, որ գերեզմանի մեջ թաղվելը և ապա մարմնով հարություն առնելը ենթադրում են մի միջանկյալ անցում, այսինքն՝ որ այդ նույն գերեզմանը գտնվել է դատարկ։ «Որևէ կասկած չկա, որ և՛ Պողոսը, և՛ հին-քրիստոնեական բանաձևը ենթադրում են դատարկ գերեզմանի գոյությունը»[2], գրել է աշխարհահռչակ փիլիսոփա ու ջատագով Ուիլլիամ Լեյն Քռեյգը (1949-), ով դասավանդում է Հյուսթընի Համալսարանում։
Քանի որ Պողոսը գրել է նամակներ և ո՛չ թե կանոնակարգված պատմվածքներ, հասկանալի կերպով չի մտել մանրամասնությունների մեջ։ Նախապողոսյան բանաձևը մի համառոտ ամփոփում է այն բաների, որոնք առավել մանրամասն կերպով պատմվելու էին Գործք Առաքելոց գրքում (հմմտ. Գրծ 13, 28-31) և Մարկոսի Ավետարանում (հմմտ. Մրկ 15, 37 - 16, 20), բացարձակապես հետևողական ու համապատասխանող կերպով։
Ի վերջո, նախապողոսյան աղբյուրն ասում է, որ Հիսուսը հարություն առավ «երրորդ օրը». քանի որ ոչ ոք փաստացի ներկա չի գտնվել Հիսուսի Հարությանը, քրիստոնյաներն ինչպե՞ս են կատարել այդ թվագրումը, պնդելով, որ հարությունը տեղի է ունեցել հենց «երրորդ օրը»։ Բավական ակնհայտ է, մինչդեռ, որ «երրորդ օրը» համընկնում է Հիսուսին հետևող կանանց կողմից դատարկ գերեզմանը գտնելու հետ, այնպես՝ որ հարությունն էլ թվագրվել է այդ օրով։ Ինչը որ փաստում է, հետևաբար, որ Պողոսը, մեջբերելով քրիստոնեական հնագույն բանաձևը, որ տարածված էր Երուսաղեմի սկզբնական համայնքի ներսում և կազմում էր նրա մի տեսակ Հավատամքը, ինքն էլ ծանոթ էր դատարկ գերեզմանի բացահայտման դրվագին։
[1] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45, p. 288-297.
[2] W.L. Craig, Contemporary Scholarship and the Historical Evidence for the Resurrection of Jesus Christ, Truth 1985, Vol. 1, p. 89-95.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։