9.1. Մարտահրավեր Երուսաղեմի Ատյանին (այսինքն՝ Աստծո դատաստանին). – Գրադարան – Mashtoz.org

9.1. Մարտահրավեր Երուսաղեմի Ատյանին (այսինքն՝ Աստծո դատաստանին).

«Յուրաքանչյուր աստվածավախ հրեայի համար», հիշեցնում է Խոսե Միգել Գառսիան, «Երուսաղեմի Ատյանի կողմից կայացված վճիռները ներկայացնում էին Աստծո դատաստանը։ Եվ այդ դատաստանը վճռեց, որ Հիսուսը սրբապիղծ մեկն էր, Աստծուն անարգող մի անհավատ, Աստծուց անիծված մեկը»[1]։
Բայց ուրեմն, «ինչպե՞ս կարող է պատահել, որ մի քանի հրեաներ որպես վճռական հանգամանք չընդունեցին Ատյանի դատավճիռը», հարց են տալիս ուսումնասիրողները։ «Եվ ապա, ինչպե՞ս կարող է պատահել, որ այդ մարդիկ, իրենց Վարդապետի մահից անմիջապես հետո, համարձակվեցին քարոզել, որ մարդկային կյանքի լիությունը տրվում է Հիսուսի հետևորդներին։ Այսինքն, ինչպե՞ս կարելի է բացատրել փաստը, որ հրեական բարձրագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված այդ մարդուն նրանք հրապարակայնորեն դավանում են իբրև մարդկանց փրկիչը»[2]։
Հին Կտակարանի օրենքի համաձայն (որին հետևում էին հրեաները, ներառյալ՝ Հիսուսի աշակերտները), մի մարդ, որ մահվան է դատապարտվում և ծառից կախվում (հմմտ. 2Օր 21, 23), Աստծուց անիծված է, և հրեաներն այս դատաստանը կիրառում էին նաև խաչելության դատապարտվածների նկատմամբ (խաչափայտը նույնացնելով ծառի հետ)։ Հիսուսի Առաջին դարում ապրող հրեա հետևորդի տեսանկյունից դիտված, խաչելությունը դա իր սիրելի Վարդապետի անարդար մահը չէր բնավ, այլ՝ մի իրական աղետ։ Խաչելությունն ամենաուղղակի կերպով նշանակում էր, որ Աստծո Օծյալը (Մեսսիան) լինելուց չափազանց հեռու՝ Հիսուս Նազովրեցին Աստծուց մերժված, նզովված մեկն էր։ Հետևել և հուսացել էին սխալ մարդու, որին Աստված Ինքը մերժել էր ամենամիանշանակ եղանակով։
«Այսօր դժվարին է հասկանալ, թե որքա՜ն անարգալից էր, Առաջին դարում ապրող հրեաների մեծամասնության համար, մի խաչված մեսսիայի գաղափարը», գրել է Բառթ Դ. Էհռմանը։ «Եթե դժվարին է մտածելը, որ հրեաներն են եղել խաչված մեսսիայի գաղափարը հորինողները, որտեղի՞ց է այն ծագել։ Պատմական իրականությունից»[3]։ Եվ տակավին. «Նրա մահը սուտ հանեց, արմատական կերպով, այն ամեն ինչը, որ իր հետևորդները մտածել և հուսացել էին, քանի որ, ակնհայտ կերպով, Հիսուսն ամեն ինչ էր, Մեսսիան լինելուց բացի։ Հետո, սակայն, ինչ որ մի ուրիշ բան պատահեց»[4]։
Առաջին դարում եղան ուրիշ բազմաթիվ ''հեղափոխականներ'', որ վերջում մահապատժի դատապարտվեցին և խաչվեցին, բայց, գրել է Ն.Թ. Ռայթը, «հակառակ հուսախաբությանը, նրանց հետևորդները երբեք չհռչակեցին, թե իրենց հերոսը հարություն էր առել մեռելներից։ Հարությունն անընկալելի էր որպես անհատական իրադարձություն։ Հրեա հեղափոխականները, որոնց առաջնորդը սպանվում էր իշխանությունների կողմից և որոնք կարողանում էին խուսափել ձերբակալությունից, երկու այլընտրանք ունեին. հրաժարվել հեղափոխությունից կամ մի նոր առաջնորդ գտնել։ Հռչակել, թե առաջնորդը վերադարձել էր կյանքի, պարզապես խելամիտ տարբերակ չէր։ Բացառությամբ, բնականաբար, եթե իրոք այդպես չէր պատահել»[5]։
«Հարության ապշեցուցիչ փաստը», հավելել է Խոսե Միգել Գառսիան, «միակ ճշմարտապես բացատրական պատճառն է քրիստոնեական քարոզչության գոյության»[6]։
Կարդինալ Յոզեֆ Ռաթցինգեռը (1927-), ով 2005 թվականին ընտրվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ՝ Բենեդիկտոս 16րդ անունով, ինքը նույնպես պատմական Հիսուսի անվանի ուսումնասիրողներից մեկը լինելով՝ նկատել է տվել, որ «աշակերտները հաղթվեցին անդիմադրելի ուժից մի ֆենոմենի, որ հայտնվել էր իրենց, մի անսպասելի իրականությունից, որը սկզբում մինչև իսկ անըմբռնելի էր, և հարության հանդեպ հավատքը բխել է հենց այս հաղթվելուց՝ անդիմադրելի ուժի կողմից, այսինքն՝ մի իրադարձությունից, որ ընթանում էր իրենց մտածելու և կամենալու կարողության առջևից, որ մանավանդ թե՝ գլխիվայր շուռ էր տալիս այն»[7]։ Սա է, որ մղեց նրանց՝ հակառակվելու մինչև իսկ հրեական բարձրագույն դատարանի վճիռներին։
[1] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 274.
[2] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 274.
[3] B.D. Ehrman, Did Jesus Exist?, Harper Collins Publishers 2012, p. 165.
[4] B.D. Ehrman, Did Jesus Exist?, Harper Collins Publishers 2012, p. 165.
[5] N.T. Wright, Jesus, the final days, Westminster John Knox Press 2010, p. 100-108.
[6] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 275.
[7] J. Ratzinger, in H. Schlier, Sulla risurrezione di Gesù Cristo, Morcelliana 1971.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։