3.7. Առարկություն. – Քրիստոնեական աղբյուրներն անկողմնակալ չեն. – Գրադարան – Mashtoz.org

3.7. Առարկություն. – Քրիստոնեական աղբյուրներն անկողմնակալ չեն.

Առարկություններից մեկը, որ գրեթե բացառիկ կերպով առաջ է քաշվում ո՛չ թե ակադեմիական, այլ՝ հակակրոնական ու հակաքրիստոնեական միջավայրերի կողմից, պնդում է, թե քրիստոնեական աղբյուրներն իբրև թե վստահելի չեն, քանի որ քրիստոնեական են, ուստի՝ կողմնակալ են։ «Կարելի չէ գործածել Աստվածաշունչը՝ Աստվածաշունչը փաստելու համար», ասում են։
Ով պնդում է այս թեթևամտության վրա, ընդամենը փաստում է, որ լիովին անտեղյակ է տեքստերի քննադատական վերլուծության մեթոդներին։ Պատմագետները քաջ գիտեն, որ բոլոր աղբյուրները «կողմնակալ» են, և իրենք էլ՝ պատմագետներն ու ուսումնասիրողները, անկողմանակալ չեն իրենց անձնական հետաքրքրությունների ու կարծիքների հարցում։ Եվ սակայն, չեն դժվարանում բաժանելու տեքստի ճշմարտությունը ջատագովությունից, երբ այդ երկուսը միմյանց չեն համապատասխանում։
Ուսումնասիրողները քրիստոնեական աղբյուրները քննության առնելիս գործի են դնում քննադատական միևնույն վերլուծությունը (շատ դեպքերում մինչև իսկ ավելի խիստ մեթոդներով), որ գործածում են հին ժամանակների բոլոր գրությունների դեպքում։ Եվ փորձում են հասկանալ. ովքե՞ր են հեղինակները, ո՞րն է շարադրման թվականը, որո՞նք կարող են լինել գրության աղբյուրները, ո՞ւմ համար են գրվել, ի՞նչ նպատակով, ինչպիսի՞ համատեքստում, ո՞րն էր հեղինակի նպատակը, ինչպիսի՞ նախապաշարումներ կարող էր ունենալ, և այլն։ Այսպիսին է տեքստերի քննադատական ու ատենական քննությունը, որ կիրառվում է նաև Ավետարանների դեպքում։
Փաստը, որ ուրիշ քրիստոնյաներ, հեղինակների մահից շատ ժամանակ հետո, ավետարանական գրությունները զետեղել են մի կանոնի մեջ, որ կոչվում է Նոր Կտակարան, բացարձակապես կապ չունի պատմությունների ճշմարտացիության հետ։ Ավետարանիչները պատմել և նկարագրել են մի պատմական դեպք, թեև աննախադեպ, անհավատալի ու գրեթե անճշմարտանման իրենց ժամանակակիցների համար. նրանք սրբազան գրքեր ստեղծելու նպատակ չեն ունեցել ինչ որ մի նոր կրոնի համար, թեև հետագայում դա իսկապես պատահել է, բայց իրենցից և իրենց սկզբնական նպատակներից բոլորովին անկախ եղանակով։ Այս ամենը լրջորեն ուսումնասիրվում է աշխարհի բոլոր կարևորագույն համալսարաններում, Նոր Կտակարանի դասընթացների ժամանակ։
Ինչպես նաև, եթե իրոք պետք է վստահելի համարվեն միայն այն աղբյուրները, որոնք անկողմնակալ են, չեզոք են կամ անշահախնդիր ու անտարբեր այն դեպքերի նկատմամբ, որ պատմում են, – մարդկային գրականության պատմության մեջ արդյոք գոյություն ունե՞ն նման գրություններ, – հարկավոր է ուրեմն աղբամանը թափել հին ժամանակների ողջ գրականությունը։ Բայց ուշադրություն, նաև այն գրվածքները, որոնք գրվել են Քրիստոնեության դեմ, հներն ու նորերը, ներառյալ աթեիստական բլոգները, հոդվածներն ու դիվուլգատիվ գրքերը, չմոռանալով նաև ֆիլմերը, քանի որ դրանք էլ, անկողմնակալ չլինելով, բոլորն էլ ''ա պռիոռի'' անվստահելի են։ Հենց այն անձինք, որոնք Ավետարանները մերժում են որպես անվստահելի գրություններ, իրենք էլ բնավ անկողմնակալ ենթականեր չեն։ Վստա՞հ ենք, թե սա լուրջ և գիտական մոտեցում է։
Հռոմեացի պատմիչ Տակիտուսը ևս անկողմնակալ չէր, երբ գրում էր «Ագռիկոլան» Ք.հ. 98 թվականին, պատմելով իր աներոջ՝ Հուլիուս Ագռիկոլայի գործերը։ Խոսքը վերաբերվում է ակնհայտ ֆավորիտիզմի գործի։ «Հռոմի Պատմությունը» գրվել է Տիտուս Լիվիուսի կողմից Ք.հ. 9 թվականին. աշխատության սկզբում հեղինակը առանց թաքցնելու ասում է, որ իր նպատակն է գովաբանել փառահեղ արարքներն աշխարհի ամենամեծ ժողովրդի, այսինքն՝ Հռոմեացիների։ Պատերազմների ավարտական հաշվետվությունները, որոնց վրա աշխատում են ուսումնասիրողները, մեծ մասամբ շարադրված են «հաղթանակողի» կողմից (ինչպես, օրինակ, Ամերիկյան Անկախության Պատերազմը)։ Ամբողջն անվստահելի՞ է, քանի որ հեղինակներն անկողմնակալ չեն։
«Եթե այդպես է, ուրեմն պետք է կասկածենք նաև Սոկրատի կենսագրական տվյալների հարցում, քանի որ դրանք մեզ ավանդվել են նրա աշակերտների՝ Քսենոփոնի ու Պլատոնի կողմից», նշում է Խոսե Միգել Գառսիան։ «Ի՞նչ կարող ենք ասել Կեսարին վերաբերվող պատմությունների մասին, որ պատմվել են հենց իր՝ կայսրի կողմից, քանի որ խոսքը վերաբերվում է տեղեկությունների, որ պատկանում են շահախնդիր կողմերի։ Ոչ մի լուրջ ուսումնասիրող կասկածի տակ չի դրել այս աղբյուրների արժեքը՝ պատմական այդ իրադարձությունների վերակազմության համար»[1]։
Նաև Բառթ Դ. Էհռմանը, ով Հյուսիսային Քառոլինայի Համալսարանի Կրոնական Ուսումների ամբիոնի նախագահն է, այս հարցի շուրջ արտահայտվել է՝ մեկնաբանելով. «Ավետարանիչների կողմից Հիսուսի մասին ներկայացված պատմությունները ո՛չ ավելի, ո՛չ էլ պակաս կշիռ ունեն, քան հին շրջանի կենսագիրներից ուրիշ որևիցէ մեկի գրությունները (Զվետոնիուսը, օրինակ, կամ Պլուտարքոսը), կամ թերևս, ավելի հարմար համեմատություն կատարելու համար, որևիցէ մեկի, ով գրել է կրոնական մի անձնավորության կենսագրությունը, օրինակ՝ Ֆիլոստռատուսը և Ապոլլոնիուս Թիանացու կյանքի վերաբերյալ իր տեղեկատվությունը։ Մենք դեն չենք գցում Անկախության Պատերազմի մասին առաջին տեղեկատվությունները՝ պատճառաբանելով, թե դրանք գրի են առնվել ամերիկացիների կողմից։ Հաշվի ենք առնում դրանց կողմնակալությունը, բայց չենք հրաժարվում գործածել դրանք որպես պատմական աղբյուրներ։ Այլապես, նշանակում է զոհաբերել անցյալի վերաբերյալ գիտելիքներ քաղելու մեր գլխավոր ուղիները, և դա՝ սոսկ իդեոլոգիական դրդապատճառներից ելնելով, ո՛չ թե պատմագիտական նկատառումներով։ [...] Անկախ այն փաստից, թե համարվում են կամ ո՛չ պատմական ներշնչված աղբյուրներ, Ավետարանները կարող են համարվել և գործածվել որպես կարևոր պատմական աղբյուրներ»[2]։
Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Գուիտտոնը նույնպես (1901-1999) ընդգծել է այս առարկության անհեթեթությունը. «Անհավատները մերժում են ընդունել, որ Ավետարանները պատմական վավերագրեր են, որովհետև, ասում են իրենք, գրվել են հավատացյալների կողմից, այսինքն՝ մարդկանց, ովքեր այդ իրադարձություններից առաջ չէին հավատում, բայց փոխեցին իրենց կարծիքը, որովհետև իրադարձությունները, որոնց մասին պատմում են, դրդեց նրանց փոխելու իրենց սկզբնական հոգեվիճակը։ [...] Անհավատները դժվարամիտ անձնավորություններ են։ Ի՞նչ են պահանջում, որպեսզի ազնիվ համարվենք իրենց աչքին։ Պահանջում են ականատես վկաների կողմից տրված վկայագրեր, որոնք դեպքերը տեսած լինելով հանդերձ՝ այդ նույն դեպքերին չտան ոչ մի նշանակություն։ Բայց սա հակասական է»[3]։
Ի նկատի առնենք նաև, որ իր Ավետարանի սկզբում Ղուկասը բացահայտ կերպով գրում է, որ այդ էջերը գրի է առել, որպեսզի Թեոֆիլոսը (անձը, որին հասցեագրված էր գրությունը) «կարողանա ճանաչել ճշմարտությունը՝ այն բաների վերաբերյալ, որոնց շուրջ տեղեկացվել է» (Ղկս 1, 4)։ Ո՞ւր է խնդիրը։ Նա գաղտնածածուկ նպատակներ չունի, խարդախության ծրագիր չկա, լիովին բնական ու սովորական բան է սկզբից ևեթ հայտարարելը, ամբողջովին թափանցիկ կերպով, թեզիսը, որ հեղինակը ցանկանում է պաշտպանել աշխատության սկզբից ևեթ, և Ավետարանչի գործելակերպը լիովին համապատասխանում է հին դարերի և հռոմեացի բոլոր պատմիչների գործելակերպին։
Ի վերջո, հիշենք ևս մեկ անգամ, քրիստոնեական աղբյուրների թվագրումը իրադարձություններին այդքա՜ն մոտ ընկած տարիներին, եզակի բացառություն է հին դարերի մինչև օրս հայտնի բոլոր գրությունների շարքին։ Ք.հ. 48 թվականից մինչև Ք.հ. 70 թվականն ընկած ժամանակահատվածում (այսինքն՝ Քրիստոսի մահից հետո ընկած 18-ից 40 տարիների ընթացքում) Պողոս Տարսոնացին գրել է 13 նամակ (որոնցից 6ն ամբողջությամբ վերագրվում են իրեն աներկբայելի կերպով), որոնք ամբողջությամբ հաստատում են Ավետարանների բովանդակությունը, և լինի՛ այդ նամակները, լինի՛ Ավետարանիչները, գործածում են է՛լ ավելի հին ավանդություններ, որոնք գրեթե ժամանակակից են պատմված դեպքերին։ Հին դարերի ուրիշ ոչ մի կենսագրություն ավելի լավ վկայված չէ, քան Հիսուս Նազովրեցունը։ Առաքյալներն ու Ավետարանիչները՝ Գալիլեայի լճակից դուրս եկած այդ անուս ու անգրագետ ձկնորսները, իրենց ընկերացող նախկին մաքսավորների ու պոռնիկների հետ, ուղղակի ժամանակ և կարողություն չունեին այնպիսի հրաշալի կերպով կանոնակարգված ''առասպել'' հորինելու համար, ինչպիսին Քրիստոնեությունն է, որը ոչ միայն կարճ ժամանակվա ընթացքում հաղթելու էր բոլոր հեթանոսական դարավոր մտահամակարգերին, այլ նաև՝ տևելու էր Երկու Հազար տարի (այս պահի դրությամբ), իր ճանապարհին հաղթանակելով հերթով ի հայտ եկող բոլոր փիլիսոփայական ու քաղաքական աղանդներին ու իդեոլոգիաներին, մնալով միշտ կենսունակ։
Ինչպես նաև, արդեն ընդգծել ենք, որ Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակի մեջ Պողոսը մեջբերում է մի հնագույն բանաձև (1Կր 15, 3-8), որն ուսումնասիրողները թվագրում են դեպքերից ընդամենը 2-3 տարի հետո (հետևաբար՝ Ք.հ. 32 կամ 33 թվականին), եզրափակելով հարությամբ և հետագա երևումներով։ Եթե պատմական հետաքննության առանցքային սկզբունքն այն է, որ որքան ավելի են գրությունները ժամանակի առումով մոտիկ գտնվում պատմված դեպքերին (է՛լ ավելի լավ, եթե բազմաթիվ աղբյուրներ համաձայնվում ու համապատասխանում են միմյանց), այնքան ավելի է ավելանում հավանականությունը, որ պատմում են իսկապես պատմական դեպքեր, ուրեմն քրիստոնեական գրությունները լիովին գոհացնում են այս սկզբունքի պահանջները։ Նրանց վաղեմի թվագրումը ոչ մի հնարավորություն չի թողնում հետագա աստվածաբանական հորինվածության և շինծու առասպելի զարգացման համար։
[1] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 18.
[2] B.D. Ehrman, Did Jesus exist?, Harper Collins Publishers 2012, pp. 74, 75.
[3] J. Guitton, Gesù, Elledici 1997, p. 134.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։