6.2. Առարկություն. – Բոլոր ուսումնասիրողները քրիստոնյաներ են. – Գրադարան – Mashtoz.org

6.2. Առարկություն. – Բոլոր ուսումնասիրողները քրիստոնյաներ են.

Մի է՛լ ավելի մակերեսային առարկություն է պտտվում սովորաբար սոցիալական ցանցերում և ընդհանրապես համացանցում. Քրիստոնեության ծագման, Աստվածաշնչի և ի մասնավորի Նոր Կտակարանի, ինչպես նաև քրիստոնեական աղբյուրների համալսարանական դոցենտները և ուսումնասիրողները բոլորը (իբրև թե) քրիստոնյաներ են։ Հետևաբար, նրանց եզրակացություններն արժեք չունեն։
Առաջին հերթին կարելի է ասել, որ նման ո՛չ ակադեմիական առարկություն առաջ քաշողները բոլորին չափում են իրենց մետրով, և որքան իրենք են լի նախապաշարումներով, կարծում են, թե բոլորն են այդպիսին, և որքան որ իրենք չեն կարողանում իրենց սուբյեկտիվ համոզմունքները զանազանել իրականությունից, կարծում են, թե ողջ աշխարհն է առաջ շարժվում այդպիսի մեթոդաբանությամբ։
Երկրորդ հերթին, ով առաջ է քաշում այս կարծիքը, ցույց է տալիս, որ ամբողջովին անգիտանում է ակադեմիական հրատարակությունների համակարգը, որի համար գոյություն չունի հեղինակության սկզբունքը, այլ՝ ամբողջովին հիմնվում է գիտական համայնքի առաջ դրույթների օբյեկտիվ և ռացիոնալ փաստարկման (կամ պատճառաբանության) վրա։ Պարզ բառերով ասած. կարևոր չէ, թե ո՛վ է խոսում, այլ՝ թե ի՛նչ է ասում։ Անհատի անձնական կողմնորոշումը ոչ մի կարևորություն չունի սերտորեն գիտական դաշտում (ա՛յլ բան են ժողովրդական, հանրամատչելի հրատարակությունները), ակադեմիական աշխարհում հեղինակավոր կերպարը ստեղծվում է միմիայն բովանդակության տեխնիկական վավերականությամբ և ուսումնասիրողների մոտ տվյալ գիտաշխատողի կողմից ներկայացված դրույթների վայելած ընդհանուր համաձայնությամբ։
Երրորդ, ամբողջովին կեղծ է պնդումը, թե Քրիստոնեության բոլոր պատմաբանները քրիստոնյաներ են։ Գեռի Հաբեռմասը, ով վիթխարի աշխատանք է կատարել՝ քննելով վերջին հիսուն տարիների ընթացքում լույս տեսած հազարավոր հրատարակություններ այս թեմաների շուրջ, ընդգծել է, որ «ավանդական քրիստոնյաները կազմում են ուսումնասիրողների միայն մի փոքրիկ տոկոսը»[1]։ Քրիստոնեական առաջին աղբյուրներն ուսումնասիրող մասնագետների մեծամասնությունը ամեն տեսակ հավատամք դավանող (և միևնույն դավանության ներսում տարբեր զգացողության տեր) գիտաշխատողներ են. պռոգռեսսիստներ, բողոքականներ, հրեաներ, ավետարանականներ, կաթոլիկներ, աթեիստներ, սկեպտիկներ, նոմինալ քրիստոնյաներ և հիպեռ-տռադիցիոնալիստներ։ Եվ, այդուհանդերձ, «նաև անհավատ ուսումնասիրողների մեծամասնությունը»[2], տեղեկացնում է Հաբեռմասը՝ գրելով անունները, ազգանուններն ու աշխատությունների վերնագրերը, ընդունում է զատկական իրադարձությունների պատմականության վերաբերյալ եզրակացությունների մեծ մասը՝ կանգ առնելով գերբնականի վարկածից ո՛վ մի քիչ առավել, ո՛վ մի քիչ նվազ առաջ։ Նրանցից ոմանք մեջբերվել են նաև այս հոդվածում (Գեզա Վեռմես, Մայքըլ Գոուլդեռ, Գեռդ Լյուդմանն, Ջոն Դոմինիք Քռոսսան, Բառթ Դ. Էհռման, Փիեթեռ Ֆ. Քռաֆֆեռթ, Դեյլ Էլլիսըն, և ուրիշներ)։
Միևնույն շահերի բախումը ներկա է նաև բացահայտ կերպով աթեիստ կամ ագնոստիկ ուսումնասիրողների դեպքում։ Անկախ նրանց գիտական հրատարակություններից, հետևաբար, հարկավոր է մերժել նրանց տեսակետները, քանի որ սկզբից ևեթ մերժում են հարության վարկածը որպես իրական։ Նույնը հարկավոր է պահանջել նաև հրեա, մուսուլման կամ ինդուիստ ուսումնասիրողների դեպքում։ Եթե այդ սկզբունքը վավերական է, ո՞վ է արտոնված մնում՝ ուսումնասիրելու պատմական Հիսուսի կյանքը (կամ ընդհանրապես՝ որևէ պատմական ու փիլիսոփայական խնդիր)։
Եթե մտածում ենք Բառթ Դ. Էհռմանի մասին, ով ագնոստիկ է և Նոր Կտակարան է դասավանդում Հյուսիսային Քառոլինայի Համալսարանում, արդեն ընդգծեցինք նրա չկամությունը՝ հիշելու, որ նախապողոսյան հնագույն աղբյուրը (թվագրված՝ դեպքերից ընդամենը 2 տարի հետո) պարունակում է նաև Հիսուսի Հարության դավանանքը։ Մի ուրիշ առիթով նա գրել է. «Մինչև մեզ հասած բոլոր ավանդություններում, Կեֆան և Հակոբոսը միշտ գտնվում են միևնույն դիրքորոշման կողմում։ Երկու հրեաներ են, հավատում են Հիսուսի Հարությանը, ակտիվորեն առաջնորդում են իրենց քաղաքի եկեղեցային համայնքը»[3]։ Սակավաթիվ էջեր առաջ գրել էր. «Սիմոն Պետրոսն ու Հակոբոսը երկու ընտիր անձեր են, որոնց հարկավոր է ճանաչել, եթե ուզում ենք ինչ որ մի բան իմանալ պատմական Հիսուսի մասին»[4]։
Այս վերջին դեպքում Էհռմանը Պետրոսին ու Հակոբոսին ընդունում է որպես վստահելի աղբյուրներ՝ ճանաչելու համար պատմական Հիսուսին, ընդգծում է, որ հենց Պետրոսն է Պողոսի աղբյուրը, երբ այս վերջինը վկայում է Հիսուսի Հարության մասին, բայց ... այդ ամենով հանդերձ, վերջում, անձնական պատճառներից մղված, ընտրում է ձեռնպահ մնալ (կամ բացասական դատավճիռ տալ) հարության պատմականության իրականության վերաբերյալ։ Մինչև դատարկ գերեզմանի բացահայտումը, սակայն, կիսում է քրիստոնյա ուսումնասիրողների դրույթները։
[1] G. Habermas, Experiences of the Risen Jesus. The Foundational Historical Issue in the Early Proclamation of the Resurrection, Journal of Theology 2006, Vol. 45, p. 288-297.
[2] G. Habermas, M.R. Licona, The Case for the Resurrection of Jesus, Kregel Publications 2004, p. 149.
[3] B.D. Ehrman, Did Jesus Exist?, HarperCollins Publishers 2012, p. 152.
[4] B.D. Ehrman, Did Jesus Exist?, HarperCollins Publishers 2012, p. 145.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։