8.1. Առարկություն. – Մարկոս Ավետարանիչը չի խոսում Հիսուսի երևումների մասին. – Գրադարան – Mashtoz.org

8.1. Առարկություն. – Մարկոս Ավետարանիչը չի խոսում Հիսուսի երևումների մասին.

Այս առարկությունը մասամբ ճշմարիտ է, Մարկոսի Ավետարանը (որը ներկայումս ամենահինն է համարվում), չի խոսում մահից հետո Հիսուսի երևումների և դատարկ գերեզմանի գտնման մասին։ Այս հարցի շուրջ կխոսենք նաև Ավետարանիչների միջև առկա հակասություններին նվիրված բաժնում։
Ժամանակակից ուսումնասիրողները համոզված են, որ Մարկոսի բնօրինակն ավարտվում է 16, 8 տողով, իսկ 16, 9-20 հատվածը, ուր խոսվում է Հարուցյալ Հիսուսի երևումների մասին, հետագա հավելում է (ինչը որ նաև փաստում է, ևս մեկ անգամ, որ մասնագետները կատարելապես ունակ են զանազանելու և բնօրինակն առանձնացնելու հետագա հավելումներից)։
Այդուհանդերձ, սակայն, դա չի նշանակում և ոչ ոք չի ասում, թե Մարկոսը տեղյակ չէր երևումների վերաբերյալ վկայություններին, այլ ավելի՝ ընդհանուր կարծիքն այն է, որ Ավետարանիչը մտադիր չէր այսքա՜ն կտրուկ կերպով ավարտելու (իրականում՝ անավարտ թողնելու) իր պատմությունը, այլ՝ որ ի վիճակի չի եղել ավարտելու իր Ավետարանը, թերևս հիվանդության, բանտարկության կամ անսպասելի մահվան (մարտիրոսության) պատճառով։ Մի ա՛յլ, մեծապես հավանական վարկած է այն, որ Մարկոսի Ավետարանի վերջին հատվածն ինչ-ինչ պատճառներով չի պահպանվել։
Երուսաղեմյան Աստվածաշունչ կոչվող գիտական հրատարակության ծանոթագրություններում կարդում ենք. «[Մարկոսի Ավետարանի 16րդ գլխի] 8րդ և 9րդ տողերի միջև գտնվում է պատմության մեջ շարունակականության մի ընդմիջում։ Մյուս կողմից, սակայն, դժվարությամբ է ընդունվում, որ երկրորդ Ավետարանն իր առաջին շարադրանքի մեջ կարող էր կտրուկ կերպով կանգ առնել 8րդ տողի վրա։ Այստեղից էլ ծնվել է ենթադրությունը, որ սկզբնական ավարտական հատվածը չի պահպանվել՝ մեզ անհայտ պատճառներով, և որ այժմյան ավարտական հատվածը շարադրվել է այդ բացը լրացնելու նպատակով։ Այն ներկայանում է որպես Հարուցյալ Հիսուսի երևումների համառոտ ամփոփում, որի շարադրանքը զգալիորեն տարբերվում է Մարկոսի սովորական ոճից [...] ։ Այդուհանդերձ, այժմյան ավարտական հատվածը ճանաչված էր արդեն Երկրորդ դարի վերջում Տացիանուսի և Իրենեուսի կողմից, և տեղ է գտել հունարեն ձեռագրերի և առաջին դարերի թարգմանությունների ճնշող մեծամասնության մոտ։ Եթե անհնարին է փաստել, որ դրա հեղինակը Մարկոսն է, այն մշտապես շարունակում է լինել, Հենրի Բարքլեյ Սուիթի արտահայտության համաձայն, քրիստոնեական առաջին համայնքի վավերական մասունքներից մեկը»։
Իր հանրահայտ ուսումնասիրության մեջ Ն. Քլեյթըն Քռոյը (1955-), ով Նոր Կտակարանի անվանի դասախոս է եղել Կոլումբուսի (Օհայո, ԱՄՆ) աստվածաբանական համալսարաններից մեկում, առաջ է քաշել մինչև իսկ այն կարծիքը, որ չի պահպանվել Մարկոսի Ավետարանի ո՛չ միայն ավարտական, այլ նաև՝ սկզբնական հատվածը[1]։
Մայքըլ Ռ. Լայքոնան համենայն դեպս նկատել է տալիս[2], որ տեքստի այն մասում, որն անկասկած վերագրելի է Մարկոս Ավետարանչին, գտնվում է մի ակնարկ այն բաներին, որոնք հետագայում լինելու էին Հիսուսի երևումները, ի մասնավորի՝ երբ Հարուցյալ Հիսուսն Ինքը, կամ մի հրեշտակ՝ երիտասարդի կերպարանքով, գերեզման այցելած կանանց ավետում է Հարությունը և նրանց հորդորում է գնալ ասել աշակերտներին, որովհետև «Այնտեղ կտեսնեք Նրան, ինչպես ձեզ ասել էր» (Մրկ 16, 7)։
Թեև Մարկոսը չի խոսում երևումների մասին, ինչ որ անհայտ պատճառով անավարտ թողնելով պատմությունը, նախապողոսյան աղբյուրը (1Կր 15, 3-7), որը Մարկոսից ավելի հին է, արդեն իսկ խոսում է երևումների մասին՝ դեպքերից ընդամենը 2 տարի անց։ Այդ իսկ պատճառով Մայքըլ Ռ. Լայքոնան եզրակացրել է. «Երևումների վերաբերյալ ավանդությունները շատ շուտ ի հայտ են գալիս Պողոսի նամակներում, և կարող են բավական բարձր աստիճանի ապահովությամբ կապակցության մեջ դրվել Հիսուսի աշակերտների հետ։ Պողոսն ամենայն հավանականությամբ գրել է Մարկոսից առաջ, և եթե Գործք Առաքելոց գիրքն արժանահավատ է (տե՛ս 12րդ և 15րդ գլուխները», իսկ ուսումնասիրողների մեծամասնությունն այն արժանահավատ է համարում[3], «Մարկոսը ճանաչում էր Պողոսին և նրա հետ ճանապարհորդել էր նրա առաքելական ճամփորդություններից մեկի ժամանակ։ Շատ հավանական է, հետևաբար, որ բավականին սերտ ընտանություն ուներ ավանդությունների հետ, որոնք հիշատակվում են Պողոսի կողմից։ Ուստի, ինչո՞ւ Մարկոսը չի խոսում դրանց մասին։ Դժվար է պատասխանել այս հարցին, թեև ես ինքս կասկածն ունեմ, որ իր Ավետարանի ավարտական հատվածը չի պահպանվել։ Չենք կարող իմանալ դա։ Բայց հաստատել, թե Մարկոսը տեղյակ չէր երևումներին, ամբողջովին սպեկուլատիվ մոտեցում է, և, իմ կարծիքով, սխալ գաղափար է»[4]։
[1] N.C. Croy, The Mutilation of Mark’s Gospel, Abingdon 2003.
[2] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
[3] M.R. Licona, What are the Primary Sources for Jesus’ Resurrection?, HBU 03/06/2016.
[4] M.R. Licona, in Ehrman-Licona Dialogue on the Historical Reliability of the New Testament, The Best Schools 2016.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։