5.1. Ռիսկային մանրամասնություններ և ոչ մի վախ՝ սուտ հանվելու. – Գրադարան – Mashtoz.org

5.1. Ռիսկային մանրամասնություններ և ոչ մի վախ՝ սուտ հանվելու.

Ով քարոզել է Հիսուսի Հարությունը, դա կատարել է առանց հերքման վախն ունենալու, գրության մեջ ներառելով ճշգրիտ մանրամասնություններ ու հղումներ։ Ընդհակառակը, երբ մարդիկ անցյալի վերաբերյալ առասպելներ են հորինում, խուսափում են չափազանց մանրակրկիտ կերպով հղումներ կատարել դեպքերին, վայրերին և անձանց, հակասություններից խուսափելու նպատակով։
Հիշենք, որ Հարության առաջին աղբյուրները ժամանակի առումով չափազանց մոտիկ են գտնվում պատմված դեպքերին (թվագրված են իրադարձություններից 2-ից մինչև 19 տարի անց)։ Գրեթե բոլոր ականատես վկաները դեռ ողջ էին, ո՛չ միայն աշակերտները, այլ նաև՝ հրեա իշխանություններն ու սկզբնական Քրիստոնեության հեթանոս ընդդիմադիրները։ Ուղղակի անհնարին էր կեղծ մանրամասնություններ հորինելն ու ավելացնելը, և իրոք՝ Ավետարանիչներն նման բան չեն արել։
Իսպանացի ուսումնասիրող Խոսե Միգել Գառսիան նկատել է տալիս, օրինակ, որ Մարկոս Ավետարանիչն ընդգծում է Հովսեփ Արիմաթեացու՝ «Ատյանի հեղինակավոր անդամներից մեկի» (Մրկ 15, 42-47) դերակատարությունը Հիսուսի թաղման գործում։ «Եթե խոսքը վերաբերվում է ավելի ուշ շրջանում հորինված պատմության, դառնում է անհասկանալի, թե ինչո՛ւ է գրի առնվել այս աստիճան կոնկրետ մի տվյալ։ Հորինվածքի դեպքում անխուսափելիորեն պետք է դրվեր մի անորոշ տեղեկություն, որը դժվարությամբ հնարավոր կլիներ հերքել օբյեկտիվ տեսանկյունից դիտված»[1]։ Եթե Ավետարանները հորինած լինեին մի այս աստիճան սպեցիֆիկ կերպար, ինչպիսին էր հրեական բարձրագույն Ատյանի հեղինակավոր անդամներից մեկը, չէին կարողանա դիմանալ անհապաղ հերքման հարվածների տակ։
Նաև Հիսուսի անհատական թաղման տվյալը (ինչպես արդեն տեսանք) անխոհեմ ու բախտախնդիր քայլ կլիներ ենթադրյալ կեղծարարի համար։ Իրոք, թեև հրեաների համար հնարավոր էր նման առանձնաշնորհություն շնորհել խաչված մի մարդու, բայց փաստ է, որ հռոմեացիները խիստ հազվադեպ էին այդ արտոնությունը շնորհում, և բոլորն այդ ժամանակներում տեղյակ էին դրա մասին։ Եվ սակայն, Ավետարանիչները չվախեցան պատմել Հիսուսի անհատական թաղման մասին, հակառակ այն բանի, որ դա շատ քիչ տարածված սովորություն էր։
Ավետարանիչների կողմից գրի առնված մանրամասնությունների ևս մեկը դատարկ գերեզմանի գտնելն է թաղումից երեք օր հետո։ Ժամանակի վտանգավոր և ճշգրիտ նշում, որով ճշգրիտ կերպով մատնանշվում է գտնման օրը (Կիրակի)։ Կեղծարարը նման ճշգրիտ տվյալ չէր հաղորդի։ Ոմանք փորձել են բացատրել սա՝ հղում կատարելով Հին Կտակարանի բանաձևերին, որոնց համաձայն՝ Իսրայելը վերածնվելու էր և Աստված «երկու օր անց կվերադարձնի մեզ կյանքի և երրորդ օրը մեզ կրկին ոտքի կկանգնեցնի և մենք կապրենք Իր ներկայությանը» (հմմտ. Ովս 6, 2)։ Բայց աստվածաշնչագետները հեշտությամբ հակադարձում են, որ հիշված տողը վերաբերվում է Իսրայելի հոգևոր վերածննդին և ո՛չ թե ինչ որ մի անհատի մարմնական հարությանը, որ տեղի է ունենալու երրորդ օրը. հրեական ռաբբինական ավանդությունն ինքն էլ այդպես է մեկնաբանում այդ տողը[2]։ Ավետարանիչները խոսում են «երրորդ օրվա» մասին այն պարզ պատճառով, որ հենց այդ օրն են կանայք իսկապես գտել դատարկ գերեզմանը։
Նաև 500 անձինք, որոնց երևացել է Հարուցյալ Հիսուսը և որոնց մասին խոսվում է նախապողոսյան հնագույն հավատամքի բանաձևում (1Կր 15, 3-7), կարող են նկատվել որպես ռիսկային մանրամասնություն, հատկապես այն դեպքում, երբ – չմոռանանք – այդ բանաձևը ծնունդ է առել դեպքերից անմիջապես հետո։ Թերևս սկզբնական Եկեղեցու առաջին քարոզները լսած անձանցից են եղե՞լ։ Նրանցից ոմանց Պողոսն անձամբ ճանաչել է (երբ տեղեկություններ է քաղել առաջին Առաքյալներից), քանի որ իր նամակում գրում է, որ այդ ընթացքում նրանցից ոմանք մահացել են։ Առաքյալները հերքման վախ չեն ունեցել ոչ ոքից։
Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Գուիտտոնն այս առումով նկատել է տալիս, որ «խոսքը չի վերաբերվել ժողովրդական աշուղների կողմից անորոշ կերպով երգված մի առասպելի, այլ՝ մի պատմության, որն իսկույն քարոզվել է հրապարակային կերպով, դեպքերի նույն ժամանակաշրջանում, նույն վայրերում, նույն իրավիճակներում։ Եթե այդ քարոզչությունը հնարավոր եղավ կատարել առանց սկզբից ևեթ մերժվելու և ապացուցվելու, որ կեղծ է, դա տեղի ունեցավ, որովհետև այդ նույն վայրերում և ժամանակակիցների աչքի առաջ իսկապես կատարվել էր ինչ որ մի արտասովոր ու անբացատրելի, բայց և անհերքելի իրադարձություն, որն իր ակնհայտությամբ պարտադրում էր ընդունել իրեն ինչպես մտերիմների, այնպես էլ հակառակորդների կողմից»[3]։
[1] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 277, 278.
[2] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 279.
[3] J. Guitton, Gesù, Elledici 1996, p. 96.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։