5.3. Առարկություն. – Հիսուսի աշակերտներն են ամեն բան հորինել. – Գրադարան – Mashtoz.org

5.3. Առարկություն. – Հիսուսի աշակերտներն են ամեն բան հորինել.

Ակադեմիական աշխարհից դուրս գտնվում են բազմաթիվ անձինք, որոնք նվազագույն չափով անգամ ի նկատի չեն առնում հնարավորությունը, որ ավետարանական պատմություններն ասում են ինչ որ մի ճշմարիտ բան։ Այդպիսիների համար կարևորություն չունի առաջնային աղբյուրների վաղեմի թվագրումը, նրանց չի հետաքրքրում փաստը, որ Ավետարանները մի եզակի բացառություն են անցյալի պատմական գրությունների շարքում։ Սոսկ նախապաշարումներից մղված, այդպիսի մարդիկ կուրորեն պնդում են, թե Հիսուսի կյանքին և հատկապես Հարությանը վերաբերվող ամեն բան ընդամենը առասպելական հորինվածք է։ Խոսքը վերաբերվում է կամովին և նախամտածված կեղծիքի վարկածին։
Այս վարկածը բնավ ի նկատի չի առնվում պատմագետների և սկզբնական Քրիստոնեության մասնագետ ուսումնասիրողների կողմից, լինեն նրանք քրիստոնյաներ, աթեիստներ, հրեաներ կամ անգիտապաշտներ (ագնոստիկներ)։ Այդուամենայնիվ, մի քանի կարճ պատասխան ենք ներկայացնում այստեղ, գիտակցելով հանդերձ, որ եթե մեկն առաջ է քաշում այս առարկությունը, արդեն իսկ ''ա պռիոռի'' կողմնորոշված է մերժելու որևէ հիմնավորում, առանց լուրջ մտորումներ կատարելու ցանկություն և պատրաստակամություն ունենալու։
Նաև նա, ով լիովին անտեղյակ է քննադատական վերլուծության պատմությանը, համաձայն է գտնվում այն հարցում, որ մարդիկ ստում կամ ինչ որ մի բան հորինում են ինչ որ մի անձնական շահի համար (շահ՝ փողի տեսքով, շահ՝ կապերի ու հարաբերությունների տեսքով, շահ՝ իշխանության տեսքով, շահ՝ երկրպագուների ու զանազան հաճույքների տեսքով, և այլն)։ Ոչ ոք տրամադիր չէ շարունակելու պատմել սուտը, եթե դրա պատճառով կորցնում է ամեն բան, ներառյալ կյանքը։ Եվ սակայն, առաջին քրիստոնյաները տրամադիր էին կորցնելու ամեն բան, ենթարկեցին իրենց ամեն բան կորցնելու վտանգին, և վերջում իսկապես կորցրեցին ամեն բան, ներառյալ իրենց կյանքերը, բայց երբեք չուրացան Քրիստոսի Հարությունը։
Քրիստոնեական առաջին համայնքների գրեթե բոլոր անդամները ավելի քան տասը տարի ենթարկվեցին հալածանքների, քարկոծության, հրապարակային մտրակումների, ստորացման, հասարակական ծաղրի ու վարկաբեկման, բանարկության։ Ուրացվեցին նաև իրենց իսկ ընտանիքների անդամների կողմից, որպես կերակրման միս նետվեցին առյուծների դիմաց, կորցրեցին իրենց հասարակական ստատուսը, իրենց աշխատանքը, իրենց աշխատավարձն ու հարստությունները, և վերջում՝ գրեթե բոլորը մարտիրոսացան, ո՛չ թե միանգամից, այլ՝ մեկը մյուսից հետո։
Չնայած այս ամեն ինչին, չկա գոնե մի նվազագույն տեղեկություն, որ նրանցից գոնե մեկը (խոսքը առաջին ականատեսների մասին է), կտտանքներին չդիմանալով, ձեռքերը վեր բարձրացրած լինի՝ ասելով. «Օքեյ, ամեն ինչ սուտ է, մենք ենք ամեն ինչ հորինել, այժմ ինձ հանգիստ թողեք»։ Հին դարերի պատմության մեջ գոյություն չունի ուրիշ ոչ մի խումբ, որը բացարձակապես խաղաղ լինելով հանդերձ հալածված լինի այսքա՜ն կատաղի կերպով ու այսքա՜ն երկար ժամանակ, և պահպանած լինի այդքա՜ն արմատավորված մի համոզմունք։ Ուղղակի անհնարին է հավատալ, թե ստում էին։ Մարդիկ անգամ ճշմարտության, անգամ ամենավեհ գաղափարների համար դժվարությամբ են հանձն առնում չարչարվել, ո՜ւր մնաց թե՝ ինքնակամ հորինված ստի։
«Նախամտածված կեղծիքը չեմ համարում օգտակար բացատրություն», եզրակացրել է Էդ Փեռիշ Սանդեռսը, ով Նոր Կտակարանի անվանի դոցենտ էր Դյուք Համալսարանում։ «Այդ հաստատումը կատարող անձանցից շատերն իրենց կյանքի մնացած տարիներն անցկացրեցին հռչակելով, որ տեսել էին Հարուցյալ Տիրոջը, իսկ նրանցից շատերը մարտիրոսացան դրա պատճառով»[1]։
Երկրորդ հերթին, ոչ մի հրեա երբևէ չէր կարող հորինել Հիսուսի Հարությանը գոնե հեռավոր կերպով նմանվող մի բան։ Ինչպես դեռ կտեսնենք, այն, ինչը որ հրեա ձկնորսների (ամենայն հավանականությամբ՝ անգրագետ) այդ փոքրիկ խմբակը սկսեց ասել ու քարոզել Հիսուսի մահից հետո, հրեական ու հինկտակարանյան մշակույթին ամբողջովին անծանոթ և օտար գաղափար էր։ Որտեղի՞ց վերցրեցին այդ գաղափարը։ Ինչպե՞ս կարողացան անուս ու անգրագետ ձկնորսները անհավատալիորեն կարճ ժամանակամիջոցում հորինել մի այնպիսի գաղափար, որն արդեն երկու հազար տարի է, ինչ հանդիսանում է փիլիսոփայական ու աստվածաբանական մտքի գագաթնակետը։ Եթե նրանց նպատակն իրենց ժամանակակիցներին համոզելն էր, ի՞նչ իմաստ ուներ ա՛յս աստիճան անհավատալի առասպել հորինելը, և կարծես այդքանը բավական չէ՝ պատմության մեջ ներմուծել նաև հակառակ արդյունք ծնելու և հերքման բարձր ռիսկ պարունակող մանրամասնությունները (կանայք, Հովսեփ Արիմաթեացին, և այլն)։ Ո՛չ հեթանոսական գրականությունը, ո՛չ էլ հրեական Գրվածքները չէին կարող գործածվել որպես ներշնչման աղբյուր։
Կային ա՛յլ հնարավոր բաներ, որ նրանք կարող էին ասել՝ հինկտակարանյան Գրքերի հետ հաշտ ու համերաշխ կերպով։ Ահա՛ թե ինչպես են դա բացատրում Նիքոլաս Թոմաս Ռայթն ու Քռեյգ Ալլան Էվանսը. «Կարող էինք ակնկալել, օրինակ, որ հարուցյալ Հիսուսին պատկերացնեին պայծառ՝ ինչպես մի աստղ. դա, համենայն դեպս, այն է, ինչը որ խիստ ժողովրդական Դանիելի մարգարեության 12րդ գլխի տեքստն ասում է մեռելներից հարություն առնող ժողովրդի մասին։ Քրիստոնյաները, մինչդեռ, այդպես չվարվեցին, Հարության պատմություններից ոչ մեկը նման ակնարկներ չի պարունակում։ Ընդհակառակը, Հիսուսը ներկայանում է որպես մարդկային էակ, մյուս բոլորի նման մարմին ունեցող. Նրան կարողանում են շփոթել պարտիզպանի հետ (Հվհ 20, 15), կամ ճանապարհորդակից ընկերոջ հետ՝ ճանապարհի երկայնքին (Ղկս 24, 13-35)։ Ոչ ոք չէր հորինի այսպես, այս պատմությունն աննախադեպ է։ Հինկտակարանյան տեքստերից ոչ մեկը չի մարգարեացել, թե հարությունն առընչություն է ունենալու մարմնի այդպիսի դասակարգի հետ։ Ոչ մի սպեկուլատիվ աստվածաբանություն նման արահետ չի ուրվագծել, այնպես՝ որ ավետարանիչները կարող էին դրան հետևել»[2]։
Ոմանց համաձայն՝ Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները իբր թե շարադրվել են Առաջին դարի վերջում, ընդդիմանալու համար դոկետական (երևութականների) հերետիկոսությանը, որի համաձայն՝ Հիսուսն իրական մարդկային էակ չէր, այլ՝ պարզապես նմանվում էր։ Անշուշտ, Քրիստոսի ավետարանական նկարագրությունները պարունակում են նաև շատ ''մարդկային'' գծեր, – օրինակ, երբ ծովեզերքին խորոված ձուկ է ուտում, կամ երբ Թովմասին հորդորում է դպչել գամերի ու գեղարդի կողմից Իր մարմնի վրա բացված վերքերին, – բայց այդ դրվագները «այն նույն դրվագներն են, որոնցում Հիսուսը հայտնվում ու անհետանում է, նյութականից սահմաններից անդին է անցնում և ի վերջո համբառնում է երկինք։ Այդ պատմությունները ծա՜յր աստիճան ինքնատիպ են, և ինքնատիպության տեսակը, որ ունեն, այնպիսին չէ, որ կարող է հորինված լինել։ Այնպիսի տպավորություն է գրեթե ստեղծվում, որ Ավետարանների հեղինակները ջանք են գործադրում նկարագրելու մի իրականություն, որի համար զգում են, որ հարմար բառապաշար չունեն»[3]։
Ի վերջո, զատկական իրադարձությունների ավետարանական պատմությունները պարունակում են բազմաթիվ հակասություններ, որոնց կանդրադառնանք 10րդ գլխում։ Եթե նրանք համաձայնված լինեին՝ հորինելու նման մի պատմություն, կամ եթե մեկը մյուսից արտագրած լինեին, հաստատ չէին հակասի իրար, է՛լ ավելի շատ կասկածներ նետելով վավերականության վրա։ Հակասությունը հենց այն բանն է, որից հարկավոր է խուսափել հորինելու ժամանակ, և, ինչպես ասվեց, նախընտրելի կլիներ պատմության մեջ որոշակիություն չմտցնել վայրերի ու անձերի վերաբերյալ, որպեսզի հերքման հիմքեր չգտնվեին։ Բայց այս դեպքում ևս, Ավետարանիչներն ու Առաքյալները – որոնք, երբեք ավելորդ չէ կրկնելը, Գալիլեայի լճակից դուրս եկած անուս ու անգրագետ ձկնորսներ էին – վարվեցին ճիշտ հակառակ ձևով։
[1] E.P. Sanders, The Historical Figure of Jesus, Penguin Books, 1993, p. 279-280.
[2] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 107.
[3] C.A. Evans, N.T. Wright, Gli ultimi giorni di Gesù, San Paolo 2010, p. 107, 108.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։