4.1. Առարկություն. – Կանայք շփոթվել և ուրիշ գերեզման են գնացել. – Գրադարան – Mashtoz.org

4.1. Առարկություն. – Կանայք շփոթվել և ուրիշ գերեզման են գնացել.

Սկեպտիկ ուսումնասիրող Գեռդ Լյուդմաննը, որ միշտ շատ ակտիվ է «ալտերնատիվ առաջարկների» հարցում, ընդունելով հանդերձ, որ Հարության պատմության մեջ կանանց դերակատարությունը հերքում է ենթադրյալ կեղծարարի վարկածը, այդուհանդերձ պնդել է, թե կանայք կարող են պարզապես շփոթված լինել և սխալ դամբարան են մտել[1]։ Իրականում, սակայն, ինչպես Լյուդմանն ինքն էլ խոստովանում է, խոսքը վերաբերվում է մի վարկածի, որը ժամանակին առաջ էր քաշվել Կիրսոպփ Լեյկի (1872-1946) կողմից, ով Նոր Կտակարանի անվանի ուսումնասիրող է եղել Հարվարդում։
Լեյկի համաձայն, կանայք իրոք գտել էին մի դատարկ գերեզման (դա անհնարին է մերժել), բայց դա Հիսուս Նազովրեցու գերեզմանը չէր։ Դրանից բացի, նաև սխալ էին հասկացել (թերևս վշտի պատճառով կորցրել էին մտքի վճիտությունը) խոսքերը մի երիտասարդի, որին հանդիպել էին այդ գերեզմանի ներսում, և որը փորձել էր օգտակար ցուցմունքներ տալ իրենց (հմմտ. Մրկ 16, 5-7), ապա վազելով հեռացել էին և իրենց տարօրինակ փորձառության մասին պատմել էին աշակերտներին։ Առաքյալները, է՛լ ավելի խելացնոր կերպով, այդ պատմությունից եզրակացրել էին, որ Հիսուսը հարություն էր առել մեռելներից։
Նախևառաջ լավ կլինի հիշել, որ Լեյկն ինքը շատ կշիռ չի տվել իր այս վարկածին, պատմական Հիսուսի մասին գրած իր բազմաթիվ գրքերում միայն մեկ անգամ է խոսել դրա մասին, ինչպես նաև՝ այն երբեք չի նկատել որպես զատկական պատմությունների նկատմամբ կասկած հարուցանող արգումենտ։ Ինչպես նաև, Լեյկի վարկածը ոչ մի հետևորդ չի ունեցել (բացառությամբ Լյուդմաննի) ոլորտի մասնագետների շարքերում։
Այս առարկությունը հերքվում է այն պարզունակ դիտողությամբ, որ եթե իսկապես կանայք սխալվել են և ուրիշի գերեզմանն են մտել, հրեա իշխանությունները չափազանց երջանիկ կլինեին դրա մասին բարձրաձայնելու հրապարակայնորեն, երբ աշակերտները սկսեցին քարոզել Հիսուսի Հարությունը։ Բավական կլիներ ցույց տալ Հիսուսի իրական գերեզմանը, Նրա դիակը՝ ներսում։
Ի վերջո, սխալ գերեզմանի վարկածը կարիքն ունի որպես ճշմարիտ փաստ ենթադրելու ա՛յլ վարկածներ ևս, որոնք սակայն մնում են առանց ստուգման ու ապացույցների. կանայք, սխալվելուց հետո, այլևս երբեք չհասկացան, որ սխալվել էին. կանայք չհասկացան Հարուցյալ Հիսուսի խոսքերը. աշակերտները սխալ հասկացան և պատմությունը վերածեցին մարմնական հարության հավատալիքի, իսկ հրեական ու հռոմեական իշխանությունները հրապարակայնորեն չհերքեցին այդ ակնհայտ թյուրիմացությունը։ Որքան ավելի է մի վարկած պահանջում հավելյալ վարկածների որդեգրում, այնքան նվազում է նրա հավանականությունը։
Սխալ գերեզմանի վարկածը թեթևամտության գագաթնակետին հասնող առարկություն է, զուրկ՝ հիմնավորումների գոնե նվազագույն համատեքստից։ Նույն արժեքն ունի, որքան, ասենք, եթե մեկը ենթադրի, որ Հիսուսի մարմինը գողացել են հենց այն զինվորները, որոնք պահակ էին կարգվել գերեզմանի դռանը, և դա արել են որպես բողոքի դրսևորում ընդդեմ հռոմեական իշխանությունների՝ իրենց ցածր աշխատավարձի համար։ Եթե առարկողը չի մտահոգվում՝ ներկայացնելու պատմական հիմնավորումների ու վավերագրերի գոնե նվազագույն երաշխիք, յուրաքանչյուր ոք կարող է առաջ քաշել ամենացնորամիտ առարկություններն ըստ իր քմահաճույքի։

[1] G. Ludemann, Die Auferstehung Jesu, in A. Bommarius, Fand die Auferstehung wirklich statt?, Parega Verlag 1995, p. 21.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։